Ի՞նչ են խոսում Հայաստանում Ռուսաստանի կողմից ԼԺՀ և ԴԺՀ ճանաչման մասին
ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման մասին հրամանագրերի ստորագրումն ակտիվորեն քնարկվում է Հայաստանի փորձագիտական շրջանակներում։ Քաղաքագետները, քաղաքական գործիչները, անվտանգության և միջազգային հարաբերությունների փորձագետներն իրենց տեսակետներն են հայտնում այն մասին, թե ինչ է սա նշանակում և ինչպես կարող է անդրադառնալ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
Կարծիքներ, որոնք արտահայտում են հայ հասարակությունում գերիշխող տրամադրությունները։
Տիգրան Գրիգորյան, քաղաքագետ․
«Հուսանք, որ ԼԺՀ ու ԴԺՀ ճանաչումը ՌԴ իշխանությունների համար face-saving-ի փորձ է և մեծ պատերազմի այլընտրանքն է»։
Սոսի Թաթիկյան, անվտանգության հարցերի և միջազգային հարաբերությունների փորձագետ․
«Դուք գոնե ռուս-ուկրաինական իրադարձությունների զարգացմանը հետևելով հասկանո՞ւմ եք, որ մենք [Հայաստանը] համաշխարհային case study ենք դառնալու այն բանի, թե ինչպես կարելի է բաց թողնել միջազգային նորմատիվային շրջանակի ընձեռած բոլոր հնարավորությունները, որոնցից հիմա մաքսիմալ օգտվում են ընթացիկ հակամարտության երկու կողմն էլ։
Սակայն մենք չենք հավատում միջազգային նորմերի ընձեռած այն հնարավորություններին, որոնցից գրեթե երբեք չենք էլ փորձել օգտվել, ու դրա փոխարեն նախընտրում ենք մեղադրել ամբողջ աշխարհին, խռովել այդ աշխարհից ու մնալ աշխարհաքաղաքական ֆատալիստական դատապարտվածության ծուղակում»։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
«Ովքեր հակակրանք ունեն Պուտինի ու ՌԴ հանդեպ, ազդարարում են, որ այս քայլով Պուտինն ընդամենը խփեց իր դագաղի մեխը: Ովքեր համակրում են Պուտինին և հակակրանք ունեն Արևմուտքի հանդեպ, ազդարարում են Արևուտքին հասցված ապտակը:
Եվ բոլորն էլ իրականությանն ու իրավիճակին ծանոթ են ընդամենը լրահոսից, ինչով համաշխարհային քաղաքականությունը ոչ սկսում է և ոչ էլ ավարտվում»։
Արթուր Խաչատրյան, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր
«Հայաստանը պետք է հարգի ցանկացած ազգի ազատ ինքնորոշման իրավունքը։ Ավելին, Արցախի Հանրապետությունը Հայաստանը պետք է ճանաչեր 44-օրյա պատերազմի առաջին օրերին։ Նախորդ իշխանություններն Արցախի անկախությունը չէին ճանաչում, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվի։ Բայց բանակցային գործընթացը խաթարվեց, ադրբեջանցիները, թուրքերը, ջիհադիստ վարձկանները լայնածավալ պատերազմ սկսեցին Արցախի դեմ և որևէ տրամաբանական, ռացիոնալ բացատրություն չկար, թե ինչու Հայաստանը այդ օրերին չճանաչեց Արցախի անկախությունը։
Կոսովոյի անկախության վերաբերյալ Միջազգային արդարադատության դատարանի խորհրդատվական որոշման համաձայն՝ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է կայացած պետությունների շրջանակներում: Այսինքն՝ երկու կայացած պետություն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Բայց դա չի արգելում ազգերին միակողմանի անկախություն հռչակել։ Մենք կողմ ենք ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի բացարձակացմանը: Այսինքն՝ Հայաստանը պետք է այդ հարցը քննարկի և պատեհ առիթին, ճիշտ ժամանակին որոշում կայացնի»։
Դավիթ Գալստյան, Արցախի խորհրդարանի պատգամավոր
«Պուտինը, որքան հնարավոր էր, լավ հիմնավորեց, թե ինչու է պետք ճանաչել նաև Արցախի անկախությունը։ Եթե նրա խոսքում Ուկրաինա և Դոնեցկ բառերը փոխարինենք Ադրբեջանով և Արցախով, կտեսնենք, որ ամեն ինչ համընկնում է։ Ուստի, կարծում եմ, որ սա նոր շանս է մեզ համար։
Անհրաժեշտ է նախաձեռնել նման օրինագիծ նաև մեր կողմից։ Ցավոք, այս վճռորոշ պահին Հայաստանի և Արցախի իշխանությունները երբևիցե ամենաթույլն են, ուստի ամեն ինչ պետք է արվի, որ նման նախագիծ անհապաղ կյանքի կոչվի»։