Ինչո՞ւ ոչ
2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական որակավորման շրջանակում անցկացվեցին հերթական խաղերը, և այժմ ողջ ուշադրությունը կրկին սևեռվում է ներքին առաջնությունների և եվրագավաթների վրա: Հաջորդ խաղերը կկայանան միայն նոյեմբերին, այդ պատճառով էլ մինչ այդ կարելի է երկար քննարկել արդյունքներն ու վերլուծել շանսերը: Փառք աստծո, ադրբեջանցի երկրպագուն էլ ասելու բան ունի:
Երկրի ազգային հավաքականը խորվաթ Ռոբերտ Պրոսինեչկիի գլխավորությամբ ընթացիկ ցիկլը բավականին աշխույժ մեկնարկեց: Սեպտեմբերին հավաքականը հաղթեց Սան Մարինոյում, սակայն առանձնահատուկ ուրախություն այդ հաջողությունը չառաջացրեց: Կոլեկտիվը չափազանց խամրած, ոչ նախաձեռնող և նույնիսկ մի փոքր վախկոտ խաղ ցուցադրեց: Դրա համար Պրոսինեչկին և մնացածը քննադատությունների իրենց մասնաբաժինը ստացան գրեթե բոլորից՝ սկսած Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի նախագահ Ռովնագ Աբդուլաևից, ավարտած շարքային երկրպագույով: Խորվաթը վստահեցրեց, որ կարևորն արդյունքն է, իսկ խաղի որակը կբարելավվի հաջորդ հանդիպումների ժամանակ: Եվ պահեց իր խոսքը:
Ընթացիկ ամսում Ադրբեջանի հավաքականին երկու շատ ավելի կարևոր ու բարդ մրցամարտ էր սպասվվում՝ Նորվեգիայի հետ՝ տանը և Չեխիայի հետ՝ արտագնա: Այնպես էր զուգադիպել, որ այդ երկու թիմերն էլ մեզ հետ խաղի էին դուրս գալու մի փոքր նեղացած: Սկանդինավներն, օրինակ, Բաքու էին եկել Գերմանիայից 0:3 հաշվով կրած խոշոր պարտությունից հետո և մտադիր էին իրենց զայրույթը թափել պակաս ահեղ ադրբեջանցիների վրա: Սակայն դա այնքան էլ հեշտ չէր:
Պրոսինեչկին ի սկզբանե զգուշացրել էր, որ չի պատրաստվում հարմարվել անհաջողություններին: Նա հայտարարեց, որ ներուժ է տեսնում ներկայիս կազմում, և ֆուտբոլիստները իրենց վրա աշխատանք տանելուց հետո ի վիճակի են ավելի լավ խաղալ և պայքարել ցանկացած մրցակցի դեմ՝ անկախ նրա կարգավիճակից ու շքանշաններից: Նորվեգիան այդ առումով ակնհայտ ամենակարևոր մրցակիցը չէր: Այդ պատճառով էլ խնդրի լուծումն Ադրբեջանի հավաքականը չհետաձգեց: Հանդիպման արդեն 11-րդ րոպեին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում ադրբեջանցիներն առաջ անցան պաշտպան Մաքսիմ Մեդվեդևի ջանքերով, որը ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվել: Արագ գոլ, տրիբունաների աջակցություն, հաղթանակի համար լավ հավելավճար ստանալու հեռանկար՝ էլ ի՞նչ է պետք ֆուտբոլիստին մոտիվացիան չկորցնելու և մինչև վերջ պայքարելու համար:
Ոչ առանց բախտի բերման ադրբեջանական թիմը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը և իր ակտիվին ավելացրեց արդեն երկրորդ հաղթանակը, ինչը նախկինում երբեք չէր արել: Ի դեպ, Նորվեգիայի հանդեպ հաղթանակը նույնպես հավաքականի պատմության մեջ առաջինն էր: Խաղից հետո թիմն ու մարզիչը գավասանքի խոսքեր և շնորհավորանքներ ստացան, իսկ Պրոսինեչկին մռայլորեն լրագրողների մեղադրեց վատատեսության համար: Իբր ես միշտ հավատացել եմ տղաներին, իսկ դուք՝ ոչ, այդ պատճռով էլ Նորվեգիայի հանդեպ հաղթանակը սենսացիա եք համարում:
Այնուհետև ադրբեջանական թիմը հյուրընկալվեց Չեխիայի թիմին, որը ցիկլի նախորդ հատվածում հասցրել էր այդ նույն գերմանացիներին պարտվել նույն հաշվով՝ 0:3, ինպես նաև տանը ոչ-ոքի խաղալ Հյուսիսային Իռլանդիայի հետ՝ 0:0: Եվ ի՞նչ եք կարծում՝ ով պետք է նրանց ձեռքի տակ ընկներ: Ճի՛շտ է: Խաղից առաջ իրենց հայտարարություններում չեխ ֆուտբոլիստները հեգնանքով խոսում էին Ադրբեջանի հավաքականի հաջողությունների մասին և չէին էլ ենթադրում, որ կովկասցի հյուրերին դա կարող է լրջորեն վիրավորել: Թիմի մարզիչ Կարել Յարոլիմն էլ ավելի հանդուգն հայտարարություն արեց՝ ասելով, որ ծանոթ չէ Պրոսիչենսկի-մարզչի հնարավորություններին: Իբր, նա լավ ֆուտբոլիստ է եղել, «Ռեալում» և «Բարսելոնայում» է խաղացել, իսկ արդյո՞ք նա կայացել է որպես մարզիչ… Չէ, վստահ չէ…
Հյուրերն Օստրավայում խաղի էին դուրս եկել կորուստներով. հավաքականի ավագ Ռաշադ Սադիխովը, որն ազգային թիմի համար անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է, պահեստայինների մեջ էր չբուժված վնասվածքի պատճառով, իսկ նրան փոխարինել էր Բեդավի Հուսեյնովը, որը վերջին երկու ամիսները բաց էր թողել լուրջ վնասվածքի պատճառով:
Չեխերը փորձում էին հակառակորդին հեռավոր դիստանցիների հաշվին հաղթել, աշխատում էին համակցություններ անել, հարձակվել ֆլանգներից, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Պրոսինեչկիի թիմը զսպանակի պես էր գործում, սեղմվում էր պետք եղած ժամանակ իր կիսադաշտում և անհրաժեշտության դեպքում կտրուկ բացվում՝ հակառակորդի դարպասների համար վտանգ ստեղծելով: Մի քանի անգամ չեխերը քիչ էր մնացել գոլ բաց թողնեին, ինչը նրանց մոտ հասկանալի խուճապ ստեղծեց և ստիպեց ավելի ուշադիր խաղալ:
Արդարության համար պետք է ընդունել, որ Ադրբեջանի հավաքականի բախտը մի քիչ բերեց Օստրավայում: Հակառակորդն ավելի ակտիվ ու արագ էր թվում: Սակայն առանց բախտի սպորտում չի լինում: Չէ՞ որ նույնիսկ ամենամեծ մարզիկները ոչ միշտ են բացարձակապես բոլոր մրցամարտերի բոլոր հատվածներում ուժեղագույնը լինում:
Այսպես թե այնպես, ոչ-ոքի արդյունքը կարելի է ավելացնել Պրոսինեչկիի թիմի ակտիվին, որն այժմ խմբում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ հավաքած 7 բալով և աշխարհի առաջնության ավարտական փուլ ներգրավվելու հավակնորդներից է համարվում:
Ուրախացնում է այն, որ Ադրբեջանն ընթացիկ ընտրական փուլում ոչ մի գնդակ բաց չթողած թիմերի քառյակում է (Գերմանիայի, Անգլիայի և Բելգիայի հետ միասին):
Այս նախընտրական փուլում Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան ազգային հավաքականի համար ընտրել է «Ինչո՞ւ ոչ» կարգախոսը: Այն գրեթե ամեն քայլափոխի հիշատակվում է՝ պաստառներին, խաղերի տոմսերին, պաշտոնական հայտարարությունների և ոչ պաշտոնական զրույցների, բրիֆինգների, ասուլիսների ժամանակ և անգամ սոցցանցերում: Կարծես ֆուտբոլային հանրությունն ինքն է սկսել հավատալ խոսքի ուժին և այժմ Ադրբեջանի հավաքականից նորանոր հաղթանակների է սպասում: Մեծ հաղթանակների: Իսկ ինչո՞ւ ոչ:
Հրապարակվել է 17.10.2016