Ի՞նչ են ուզում ապստամբները
Հուլիսի 17-ի առավոտյան իրենց «Սասնա ծռեռ» անվանող մի խումբ մարդիկ հայտարարեցին Երևանում Ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի գրավման մասին: Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Ֆեյսբուքում ակտիվորեն տեղեկություններ էր տարածում գրոհի մասին՝ հայտարարելով զինված ապստամբության մասին և կոչ անելով ժողովրդին մոբիլիզացվել: Հեղափոխությունը սկսվել է, միացե՛ք, գրում էր նա՝ կոչ անելով դուրս գալ փողոց և իշխանափոխություն սկսել:
Սակայն մարդիկ արթնացան պետական մարմիններից ավելի ուշ, և երբ փորձում էին դուրս գալ փողոց և պարզել, թե ինչ է տեղի ունենում, արգելափակեցին կապն ու վերահսկողությունն իրենց ձեռքն առան:
Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ խմբի պահանջը մեկ ամիս առաջ զենքի ապօրինի պահպանման և տեղափոխման համար կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է: Սեֆիլյանը համակարգում էր «Նոր Հայաստան» արմատական ընդդիմադիր նախաձեռնությունը, և ապստամբների խմբի անդամների մեծ մասը դրա անդամներ են: Բացի այդ, նրանք պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ միաժամանակ հայտարարելով, որ պահանջում են Սեֆիլյանին իրենց մոտ բերել, ով էլ կհայտարարի հետագա պայմանների մասին:
Խմբի պահանջները մեկ օր անց դեռ կատարված չեն, չնայած որ Ժիրայր Սեֆիլյանի հետ կապ հաստատվել է: Նրան հանդիպել են հայկական ընդդիմության ներկայացուցիչներն, ովքեր հետո փոխանցել են նրա խոսքերը պարեկապահակային ծառայությունը պաշարած ապստամբներին: Արդյունքում՝ այսօր գիշերն ազատ են արձակվել երկու պատանդ՝ 1 ոստիկան և «Շտապօգնության» վարորդը:
Վարուժան Ավետիսյանի խոսքով, Ժիրայր Սեֆիլյանի հետ կապ է հաստատվել և, ըստ էության, քննարկվում է մի «երրորդ տարբերակ», որը սակայն բացառում է Սեֆիլյանի ազատ արձակումը: Ինչ է այն ենթադրում, դժվար է ասել, սակայն հաշվի առնելով այն, որ և՛ ոստիկանությունը, և՛ խմբի անդամները խուսափում են ագրեսիվ գործողություններից, կողմերը հակված են խաղաղ հանգուցալուծման՝ առանց արյունահեղության:
Սակայն արյուն արդեն թափվել է. սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ևս մի քանի հոգի վիրավոր են, երկուսի վիճակը ծանր է: Եվ որ այն թափվել է, շատ փորձագետների կողմից գնահատվում է որպես ապստամբների պարտադիր կալանավորման նախապայման նույնիսկ ինքնակամ հանձնվելու պարագայում:
Երևանում ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչ հաշվարկով են 25-30 հոգին նման հուսահատ քայլի դիմել: Հայաստանի որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարություններով են հանդես եկել, որոնցում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դրել են գործող իշխանությունների վրա:
Կուսակցությունները, այդ թվում նաև «Ժառանգությունը», «Քաղաքացիական պայմանագիրն» ու մնացածը, պնդում են, որ իշխանությունը փոխելու իրական միջոցների բացակայությունն ու պետական որոշումների վրա ազդելու անհնարինությունը հանգեցնում է քաղաքական պայքարի ռադիկալացման:
Մյուս կուսակցությունները, մասնավորապես իշխանամետ «Դաշնակցությունն» ու «Բարգավաճ Հայաստանը» քննադատեցին սեփական որոշումները պարտադրելու բռնի մեթոդները:
Փորձագետներն ասում են, որ ապստամմբներն ամենայն հավանականությամբ հույսը դնում էին ժողովրդի աջակցության վրա՝ սպասելով զանգվածային ապստամբություններ ողջ երկրով: Սակայն խմբի պոտենցիալ կողմնակիցներին կիրակի բերման ենթարկեցին: Նրանց պահեցին ոստիկանական բաժանմունքներում մինչև 10 ժամ, հետո բաց թողեցին: Լայն ժողովրդական զանգվածներ փողոց դուրս չեկան:
Գևորգ Ղազարյան
Վերլուծաբանները դա բացատրում են խմբի քաղաքական և բոլորին հասկանալի պահանջների բացակայությամբ: Մի կողմից, այն հայտարարում է Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, մյուս կողմից, ոչ մի այլընտրանք չի առաջարկում՝ հայտարարելով, որ մտադիր չէ իշխանության գալ: Նման իրարամերժ պահանջներով դժվար է ժողովրդի աջակցությունն ունենալ, ասում են փորձագետները:
Չնայած իշխանության հանդեպ հասարակությունում առկա ծայրահեղ դժգոհության՝ ապստամբների առաջարկած ժողովրդական ապստամբության մեխանիկան ժողովրդի վստահությունը չշահեց և չսատարվեց: Հնարավոր է, որ հենց դա է ստեղծված փակուղու պատճառը, որից այժմ բոլորն արժանապատիվ և անցավ ելք են փնտրում:
Քչերը կարող են կանխագուշակել, թե ինչով կավարտվի այս պատմությունը: Իրավիճակի վերլուծություն չկա նաև արտաքին կոնյունկտուրայի տեսանկյունից, թե որքանով է սա պարզապես ներքին խռովություն կամ խոշոր տարածաշրջանային գործընթացների մաս: Փորձագետներ կան, ովքեր զուգահեռներ են անցկացնում բառացիորեն դրանից մեկ օր առաջ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ:
Թուրքիայում, ինչպես կարծում է փորձագետների մեծ մասը, հեղաշրջման անհաջող փորձը կհանգեցնի նախագահ Էրդողանի իշխանության ուժեղացմանը. արդեն ձերբակալվել են հազարավոր մարդիկ, պաշտոնանկ արվել ոչ հավատարիմ դատավորներ, մարզպետներ, զինվորականներ:
Սակայն, չնայած ակնհայտ զուգահեռներին, Հայաստանում հազիվ թե այս դեպքը հանգեցնի պտուտակները ձգելուն: Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման առանձնահատկությունը խոսքի, հավաքների և կարծիքների արտահայտման գրեթե անսահմանափակ ազատությունն է, սակայն հասարակական կարծիքը գրեթե չի անդրադառնում պետական որոշումներ կայացնելու վրա:
Երևանում ապստամբության միակ արդյունքը կարող է դառնալ այն բանի համընդհանուր գիտակցումը, որ նույնիսկ համատարած վերահսկողության դեպքում հասարակությունում միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են դիմել ռադիկալ քայլերի: Դա արդիական է Հայաստանում, որտեղ ավելի հաճախ են սկսել խոսել ղարաբաղի հարցում տարածքային զիջումների գնալու իշխանությունների մտադրության մասին:
Երևանյան ապստամությունը, որի մասնակիցներն անընդունելի են համարում տարածքային զիջումները, խոսում է այն մասին, որ նման որոշումները հասարակությունում կարող են ռադիկալ դիմադրության հանդիպել: