Ինչո՞ւ է ժամանում Ջոն Քերին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Վրաստան: Այցի ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Դա մոտավորապես տեղի է ունենալու հունիսի սկզբին, սակայն Վրաստանում, որը պատրաստվում է աշնանային խորհրդարանական ընտրություններին, արդեն հարցադրում են անում, թե որն է ամերիկյան բարձրաստիճան հյուրի այցի նպատակը:
Ջոն Քերիի՝ Վրաստան հնարավոր այցի մասին տեղեկատվությունը հայտնի է դարձել Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ Վաշինգտոնում մարտի 15-ին նրա հանդիպումից հետո:
Ահա թե ինչ է գրել Քերին Թվիթերի իր միկրոբլոգում:
Հետաքրքիր է, որ վրացի գործընկերոջ հետ համատեղ բրիֆինգը, որը տեղի ունեցավ Պետդեպարտամենտում, Ջոն Քերին սկսեց ոչ թե Վրաստանի, այլ սիրիական հարցից:
«Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Վրաստանն արդեն առաջնային չէ Արևմուտքի համար», — գրում էին սոցցանցերի օգտատերերը:
Քերիի խոսքի ուշագրավ մանրամասներից մեկն էլ այն էր, որ նա Վրաստանի համատեքստում չհիշատակեց Ռուսաստանը, դրա փոխարեն ընդհանուր գծերով նշեց, որ «վերջին տարիներին Վրաստանը շատ խնդիրներ ու պրոբլեմներ է ունեցել»:
Վրացի նախարարի հետ հանդիպմանը Քերին աջակցություն հայտնեց Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, շնորհակալություն հայտնեց երկրին Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար և ընդգծեց Վրաստանի դերը կովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
«Ողջունում ենք Վրաստանի ջանքերը տնտեսական զարգացման և երկրի բնակչության համար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Մենք հավատացած ենք, որ անկախ, միասնական և հաջողակ Վրաստանը կենսական նշանակություն ունի Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում», — հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը:
Վրաստանի հիշատակումը կովկասյան համատեքստում վրացի փորձագետների համար առանձնահատուկ քննարկման թեմա դարձավ: Ինչո՞ւ է ԱՄՆ հատուկ ուշադրության արժանացնում Կովկասը, հարցադրում են անում նրանք: Քաղաքագետ Կոռնելի Կակաչիայի կարծիքով, այն փաստը, որ Քերին Վրաստանը ներկայացրեց որպես տարածաշրջանային խաղացող, դրական նշան չէ:
«Ցավոք, ԱՄՆ վերջին տարիներին Վրաստանին դիտարկում է որպես Հարավային Կովկասի առանցքային խաղացող, այլ ոչ թե որպես Արևելյան Եվրոպայի մաս, ինչպես նախկինում էր: Մեզ պայթյունավտանգ տարածաշրջանի հետ քաղաքականապես կապելը, այն պարագայում, որ Վրաստանը բոլորովին այլ հավակնություններ ունի եվրաատլանտյան տարածաշրջանի հետ կապված, կարծում եմ, դրական նշան չի կարող լինել», — Ազատություն ռադիոկայանին հայտարարել է Կակաչիան:
Նա ստեղծված իրավիճակը բացատրում է վրացական պասիվ դիվանագիտությամբ` հավելելով, որ վերջին տարիներին այն իներցիայով է առաջ գնում՝ չունենալով նոր տեսլական ու նախաձեռնություն, այդ թվում նաև ԱՄՆ հետ հարաբերություններում, որի համար, Ուկրաինայի և Սիրիայի ճգնաժամի ֆոնին, Վրաստանի հարցը քիչ կարևոր է:
Փորձագետները նաև քննարկում են Քերիի հնարավոր այցի ներքաղաքական նշանակությունը: Արդյո՞ք այդ այցը 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Վրացական երազանքի» կառավարությանն աջակցություն հայտնել է, կամ, գուցե՞ հակառակը, նախազգուշացում է, որ ընտրությունները պետք է անցկացվեն ժողովրդավարական միջավայրում:
Քաղաքագետ Խաթունա Լագազիձեի կարծիքով, Քերիի այցը հիմնականում կապված է սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ և այն զգուշացնող ազդանշան է լինելու կառավարության համար: Նրա խոսքով, Վրաստանի արևմտյան գործընկերները առավելագույնս կփորձեն վերահսկողության տակ պահել կայանալիք ընտրությունները և կառավարությունից պահանջել գործել օրենքի շրջանակում.
«Բնականաբար, կառավարությունը Ջոն Քերիի այցը մեկնաբանելու է որպես իրեն հայտնած աջակցություն, սակայն, չեմ կարծում որ դա այդպես է: Իմ կարծիքով, սա այն դեպքն է, երբ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան կտրուկ կզգուշացնի կառավարությանը, որ ընտրությունները պետք է անցկացվեն արդարության ու ժողովրդավարության սկզբունքների հիման վրա»:
Նյութը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի տեղեկատվության հիման վրա:
Հրապարակվել է 17.03.2016