Ինչի՞ եք պատրաստ ընտանիքի պահպանման համար։ Ադրբեջանում փոխվում է վերաբերմունքն ամուսնությանը
Վերջերս ամուսնություններն Ադրբեջանում պակասում են, ամուսնալուծություններն՝ ավելանում, վկայում է պաշտոնական վիճակագրությունը։ Ի՞նչ է իրականում կատարվում։
Վիճակագրության պետական կոմիտեի կայքում աղյուսակ կա, որը ցույց է տալիս այս երկու ցուցանիշների դինամիկան 1935 թ-ից ի վեր։ Այստեղ կարելի է համեմատել ամուսնություներն ու ամուսնալուծություններն Ադրբեջանում՝ ըստ հազար հոգուն բաժին ընկնող քանակի։
Ամուսնությունների այդ ցուցիչը 2019 թ-ին ամենացածրն էր վերջին 20 տարում, իսկ ամուսնալուծություններինը՝ 1,7՝ ամենամեծ ցուցանիշը 1990 թ-ից ի վեր։
2019-ի տարեվերջին Ադրբեջանում գրանցվել է 63 869 ամուսնություն, 17 148 (26,85%) ամուսնալուծություն։ 2020 թ-ի համար լիարժեք վիճակագրություն դեռ չկա, սակայն այն ցուցանիշները, որոնք մամուլում են հայտնվել պաշտոնյաների հարցազրույցներից (օրինակ՝ 2020 թ-ի առաջին կիսամյակի վիճակագրությունը) էլ ավելի մտահոգիչ են։ Պատճառը հասկանալի է․ համավարակ, դրա հետ կապված գործազրկություն և սթրես։ Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ միտումը նկատվում էր դեռևս համավարակից առաջ և շարունակվում է արդեն մոտ տասը տարի։
Այս երևույթի պատճառն, ըստ ամենայնի, համալիր է, և այն «գիտականորեն» պարզելու համար պետք է բարդ և մասշտաբային հետազոտություններ անցկացնել։ Գոնե որոշ գործոններ պարզելու համար ոչ մեծ հարցում ենք անցկացրել Բաքվի բնակիչների շրջանում։ Հարցերն այնպես էին կազմված, որ հաստատվի կամ հերքվի այն վարկածը, որ, հնարավոր է, փոխվում է ամուսնության ինստիտուտի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը, այլ ոչ թե տնտեսական իրավիճակը երկրում։ Հարցմանը մասնակցել է 200 մարդ, հիմնականում՝ Բաքվի կենտրոնի բնակիչները։
Տղամարդկանց և կանանց հայացքն ամուսնալուծությանը
Հետազոտության արդյունքներն ուսումնասիրելիս աչքի է ընկնում տղամարդկանց և կանանց պատասխանների տարբերությունը։ Օրինակ՝ կանայք գրեթե միաձայն հայտարարում են, որ ամուսնալուծությունների մեղավորը տղամարդիկ են, իսկ տղամարդիկ հակված են համարել, որ երկու կողմերը պատասխանատվություն են կրում, կամ մեղավոր են, այնուամենայնիվ, կանայք։ Իհարկե, մեղավորության մասին հարցը տրվել էր ոչ այն նպատակով, որ իրոք մեղավորը գտնվի, այլ պարզելու համար, թե ինչպես են հարցվածները հասկանում պատասխանատվության բաշխումը։ Պատասխանատվությունը հավասար բաշխելուն համաձայնել է հարցվածների 30%-ը։
Հարցված կանանց գրեթե մեկ երրորդը հայտարարել է, որ կարող էր ամուսնալուծվել ամուսնու կողմից ֆիզիկական բռնության դեպքում։ Միայն հարցված տղամարդկանց աննշան տոկոսն է այդ պատճառը նշում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է երկու բան․ նախ՝ ընտանեկան բռնության են ենթարկվում գլխավորապես կանայք, երկրորդ հերթին՝ Ադրբեջանում կանանց մեծ մասը բռնությունը չի դիտարկում որպես ամուսնալուծության պատճառ։
Ամուսնալուծությունը լա՞վ է, թե՞ վատ
Փաստարկների մասին հարցին ի պատասխան, որոնք հարցվածները կարող են նշել՝ հարազատ մարդուն ապահարզանից հետ պահելու համար, հարցվածների գրեթե կեսը հրաժարվել է կողակցին հետ համոզել այդ որոշումից։ Ստացվում է, որ բնավ ոչ բոլորն են ամուսնալուծությունը որպես աղետ ընկալում, որից պետք է ամեն գնով խուսափել։ Երկրորդ ամենատարածված տարբերակը «պետք է դիմանալ՝ հանուն երեխաների» պատասխանն է (հարցվածների 20%-ը)։
Ադրբեջանցի պաշտոնյաներն, այնուամենայնիվ, ընտանիք քանդվելը միանշանակ որպես բացասական երևույթ են ընկալում։
Ադրբեջանի կանանց իրավունքների պաշտպանության միությանը կից «Կանայք․ խաղաղություն և անվտանգություն» կենտրոնի ղեկավար Դիլյարա Էֆենդիևան ամուսնալուծությունների մի շարք պատճառներ է նշում, այդ թվում՝ ընտանիքի համար պատասխանատվություն կրելու երիտասարդների անընդունակությունը, դավաճանությունը, բռնությունը, այնպիսի տաբուականացված թեմաները քննարկելու անհնարինությունը, ինչպիսին է սեռական անբավարարվածությունը, ամուսնության նկատմամբ նահապետական և ավանդական վերաբերմունքը և անգամ՝ ընթացակարգի պարզությունն ու էժանությունը։
«Այս խնդիրներից շատերը կարելի է լուծել ընտանեկան հոգեբանի, բժշկի, իրավապահ մարմիններին դիմելու միջոցով և բնակչությանն իրազեկելու եղանակով, որի նպատակը հանրային և անձնական արժեքների ձևավորումն է, որոնք ուղղված են ընտանիքի և ամուսնության հեղինակությանը, ընտանեկան հարաբերությունների և ավանդույթների ամրապնդմանը», — ասում է Էֆենդիևան։
Ոչ հասուն ընտանիքներ
Վաղ ամուսնությունները ևս մեկ կարծրացած խնդիր է Ադրբեջանում։ 2019 թ-ին պաշտոնապես ամուսնալուծվել է 4 աղջիկ, որոնց 18 տարեկանը նույնիսկ չէր լրացել։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ 16-18 տարեկանում կարելի է ամուսնանալ ծնողների համաձայնությամբ։ Իրական թիվը կարող է շատ ավելին լինել, որովհետև հաճախ ամուսնություններն ընդհանրապես չեն գրանցում, և վիճակագրությունը դրանք «տեսնում է» միայն արտաամուսնական երեխաների թվաքանակի տեսքով, որն, ի դեպ, վերջին տարիներին անկասելիորեն աճում է, հատկապես՝ վաղաժամ ամուսնությունների հաշվին։
2019 թ-ին ամուսնալուծվածների ուղիղ մեկ երրորդը 30 տարեկանից ցածր է։ Ամուսնության համեմատաբար վաղ տարիքն ընտանիքի ավանդական ադրբեջանական մոդելի հատկանիշներից մեկն է, երբ ծնողները երեխաների համար ամուսիններ են ընտրում կամ գոնե ուղղորդում ընտրությունը։
Այս մոդելը հաճախ ինքնին բերում է ամուսնալուծության։ Ամուսնալուծության հնարավոր պատճառների մասին հարցին՝ որպես պատասխանի իրենց տարբերակ, հարցվածներից շատերը նշում են ավագ սերնդի միջամտությունը։
Շատ հավանական է, որ այն ընտանիքներում, որտեղ նորապսակներին ղեկավարում են ծնողները, հենց ժամանակակից աշխարհի պահանջները, հնարավորություններն ու ընտանիքի ադրբեջանական հնացած մոդելը համատեղելու անընդունակությունն է բերում ամուսնալուծության, քանի որ նոր մոդելը, երբ կինն ու ամուսինն ի սկզբանե իրենք են որոշումներ կայացնում և պատասխանատվություն կրում, դեռևս միայն տեսականորեն կամ որպես փորձարկում գոյություն ունի։
Կուսության պաշտամունք և ամուսնալուծություններ
Այս թեման Բաքվի հնագույն disput.az ֆորումում քննարկելիս բաքվեցիները փաստացի ցուցադրել են նոր ու հին մոդելների միջև այդ նույն պայքարը։ Մեկնաբանողներից մեկը հեղափոխական միտք էր արտահայտել, որ զույգի համար լավ կլինի միասին ապրել ամուսնությունից առաջ (ընդհանրապես, սա բացարձակ տաբու է ադրբեջանական ընտանիքների մեծ մասի համար)։
«Այդ դեպքում աղջիկը ոչ թե ամուսնանում է, այլ փորձարկման գնում․․․ որքան էլ մենք ցանկանանք եվրոպականացվել, նման բան հազիվ թե մտնի մեր նորմալ ընտանիքներ»։
«Ես՝ որպես տղա, ամուսնությունն ընդմիշտ եմ համարում։ Ամուսնալուծվող, դավաճանող կամ բաժանվող և նոր կին գտնող տղամարդկանց ես նայում եմ որպես ոչնչությունների…
Ես հոգեբանորեն չէի կարող ՔԿԱԳ-ում լրջորեն երդվել, հետո դրժել երդումս։ Հետևաբար, ես փորձելու եմ և թեստավորելու եմ այնքան, որքան անհրաժեշտ լինի»։
«Ճիշտ է։ Ստուգելու եք մերթ մեկին, մերթ մյուսին, մերթ երրորդին։ Եվ ձեզ համար արդարացումն այն է լինելու, որ պաշտոնական ամուսնություն չէր, այդ պատճառով էլ ձեզ մեղադրելու տեղ չկա։ Իսկ աղջիկն արդեն օգտագործված է…»։
Սա ամուսինների անհամատեղելիությունն ակնհայտ պատճառ է․ զույգերի մեծ մասը միմյանց ճանաչում է միայն ամուսնությունից հետո։ «Պատվի» երկակի ստանդարտը, երբ տղամարդը կարող է շատ զուգընկերներ ունենալ, իսկ կինը՝ միայն մեկին, ակնհայտ խանգարում է գիտակցված ամուսնության ստեղծմանը։
Այնուամենայնիվ, զուգընկերների իրավահավասարության արևմտյան մոդելը հասարակության մեծ մասի կողմից դեռևս ընկալվում է որպես այլասերություն և սեռական սանձարձակություն։ Իսկ հին մոդելը՝ կերակրող տղամարդու և «տնային» հնազանդ կնոջ միությունը, որը ղեկավարվում է ամուսնու ծնողների կողմից, սկսում է զիջել իր դիրքերը։