Ինչպե՞ս է Վրաստանի գլխավոր օլիգարխը կապված նոր վարչապետի հետ․ բոլոր մանրամասները
Վրաստանում վարչապետի հրաժարականով և կառավարության փոփոխմամբ է ավարտվել վերջին տարիների ամենաթեժ քաղաքական ամառը։
Երկրում ամռան ընթացքում միանգամից մի քանի կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որոնք մեծ մասամբ փոխել են քաղաքական իրավիճակը․
• Հունիսին ոստիկանությունը ցրել է հակառուսական բազմահազարանոց ցույցը, որն անցկացվում էր վրացական խորհրդարանում ռուս կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո։ Ցույցը ցրելիս, ինչը շարունակվում էր ողջ գիշեր Թբիլիսիի կենտրոնում, տուժել է ավելի քան 200 մարդ, երկու մարդ աչքի լուրջ վնասվածք է ստացել ռետինե փամփուշտներից։
• Ջարդ՝ Թբիլիսիի կենտրոնում․ ինչպե՞ս դա եղավ։ Ֆոտոռեպորտաժ
• Հուլիսին երկարատև դատավարությունից հետո երկրի գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիք «Ռուսթավի-2»-ը վերջնականապես իշխանությունների ձեռքն անցավ։ Օգոստոսին ալիքը լքեցին լրատվական ծառայության բոլոր լրագրողները, այժմ դրանով նորությունների փոխարեն ֆիլմեր և սերիալներ են ցուցադրում։
• Քրեական գործ է հարուցվել մեկ այլ ընդդիմադիր հեռուստաալիքի՝ «Պիրվելի ՏՎ»-ի տիրոջ հոր դեմ, ինչը համարում են իշխանություններից անկախ լրատվամիջոցներին վախեցնելու փորձ։
• Շարունակվում է Վրաստանի խոշորագույն TBC-բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեի հետապնդումը։ Այժմ նա հասարակական կազմակերպություն է ստեղծում և պատրաստվում է քաղաքականություն մտնել։
Խազարաձեի ընկերությունն ԱՄՆ մեծ աջակցությամբ Վրաստանում Անակլիա խորջրյա նավահանգիստն է կառուցում։ Դա համարվում է Վրաստանի վերջին տարիների գլխավոր ռազմավարական նախագիծը։ Սակայն իշխանությունների հակազդեցության պատճառով շինարարության շարունակելը հարցականի տակ է։
• Ամռանը հակառեկորդ է սահմանել վրացական արժույթը․ անկումը կազմում է մեկ դելարի դիմաց երեք լարի։
• Վրացական արժույթ՝ հակառեկորդ, ասում են փորձագետները։ Աղետ, ասում են բնակիչները
• Եվ ահա սեպտեմբերի երկուսին հրաժարական տվեց երկրի ղեկավարը՝ վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Ֆորմալ կերպով նա էր երկիրը ղեկավարում մեկ տարի և երկու ամսվա ընթացքում։ Իսկ իրականում նրան անվանում են քաղաքականապես ամենաթույլ վարչապետը «Վրացական երազնքի» ողջ կառավարման ընթացքում։
• Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել ֆեյսբուքյան գրառման միջոցով
Ի՞նչ է պետք իմանալ վերջին իրադարձությունների մասին։
Ո՞վ է Գախարիան՝ Վրաստանի նոր վարչապետը
Լուրն այն մասին, որ երկրի հաջորդ վարչապետն է դառնալու ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, ավելի շատ է ցնցել վրացական հասարակությանը, քան Բախտաձեի հրաժարականը։
Գախարիան վրացական կառավարության ոչ միանշանակ քաղաքական գործիչներից է։ Արդեն գրեթե երեք ամիս է, ինչ Վրաստանում մշտական փողոցային ցույցեր են ընթանում նրա հրաժարականի պահանջով։
Նրան վարչապետ նշանակելով՝ Իվանիշվիլին ակնհայտ առճակատման է գնացել Վրաստանի հասարակության զգալի մասի հետ։
Գիոգի Գախարիան վրացական քաղաքականությունում է հայտնվել 2013թ-ին, երբ Իվանիշվիլին նրան նշանակեց բիզնեսի հարցերով օմբուդսմեն։
2016թ-ին նա ստացավ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պորտֆելը։ Արդեն մեկ տարի անց նրան նշանակեցին Վրաստանի ՆԳՆ ղեկավար, չնայած այն բանին, որ լրատվամիջոցները հարցեր ունեին՝ նրա ռուսական քաղաքացիության հետ կապված (նա հրաժարվել է դրանից 2016թ-ին)։ Գախարիան Մոսկվայում է համալսարանն ավարտել և բավականին երկար այնտեղ մասնավոր բիզնեսով է զբաղվել։
ՆԳՆ ղեկավարի պաշտոնում աշխատելիս Գախարիան մի քանի խոշոր ճգնաժամ է վերապրել։ Դրանցից վերջինը հունիսի 20-21-ի ցույցի ցրումն էր։ Այն ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ, մահակներ և ռետինե փամփուշտներ կիրառեց, հիվանդանոցներում հայտնվեց ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ շուրջ 30 լրագրող, երկու ցուցարարի աչքը վնասվեց ռետինե փամփուշտներից։
Ցույցը ցրելուց հետո խորհրդարանի մոտ ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում նրա հրաժարականի պահանջով։ Գախարիան, սակայն, պնդում է, որ ոստիկանությունը լեգիտիմ է գործել և «պետական հեղաշրջում է կանխել»։
Վրաստանում վարչապետներին նշանակում է օլիգարխը
Նոր վարչապետին հանրությանը ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։ Նա ասել է, որ «Գախարիան արժանի է այս պաշտոնին»։
Վրաստանում վարչապետներին նշանակում և հեռացնում է երկրի ոչ ֆորմալ առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այդպես էր մինչև հիմա, և ոչ ոք չի կասկածում, որ այդպես է եղել նաև այս անգամ։
Իվանիշվիլին վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում կարճ ժամանակ այն բանից հետո, երբ նրա ստեղծած «Վրացական երազանքն» իշխանության եկավ 2012թ-ին։ Հրաժարական տալուց հետո Իվանիշվիլին ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցնում․ նա միայն իշխող կուսակցության առաջնորդն է։ Սակայն նա միաժամանակ հերքում է, որ կառավարության ղեկավարները փոխվում են միայն իր հայեցողությամբ։
Հրաժարականից հետո տված ասուլիսին Մամուկա Բախտաձեն ասել է, որ ինքն է հեռանալու որոշում կայացրել, սակայն հաստատել է, որ խորհրդակցել է Իվանիշվիլիի հետ։
Ֆեյսբուքյան հրաժարական
Իր պաշտոնը լքելու մասին հաղորդագրությունն արդեն նախկին վարչապետի թերևս միակ նոու-հաուն էր։ Մամուկա Բախտաձեն առաջին վարչապետն է, որն իր հրաժարականի մասին հայտարարությունն արել է Ֆեյսբուքում։
3,994 բառ պարունակող իր գրառման մեջ նա պատմել է վերջին տարում Վրաստանի ձեռքբերումների մասին։ Սակայն այնտեղ ոչ մի խոսք չկար այն մասին, որ նրա կառավարման ժամանակահատվածում լարին՝ Վրաստանի ազգային արժույթը, ռեկորդային կերպով արժեզրկվել է։
Մեկնաբանելով Բախտաձեի հրաժարականն, ընդդիմությունն ու փորձագետները կարծիք են արտահայտել, որ նա «Վրացական երազանքի» շրջափուլի քաղաքականապես ամենաթույլ վարչապետն էր։
«Նրա հրաժարականը բացարձակապես ոչինչ չի փոխի։ Նա Վրաստանի պատմության մեջ առաջին վարչապետն է, որի անունը մարդիկ նորմալ չհիշեցին էլ։ Նրան նույնիսկ ոչ ոք չէր խնդրել հրաժարական տալ, նրա մասին պարզապես չէին հիշում, բոլորը գիտեին, որ նա ոչինչ չի որոշում», — ասում է պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին, որն Իվանիշվիլիի համախոհն էր, սակայն երեք տարի առաջ անցել է ընդդիմության շարքերը։
Եվս մեկ փաստ, որը բնորոշում է նախկին վարչապետի քաղաքական կշիռը․ սեպտեմբերի 2-ին, երբ Մամուկա Բախտաձեն հրաժեշտի ասուլիս էր տալիս և որպես վարչապետ իր աշխատանքի արդյունքներն ամփոփում, Հանրային ալիքով, որը վերահսկում է իշխող կուսակցությունը, բասկետբոլային խաղ էր ցուցադրում։
Այլ նշանակումներ
Գախարիան այսօր խորհրդարանին է ներկայացնելու նախարարների իր կաբինետի կազմը։
Արդեն հայտնի է, որ թափուր մնացած ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վախթանգ Գոմելաուրին, որը ղեկավարում էր Պետական անվտանգության ծառայությունն, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին։
Նախարարների կաբինետում տեղափոխությունների մասին հայտարարությունը սեպտեմբերի 3-ին արվել է «Վրացական երազանքի» գրասենյակում։
Երկուսն էլ Իվանիշվիլիի վստահված անձինք են։ Գոմելաուրին 2012թ-ին աշխատում էր որպես Իվանիշվիլիի անձնական թիկնազորի պետ, իսկ Գարիբաշվիլին կառավարում էր նրա բիզնես-գործերը։
Կարևոր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություն
Փորձագետները կարծում են, որ 2020թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Իվանիշվիլին իրեն առանձնապես հավատարիմ կադրերով է շրջապատել, որոնք, ի տարբերություն ավելի մեղմ նախկին վարչապետներ Կվիրիկաշվիլիի և Բախտաձեի, «բազե» են համարվում։
Բախտաձեն, որը չկարողացավ քաղաքական կշիռ և հեղինակություն ձեռք բերել, չէր կարողանա լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են «Վրացական երազանքի» առջև կարևորագույն ընտրություններից մեկ տարի առաջ։
Հերթական խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն 2020թ-ի աշնանը։ Իշխող կուսակցությունն արդեն սահմանադրական փոփոխություններ է մշակել, որոնք, ինչպես և պնդում էր ընդդիմությունը, ենթադրում են անցում դեպի խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգի։
Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, այնպես որ, այս ընտրություններից է կախված, թե ով է երկիրը ղեկավարելու հաջորդ չորս տարվա ընթացքում։
Նախագահը չի մեկնաբանում վարչապետի հանկարծակի հրաժարականը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 2-ին Լեհաստանում էր։ Նա հարկ չի համարել մեկնաբանել իր երկրի վարչապետի անսպասելի հրաժարականը։
• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը
Զուրաբշվիլին վկայակոչել է մի տարօրինակ կանոն, որը ոչ մի տեղ գրված չէ և որից իրենից առաջ չի օգտվել Վրաստանի և ոչ մի նախագահ․
«Ներքին քաղաքական գործերի մասին նախագահները հայտարարություններ չեն անում միջագային այցերի ժամանակ», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։