Ի՞նչ է նշանակում Թբիլիսիում Pride-ի կողմնակիցների և լրագրողների ծեծը։ Վերլուծություն, լուսանկարներ
Վրացական մայրաքաղաքի համար աննախադեպ զանգվածային բռնությունը տեղի է ունեցել հուլիսի 5-ին ողջ օրվա ընթացքում կենտրոնական թաղամասերում, որտեղ պետք է «արժանապատվության երթ» անցկացվեր։ Այն հուլիսի մեկին սկսված Pride շաբաթվա ամենակարևոր միջոցառումն էր։
Ուլտրաաջ և հոմոֆոբ խմբերի հարյուրավոր կողմնակիցներ հարձակվում էին Pride-ին սատարող կազմակերպությունների աշխատակիցների և գրասենյակների վրա, ավերում դրանք և այրում այդ շարժման դրոշները։ Լրագրողների իսկական «որս» էր սկսվել, նրանցից ավելի քան 50-ը դաժանաբար ծեծվել է, շատերը հիվանդանոցում են հայտնվել։ Կոտրվել են տասնյակ տեսախցիկներ և պրոֆեսիոնալ սարքավորումներ։
Ավերվել են ընդդիմության վրանները, որոնք խորհրդարանի մոտ էին տեղադրվել 2020 թ-ի աշնանից՝ ի նշան քաղաքական բողոքի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուլիսի 5-ի առավոտյան կոչ էր արել հրաժարվել երթից և ընդդիմությանն ու նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել Pride շաբաթը սատարելու համար՝ «իրավիճակի ապակայունացան հասնելու նպատակով»։
Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews
Իրավիճակն անկառավարելի էր։ Ոստիկանությունը չէր արձագանքում կամ ուշացմամբ էր արձագանքում։ Արդյունքում՝ Թբիլիսի Pride-ի թիմը հայտարարեց, որ չի կարող սպառնալիքի տակ դնել մարդկանց կյանքերն ու չեղարկեց երթի անցկացումը։
Դրանից հետո հոմոֆոբ խմբերի կողմնակիցները հավաքվեցին խորհրդարանի դիմաց, երաժշտություն միացրին և սկսեցին պարել։
«Պատերազմ է հայտարարվել քաղաքացիական հասարակությանը, անկախ մեդիայի, ժողովրդավարության և եվրոպական արժեքների նկատմամբ որս է սկսվել»,- ասված է հուլիսի 5-ի իրադարձությունների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հայտարարությունում։
Նրանք «օրվա խորհրդանիշ» են անվանել Եվրամիության այրված դրոշը գրասենյակային տարածքներից մեկի վրա հարձակումից հետո և հայտարարել են, որ «բռնությունը նախաձեռնել է Պատրիարքարանը, սադրել՝ իշխանությունը»։
Վրաստանի պատրիարքարանը Թբիլիսի Pride-ի վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել։ Սկզբում այն կառավարությանը հրապարակավ կոչ է արել չանցկացնել Փրայդը։ Այնուհետև դիմել է Եվրախորհրդարանին և դիվանագիտական կորպուսին՝ առաջարկելով չմիջամտել Վրաստանի կրոնական կյանքին։ Եվ, ի վերջո, հավատացյալներին կոչ է արել փողոց դուրս գալ և մասշտաբային հանրահավաք անցկացնել․
«Եկեք հավաքվենք, եկեք աղոթենք, թույլ տվեք աշխարհին տեսնել, որ մենք պաշտպանում ենք մեր արժանապատվությունը»։
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան «ծայրահեղ անընդունելի» է անվանել վարչապետի խոսքերը, որը նշել է, որ Pride-ին դեմ է երկրի բնակչության մեծ մասը։ «Մեծ սխալ է ագրեսիվ խմբերը քաղաքացիական բնաչությանը հավասարեցնելը, այս դեպքում դա նշանակում է այդ խմբերի խրախուսում»,- ասել է Լոմջարիան։
Վարչապետի հայտարարությունները կտրուկ քննադատել է նաև Վրաստանի երիտասարդ իրավաբանների ազդեցիկ ասոցիացիան․ «Պետության ղեկավարների և գերատեսչությունների նման հայտարարություններն ու խաղաղ ցուցարարների հասցեին մեղադրանքներն է՛լ ավելի են խորացնում առանց այդ էլ լարված ֆոնը։ Դա նաև հոմոֆոբ խմբերի բռնի գործողությունների ուղղակի խրախուսում է։ Սա, ըստ էության, բռնության սերմանում է երկրում»։
Ընդդիմադիր Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն կարծում է, որ կառավարությունն ուլտրաաջ խմբերին օգտագործել է իր նպատակների համար, այդ թվում՝ որպեսզի ավերի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության տեղադրած վրանները․
«Այժմ կարող ենք վստահ ասել, որ այս կառավարությունը ռուսամետ ուժերի հետ դաշնակցության մեջ է։ Ազատ քաղաքացին այս երկրում հնարավորություն չունի իրացնելու իր սահմանադրական իրավունքը»։
Սոցիալական արդարության կենտրոնը վարչապետի հայտարարությունը գնահատել է որպես սահմանադրական հիմնարար սկզբունքներին և մարդու իրավունքների պաշտպանության հիմքերին հակասող։
«Վարչապետը, հանուն ավանդույթների և մեծամասնության, անտեսել է և արդարացրել որոշակի խմբերի իրավունքները»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։
Գրառում պաստառի վրա․ «Օտարերկրյա դիվանագետներ, հարգեք մեր մշակույթն ու ավանդույթները կամ գնացեք տուն»։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews
Այն բանի կարևոր վկայություններից մեկը, որ իշխանությունը սատարում էր բռնությունը Pride կողմնակիցների և լրագրողների նկատմամբ, փողոցներում կատարվող բաց դիմակայության փաստացի անտեսումն էր ոստիկանության կողմից։ Ներկա էին միայն պարեկային և քրեական ոստիկանության ոչ մեծ խմբեր, որոնք չէին կարող խանգարել զանգվածային ծեծկռտուքին կամ պարզապես բացակայում էին այդ պահին։ Հատուկջոկատայիններն այդպես էլ չեն ներգրավվել։
Անվտանգությունը երաշխավորելու փոխարեն՝ ՆԳՆ-ն Թբիլիսի Pride-ի մասնակիցներին կոչ էր արել զերծ մնալ երթից։
Սոցիալական արդարության կենտրոնը կարծում է, որ ՆԳՆ-ն միտումնավոր ոչ մի միջոց չի ձեռնարկել ոստիկանական շարասյունը բաշխելու, ցուցարարներին և հակացուցարարներին պաշտպանելու և բաժանելու համար․
«Այն, ինչպես էր գործում ՆԳՆ-ն, ստիպում է մտածել, որ կառավարությունը հետաքրքրված չէր հավաքների ազատության պաշտպանության հարցում և ուզում էր զանգվածային կերպով մոբիլիզացնել հակացուցարարներին Ռուսթավելու կենտրոնական պողոտայում և հարակից փողոցներում»։
Իշխանությունը կարծում է, որ ոստիկանությունը լավ էր վերահսկում իրավիճակը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն համաձայն չէ քննադատությանը և հայտարարել է, որ ոստիկանական գործողությունը լավ պլանավորված էր․
«Քանի՞ ոստիկան է պետք՝ 10 000 մարդ վերահսկելու համար։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես հազար հոգի հարձակվեց խորհրդարանի շենքի վրա, քանի՞ ոստիկան կար այնտեղ։ Երբ հարցը վերաբերում է զանգվածներին, այնտեղ դժվար է արձագանքել, հատկապես, երբ շատ մարդիկ են դուրս գալիս»,- հայտարարել է Կոբախիձեն։
Մեդիաորս
Հուլիսի 5-ի երեկոյան շուրջ 50 լրագրող էր հիվանդանոցում հայտնվել։ Մեծ մասը ծանր վնասվածքներ են ստացել․ գլուխ է կոտրվել, ուղեղի ցնցում առաջացել, վնասվել են աչքերը, կոտրվել ատամները, հեմատոմաներ առաջացել։ Մեկի քիթն են կոտրել, նրան շտապ վիրահատել են։
Բոլոր լրագրողները, որոնք քաղաքի կենտրոնում էին աշխատում, վտանգելով իրենց կյանքն, ասում են, որ իրենց վրա միտումնավոր են հարձակվել։
Ծեծված և վիրավոր լրագրողները Թբիլիսիում
Publika առցանց պարբերականի լրագրող Բաստի Մգալոբլիշվիլին JAMnews-ին պատմել է, որ չի հիշում, որ Վրաստանում երբևէ լրագրողների նկատմամբ այսպիսի բռնություն գործադրվի։ Նա ասում է, որ ինքն ու իր գործընկեր լրագրողները երկու անգամ միտումնավոր հարձակման են ենթարկվել։
Երկրորդ անգամ նրանք փորձել են փրկվել և տաքսի են կանգնեցրել։ Բաստին ասում է, որ այդ ժամանակ իրենք չեն ունեցել «մամուլ» գրառմամբ բաճկոններ և բարձրախոսներ, սակայն հարձակվողները, հավանաբար, լսել են իրենց խոսակցությունն ու հասկացել, որ լրագրողներ են։
«Մեզնից մի քանիսը տաքսիով հեռացել է, մյուսները լցվել են ավտոբուսները։ Մեր նկատմամբ որս էր սկսվել, կարևոր չէր, թե ուր ես գանում, պետք էր փրկվել»։
«Նեթգազեթի» առցանց պարբերականի լրագրողը «Մամուլ» գրառմամբ շապիկով է եղել, բայց դա չի օգնել։ Նրան հայհոյել են, հրմշտել։
«Այսօր առաջին անգամ է այնպես ստացվել, որ մեր լրագրողական տարբերանշանները ոչ թե պաշտպանում էին մեզ, այլ, ընդհակառակը, մեզ թիրախ էին դարձնում։ Ես լրագրությամբ եմ զբաղվում վեց տարի, լուսաբանում եմ բոլոր հանրահավաքները, այդ թվում՝ ագրեսիվ խմբերի հանրահավաքները, բայց չեմ հիշում այսպիսի միտումնավոր հետապնդում»,- ասում է Լուկան։
Լրագրողներից շատերն աշխատանքային պրոցեսի ընթացքում սկսել են հեռացնել իրենց տարբերանշաններն ու անգամ փոխել են հագուստը։ Սակայն նրանցից շատերին դա չի պաշտպանել, քանի որ ագրեսիվ ամբոխն արձագանքում էր անգամ ֆոտոխցիկի առկայությանը։
«Ինձ գցեցին և քարշ տվեցին մոտ 200 մետր։ Ամբոխն ինձ ծեծում էր և ոտքերով հարվածում, և ոչ մի ոստիկան չեկավ ու չպաշտպանեց ինձ»,- պատմում է Ռաթի Ցվերավան՝ «Ֆորմուլա-1» հեռուստաալիքի լրագրողը։
Կյանքին և առողջությանը սպառնացող ուղղակի ռիսկի պայմաններում հեռուստաալիքների և պաբերականների խմբագիրներն արդյունքում որոշել են հետ կանչել իրենց լրագրողներին դեպքի վայրից։
«Բռնությունը նախապես պլանավորել էր իշխանությունը՝ ռուսական սցենարով»
«Մի քանի հանգամանք մատնանշում է, որ հուլիսի 5-ի իրադարձությունները Թբիլիսիում նախապես պլանավորված էին իշխանության կողմից, դա պարզապես թույլ կառավարության անհաջողություն չէր»,- սոցցանցում գրել է Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միկելաձեն։
Այդ օրվա մեծագույն անակնալներից մեկը նաև այն էր, որ Թբիլիսի Pride-ի կազմակերպիչների ցանկացած որոշում, որն ընդունվում էր նեղ շրջանակով, արագ հայտնի էր դառնում ագրեսիվ խմբերին։
«Այն, ինչ տեղի ունեցավ Թբիլիսիում, դասական հիբրիդային պատերազմ է՝ ռուսական մարտավարությամբ»,- կարծում է պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Թեոնա Ակուբարդիան։ «Սա հարձակում էր մեր ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, մեդիայի, մեր արտաքին ուղղվածության վրա»։
Սոցցանցերի վրացական տիրույթում գլխավոր մեսիջը հետևյալն է․ Թբիլիսիի իրադարձությունները շատ են նման ռուսական սցենարին։
«Սա այն Վրաստանը չէ, որ գիտեմ, սրանք վրացական ավանդույթներ չեն, մեր կրոնը չէ, սա այն ապագան չէ, որը մենք ուզում ենք այս երկրի համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ըստ քաղաքացիական հատվածի՝ նախագահի հայտարարությունը կառավարության միակ ադեկվատ հայտարարությունն էր։
«Պաշտպանել կարծիք արտահայտելու իրավունքը»․ Վրաստանի արևմտյան գործընկերների հայտարարությունը
Թբիլիսիի իրադարձությունները դատապարտող համատեղ հայտարարությամբ են հանդես եկել արևմտյան երկրների մի խումբ կառավարություններ՝ Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Իսրայելի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանում ՄԱԿ գործակալությունը, Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը։
«Նրանք, ովքեր բռնություն են սադրում, սպառնում են կամ կատարում են բռնության ակտեր, խանգարում են Վրաստանի իրավապահ մարմիններին ապահովել խաղաղ և անվտանգ միջավայր, պետք է դատարանի առաջ կանգնեն։
Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր առաջնորդներին և իրավապահ մարմիններին անհապաղ գործել՝ պաշտպանելու համար նրանց, ովքեր օգտվում են հավաքվելու և իրենց կարծիքը հայտնելու սահմանադրական իրավունքից, պաշտպանել լրագրողներին, որոնք գործում են՝ ազատ մամուլի սկզբունքներին համապատասխան, և հրապարակավ դատապարտել բռնությունը»։
Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում անցկացվում էր Pride շաբաթը։ Հուլիսի 1-ին Վրաստանում գենդերային փոքրամասնության խնդիրների մասին վավերագրական ֆիլմի փակ ցուցադրություն է կայացել։ Pride-ի հակառակորդների խումբը փորձել է հարձակվել հանդիսատեսի վրա, որոնց թվում էին նաև դիվանագետներ։ Այդ օրվա ընթացքում ոստիկանությունը մոտ 20 մարդ է կալանավորել մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար։ Նրանք բոլորը շուտով գրավով ազատ են արձակվել։
Հուլիսի 3-ին անցկացվել է քվիր-համայնքի փառատոն։ «Արժանապատվության երթը» պետք է անցկացվեր հուլիսի 5-ին։
Ըստ ՆԳՆ տեղեկությունների՝ Թբիլիսիում բռնության փաստերի առթիվ հուլիսի 5-ին ձերբակալվել է ութ մարդ։