Դիմակներ, ցանկապատեր, բարձր գներ։ Ի՞նչ տեսք է ունենալու զբոսաշրջությունը Վրաստանում կորոնավիրուսից հետո
Վրաստանը կբացի զբոսաշրջային սեզոնը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի ունեցած քառամսյա դադարից հետո։
Հունիսի 15–ից հյուրանոցներն ու մյուս զբոսաշրջային ենթակառուցվածքները կբացվեն տեղի զբոսաշրջիկների համար, իսկ հուլիսի 1–ից երկիրը կընդունի առաջին օտարերկրյա զբոսաշրջիկներին։
Արտասահմանյան լրատվամիջոցները Վրաստանը հիշատակում են որպես «հետկովիդային» զբոսաշրջության անվտանգ ուղղղություն։ Forbes ամսագիրը Թբիլիսի և Բաթում քաղաքները ներառել է կորոնավիրուսի տեսանկյունից անվտանգ ուղղությունների ցանկում։ Վրաստանի՝ որպես ճամփորդությունների համար անվտանգ վայրի մասին են գրում Washington Post–ը, European Best Destinations կայքը, չեխական TTG զբոսաշրջային և բիզնես պորտալը և այլն։
- Վրաստանը սկսելու է զբոսաշրջությունը զարգացնել կրկի՞ն
- Աշխարհը դուրս է գալիս կարանտինից․ ո՞վ և ինչպե՞ս։ Ռոբոտները չափում են մարդկանց ջերմությունն ու մշտադիտարկում այգիները։ Լուսանկարներ/տեսանյութ
Վրաստանի կառավարությունը փորձում է օգտվել երկրի նման համբավից․ վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը նոր զբոսաշրջային բրենդ՝ կորոնավիրուսից ազատ երկիր դառնալու շանս ունի։
Ինչպե՞ս է Վրաստանը պատրաստվում զբոսաշրջային սեզոնին և ինչպիսի՞ն են այդ ոլորտում զբաղված մարդկանց սպասելիքները։
Ո՞ր երկրներից են զբոսաշրջիկներ ժամանելու Վրաստան
Հուլիսի 1–ին՝ փակվելուց երեք ու կես ամիս անց, կբացվեն Վրաստանի երկու գլխավոր օդանավակայանները՝ Թբիլիսիինն ու Քութայիսիինը։
Երկրների հստակ ցուցակ, թե որտեղից են վերսկսվելու չվերթները հուլիսի 1–ից, դեռևս հայտնի չէ։ Հայտնի է միայն այն, որ առաջին փուլում Վրաստանի երկինքը բաց կլինի ան երկրների համար, որտեղ համաճարակային իրավիճակը կայուն է։
Սակայն, օրինակ, ավիատոմսերի Skyscaner առցանց խանութում արդեն հնարավոր է Մոսկվայից՝ համավարակի «թեժ կետերից» մեկից, դեպի Թբիլիսի տոմսեր գնել հուլիսի մեկի համար։ Այդ տոմսերը վաճառում են հայկական «Արմենիա» և բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունները։
Զբոսաշրջային սեզոնի բացումից առաջ Վրաստանը պայմանավորվել է այսպես կոչված «կանաչ միջանցքի» ստեղծման մասին մի քանի երկրների՝ Իսրայելի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ավստրիայի և Գերմանիայի հետ։
«Կանաչ միջանցքը» նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները ճամփորդելու են առանց որևէ կարանտինի։ Օրինակ՝ Չեխիայի քաղաքացուն երկշաբաթյա կարանտին պետք չի լինի, եթե նա Վրաստան գա։ Չեխիա մեկնող Վրաստանի քաղաքացիները նույնպես կարանտին չեն անցնի։
Վրաստանն արտասահմանյան զբոսաշրջիկների է սպասում հուլիսի 1–ից։
Սակայն, ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալների, այն երկրների առաջին հնգյակից, որտեղից Վրաստան են ժամանում ամենաշատ զբոսաշրջիկները, «կանաչ միջանցքում» չեն ներառվում։ Դրանք Ադրբեջանն է, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան։ Դրանց մեծ մասում համաճարակային իրավիճակը ծանր է, հատկապես՝ Հայաստանում և Ռուսաստանում։ Ըստ Վրաստանի գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեի՝ Հայաստանի հետ սահմանի բացումն այս փուլում կարող է վտանգավոր լինել։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա, ըստ Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալների, այժմ բանակցություններ են տարվում Վրաստանի և Ուկրաինայի միջև ավիաչվերթների վերականգնման շուրջ։ Առցանց տոմսերը դեպի Կիև և հակառակ ուղղությամբ արդեն կարելի է գնել հուլիսի 1–ից։
Skyscaner–ը հուլիսի 1–ից նաև Մինսկ–Թբիլիսի և Ստամբուլ–Թբիլիսի չվերթների տոմսեր է առաջարկում։ Վաճառվում են նաև Մյունխենից չվերթների տոմսեր։
Ryanair բյուջետային ավիաընկերությունն արդեն պատրաստվում է վերսկսել բոլոր թռիչքները դեպի Վրաստան, որոնք իրականացնում էր համավարակից առաջ։
Որոշ երկրների հետ նախկինի պես բանակցություններ են վարվում, և դեռևս ոչ ոք չի կարող ասել, թե քանի զբոսաշրջիկ է ժամանելու, ասում է Վրաստանի զբոսաշրջության ինդուստրիայի դաշինքի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին․
«Մենք այդ մասին դեռևս ոչինչ չգիտենք։ Սակայն ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր կարգավորումներն ավելի մեղմ են, քան աշխարհի մյուս երկրների կանոնները»։
Կարանտի՞ն, թե տեղեկանք Covid–ի մասին․ ինչպե՞ս են զբոսաշրջիկներին ստուգելու սահմանին
Կարգավորումները, որոնց համաձայն Վրաստանն ընդունելու է զբոսաշրջիկներին, մշակվել են առողջապահության նախարարության, Զբոսաշրջության ազգային վարչության և մասնավոր ընկերությունների հետ համատեղ։
Սակայն դրանք միայն մասնակի են մշակվել։
Օտարերկրյա հյուրերին ընդունելուն մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, սակայն մինչև հիմա պարզ չէ, թե ինչպես են զբոսաշրջիկներին դիմավորելու օդանավակայանում, և ինչ ընթացակարգեր են անցնելու ուղևորները սահմանը հատելիս։
Երկիր մտնող հյուրերը պետք է սահմանին մեկ ժամից ոչ ավելի տևող ստուգման ընթացակարգ անցնեն, ասում է վարչապետ Գիորգի Գախարիան։
Մի քանի առաջարկ է դիտարկվում․ 72-ժամյա կարանտին զբոսաշրջիկների համար; կորոնավիրուսի բացասական թեստի մասին պահանջ սահմանին; թեստավորում սահմանին։
Georgian Hospitality Group զբոսաշրջային ընկերության հիմնադիր Սաբա Կիկնաձեն մասնակցել է նոր կանոնների քննարկման գործընթացին։ Նա կարծում է, որ, եթե կարգավորումները չափազանց խիստ լինեն, իմաստ չունի երկիրը բացել զբոսաշրջիկների համար, որովհետև ոչ ոք չի գա։
«Այն հարցը, թե ինչպես են ուղևորներին ստուգելու սահմանին, մինչև հիմա բաց է։ Կարծում եմ, որ ուղևորը պետք է ընտրություն ունենա․ իր հաշվին թեստավորվել սահմանին կամ պարտադիր կարանտին անցնել», — կարծում է նա։
