Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում․ ներխուժման սպասում և օտարերկրացիների տարհանում
Ուկրաինական հակամարտություն
Ավելի ու ավելի շատ երկրներ են իրենց քաղաքացիներին կոչ անում լքել Ուկրաինան ռուսական ներխուժման իրական սպառնալիքի պատճառով։
Փետրվարի 11-ի երեկոյան իրենց քաղաքացիներին ուղղված այսպիսի զգուշացումներ են հրապարակել 14 երկրների կառավարություններ։
Մեկ օրում՝ փետրվարի 11-ին, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Ճապոնիան, Նորվեգիան, Լատվիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան և Դանիան իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Ուկրաինայի տարածքը ռուսական սպառանալիքի պատճառով, հաղորդում է Հրոմադսկոյե ուկրաինական հեռուստաընկերությունը։
- Ի՞նչ կապ ունի Ֆինլանդիան։ Քողարկված և չքողարկված դիվանագիտություն Ուկրաինայի շուրջ
- «Ո՞ւմ է պետք Լուկաշենկոն». Հայաստանի պատասխանը
- Կարծիք․ «Ֆրանսիան վերսկսում է հայ-ադրբեջանական բանակցությունները»
Իսրայելն այդ հայտարարությունից զատ հաղորդել է նաև իր դիվանագետների ընտանիքների տարհանման մասին։ Հարավային Կորեան իր քաղաքացիներից պահանջել է լքել Ուկրաինան՝ չենթարկվելու դեպքում նրանց պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով։
Ավելի վաղ իրենց քաղաքացիներին արդեն հորդորել էին Ուկրաինայի տարածքը լքել, մասնավորապես, ԱՄՆ-ն ու Կանադան։
Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասը շտապ լքել է Կիևը։ Նա ու նրա տասը ստորադասները Բրյուսել են վերադառնում, հաղորդում են ԵՄ դիվանագիտական շրջանակներում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները։ ԵՄ մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն լրագրողներին հայնել է, որ դա տարհանում չէ, պարզապես անձնակազմն Ուկրաինայից դուրս հեռավար աշխատելու հնարավարություն ունի։
Փետրվարի 12-ին ՌԻԱ Նովոստի ռուսական իշխանամետ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, հաղորդել է, որ Ուկրաինան լքում են ռուս դիվանագետները։
Ներխուժում «մոտակա օրերին»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների մյուս առաջնորդներին ասել է, որ, ԱՄՆ տվյալներով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մոտակա օրերին ներխուժել Ուկրաինա։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ վկայակոչելով իր անանուն դիվանագիտական աղբյուրները։
Այդ մասին Բայդենն իբր պատմել է դաշնակիցներին փետրվարի 11-ի երեկոյան օպերատիվ առցանց հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են վերջին հետախուզական տվյալները ռուսական զորքերի ավելացման և Պուտինի պլանների մասին։ Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդները։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հատուկ ճեպազրույց է անցկացրել և հայտարարել է՝ Վաշինգտոնն իրական տվյալներ ունի այն մասին, որ մոտակա օրերին հնարավոր է Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա, և կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։
«Մենք չենք խոսում այն մասին, որ Պուտինը որոշում է կայացրել, վերջնական որոշում․․․ Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի բոլոր ամերիկացիները պետք է լքեն երկիրը հնարավորինս արագ, գոնե հաջորդ 24-48 ժամվա ընթացքում։ Ռիսկը հիմա բավականին բարձր է, սպառնալիքը լիովին իրական է», — ասել է Սալիվանը։
Ամերիկյան PBS հանրային ալիքի թղթակից Նիկ Շիֆրինը, երեք անանուն պաշտոնյաների վկայակոչելով, Թվիթերում գրել է, որ, ԱՄՆ գնահատականով, «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել ներխուժել Ուկրաինա և այս որոշումը հայտնել է ռուս զինվորականներին»։
Լրագրողի տվյալներով՝ այդ ներխուժումը կարող է սկսվել հաջորդ շաբաթ, և ԱՄՆ-ն ենթադրում է, որ խոսքը կարող է գնալ «սարսափելի, արյունալի արշավի մասին, որը սկսվելու է երկօրյա օդային ռմբակոծությամբ և էլեկտրոնային պատերազմով, դրան հետևելու է ներխուժում՝ երկրում իշխանափոխության հնարավոր նպատակով», — հաղորդում է Բի-Բի-Սին։
Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, նույնիսկ նշում է ներխուժման ամսաթիվը՝ փետրվարի 15։
Լարվածության թոթափման նպատակով Պուտինին փետրվարի 12-ին պլանավորում են զանգահարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այն մասին, որ հեռախոսազրույցները կայանալու են, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է խոսել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։