Ի՞նչ են մտածում Վրաստանի քաղաքացիներն այն երկրի մասին, որում ապրում են։ NDI հետազոտություն
Գների աճ/գնաճ, գործազրկություն, դատական համակարգ, հանցագործությունների աճ և թույլ տնտեսություն․ սրանք այն հարցերն են, որոնք ամենաշատն են հուզում Վրաստանի քաղաքացիներին։
Այս և հետաքրքիր այլ տվյալներ է բացահայտել ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած սոցիալական հետազոտությունը։
Ներկայացնում ենք հետազոտության ամենակարևոր և նշանակալից բացահայտումների արդյունքները։
______________
Երկիրը չի զարգանում
Ըստ NDI հետազոտության՝ բնակչության 68 տոկոսը չի զգում եկրի զարգացումն ու առաջընթացը։
Նրա մեծ մասը (38%) կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է զզարգանում, 30%-ը հայտարարում է, որ երկիրը տեղում դոփում է։ Եվ միայն 29%-ն է կարծում, որ պետությունը ճիշտ ճանապարհով է գնում։
Ըստ քաղաքացիների գնահատականի՝ երկրի զարգացման ամենամեծ խնդիրները դատական համակարգի, կոռուպցիայի, հանցավորության, աշխատատեղերի, աղքատության, տարածքային ամբողջականության և գների աճի ոլորտներում են։
Հարցվածները հայտարարում են, որ համեմատաբար լավ են գործերը խոսքի ազատության, բժշկական սպասարկման, ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու, լրատվամիջոցների անկախության և կրթության հարցերում։
Երկրի գլխավոր խնդիրների առաջին վեցյակը։ Գործազրկությունը նախկին պես առաջին տեղում է
Աշխատանքի տեղավորվելու խնդիրը գլխավորն է, այն անհանգստացնում է երկրի բնակչության մեծ մասին (51%):
Բնակչության 63%-ն իրեն գործազուրկ է համարում։
Գլխավոր խնդիրների հնգյակում են տնտեսական բնույթի խնդիրները։ Հարցը հետևյալ կերպ է հնչել․ ազգային ո՞ր հարցն է ձեզ և ձեր ընտանիքի համար ամենակարևորը։
1. Աշխատատեղեր՝ 51%
2. Աղքատություն՝ 38%
3. Գների աճ/գնաճ՝ 37%
4. Տարածքային ամբողջականություն՝ 27%
5. Կենսաթոշակներ՝ 25%
6. Աշխատավարձեր՝ 18%
Այս վեցյակը գրեթե չի փոխվում 2009թ-ից ի վեր, փոխվում է միայն հերթականությունը դրա ներսում։
Տարածքային ամբողջականությունը միակ հարցն է, որ տնտեսության հետ կապ չունի, սակայն վեցյակի մեջ է հայտնվում։
Առավել առաջնահերթ հարցերի եռյակը հետևյալ տեսքն ունի․ իրավիճակը բանտերում, փոքրամասնությունների իրավունքներ և լրատվամիջոցների անկախություն։
Երկրի արտաքին կուրսը
Աճել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կողմանկիցների թիվը։
Բնակչության մեծ մասը (83%) կողմ է, որ երկիրն անդամակցի Եվրամիությանը։ 9%-ի համար ձգտումը դեպի ԵՄ անընդունելի է։
Մի փոքր ավելի քիչ են քաղաքացիները (78%), որոնք կողմ են ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ ՆԱՏՕ-ի մաս կազմելն անընդունելի է հարցվածների 13%-ի համար։
ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը զգալիորեն աճել է 2018 թ-ի հունվարի հետազոտության համեմատ։ Այն ժամանակ ԵՄ անդամակցությանը կողմ էր արտահայտվել հարցվածների 72%-ը, ՆԱՏՕ-ին՝ 64%-ը։
ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին ամենաշատն աջակցում են Թբիլիսիում (89%), իսկ ամենաքիչը՝ փոքրամասնությունների բնակեցման վայրերում (58%): Հետաքրքիր է, որ ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների տոկոսը փոքրամասնությունների շրջանում զգալիորեն աճել է անցյալ տարվա համեմատ (36%)։
Գլխավոր տեղական խնդիրները
Արդեն նշել ենք այն ընդհանուր խնդիրները, որոնք բացահայտվել են ողջ երկրի մասշտաբով։
Սակայն այս անգամ NDI-ը հետաքրքրվել է, թե Վրաստանի քաղաքացիներն ինչ խնդիրներ ունեն հենց տեղում՝ իրենց քաղաքներում, գյուղերում և շրջաններում։
Գլխավոր խնդիրների հնգյակը, որոնք հուզում են Վրաստանի քաղաքների և գյուղերի բնակչությանը, հետևյալ տեսքն ունի․
1. Վատ ճանապարհներ՝ 35%
2. Շրջակա միջավայրի աղտոտում՝ 22%
3. Բարձր կոմունալ վարձեր՝ 22%
4. Անորակ ջրամատակարարում՝ 18%
5. Անսարք կոյուղի՝ 14%
Ի՞նչն է անհանգստացնում Թբիլիսիին
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա իրավիճակն այստեղ տարբերվում է․ առաջին տեղերը սկսել են զբաղեցնել բնապահպանական խնդիրներն, ինչը նորություն է։
Թբիլիսցիների համար խնդրահարույց հարցերի հնգյակը․
1. Շրջակա միջավայրի աղտոտում՝ 48%
2. Բարձր կոմունալ հարկեր՝ 38%
3. Չկարգավորված ճանապարհային երթևեկություն՝ 32%
4. Չկանոնակարգված հասարակական տրանսպորտ՝ 28%
5. Ավտոկայանատեղիներ՝ 22%
Շրջակա միջավայրի պահպանություն
NDI-ը հարցվածներին բնապահպանության մասին առանձին հարցեր է ուղղել։ Պարզվել է, որ այդ խնդիրներն ավելի ու ավելի արդիական են բնակչության շրջանում, ինչը տարբերվում է մի քանի տարի առաջվա պատկերից։ Այդ հարցերը հատկապես շատ են անհանգստացնում մայրաքաղաքի բնակիչներին։
Բնակչությանն առավել շատ է հուզում օդի աղտոտումը (57%), պարենի անվտանգությունը (44%) և սննդամթերքի մեջ առողջության համար վնասակար նյութերի պարունակությունը (40%)։
Հանցագործությունների աճ
10 տարի առաջ Վրաստանում հանցագործությունների քանակն ավելի քիչ էր․ այսպես է կարծում NDI կողմից հարցվածների մեծ մասը։
43 տոկոսը կարծում է, որ վերջին 10 տարում քրեածին միջավայրի հետ կապված իրավիճակը վատթարացել է։ 32 տոկոսը կարծում է, որ չի փոխվել, իսկ 18%-ը կարծում է, որ բարելավվել է։
Հարցվածները կարծում են, որ Վրաստանում առավել հաճախ տեղի են ունենում թմրանյութերի հետ կապված հանցագործություններ (25%)։
Այն հարցի պատասխանները, թե որոնք են, ըստ հարցվածների, Վրաստանում տեղի ունեցող առավել հաճախակի կատարվող հանցագործությունները, հետևյալ կերպ են բաշխվել․ թմրանյութերի հետ կապված հանցագործություններից հետո գալիս է կողոպուտն ու թալանը (21%), ՃՏՊ (20%), սպանությունները (14%), ընտանեկան բռնությունը (5%), անչափահասների կողմից կատարված հանցագործությունները (4%) և, ի վերջո, սեռական բռնությունը (1%)։
Չնայած այն բանին, որ հարցվածները բողոքում են քրեածին իրավիճակի վատթարացումից, մեծ մասը (67%) դրական է գնահատում ոստիկանության աշխատանքը, 21%՝ բացասական։
Կրթության հարցեր
Սա հետազոտության ամենահետաքրքիր հարցերից է։
Պարզվել է, որ, ընդհանուր առմամբ, Վրաստանի բնակչության կեսը (47%) գոհ է երկրի կրթական համակարգից և կարծում է, որ կառավարությունը լավ է կատարում իր այդ պարտականությունը։
Սակայն այս հարցին գյուղաբնակներն ու մայրաքաղաքի բնակիչներն արմատապես տարբերվող պատասխաններ են տվել։
Թբիլիսիի բնակիչների միայն 33%-ն է կարծում, որ կրթական համակարգը որակյալ է։ Թբիլիսցիների մեծ մասը (57%) կարծում է, որ Վրաստանի քաղաքացիներն ապահովված չեն որակյալ կրթությամբ։
Այլ կերպ են կարծում գյուղաբնակները։ Մեծ մասը (58%) կարծում է, որ Վրաստանում կարելի է որակյալ կրթություն ստանալ։ Միայն 21%-ն է դժգոհ կրթության որակից։
Հարցվածների մեծ մասը երկրի մասշտաբով դրական (42%) կամ միջին (43%) է գնահատում դպրոցի ուսուցիչների արհեստավարժությունը։ Մեծ մասը (48%) գոհ է նաև դպրոցներից, ուր հաճախում են իրենց երեխաները։
Ընդ որում, հարցվածների 73%-ը կարծում է, որ բուհ ընդունվելու համար անհրաժեշտ է մասնավոր պարապել։
Հարցվածների կարծիքով՝ միջին դպրոցները որոշակի առավելություններ ունեն հանրայինների հանդեպ հետևյալ հարցերում՝ անվտանգություն, ենթակառուցվածքներ, կրթության որակ, արտադասարանային ակտիվություն, լավ համալսարանում հայտնվելու շանսեր և պրոֆեսիոնալ կարիերայի նախապատրաստում։
Ինչպե՞ս լավ աշխատանք ունենալ
Պարզվել է, որ, ըստ Վրաստանի քաղաքացիների, կրթությունն ու պրոֆեսիոնալիզմը լավ աշխատանք ունենալու համար անհրաժեշտ չափանիշներ չեն։
Հարցվածների մեծ մասի կարծիքով (37%)՝ դրա համար լավ կապեր են անհրաժեշտ։
Միայն դրանից հետո է գալիս պրոֆեսիոնալիզմը (23%)։
Ըստ հարցվածների 9%-ի՝ լավ շխատանքի տեղավորվելու համար արտասահմանյան կրթություն է անհրաժեշտ։
Լեզվի իմացություն
Այս կետը կհետաքրքրի նրանց, ովքեր կարծում են, որ անգլերենը Վրաստանում վերջնականապես փոխարինել է ռուսերենին։
Պարզվել է, որ դա այդպես չէ։
Հարցվածների 66%-ը հայտարարել է, որ լավ կամ միջին չափով տիրապետում է ռուսերենին։ Միաժամանակ, միայն 22%-ն է պնդել, որ լավ կամ միջին չափով տիրապետում է անգլերենին։
Հարցումը ցույց է տվել, որ Վրաստանում աճում է հետաքրքրությունը թուրքերենի հանդեպ։ Հարցվածների 10%-ն ասել է, որ թուրքերեն գիտի։
Ամենապոպուլյար հեռուստաընկերությունները
Ամենագլխավորը․ աճել է այն անձանց թիվը, որոնք տեղեկություններ են ստանում համացանցից։
NDI հետազոտության համաձայն՝ այս պահին առավել պոպուլյար հեռուստաընկերությունը «Իմեդին» է (66%)։ Նրան հետևում է «Ռուսթավի-2»-ը (61%), «ՏՎ պիրվելին» (39%) և Հանրային հեռարձակողը (34%)։
«Իմեդին» առաջատարն է նաև հեռուստաընկերությունների հանդեպ վստահության վարկանիշով (26%)։ Հաջորդը «Ռուսթավի-2»-ն է (20%), երրորդը՝ «ՏՎ պիրվելին» (15%)։ Հանրային հեռարձակողին վստահում է հարցվածների միան 12%-ը։
Հետաքրքիր է, որ բնակչության 60%-ից ավելին կարծում է, որ հեռուստաընկերություններն հաճախ տեղեկություններ են տարածում մարդկանց մոլորության մեջ գցելու համար։
Համացանց
54 տոկոսն ասում է, որ ամեն օր օգտվում է համացանցից։ 9 տոկոսը դա անում է շաբաթը մեկ անգամ։
Վրաստանի բնակչության մեկ երրորդը (29%) երբեք չի օգտվում համացանցից։
NDI հետազոտության դաշտային աշխատանքներն իրականացվել են դեկտեմբերի 6-20-ը ողջ Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների), 2205 անմիջական հարցազրույցների եղանակով՝ ներկայացուցչական ընտրանքի հիման վրա։
NDI-ը հետազոտություններ է անցկացնում Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid ֆինանսական աջակցությամբ։ Հարցումն անցկացրել է CRRC-Վրաստան կազմակերպությունը։ Հետազոտության սխալի հավանականությունը +/- 2.1% է։