Ինչո՞ւ են կանայք սպանում. անձնական պատմություն, խոսուն թվեր ու փորձագետի կարծիք
Կինը սպանել է բռնացող ամուսնուն
Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն երբևէ չի իրականացվել: 2019 թ.-ին հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հարցումները ցույց են տվել, որ ամեն 4-րդ կինը ընտանիքում ենթարկվում է բռնության:
«Կանանց աջակցության կենտրոնի» տվյալներով՝ 2010-2020 թթ.-ին շուրջ 100 կին սպանվել է ընտանիքում՝ զուգընկերոջ, ամուսնու կամ ընտանիքի մյուս անդամների կողմից: Խոսքը միայն բացահայտված դեպքերի մասին է:
Վերջին 10 տարիներին, սակայն, գրանցվել է առնվազն 5 դեպք, երբ ընտանեկան բռնությունն ավարտվել է կնոջ կողմից կատարված սպանությամբ, հուսահատության հասցված զոհը սպանել է ամուսնուն։
Վիճակագրություն և փորձագետի վերլուծություն այն մասին, թե ինչն է բերում նման վախճանի:
Safe YOU․ հայ կանանց ստեղծած հավելվածը կօգնի կանանց ամբողջ աշխարհում
«Երեխան արժե 15-25 հազար եվրո»․ ինչպես են հայ երեխաներին վաճառել արտասահմանցիների
«Երազում ես սովորել, իսկ քեզ ամուսնացնում են»․ վաղ ամուսնություններ Հայաստանի եզդիական համայնքում
«Կացնով հարվածել է քնած ամուսնուն»
2017 թ.-ի հուլիսին Արմավիրի մարզում՝ ձորակում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դին՝ փաթաթված և կապկպված, քարերի տակ թաքցված: Դրանից 4 օր առաջ սպանվածի հարազատները ոստիկանություն էին դիմել՝ հայտնելով, թե Սիմոնյանը կորել է:
Այս գործը առանձնահատուկ հնչեղություն ստացավ երկու հիմնական պատճառով. Նախ, սպանվածը բարձրաստիճան պաշտոնյա էր՝ Արմավիրի մարզպետի խորհրդականը, երկրորդ՝ սպանության կասկածանքով օրեր անց ձերբակալվեցին Սիմոնյանի կինն ու որդին: Հետագայում սպանության համար մեղադրանք առաջադրվեց միայն կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին:
«2017 թ.-ի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել, ապա ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մոտակա ձորերում»,- ասվում էր Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Այն, որ սա այս ընտանիքի առաջին վիճաբանությունը չէր, հայտնի դարձավ քննության ընթացքում: Հենց այդ ժամանակ պարզվեց, որ Ռուզաննա Մկրտչյանը տարիներ շարունակ ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական ծանր բռնության։ Կինը պատմել էր իր գլխին եռման ջուր լցնելու, ատամները քաշելու և իրեն սոված պահելու մասին:
Փաստաբան Նաիրա Պետրոսյանն ասում է, որ իր պաշտպանյալը ամուսնու կողմից տարիներ շարունակ նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել, դեպքից ժամեր առաջ ծեծի է ենթարկվել, իսկ սպանության պահին գտնվել է աֆեկտի վիճակում.
«Ռուզաննան տարիներ շարունակ ձգվող բռնության զոհ է եղել, սարսափելի տառապանքների միջով է անցել ու զրկված է եղել նույնիսկ ոստիկանություն հաղորդում տալու հնարավորությունից։ Նրա առաջ փակ են եղել բոլոր դռներն առհասարակ։ Իմ պաշտպանյալն այլ տարբերակ չի ունեցել, դա եղել է ինքնապաշտպանության միակ ձևը»,- ասում է Պետրոսյանը ու հավելում՝ արդեն շուրջ 4 տարի գործը ընթացքի մեջ է, իսկ Ռուզաննան այս պահին գրավի դիմաց ազատ է արձակվել։
Երբ մեկնաբանություններն ավելորդ են․ վիճակագրություն
2021 թ. Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից
- 13-ը՝ սպանության,
- 5-ը՝ ինքնասպանության հասցնելու,
- 2-ը՝ ինքնասպանության հակելու,
- 12-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
- 285-ը՝ ծեծի վերաբերյալ:
Քննվել են նաև բռնաբարության, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի զրկելու ու առևանգման դեպքեր:
Այս գործերից միայն 129-ն են ավարտվել մեղադրական եզրակացությամբ, իսկ 252 քրեական գործի վարույթ կարճվել է:
Ընտանիքում կատարված հանցագործություններից 169-ը եղել է բռնություն տղամարդու կողմից՝ կնոջ նկատմամբ, 7-ը՝ կնոջ կողմից՝ տղամարդու:
Հայաստանում անցկացված «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն, 2021թ.» համաձայն՝
- երբևէ զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանանց 14.8 %-ը երբևէ կյանքի ընթացքում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության;
- սեռական բռնության ենթարկված կանանց 62.5 %-ը ենթարկվել է նաև ֆիզիկական բռնության;
- ֆիզիկական բռնության ենթարկվածների 27.8 %-ը՝ նաև սեռական բռնության։
Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 43.3 %-ը լռում է բռնության մասին։ Սեռական բռնության ենթարկված կանայք հիմնականում են գերադասում լռել այդ մասին։ Ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 44.7 %-ը որևէ մեկին չի պատմել բռնության մասին, սեռական բռնության ենթարկվածների՝ 48 %-ը։
Բռնության ենթարկված կանանց 23.5 %-ը երբևէ հեռացել է տանից բռնության պատճառով։ Զուգընկերոջ կողմից ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված և տանից հեռացած կանանց 63 %-ը հետ է վերադարձել ամուսնու տուն։ Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 76.5 %-ը շարունակում է ապրել բռնարարի հետ՝ երբևէ չլքելով տունը։
Ըստ հետազոտության՝ բռնարարի գործողություններին արձագանքելու երկու հիմնական մոտեցում կա՝
- կա՛մ ոչինչ չանել և սպասել մինչև բռնարարն ավարտի իր գործը,
- կա՛մ պաշտպանվել, պատասխանել նրա վարքագծին։
Հայաստանում կանանց 67 %-ը, նախընտրում է առաջին տարբերակը։ Միայն 33 %-ն է երբևէ հակահարված տվել զուգընկերոջ բռնությանը։ Ընդ որում, հակահարված տվող կանանց մեծ մասը դա արել է միայն 1 անգամ:
2022 թ.-ի առաջին 8 ամիսներին Հայաստանում գրանցվել է կնասպանության 7 դեպք:
Երբ կանայք այլևս ելք չեն տեսնում
Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ ընտանեկան բռնության վիճակագրության մեջ կանանց կողմից տղամարդու նկատմամբ կիրառված բռնության ցուցանիշներն անհամեմատ ցածր են: Որպես կանոն, դրանք ինքնապաշտպանության փորձեր են լինում։
«Հայաստանում մի քանի դեպք է եղել, երբ կինը գնացել է ծայրահեղ քայլի և սպանել է ամուսնուն: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ուսումնասիրված բոլոր այս դեպքերում պարզվել է, որ կանայք շարունակական բռնության են ենթարկվել ընտանիքում:
Մեկ դեպքով անգամ արդարացման դատավճիռ եղավ՝ կնոջ նկատմամբ, քանի որ ապացուցվեց, որ նա սպանությունը գործել է աֆեկտի ազդեցության տակ։ Ամուսինն իր վրա էր պահել ատրճանակը, և կինը ինքնապաշտպանության համար սպանել էր ամուսնուն: Բայց բոլոր այս դեպքերում, պարզվել է, որ բռնությունը սկսվել է տղամարդուց»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանը համոզված է՝ այս սպանություններից հնարավոր կլիներ խուսափել, եթե ընտանիքն ու շրջապատը բավարար ջանքեր գործադրեին՝ կնոջն աջակցելու համար, բռնարարի նկատմամբ պատիժը համաչափ լիներ.
«Մենք պետք է հիշենք, որ ընտանիքում բռնության ենթարկված կանայք, որպես կանոն, անտեսանելի են լինում շրջապատի համար: Տղամարդիկ հիմնականում ավելի զորեղ են համայնքում՝ իրենց ֆինանսական կարողություններով, տնտեսական և սոցիալական կապերով, իրենց ներգրավվածությամբ, ինչն անմիջականորեն ազդում է խնդրի հանգուցալուծման վրա: Սակայն գործնականում, կանայք ուղղակի այլ ելք չեն տեսնում՝ իրենց պաշտպանելու համար: Նրանք հասկանում են, որ իրենց ոչ ոք չի օգնելու»:
Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ վերջին տարիներին շատացել են նաև կանայք, որոնք բռնությունից փրկվելու համար ստիպված են լինում լքել երկիրը: Սակայն այս տարբերակը շատերին հասանելի չէ:
«Կտրել բռնության շղթան»
Զարուհի Հովհաննիսյանը վստահ է՝ բռնության այս շղթան կտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի հստակ պատկերացում լինի ընտանեկան բռնության խորքայնության վերաբերյալ: Ըստ նրա՝ Հայաստանի իրավական համակարգն այս մասին ամբողջական պատկերացում չունի.
«Երկրորդ անհրաժեշտ պայմանը պաշտպանական միջոցների խստացումն է: Մարդը, որը հայտնում է իր նկատմամբ կիրառված բռնության մասին, պետք է համոզված լինի, որ իր պաշտպանությունը հնարավորինս երկարատև և կայուն կլինի, որ իրեն կտրվի անհրաժեշտ սոցիալական աջակցություն՝ բռնարարից հեռու ապրելու համար:
Հաջորդ կարևոր նախապայմանը պատիժների խստացումն է: Գործող օրենսդրությամբ՝ ընտանիքի անդամի կողմից բռնություն գործադրելը ծանրացուցիչ հանգամանք է համարվում միայն այն դեպքում, երբ խոսքը ֆիզիկական բռնության մասին է։ Սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ, թեև ֆիզիկական բռնություն կնոջ նկատմամբ չի կիրառվել, բայց հոգեբանական այնպիսի ճնշումներ են եղել, որ կինն անգամ ինքնասպանության փորձի է դիմել»:
Կինը սպանել է բռնացող ամուսնուն