Ի՞նչ են խոսում Ստեփանակերտի բնակչները նոր Սահմանադրության և այսօրվա հանրաքվեի մասին
Այսօր՝ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե է անցկացվում:
Նոր սահմանադրությունը, որը հանրաքվեի է դրվում, Լեռնային Ղարաբաղում կենտրոնացված նախագահական կառավարման համակարգ է նախատեսում՝ օրենսդիր իշխանության լայն իրավասություններով:
Մինչ այժմ հանրապետությունում կիսանախագահական կառավարման համակարգ էր գործում՝ 2006թ-ին ընդունված Սահմանադրության համաձայն:
Մենք Ստեփանակերտում հարցում ենք անցկացրել և տեղացիներին հարցրել ենք.
«Ինչո՞ւ եք կողմ կամ դեմ հանրաքվեի անցկացմանը»:
Թրենդ առաջին. մեզ անվտանգություն է պետք
Ամենից շատ մարդիկ խոսում էին այն մասին, որ կառավարությունը պետք է խաղաղության հասնի: Միայն փետրվարի սկզբից շփման գծում 9 զինվոր է զոհվել: Հարցվածների մեծ մասը նշել է, որ պատրաստ է աջակցելու նախագահի իշխանության ուժեղացմանն այն հույսով, որ նա մարդկանց անվտանգության համար ավելի շատ բան կկարողանա անել:
Նրանցից մեկն Անուշ Մկրտչյանն է: Նրա ամուսինը՝ Գեղամ Մկրտչյանը, զոհվել է 2016թ-ի ապրիլինի հակամարտության սրման ժամանակ: Դարակներում կոկիկ շարված են Գեղամի իրերը՝ հեռախոսը, օծանելիքը, մեդալները: Նա զոհվել է նախքան իմանալը, որ կինը հղի է, որ իրենք առաջնեկին են սպասում: Էլմիրան այժմ երեք ամսական է:
Անուշը հանրաքվեին չի գնալու, մարդ չկա, ում հետ աղջկան կարող է թողնել: Սակայն նա կողմ կքվեարկեր: Նրա բացատրությունն այսպիսին է.
«Կարևոր չէ կառավարման համակարգը, թող իրենք որոշեն: Կառավարությունը պարտավոր է, պետք է պաշտպանի իր երկրի բոլոր քաղաքացիներին: Մարդիկ չպետք է զոհվեն. դրան հասնելը նրանց խնդիրն է»:
Թրենդ երկրորդ. հայրենասիրություն
Դա նրանք են, ով հանրաքվեն հայրենասիրական ակտ են համարում:
Օրինակ, մթերային խանութի վաճառող Մարիամը: Նա տանել չի կարողանում նրանց, ովքեր դեմ են սահմանադրական բարեփոխումներին:
«Պատերազմը մինչև այսօր չի ավարտվել, այդ էր պակաս, որ մեզ մոտ քաղաքական հեղաշրջումներ սկսվեին», — ասում է նա:
«Կառավարությունն ամեն ինչ անում է, որ մենք լավ ապրենք: Նրանք մեր հայրենիքի համար են աշխատում, և ես սիրում եմ իմ հայրենիքը: Այդ պատճառով էլ կողմ կքվեարկեմ»:
Թրենդ երրրոդ. ես կանեմ այնպես, ինչպես բոլորը
Այսպիսի պատասխանը տարածվածությամբ երրորդն էր:
Լյուսյա տատիկն 86 տարեկան է: Արդեն տասը տարի է՝ նա արևածաղկի սերմեր է վաճառում բաժակը 50 դրամով [10 ցենտ]: Երբեմն օրվա ընթացքում ստացվում է 7 բաժակ վաճառել, այդ ժամանակ, ասում է նա, կարելի է ոչ միայն հաց, այլ նաև թթվասեր գնել:
«Դեռևս չգիտեմ, թե որ վանդակում «ծիտիկ» կդնեմ, սակայն, իհարկե, այն մեկում, որը կասեն»,- ասում է Լյուսյա տատիկը: Թե ով պետք է նրան ասի դա, չի հստակեցնում:
Թրենդ չորրորդ. հանրաքվեին դեմ են, քանի որ դա մարդկանց կյանքը չի բարելավվի
Շատ քչերն ասացին, որ դեմ են հանրաքվեին: Պատճառաբանությունը հետևյալն էր. մարդիկ բարդ կենցաղային պայմաններում են ապրում, և կյանքը բարելավելու համար ոչ թե իշխանության համակարգն է պետք փոխել, այլ մարդկանց անմիջականորեն օգնել:
Բորիսը 50 տարեկան է, նա իր տարիքից մեծ է երևում: Իր աշխատանքը սկսում է արևածագից առաջ: Ամենածանր ժամանակաշրջանը հիմա է. պետք է մաքրել ահռելի ձնակույտերը:
«Ողջ կյանքիս ընթացքում ունեցած իմ երջանիկ օրերը մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Կառավարման նոր համակարգը մեր խնդիրները չի լուծի, իսկ ես նախկինի պես իմ բահով և ավելով կմնամ և ստիպված կլինեմ ինչքս գլուխ հանել: Ես դեմ եմ քվեարկելու, չնայած գիտեմ, որ ամեն ինչ նախապես որոշված է և ոչինչ չի փոխվի», — ասում է Բորիսը: