Ինչով է տարբերվում Աբխազիան Շվեյցարիայից
լուսանկարը՝ Սերգեյ Դեմյանովի
Շվեյցարիայում, որը մենք սիրում ենք վկայակոչել որպես զարգացմած երկիր, ուղիղ մեկ ամիս առաջ քաղաքացիները հանրաքվեի միջոցով հրաժարվեցին ամենամսյա նվազագույն երաշխավորված եկամտի գաղափար ներմուծելուց:
Քվեախցիկին մոտեցած քաղաքացիների 78 տոկոսը հրաժարվեց, պայմանականորեն ասած, կոմունիստական բարքերում ապրել:
Բայց դրական պատասխանի դեպքում Շվեյցարիայում ապրող ցանկացած չափահաս քաղաքացու, ամսական 2,5 հազար շվեյցարական ֆրանկ նպաստ էր բաժին ընկնելու՝ անկախ այն բանից՝ աշխատում է վերջինս, թե՝ ոչ:
Շվեյցարացիներն ասացին «ոչ» ոչ այն պատճառով, որ փող չկա, այդ առումով այնտեղ ամեն ինչ կարգին է: Հիմնական և թերևս միակ պատճառը, որ նրանք ինքնակամ հրաժարվեցին երկնային մանանայից, բնակչության, հատկապես երիտասարդության շրջանում պատասխանատվության և նախաձեռնողականության զգացումի պահպանումն էր:
Այսինքն պետության հաշվին օրինական հիմքերով ապրելու ցանկությունը կտրականապես ճնշվեց բացառապես պրագմատիկ նկատառումներով: Եթե երկրի բնակչությունը ձեռք ձեռքի տված անգործության մատներ իրենց և դրա դիմաց գումար ստանար, ապա այդ էտալոնային Շվեյցարիան պարզապես էլ չէր լինի: Այն շաքարի պես կլուծվեր ջրում:
Ես մի պահ պատկերացրի, որ Աստված մի արասցե մեր քաղաքացիներից մեկի խելքին փչի Աբխազիայում նման թեմայով հանրաքվե անցկացնել: Օրինակ, նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 100 հազար ռուբլի: Կամ, ենթադրենք, չեղարկել բոլոր տեսակի հարկերը: Կամ, ավելի լավ տարբերակ, բնակիչներից յուրաքանչյուրին «Լեքսուս» նվիրել: Վստահ եմ, որ նման հարցադրման դեպքում մասնակցության և քվեարկության արդյունքների հարցում կասակծներ չէին լինի:
Վախենում եմ կրկին ոչ հայրենասեր լինելու մեղադրանքներ լսել իմ հասցեին, սակայն երբ մեր պետական այրերը, վերջին տասը տարիներին առանց ամաչելու և, ավելին, նման ուղու ճշմարտացիության վրա այլոց կասկածներից վիրավորված, երկիրը հետևողականորեն անվճար ուղու վրա էին նստեցնում, Աբխազիայի համար դա չէր կարող անհետևանք մնալ:
Արդյունքում, անվճար բարիքներից օգտվելը դարձնելով աբխազական իրականության բնական տարր, առանց որի մենք չենք կարող ապրել, մենք նսեմացրինք քաղաքացու կարգավիճակը, այդ թվում նաև նրա, ով զենքը ձեռքին կռվել է իր ժողովրդի ազատության համար՝ հասցնելով մանկական պահվածքով սովորական ընտրական միավորի, ով, ինչպես հայտնի է, անընդհատ հրաշքների է սպասում: Ուզում եմ և վերջ:
Սակայն այդ կախարդանքի ռեսուրսները սպառված են: Շարունակել նույն ռեժիմով ապրել կնշանակի խաչ քաշել աբխազական պետականության հեռանկարների վրա:
Նախագահ Ռաուլ Հաջիմբան դա հասկանում է, այլապես ոչ մի բարեփոխում չէր սկսի: Այո, այդ բարեփոխումները տեղում դոփում են, սակայն ոչ այն պատճառով, որ նախագահը հանկարծ միտքը փոխեց: Բնավ ոչ: Պարզապես դիմադրությունն է ահռելի:
Երբ այս տարվա սկզբին ներմուծման համար ԱԱՀ մտցրին, գրեթե ողջ երկիրը ոտքի կանգնեց, թե ինչու պետք է հարկ մուծենք:
Ծանոթ գործարարներից մեկը սոցցանցերից մեկի իր էջում գրում է. “Ապրիլից աշխատանքի ընդունման հայտարարություն եմ տալիս: Արդյունքում հավաքեցի և ուկրաինացիների, և ռուսների, և Հայաստանի քաղաքացիների, սակայն ոչ մի տեղացու: Արտասահմանցիները հետաքրքրվում են աշխատանքի առանցքային պահերով, իսկ մերոնք առաջին հարցը, որ տալիս են դեռ չբարևած, աշխատավարձի մասին է: Երբ ես նրանց պատասխանում եմ, որ աշխատավարձը կախված է աշխատանքի արդյունքից, դիմողը միանգամից անհետ կորում է”:
Այդ գործարարը անհույս եզրակացության հանգեց, որի հետ ես համաձայն եմ. մենք, ինքներս չնկատելով, ստեղծել ենք մի միջավայր, որտեղ տարիներով առանց աշխատանքի նստած մարդը սիգարետի մնացորդներ կծխի, բենզին կմուրա, սակայն կգնա միայն մաքուր աշխատանքի՝ առանձին կաբինետով, փափուկ բազմոցով, օդորակիչով և բարձր աշխատավարձով: Եվ նրան բացարձակապես չի հետաքրքրի, թե որտեղից է այդ աշխատավարձը վճարվում:
Այս կիրակի Աբխազիայում հանրաքվե կանցկացվի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հանդեպ վստահության վերաբերյալ: Ինչ-որ մեկին թվում է, թե նախագահին հեռացնենք ու երջանկություն կտիրի:
Սակայն, ավաղ, ոչ մի հանրաքվե մեզ չի փրկի, եթե մենք պարզապես չսկսենք ջանասիրաբար աշխատել: Ինչպես մի ժամանակ սկսել և շարունակում են Շվեյցարիայի քաղաքացիները:
Հրապարակվել է 08.07.2016