Նիկա Սամադաշվիլին զբոսաշրջային խմբերի հետ է աշխատում արդեն վեց տարի։ Նա բավականին թերահավատորեն է վերաբերվում հուլիսի մեկից զբոսաշրջիկների մեծ հոսքին, քանի որ, նրա կարծիքով, այդ կանոնները գործնականում իրականացնելը դժվար կլինի․
«Զբոսաշրջիկի համար ճամփորդելը շատ թանկ է լինելու։ Օրինակ՝ թեստը, որը պետք է յուրաքանչյուրն անցնի սահմանը հատելիս, արժե մոտ 100 դոլար։ Ստացվում է, որ չորս–հինգհոգանոց ընտանիքի համար դա կարժենա 400 դոլար»։
Ինչպե՞ս է աշխատելու զբոսաշրջային ենթակառուցվածքը
Եթե հսկիչ անցակետերում սահմանվելիք ռեժիմի հետ կապված ամեն ինչ չէ, որ պարզ է, ապա առողջապահության նախարարությունն արդեն ընդհանուր խորհուրդներ է մշակել զբոսաշրջության հատվածի հետ կապված բոլորի՝ հանրային սննդի հաստատությունների, տուրօպերատորների և էքսկուրսավարների, հյուրանոցների և լողավազանների համար։
Այդ կանոնների համաձայն՝ զբոսավարները, վարորդներն ու զբոսաշրջիկները յուրաքանչյուր էքսկուրսիայից առաջ պետք է ջերմաչափվեն։
Տրանսպորտում և փակ տարածքներում նրանք պետք է կրեն դիմակներ, իսկ վարորդի տեղը մեքենայում պետք է ուղևորներից զատված լինի թափանցիկ պաշտպանիչ պատնեշով։ Ուղևորները տրանսպորտում չպետք է շատ մոտ նստած լինեն։ Բացի այդ, ըստ նոր կանոնների, մեքենաներում չի կարելի օդորակիչ միացնել, քանի որ, ըստ համաճարակաբանների, օդի շարժն օդորակիչի աշխատելու պարագայում նպաստում է ուղևորների շրջանում վարակի տարածմանը։
Ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում և բոլոր փակ տարածքներում, որտեղ սպասարկվում են զբոսաշրջիկները, մակերևույթները պետք է մաքրել օրական մի քանի անգամ հատուկ լուծույթով։
Դռների և պատուհանների բռնակների, բազրիքների, վերելակի կոճակների ախտահանում պետք է կատարել երկու ժամը մեկ։
Շենքերի մուտքի մոտ պետք է դեզոպատնեշներ լինեն՝ կոշիկները մաքրելու հատուկ փոքր գորգեր, որտեղ ախտահանող հեղուկ է լցվում։ Իսկ աշխատակիցներն, օրինակ, հյուրանոց մտնելիս պետք է նստեն հատուկ թափանցիկ պատնեշից այն կողմ։
Ի՞նչ սպասելիքներ ունի զբոսաշրջային բիզնեսը
Karva Travel զբոսաշրջային ընկերության, Զբոսաշրջության դպրոցի և ֆեյսբուքյան «Ինֆոգիդ» խմբի հիմնադիր Ռուսուդան Ջափարիձեն նույնպես մասնակցել է նոր կանոնների քննարկմանը։
Նրա խոսքով՝ սկզբից առողջապահության նախարարությունը շատ խիստ և բարդ կարգավորումներ էր մշակել, սակայն այնուհետև որոշել է դրանցում հաշվի առնել ինչպես վարակի տարածման դեմ պայքարի, այնպես էլ մասնավոր բիզնեսի շահերը։
Այնուամենայնիվ, որոշ կանոններ դեռ պարզ չեն։
«Օրինակ՝ առողջապահության նախարարությունը չի չեղարկել տրանսպորտի մասին դրույթը։ Թափանցիկ արգելապատնեշը մինիվենում մեծապես կդժվարացնի օդափոխությունն, ինչպես նաև հայելիների վերահսկողությունը վարորդի կողմից, իսկ դա վտանգավոր է։ Բացի այդ, օդորակման հարցը դեռ բաց է», – ասում է նա։
Ըստ Ռուսուդան Ջափարիձեի՝ խնդիրն այն է, որ այս տարի հանգիստը Վրաստանում ավելի թանկ է լինելու զբոսաշրջիկների համար նոր կանոնի պատճառով․
«Գներն, իհարկե, աճելու են․ էլեկտրոնային ջերմաչափեր, դիմակներ, ձեռնոցներ, թափանցիկ պատնեշներ։ Այս ամենը մենք պետք է գնենք։ Ծախսերի մեջ մեծ տարբերություն է լինելու, հետևաբար, գներն աճելու են»։
Lilat Travel & Events–ի ներկայացուցիչ Ելենա Ինաուրին երկար տարիներ աշխատում է ներքին զբոսաշրջությունում։ Նրա ընկերությունը նույնպես պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել։ Ելենան ասում է, որ նոր կանոններ սահմանելու հետո ծառայությունների գները զգալիորեն աճելու են․
«Եթե մեկ ավտոբուսի վարձակալությունն արժեր 300 լարի [մոտ $94], և այդ գումարը բաժանվում էր 50 հոգու վրա, ապա այժմ, ըստ ամենայնի, մեկ ավտոբուս կարող է նստել միայն 25 մարդ, ինչը բարձրացնում է ծառայության արժեքը»։
Բաց սրճարաններն ու ռեստորանները Վրաստանում աշխատում են հունիսի 1–ից։ Հունիսի 8–ից կսկսեն աշխատել նաև փակ հաստատությունները։ Նոր կանոնները տարածվում են նրանց վրա ևս։
Ռեստորանների և սրճարանների բոլոր այցելուները պետք է դիմակ կրեն, եթե հաց չեն ուտում։
Մուտքի մոտ պետք է չափվի այցելուների ջերմությունը․ 37 և ավելի ջերմություն ունեցողները հաստատություն չեն կարող մտնել։ Սեղանները պետք է միմյանցից երկու մետր հեռավորության վրա լինեն։ Մեկ սեղանի շուրջ նստած հյուրերի թիվը նույնպես սահմանափակ է։ Անձնակազմը պետք է հատուկ պաշտպանիչ միջոցներ ունենա։
GMT Group վաճառքների և մարքեթինգի բաժնի ղեկավար Մարիամ Բեբիաշվիլիի խոսքով՝ Funicular Complex և Puri Guliani խմբի ռեստորանները բացվել են հունիսի 1–ից, և, չնայած նոր կանոններին, գներն անփոփոխ են մնացել։
«Մեր հաճախորդները հասկանում են նոր կանոնները։ Դեռևս ոչ ոք չի բողոքել, և դա զարմանալի չէ։ Ակնհայտ է, որ համավարակը չի ազդել մարդկային հարաբերություների և հույզերի վրա», — ասում է նա։
Զբոսաշրջիկների ընդունելությանն են պատրաստվում նաև Վրաստանի շրջաններում։
Կորշա հյուրանոցը գտնվում է Խևսուրեթիում՝ Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային լանջին։ Այն լեռնային զբոսաշրջության ամենատարածված ուղղություններից մեկն է երկրում վերջին տարիներին։
Հյուրանոցը լավ է նախապատրաստվել հունիսի 15–ին․ այս տարի այստեղ ավելի շատ ներքին զբոսաշրջիկների են սպասում, քան արտասահմանցիների։
Հյուրանոցի տերը՝ Մարինա Գիգաուրին, ասում է, որ սպասարկումն ավելի թանկ է լինելու․
«Մեր ծախսերը զգալիորեն աճել են։ Մթերքը թանկացել է։ Բացի այդ, դիմակները, ձեռնոցներն, ախտահանող միջոցները մենք պետք է ինքներս գնենք։ Մեզ սպասարկող նոր անձնակազմ պետք կլինի։ Համավարակից առաջ ընտանիքով էինք աշխատում և միայն երկու աշխատակից էինք ընդունել։ Այժմ մենք ինքներս չեն կարող ամեն ինչ ախտահանել րոպեն մեկ», — ասում է նա։
Էլ ավելի բարդ է հոսթելների գործը։ Դրանց հաճախորդները բյուջետային զբոսաշրջիկներն են, հիմնականում՝ երիտասարդ։ Հոսթելի մեկ սենյակում կարող է մի քանի անծանոթ մնալ։ Համավարակի պայմաններում շատ զբոսաշրջիկներ, ըստ ամենայնի, այդպիսի ռիսկի չեն գնա։
Բացի այդ, այս տարի, երբ ճամփորդությունները թանկացել են, հոսթելների հաճախորդները, հավանաբար, տանը կմնան։
Թբիլիսիի կենտրոնում «Տեռաս» հոսթելի տեր Ցիցի Գոգսաձեն դեռևս մտածում է այն մասին, թե ինչպես պահպանել իր բիզնեսը․
«Մենք կարող ենք փոխել ուղղությունն ու հոսթելը վերածել հյուրատան կամ սրճարան բացել։ Բանն այն է, որ հոսթելների մեծ մասն այցելու չի ունենալու․ մի սենյակում անծանոթների հետ մնալն այժմ վտանգավոր է։ Դա վտանգավոր է նաև ինձ համար, և ես չեմ ուզում արևէ մեկի համար խնդիրներ ստեղծել։ Իսկ հյուրատանը մեկ սենյակում մեկ ընտանիք կլինի, սենյակներն առանձին կհանձնենք և կկարողանանք աշխատել»։
Զբոսաշրջության ինդուստրիայի դաշինքի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին կարծում է, որ այս տարի դժվար է լինելու վերսկսել խմբակային զբոսաշրջությունը․
«Շատ երկրներ սկզբից սպասելու են այլ երկրների արդյունքներին և հետո նոր որոշում կայացնելու։ Այս փուլում դիտում է ընթանում, և գները թելադրում է պահանջարկը։ Այժմ ոչ ոք գնի մեջ եկամուտ չի ներառում, այժմ մենք բիզնեսը փրկելու փուլում ենք։ Եթե որևէ մեկը կարողանա ինչ–որ բան վաճառել, դա արդեն շատ լավ է»։
Amber Travel ընկերության հիմնադիր Ռուսուդան Ջափարիձեն չի կասկածում, որ «հետկովիդային» Վրաստան այցելել ցանկացողները քիչ չեն լինելու․
«Եթե կա սահմանները բացելու ցանկություն, նշանակում է, որ դա է պահանջում շուկան, և այդ պատճառով էլ պահանջարկ լինելու է։ Սակայն ցանկությունը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ բան։ Եթե երկրներից որևէ մեկն իր քաղաքացիներից պահանջի երկշաբաթյա կարանտին պահպանել արձակուրդից վեդառնալուց հտո, ոչ ոք չի համաձայնի ճամփորդել նման պայմաններում։ Այդ պատճառով է ստեղծվել «կանաչ միջանցքը», որի մեջ ներառված երկրների քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց որևէ կարանտինի։ Եվ դեռևս, ըստ ամենայնի, մենք պետք է սպասենք այդ երկրներից եկող հյուրերի»։
Georgian Hospitality Group–ի հիմնադիր Սաբա Կիկնաձեն կարծում է, որ ցանկացած դեպքում ավելի լավ է բացել սահմանները և ռիսկի դիմել, քան սպասել․
«Մենք սկսում ենք ապրել նոր իրականությունում, որտեղ մշտապես պետք է պատրաստ լինենք այսպիսի վարակների։ Նախապես ոչինչ հնարավոր չէ ասել, ամեն ինչ ցույց կտա պրակտիկան։ Ցանկացած դեպքում, եթե նման մոտեցումն իրեն չարդարացնի, այն մեզ համար օգտակար փորձ կլինի։ Կան մարդիկ, որոնք առանց ճամփորդությունների չեն կարող, և նրանց հնարավոր չէ կանգնեցնել։ Եթե նրանք իմանան, որ Վրաստանն անվտանգ տեղ է Covid-19–ի տարածման տեսանկյունից, անպայման կգան»։