Ինչի համար է վճարում ուսանողը Հայաստանում
լուսանկարը՝ ԵԱՀԿ-ի կայքից
Հայաստանում բարձրագույն կրթությունը ուսանողության գերակշռող հատվածի համար շարունակում է թանկ մնալ, շատերի համար անհասանելի: Վարձավճարների հաշվին գոյատևող բուհերն էլ չհրաժարվելով անգամ ամենավատ ուսանողից, ապահովում են ուսանողների քանակ, բայց ոչ կրթության որակ:
Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանողուհի 20-ամյա Աիդա Մարուքյանի մեկ տարվա ուսման վարձը կազմում է 400 հազար դրամ ($835): Չորս տարվա բարձրագույն կրության համար Աիդայի ծնողները վճարելու են 1մլն 600 հազար դրամ ($3340): Աիդան ասում է, որ ամառային արձակուրդներին աշխատում է տարբեր կազմակերպություններում, որ օգնի ծնողներին վճարել ուսման վարձը՝ մանկավարժ ծնողների համար այդ գումարը ծանր բեռ է.
«Վճարը բարձր է, բայց լիարժեք կրթություն չենք ստանում: Դասախոսների 20-30 տոկսն է, որ մեզ գիտելիք է տալիս: Հիմնական մասը գալիս են լեկցիա կարդալու քսերոքս արած թղթերով, կան որ անգամ ալարում են կարդան, տալիս են ուսանողներն են կարդում: Դաս են պատմում՝ իրենք էլ չեն հավատում իրենց պատմածին, լեկցիայից դուրս եթե հարց ենք տալիս, պատասխան չենք ստանում, այնքան սահմանափակ են: Մինչդեռ կարելի է մեր կարծիքն էլ հաշվի առնել, ակտիվ քննարկումներ կազմակերպել, բանավեճեր, գործնական պարապմունքներ»:
Դեռևս 2013 թվականից հայաստանյան 11 բուհերում վարձավճարները թանկացրին ավելի քան 50 տոկոսով, այս տարի էլ են մասնակի բարձրացումներ են գրանցվել:
Համաձայն միջազգային ուսումնասիրությունների, այն բուհերը, որոնց բյուջեի գերակշիռ մասը` 60 կամ 70 տոկոսից ավելին գոյանում է վարձավճարներից, զարգացման հեռանկար չեն ունենում: Հայաստանում պետության կողմից համաֆինանսավորումը չափազանց քիչ է, կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսը միայն: Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր տրամադրել ՀՆԱ-ի 4 տոկոսը, սակայն անգամ 2016-ի համար նախանշվեց ընդամենը՝ 2.53 տոկոս:
Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը նշում է. «Վարձավճարը դոմինանտ է մնացած աղբյուրների նկատմամբ՝ նկատի ունեմ պետական բյուջեն, տարբեր տեսակի նվիատվությունները: Աշխարհի հայտնի համալսարանների ֆինանսավորման հիմնական աղբյուրը` նվիրատվություններն են, որոնք ստանում են իրենց շրջանավարտներից, բարերարներից: Եվրոպական որոշ երկրներում բարձրագույն կրթությունը անվճար է, օրինակ, Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում…»
Երևանի ամենաթանկ վարձավճարը` Բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետինն է`՝ տարեկան մեկ ու կես միլիոն դրամ ($3130) արտասահմանցի ուսանողների համար, ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում `800 հազար դրամ է ($1670): Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վարձավճարները հասնում են 700-800 հազար դրամի ($1460-1670):
Մասնագիտությամբ ազգագրագետ, սոցիալական մարդաբան, ԵՊՀ դասախոս Աղասի Թադևոսյանն էլ նշում է, որ կրթության վճարը Հայաստանում շատ ցածր է, այդ կարգի վճարի դեպքում շատ դժվար է ակնկալել բարձր որակի կրթություն, վերջապես, ցանկացած ապրանք իր գինն ունի.
«Սակայն, ամբողջ հարցն այն է, արդյո՞ք անհրաժեշտ է, որ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն գիտելիք ստանալ, ցածր վարձավճարով մտնեն համալսարան: Այդ քիչ փող տվող ուսանողը հաճախ շատ տարօրինակ հոգեբանական տրամադրվածություն ունի ուսման նկատմամբ: Իհարկե, դա նաև մշակութային ֆենոմեն է: Լինում են դեպքեր, երբ այդ երեխաների ծնողները միջնորդներ են գտնում, որ իրենց երեխան այդ ամբողջ կիսամյակի ընթացքում չսովորի ու ստանա թվանշան։
Հիմա հարց է առաջանում, այդ ծնողը նորմալ մարդ է՞, թե՞ ոչ: Գիտելիքը ապրանք է, որի համար ծնողը վճարում է, որ իր երեխան այն ստանա։ Սակայն Հայաստանում շատերի համար ապրանքը դա ոչ թե գիտելիքն է, այլ` դիպլոմը: Ու քանի դեռ ապրանքը՝ դիպլոմն է, մարդիկ առնում են դիպլոմ, ոչ թե գիտելիք: Գիտելիքը թանկ ապրանք է, իսկ դիպլոմը՝ էժան»:
ԵՊՀ ուսանողուհի 20-ամյա Վերոնիկա Սարգսյանը կարծում է, որ համակուրսեցիներից շատերը հանուն դիպլոմի են ընդունվել բուհ՝ մոդայիկ է. «Դիպլոմը պետք է ցույց տաս, որ իմանան դու խելացի ես, բայց խելացիությունը դիպլոմով չի որոշվում: Մեր կուրսում 18 հոգի ենք, բայց չորսն են սովորում, մնացածը ժամանակ են անցկացնում համալսարանում, կամ ընդհանրապես դասի չեն գալիս»:
Հայաստանյան բուհերը շարունակում են չհրաժարվել «անորակ» ուսանողից: Եթե սկսեն հեռացնել մասսայբար, ապա կկորցնեն քանակ, ինչը ենթադրում է ֆինանսական աղբյուրի կորուստ:
«Օբյեկտիվ եթե նայենք, ապա ուսանողների 30 տոկոսին պետք է հեռացնենք, իսկ դա կլինի կործանում, այսօր էլ բուհերը բավականին լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարողանում աշխատավարձ բարձրացնել, տարբեր խնդիրներ լուծել: Կարծում եմ, եթե բուհը ունենա երաշխիք ու հեռացնի չսովորող ուսանողներին, մի քանի տարի հետո կարող է շատ ավելի դիմորդ ունենալ, քան մյուսները, որոնք չեն հեռացնում:
Սակայն նույն այդ բուհը պետք է կարողանա մի քանի տարի դիմանալ, մինչև ուսանողները կավարտեն ու կասեն` մեր բուհն այնքան լավն էր, որ ոչ մի չսովորողի չէր հանդուրժում ու տվեց որակյալ կրթություն, ու ես էլ որ հարստանամ այդ բուհին օգնելու եմ, որովհետև ես նրան եմ պարտական իմ կրթության համար»,- բացատրում է Սերոբ Խաչատրյանը:
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի անիմացիոն ռեժիսուրայի ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Զաքարյանն ասում է, որ իր տարեկան վարձը կազմում է 600 հազար դրամ ($1250), սակայն սպասելիքները չեն արդարացել. «Հատկապես դժգոհ եմ նեղ մասնագիտական առարկանների դասավանդումից, մեր դասախոսների դպրոցը շատ հին է, նրանց մատուցած տեխնոլոգիաները՝ նույնպես, աշխարհն առաջընթաց է ապրել, կինոն` զարգացում, մենք դեռ քարե դարում ենք»:
Տաթևի մայրը`մասնագիտությամբ մանկավարժ Նելլի Խաչատրյանը հաշվել է՝ ուսման ամեն ամսվա համար պետք է վճարեն 60 հազար դրամ ($125), այն դեպքում երբ իր աշխատավարձը 70 հազար դրամ է ($146), չորս տարվա համար էլ վճարելու են 2 մլն 400 հազար դրամ ($5010).
«Առաջին կուրսեցիներից վարձի կեսը պահանջում են մինչև սեպտմեբերի 15-ը, մյուս կեսը՝ մինչև հունվարի 15-ը: Արդեն պանիկայի մեջ եմ, թե ինչ ենք անելու: Բայց արդեն հասկացել ենք. այդ գումարով ընդամենը դիպլոմ ենք գնելու: Եթե մենք տանը մասնագետ չունենայինք այդ ասպարեզից, աղջիկս ոչինչ էլ չէր սովորի»:
Աղասի Թադևոսյանն էլ նշում է, որ կա ուսանողների մի խումբ, որ շահագրգռված է լավ կրթություն ստանալ, պահանջում է դասախոսից բարձր որակի գիտելիք. «Որոշ դասախոսներ կարող են դա տալ, որոշները՝ ոչ: Նրանք, ովքեր կարող են տալ, պետք է աշխատեն իրենց վրա. մեկ որակյալ դասախոսություն պատրաստելու համար պետք է աշխատես մեկ կամ երկու օր, բայց դա փող արժե: Ես իմ ժամանակն եմ ծախսում, հիմա ինձ մոտ էլ մյուսների նման նույն հարցն է առաջանում. ինչո՞ւ ես պետք է ամսական 65 հազար դրամի ($135) համար (կես հաստիք) այդքան շատ աշխատեմ:
Երբ մասնավոր հրավեր եմ ունենում, ստանում եմ շատ ավելի մեծ գումար, քան իմ մեկ ամսվա դասախոսական աշխատանքի համար համալսարանում: Հարց է առաջանում, ինչու՞ պետք է ես նույն որակի դասախոսություն տամ այդ ուսանողին։ Եթե ռացիոնալ ենք մոտենում խնդրին՝ ապա չպետք է տամ, բայց ինձ մոտ կա նաև իռացիոնալ մոտեցում. մտածում եմ, ձգտող ուսանող է, ոնց կարելի է չտալ, բայց տուժում եմ ես՝ կորցնում եմ ժամանակս»:
Սերոբ Խաչատրյանի խոսքսվ, այս պահին մշակման փուլում է բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը, որով փորձելու են ավելի եվրոպականացնել համակարգը:
Հայաստանում այսօր իրենց տված գիտելիքի որակով հեղինակություն են վայելում Հայաստանում Ամերիկյան համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, Սլավոնական համալսարանը: Այստեղ վարձավճարները կրկնակի ու եռակի բարձր են երկրի պետական բուհերի համեմատ, սակայն ուսանողների խնդիր այս համալսարանները չունեն:
«Ամերիկյան համալսրանը 700 դիմորդ է ունենում բակալավրիատի, 400-ն է ընդունվում, բայց 700 մարդ պատրաստ է այդ վարձերը տալ»,- ասում է Սերոբ Խաչատրյանը, նշելով, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները խիստ անհրաժեշտ են:
Հրապարակվել է` 02.12.2016