«Միշտ մնացեք ազատ և ժպտացող։ Գիտելիքն ու ներքին ազատությունը ցանկացած ԳՈՒԼԱԳ-ից ավելի ուժեղ են»,- բանտից երկու լեզվով՝ հայրենի թալիշերենով և պետական ադրբեջաներենով նամակ է ուղարկել Իգբալ Աբիլովը: Թալիշական ֆոլկլոր ուսումնասիրող երիտասարդ գիտնականն Ադրբեջանում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:
Էթնիկ հետազոտող, «Թալիշական ազգային ակադեմիայի լուրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Իգբալ Աբիլովը մայիսի 20-ին մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Նրան մեղադրում են պետական դավաճանության, Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության և նրանց՝ Ադրբեջանում ազգամիջյան բախումներ հրահրելու վերաբերյալ հանձնարարությունները կատարելու մեջ։
Աբիլովն ու նրա պաշտպանները չեն ընդունում ներկայացված մեղադրանքներից ոչ մեկը։ Պաշտպանությունը հայտարարում է, որ դատական և քննչական գործընթացի ընթացքում ներկայացված չի եղել ոչ մի հիմնավորված և իրավաբանորեն ապացուցված փաստ, որը կհաստատեր մեղադրանքները։
Ստորև ներկայացնում ենք ադրբեջաներենով գրված նամակի մի մասը, որի պատճենն ուղարկվել էր նաև JAMnews-ին
Իգբալ Աբիլովը։ Լուսանկարը՝ անձնական արխիվից
«Սիրելի ընկերներ,
Իմ սիրտը իմ ընտանիքի, ժողովրդի, ընկերների և բոլոր նրանց հետ է, ովքեր ինձ աջակցում են։ Իմ սիրտն ազատ է։
Այստեղից բոլորին փոխանցում եմ իմ ողջույնները և շնորհակալությունը՝ մեծահոգի ծնողներիս, մերձավորներիս, ընկերներիս։
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր չեն վախեցել այս մեղադրանքներից և ներկա են եղել իմ դատական նիստերին։ Կիսում են իմ հայացքները, թե ոչ, նրանք հանդես են եկել իմ պաշտպանության դիրքերից, ձայն են բարձրացրել՝ ի աջակցություն ինձ:
Դիմում եմ նաև բոլոր նրանց, ովքեր՝ բարձրաձայն կամ սրտի խորքում, իրենց խղճի առաջ համաձայն չեն այս հետապնդման հետ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում արդարության համար պայքարող իմ պաշտպաններին՝ Ֆարիզ Նամազլիին և Ռևշան Ռահիմովային։ Ուրախ եմ, որ ծանոթացել եմ նրանց հետ։
Երջանիկ եմ և գիտեմ, որ դուք էլ եք հավատում մարդկանց հավասարությանը, ինչպես ես եմ հավատում։ Ոչ մի մարդ չի կարող զրկվել իր իրավունքներից իր սեռի, ազգության, լեզվի, կրոնի կամ համոզմունքների պատճառով։
Վերջերս մեկուսարանի միջանցքում տեսա Ահմադ Մամեդլիին (լրագրող, Yoldash Media-ի հիմնադիր, ձերբակալվել է մայիսի 7-ին- JAMnews) այտուցված դեմքով։ Նրան եմ ուղարկում իմ ողջույնն ու աջակցությունը։ Նրա նման մաքուր, կրթված և ճշմարտություն փնտրող երիտասարդները պետության հույսն ու ապագան են։
Միշտ մնացեք ազատ և ժպտացող։ Գիտելիքն ու ներքին ազատությունը ցանկացած ԳՈՒԼԱԳ-ից ավելի ուժեղ են»։