Ի՞նչ է պետք իմանալ Վրաստանի ապագա վարչապետ Մամուկա Բախտաձեի մասին
Վրաստանի խորհրդարանը կքվեարկի Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեի օգտին միայն չորեքշաբթի, սակայն ոչ ոք չի կասկածում, որ Բիձինա Իվանիշվիլիի ֆավորիտը կստանա պատգամավորների հարկ եղած քանակով ձայները:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հունիսի 14-ին Վրաստանի վարչապետի պաշտոնի համար առաջադրել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրաժարական է տվել նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Բախտաձեն կդառնա «Վրացական երազանքի» կառավարման 6-ամյա ժամանակահատվածում արդեն 4-րդ վարչապետը:
JAMnews-ը հակիրճ պատմում է, թե ով է նա և ինչ է նրա մասին հայտնի
Մոսկվայի պետհամալսարանի չամուսնացած շրջանավարտը
Վրաստանի նոր վարչապետը 36 տարեկան է: Տեխնիկական գիտությունների դոկտոր է: Մագիստրոսի կոչումը ստացել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, МВА-ը՝ Ֆրանսիայի INSEAD բիզնես-դպրոցում: Բախտաձեն ամուսնացած չէ:
Բարձր պաշտոններ է սկսել զբաղեցնել դեռևս Սահակաշվիլիի կառավարման տարիներին, 2010-2012թթ-ին եղել է Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրենը: «Վրացական երազանքի»՝ իշխանության գալուց հետո սկզբում 4 տարի գլխավորել է «Վրացական երկաթուղի» պետական ընկերությունն, իսկ 2017թ-ի նոյեմբերին նշանակվել է ֆինանսների նախարար:
Վրացական մամուլը հատկապես ակտիվ հիշում է Բախտաձեի աշխատանքը «Վրացական երկաթուղում»՝ այն անվանելով ձախողված, քանի որ նրա ղեկավարության տակ ընկերության շրջանառությունը կրճատվել է ավելի քան կրկնակի:
Վրաստանի ոչ այնքան պոպուլյար մարդը
IRI սոցիոլոգիական հարցման համաձայն, որը հրապարակվել է մայիսի վերջին, Բախտաձեին որպես վարչապետի թեկնածու առաջադրելուց երկու շաբաթ առաջ, բնակչության 55%-ն ընդհանրապես չէր լսել նրա անունը:
Նույնպիսի արդյունքներ էին ստացվել NDI ապրիլյան հարցման ժամանակ. հարցվածների 43%-ը չէր իմացել, թե ով է Մամուկա Բախտաձեն և որ նա երկրի ֆինանսների նախարարն է:
Իվանիշվիլիի ֆավորիտը
Մի քանի տարի շարունակ, յուրաքանչյուր անգամ, երբ հերթական վարչապետն է հեռացել պաշտոնից, Բախտաձեի անունը մամուլում հայտնվել է որպես այդ պաշտոնի թեկնածու:
Վրաստանում քչերն են կասկածում, որ Բախտաձեն Բիձինա Իվանիշվիլիի անձնական ընտրությունն է:
Վրացական մամուլը գրում է, որ Բախտաձեն Իվանիշվիլիի ընտանիքի մոտ ընկերն է, մասնավորապես, նրա տղայի ընկերը:
Վրաստանի նախկին վարչապետ և երկրի փաստացի առաջնորդ Իվանիշվիլին դեռևս 2013թ-ին Բախտաձեին «լավ տղա» և «հետաքրքիր մարդ» էր անվանել, որը «կարող է դառնալ վարչապետի պաշտոնի հավակնորդներից մեկը»:
Սոցցանցերի ակտիվ օգտատեր
Այն բանից հետո, երբ առաջադրվեց Բախտաձեի թեկնածությունը, սոցցանցերի վրացի օգտատերերը սկսեցին հիշել, թե որքան հաճախ են նրանք տեսնում Բախտաձեի նկարներն Ինստագրամում վճարված գովազդի հետևանքով: Լուսանկարներն ակնհայտորեն արված են պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից: Սակայն դրանք այնքան «լայք» չեն հավաքում, որքան Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը նույնպես ակտիվ արշավ է ծավալում սոցցանցերում:
Վրացական on.ge տեղեկատվական կայքի լրագրողներն արդեն հետաքրքրվել են, թե ինչ միջոցներով է Բախտաձեն գովազդում սոցցանցերի իր էջերը: Ֆինանսների նախարարությունում պատասխանել են, որ գովազդը պետբյուջեից չի ֆինանսավորվում, դրանք Բախտաձեի անձնական միջոցներն են:
