Ի՞նչ են մտածում Ադրբեջանում Եվրամիության հետ գործընկերության մասին
Թե ինչպես են զարգանալու Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները, կախված է, առաջին հերթին, ղարաբաղյան հարցում ԵՄ դիրքորոշումից: Ադրբեջանը սկզբունքային է համարում, որ Եվրամիությունը պաշտոնապես հայտարարագրի աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին:
Այդպիսի, ընդհանուր առմամբ, միասնական դիրքորոշում են Բաքվում հայտնել և քաղաքական գործիչները, և փորձագետները՝ մեկնաբանելով 2017թ-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության բացվող գագաթնաժողովը:
Ադրբեջանի և Եվրամիության ապագա համագործակցության թեման առանձնապես արդիական է դարձել վերջին շաբաթ՝ կապված այն բանի հետ, որ այդ գագաթնաժողովին սպասվում է Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
«Հայաստանը չի կարող ստորագրել [այդպիսի] փաստաթուղթ, եթե Ադրբեջանը դեմ լինի: …Ընդհանուր փաստաթղթում պետք է ընդունվի հակամարտության առկայությունը», — կարծում է Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
MeydanTV առցանց պորտալին տված մեկնաբանությունում նա ասել է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի պարզապես առանձնացնել մյուս հակամարտություններից, և Բաքվի կողմից ճիշտ քայլ է դա պնդելը: …[Եվրամիության փաստաթղթերում] կետ կա Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության մասին, իսկ մոտեցումն Ադրբեջանին ընդհանուր է, նշվում է միայն ինքնորոշման հարցը»:
Որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ և փորձագետներ կարծում են, որ Կատալոնիայի հետ կապված ներկայիս իրավիճակը պետք է ուսուցողական օրինակ ծառայի Եվրամիության համար:
«Եթե մի քանի տարի առաջ Բրյուսելում որոշակի քամահրանքով էին վերաբերում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա այժմ շատ բան է փոխվել: Այժմ ԵՄ-ը միանշանակ հասկանում է, որ անջատողականությունը կարող է հարվածել հենց իրեն: Դրա ակնհայտ օրինակ է Կատալոնիան», — ասում է ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:
Ադրբեջանի և ԵՄ միջև համագործակցության մասին նույնպես նմանատիպ համաձայնագիր է քննարկվում, սակայն թե արդյոք այն կստորագրվի, մեծապես կախված կլինի նրանից, թե ինչ է ամրագրված ԵՄ և Հայաստանի միջև համաձայնագրի տեքստում:
Ադրբեջանցի քաղաքական գործիչներն ընդգծում են Եվրոպական միության հետ համագործակցության կարևորությունը:
«ԵՄ երկրների մասնաբաժինը ներդրումների կառուցվածքում կազմում է 24 տոկոս: Ադրբեջանում այսօր գործում է ավելի քան 1400 եվրոպական ընկերություն: Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հուշագիր ունի ստորագրած ԵՄ 8 անդամ-երկրների հետ», — լրագրողներին ասել է Ադբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը:
«2007թ. Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված գործընկերության մասին պայմանագիրը դարձավ«Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման համար կարևորագույն քայլերից մեկը»,- լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:
Սակայն, ասել է նա, չլուծված հայ-ադրբեջանական՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «խոչընդոտում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությանը բարձր մակարդակով»:
«Չնայած ՄԱԿ-ի և ԵՄ-ի համապատասխան բանաձևերի պահանջներին՝ Հայաստանը շարունակում է նվաճողական քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ», — ինչպես գրում է cbc.az կայքը, ասել է Ալի Հասանովը: