«Ի՞նչ կարիք կա գործարկել կրկնակի ձևաչափեր»․ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց
Չնայած սեպտեմբերյան ռազմական գործողություններին և սահմանին պահպանվող լարվածությանը՝ Հայաստանի ներկայացուցիչները չեն հրաժարվում բանակցություններից Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ Հոկտեմբերի 2-ին Ժնևում նախատեսվում է արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հերթական հանդիպումը։
Այս տեղեկությունը հաստատել է Հայաստանին արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը․ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»:
Բոլորովին վերջերս էլ Նահանգներում հանդիպել էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Գրիգորյան-Հաջիև ձևաչափը խնդրահարույց է համարում։ Ասում է՝ եթե կա արտգործնախարարների ֆորմատ, ի՞նչ կարիք կա ունենալ մեկ այլ ձևաչափ։
Մանրամասներ․ Գրիգորյան-Հաջիև հանդիպումը, հայ-ադրբեջանական օրակարգի հարցերը, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»
Հաղորդվում է, որ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը Սպիտակ տանը հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ։
Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են՝
- տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը,
- ԼՂ-ի հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը։
«Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվեցին սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն: Մարտերի հետևանքով հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների պաշտոնապես հրապարակված թիվը 207 է։ Հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։
Ադրբեջանական կողմը հերթական անգամ սադրանքի է դիմել սեպտեմբերի 28-ի երեկոյան, որի արդյունքում ՀՀ Զինված ուժերն ունեն ևս երեք զոհ։
Ջեյք Սալիվանը Գրիգորյան-Հաջիև հանդիպումը բնորոշել է որպես «ուղիղ և կառուցողական»։
«Մենք քննարկել ենք հետագա բռնություններից խուսափելու և ժամանակին և կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը: Մենք նաև հստակ քայլեր ենք նախանշել՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու համար»,- թվիթերյան էջում գրել է նա։
Հիքմեթ Հաջիևն էլ է Թվիթերում անդրադարձել հանդիպմանը։ Ադրբեջանի նախագահի խորհրդականն իր երախտագիտությունն է հայտնել ամերիկյան կողմին «տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության օրակարգը քննարկելու և առաջ մղելու համար»։
Մինչ այս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի խորհրդականն այս տարի երեք հանդիպում էին ունեցել։ Դրանք կայացել էին Բրյուսելում՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ:
Ի՞նչ օրակարգային հարցեր են քննարկում Երևանն ու Բաքուն
Սեպտեմբերի 28-ի սահմանային իրադարձություններից առաջ Վաշինգտոնում գտնվող Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը։ Հաջիևի հետ հանդիպումը նա արդյունավետ է որակել։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր՝ մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի:
«Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում։ Այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում»,- նշել է նա։
Գրիգորյանը հիշեցրել է, որ կան նաև հայ-ադրբեջանական բանակցությունների այլ ձևաչափեր՝ արտգործնախարարների, փոխվարչապետների ու ազգային անվտանգության ծառայության պետերի։ Ըստ նրա՝ այդ ձևաչափերում արձանագրված առաջընթացով են պայմանավորված նաև երկրների ղեկավարների հանդիպումները։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի համոզմամբ՝ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ:
Օրինակ է բերում հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունները։ Ըստ նրա՝ կրակը հնարավոր եղավ դադարեցնել հայկական բանակի պատասխան գործողությունների և ամերիկյան կողմի ներգրավվածության շնորհիվ։
Փորձագիտական կարծիք
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասում է՝ Գրիգորյան-Հաջիև ձևաչափը հարցեր է առաջացնում։
«Ձևաչափն ինձ համար, ազնվորեն, հասկանալի չէ, որովհետև եթե կա արտգործնախարարների հարթակ, ապա ի՞նչ կարիք կա գործարկել կրկնակի ձևաչափեր: Այդ ի՞նչ հարցեր կան, որ չեն կարող քննարկել արտգործնախարարները, բայց քննարկում են Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի խորհրդականը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշել է նա։
Ասում է՝ քիչ թե շատ ընկալելի է, երբ խոսք է գնում ԱԱԾ պետերի կամ պաշտպանության նախարարների ուղիղ կապի մասին, բայց այս դեպքում Արմեն Գրիգորյանը հանդիպում է ոչ թե իր ադրբեջանցի պաշտոնակցի, այլ Ալիևի խորհրդականի հետ:
Ադրբեջանագետն այս ձևաչափը ոչ միայն խնդրահարույց է համարում, այլ նույնսիկ վտանգավոր, «ինչպես և Գրիգորյանի հայտարարությունները»։
«Չմոռանանք, որ երբ արձագանքեց Ալիևին՝ նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, դա օգտագործվեց Ադրբեջանի կողմից օգոստոսի 3-ին Բերձորի տարածքում ագրեսիա սանձազերծելու համար, որից հետո արագորեն փոխվեց Հայաստանն Արցախին կապող երթուղին։ Էլ չեմ ասում, որ սեպտեմբերի լույս 12-ի գիշերը հարձակումից առաջ Գրիգորյանն ու Հաջիևը հանդիպել էին Բրյուսելում՝ օգոստոս ամսին»,- ընդգծել է Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանականա բանակցությունների բրյուսելյան ձևաչափը ևս պետք է դուրս գա շրջանառությունից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է ստանձնեն միջնորդի դերը։
«Բրյուսելյան ձևաչափում ո՛չ Լեռնային Ղարաբաղի մասին խոսք կա, ո՛չ էլ Հայաստանի շահերից բխող նորմալ ձևակերպումներ են երբևէ եղել։ Էլ չեմ ասում, որ այս ընթացքում իրենք ապացուցեցին իրենց անօգտակարությունը: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությունը մեզ համար ավելի շահավետ է ու միգուցե ավելի օգտակար՝ Ադրբեջանին զսպելու առումով»,- ասել է ադրբեջանագետը։
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց