Ի՞նչ է հայտնի Պուտին-Փաշինյան հանդիպման մասին․ հայտարարություններ՝ մինչ այն և հետո, ի՞նչ սպասել
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը քննարկելու են իրավիճակն Արցախում, սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները։ Թե ինչի են հանգել Պուտինն ու Փաշինյանը հանդիպման արդյունքում, դեռևս հայտնի չէ։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել հուլիսի 7-ին։ Սա Հայաստանի առաջնորդի առաջին արտասահմանյան այցն է հունիսի 20-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։
- Արդյո՞ք Հայաստանին պետք է անվտանգության գոտի։ Հայ-ադրբեջանական սահմանին կրկին անհանգիստ իրավիճակ է
- Արցախում տրամադրվում են ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանը
Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախօրեին հայկական լրատվամիջոցները գրում էին, որ կողմերը պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել, որի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահներ կտեղակայվեն։ Սակայն բանակցությունների օրը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը հերքեց այս տեղեկությունը։
Ի՞նչ են խոսել երկրների ղեկավարներնը, և ի՞նչ է քննարկվում հայ հասարակությունում, ինչպես նաև՝ փորձագիտական կարծիք, թե ինչ սպասել Ռուսաստանից մոտ ապագայում։
Ի՞նչ է հայտնի հանդիպման մասին
Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վերջին ժամանակներս «հաճախ և շատ» են քննարկվում անվտանգության հետ կապված հարցերը, «որովհետև տարածաշրջանում ոչ այնքան կայուն իրավիճակ է»։
Նա ընդգծել է, որ տագնապալի իրավիճակ է հենց հայ-ադրբեջանական սահմանին, իսկ Արցախում այն ավելի կայուն է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո։ Թեև այստեղ էլ, ինչպես ասել է Փաշինյանը, «ժամանակ առ ժամանակ անհանգստության օջախներ են առաջանում»։
Հայաստանի առաջնորդն անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձի հարցին, որոնք Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Ադրբեջանում են։
Լավ լուրերի մասին անցնելով, Նիկոլ Փաշինյանը մատնանշել է տնտեսության ոլորտն ու Հայաստանից Ռուսաստան արտահանման աճը։
Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ըստ նրա՝ Հայաստանում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, և սա կարևորագույն պայման է երկրի հետագա զարգացման համար։ Ինչպես նշել է Պուտինը, «բարդ հարցերը կարելի է լուծել միայն ժողովրդի վստահության դեպքում»։
Ռուս խաղաղապահների մասին
Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին հայկական մեդիայում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ կողմերը պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել, որի համաձայն՝ սահմանամերձ հատվածում՝ Սոթք-Խոզնավարում, ռուս խաղաղապահներ կտեղակայվեն։
Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այս ենթադրությունն ու հայտարարել, որ հանդիպման արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
Հայկական լրատվամիջոցների ենթադրությունը հիմնվում էր այն բանի վրա, որ մայիսի 28-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինքն էր այդպիսի առաջարկ արել։ Բանն այն է, որ մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈւ-ն մի քանի կիլոմետրով առաջացել է Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը և չի նահանջում՝ չնայած հայկական կողմի պահանջներին։
Իսկ մայիսի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին վեց հայ զինծառայող էր գերեվարվել ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա գնահատել էր որպես առևանգում, քանի որ զինվորականներն իրենց տարածքում են եղել։ Այս առնչությամբ նա հայտարարել էր․
«Ես բաց առաջարկությամբ եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը, ուղղված նաև Ադրբեջանի կառավարությանը, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից և վերադառնում մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման մասին է վերջերս խոսել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ «առարկայական քննարկումներ են ընթանում»․
«Դուք գիտեք, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են։ Հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում ռուս սահմանապահների դիրքեր են տեղակայված, որոնք նպաստում են, որ իրավիճակը լինի հանգիստ և կայուն»։
Դեսպանը նշել է նաև, որ քննարկվում է ռուսական կողմի ներկայության ընդլայնում նաև մյուս սահմանամերձ հատվածում՝ Գեղարքունիքում․
«Կարծում եմ, որ ամեն ինչ հիմնվելու է Հայաստանի անվտանգության շահերի, սահմանին կայունության ապահովման վրա»։
Իսկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հուլիսի 7-ին տված ասուլիսին հայտարարել է, որ ռուս զինծառայողների մի մասը, որոնք պետք է տեղակայվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, արդեն տարածաշրջան են ժամանել․
«Համատեղ գործընթաց է գնում, որի շրջանակում ռուս զինվորականները […] որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով։ Հայկական և ադրբեջանական ԶՈւ-ն դուրս կբերվի այդ հատվածներից»։
Փորձագետի կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Ռուսաստանը ռազմավարական առումով «հանձնել է» Հայաստանն ու Կովկասը․
«Ռուսական շրջանակում այդ մասին խոսում են «ենթագիտակցորեն»՝ նաև նախապատրաստելով դրան սեփական հանրությանը, որովհետև Կովկասից հրաժարվելը ռուսների մոտ հավասարազոր է լինելու սեփական մասից հրաժարվելուն: Ըստ այդմ, դա կարող է տեղի ունենալ միայն այնպիսի հիմնավորումների առկայության պարագայում, որոնք թույլ կտան խուսափել Ռուսաստանի փլուզումից:
Ի վերջո, հենց դրա համար է Ռուսաստանի քաղաքական շերտերում խմորվում Կովկասը հանձնելու միտքը՝ դիտարկելով դա որպես Ռուսաստանի «ամբողջությունը» պահելու հնարավորություն։
Ամբողջ հարցն այն է, թե «ո՞ւմ» […]։ Այդ իրավիճակում Հայաստանի համար շատ կարևոր է չանել կտրուկ քայլեր և չարագացնել գործընթացներ՝ նոր կորուստների ռիսկեր թույլ չտալու համար։
Օրինակ, եթե Եվրամիության 1,6 միլիարդը [Եվրամությունը պատրաստվում է մոտակա հինգ տարում Հայաստանին տրամադրել 1.5 մլրդ եվրո առանցքային ծրագրերի՝ այդ թվում՝ Սյունիքի մարզի զարգացման համար — JAMnews] սահուն և կայուն կերպով իրականություն դարձնելու համար պետք է Ռուսաստանին տալ Սյունիքում ռազմակայանի հենակետի հնարավորություն, դրանով իսկ այսպես ասած ապահովություն, որ տեղի ունեցողը իր հաշվին չէ, ապա արժե գնալ դրան:
Աքլորանալով չէ: Եթե չչեզոքացնենք ռուսների հակազդեցության ռիսկը, կունենանք ոչ թե նոր հնարավորություն, այլ նոր կորուստներ: Մտայնությունը, թե այլք գալու են մեզ կորուստներից փրկելու, կարծում եմ համարժեք չէ:
Խոշոր հաշվով, առայժմ հնչել է գործնական միակ առաջարկը՝ 1,6 միլիարդի մտադրություն, և այն սահուն կերպով առարկայացնելը մեզ համար ընդհուպ անվտանգային առաջնահերթություն է»։