Վերջերս Թվիթերում Բախտաձեի արած գրառումներից մեկը սոցցանցերի օգտատերերի վրդովմունքն էր առաջացրել: Ապրիլին, երբ Թքիբուլիում 6 հանքափոր էր զոհվել, Բախտաձեն թվիթ էր հրապարակել, որում դիմել էր զոհվածների ընտանիքներին և ցավակցություն հայտնել: Վրդովմունք էր առաջացրել այն փաստը, որ հանքափորների ընտանիքներին ուղղված այդ գրառումն անգլերենով էր:
Ապագայի պլաններ
Վարչապետի թեկնածուի կարգավիճակով իր առաջին մամուլի ասուլիսին Բախտաձեն հայտարարեց, որ մտադիր է ավարտին հասցնել «վրաց ժողովրդի պատմական ընտրությունն, ինչը ենթադրում է եվրաատլանտյան տարածքին Վրաստանի լիարժեք ինտեգրացիա»: Որպես առաջնահերթություն նա նշեց նաև «փոքր և արդյունավետ կառավարության» ստեղծումը, ինչը մյուս բարեփոխումների հետ միասին ենթադրում է նախարարությունների քանակի կրճատում 14-ից 11:
Որպես գլխավոր առաջնարհերթություն նա նշեց նաև մարդու իրավունքները: Ըստ նրա՝ «մարդը եղել է, կա և կլինի «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր արժեքը»:
Նոր վարչապետը պատրաստվում է նաև հատուկ ուշադրություն դարձնել կրթությանը, նորարարություններին և երկրի կյանքին երիտասարդության ակտիվ ներգրավմանը:
«Հենց մոտիվացված, կիրթ, գործարար խանդավառությամբ լի և, որ ամենակարևորն է, իր հնարավորությունների վրա վստահ երիտասարդությունը կբերի այն արդյունքին, որը նշանակում է, որ Վրաստանը կդասվի զարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքին: Եվ հենց այդպիսի Վրաստանն է միակ և առանց այլընտրանքի առաջարկը մեր աբխազ և օս եղբայրներին ՝ միասնական ընտանիք վերադառնալու համար», — հայտարարեց Մամուկա Բախտաձեն:
Որքան նա կդիմանա
Գլխավորն, ինչի համար ընդդիմադիրները քննադատում են իշխող կուսակցությանն, այն է, որ կադրերն ընտրվում են՝ ըստ Բիձինա Իվանիշվիլիի անձնական համակրանքի:
Ոչ ոք չի կասկածում, որ մեծ մասամբ իշխող կուսակցության ներկայացուցիչներից կազմված խորհրդարանն առանց խնդիրների կքվեարկի Բախտաձեի թեկնածության օգտին, որին վրացի փորձագետներն անվանում են տեխնոկրատ, այլ ոչ թե քաղաքական գործիչ:
Սակայն գլխավոր հարցը հետևյալն է. որքան կտևի նրա կառավարումը: Այստեղ փորձագետների կանխատեսումները Բախտաձեի օգտին չեն: Քաղաքական մեկնաբանները հղում են անում վերջին վեց տարվա փորձին, որը ցույց է տվել, որ Իվանիշվիլիի դրածոները նույնքան արագ անհետանում են քաղաքական բեմից, որքան արագ հայտնվում են:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և այն ժամանակ դեռ գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին տոնում են 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանքի» տարած հաղթանակը: REUTERS/ Դավիթ Մձինարիշվիլի
- «Վրացական երազանքի» կողմից առաջադրված առաջին վարչապետը Բիձինա Իվանիշվիլին էր 2012թ-ին, նա այդ պաշտոնը զբաղեցրեց այն բանից հետո, երբ նրա կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին պարտության մատնեց Սահակաշվիլիի «Ազգային շարժմանը»: Այդ պաշտոնը 13 ամիս զբաղեցնելուց հետո Իվանիշվիլին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ ընդհանրապես հեռանում է քաղաքականությունից:
- Հաջորդ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այդ պաշտոնում աշխատեց 2 տարի և 1 ամիս՝ հանկարծակի հրաժարական տալով 2015թ-ի Ամանորից մեկ շաբաթ առաջ:
- «Վրացական երազանքի» երրորդ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դիմացավ 2 տարի և 6 ամիս: Հրաժարական տալով հունիսի 14-ին՝ նա ասաց, որ տարաձայնություններ ունի «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ: