«Ավելի քիչ ծնունդներ»․ ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում
Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2022 թվականին երկրում ծնվել է 36 623 երեխա, այս ցուցանիշը 270-ով պակաս է 2021 թվականին արձանագրվածից։ Նախորդ տարվա ժողովրդագրական տվյալներն ամփոփել է Վիճակագրական կոմիտեն։
Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն ասում է՝ եթե չլինեին կորոնավիրուսի համավարակը, պատերազմն ու անվտանգային խնդիրները, ապա Հայաստանում ծնունդների թիվն ավելի մեծ կլիներ։
2022 թ․-ի ժողովրդագրական ցուցանիշները, փորձագիտական կարծիք
2022 թվականի ցուցանիշները ցույց են տալիս, որ երկրում զգալիորեն նվազել է նաև մահացությունների թիվը։
«Մահացել է 26 805 քաղաքացի, ինչը 2021 թվականի ցուցանիշից 7 833-ով ցածր է»,- հայտնել է կոմիտեն։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճել է, ամուսնությունների թիվը՝ նվազել․
«Ամբողջ 2022 թ․-ին երկրում կնքվել է 16 795 ամուսնություն, իսկ 2021 թ․-ին այդ ցուցանիշը 370-ով բարձր է եղել։ Բացի այդ, 2022 թ․-ին ձևակերպվել է 4 525 ամուսնալուծություն, ինչը 91-ով ավելի է 2021 թ․-ի ցուցանիշից»։
Փորձագիտական կարծիք
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը հիշեցնում է՝ համավարակով և պատերազմով պայմանավորված 2020 թվականին Հայաստանում մահացածների թիվն աճել էր ավելի քան 10 հազարով, 2021 թ․-ին, սակայն, նվազել էր։
Zarkerak.am-ի հետ զրույցում նա նշել է, որ մահերի և ծնունդների ցուցանիշների համադրությամբ հաշվարկվող ցուցանիշը՝ բնակչության բնական հավելաճը 2020-2021 թվականների ընթացքում կազմել է 2 235:
«2022 թ․-ի 11 ամիսներին (հիմնադրամը դեռևս չի ամփոփել 2022 թվականը) մեր բնական հավելաճն անցյալ տարվա 2000-ից բարձրացել և հասել է 8500-ի: Եթե արտագաղթի ցուցանիշները չդիտարկենք, կարող ենք ասել, որ 11 ամսվա ընթացքում 8500 -ով բնակչության թվաքանակն ավելացել է»,- ասել է Աննա Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ ծնելիության ընդհանուր ցուցանիշում 3-րդ և հաջորդ երեխաների թվի աճը կարող է պայմանավորված լինել պետության կողմից հատկացվող դրամական աջակցությամբ:
Հայաստանի կառավարությունը 1-ին և 2-րդ երեխայի ծնունդի դեպքում 300 հազար դրամ միանվագ աջակցություն է տրամադրում ընտանիքին, 3-րդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամ, 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երրեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամ:
2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ նոր որոոշում, որի համաձայն՝ 3-րդ և հաջորդ երեխայի համար՝ մինչև 6 տարեկան դառնալը ամեն ամիս ընտանիքը կստանա 50 հազար դրամ նպաստ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի փոխանցմամբ՝ 2022 թ․-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը կազմում է 2,961,400 մարդ։ Ասում է՝ մոտավորապես 64%-ը քաղաքային բնակչությունն է, իսկ 36 %-ը՝ գյուղական:
Ժողովրդագրագետ, Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանն անդրադարձել է առաջնեկների թվի նվազմանը։ Նրա դիտարկմամբ՝ գործընթացը սկսվել է 2010 թվականից և շարունակվում է մինչ օրս։ Նկատում է՝ պատճառներն օբյեկտիվ են․
«Զգալու ենք նախորդ դարի 90-ականների ժողովրդագրական «փոսի» ազդեցությունը, երբ հայտնի գործընթացների արդյունքում տեղի ունեցավ ծնունդների կտրուկ անկում, և 2002 թվականին ունեցանք մոտ 60 տոկոս ծնունդների բացարձակ թվաքանակի անկում: Հիմա մայրական կազմի նեղացման և ամուսնական տարիք մուտք գործողների սեղմման հետևանքով մեր առաջնեկների թիվը նվազել է»:
Փորձագետը շեշտում է՝ 2020-2021 թվականներին երկրում ծնունդների թիվն աճել է 19 հազարով, ինչը, ըստ նրա, տեղի է ունեցել «3-րդ և հաջորդ կարգաթվով ծնվող երեխաների հաշվին»։ Մարկոսյանի խոսքով՝ խթանող ազդեցություն են ունեցել պետական բյուջեից այս ուղղությամբ հատկացվող միջոցները, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ աճել են։
«Այդ քաղաքականությունը պետք է շարունակական լինի, որովհետև նոր խնդիրներ են առաջանում և դրանք պետք է լուծել, աշխատելու տեղ միշտ էլ կա»,- ասել է նա։
Արտակ Մարկոսյանի կարծիքով՝ ծնունդների թիվը նվազել է համավարակի, պատերազմի ու անվտանգային խնդիրների հետևանքով։ Նրա համոզմամբ՝ այս հարցում որոշակի ազդեցություն է ունեցել նաև սոցիալական իրավիճակը։ Մյուս կողմից նկատում է՝ գնաճային գործընթաց տեղի է ունեցել ողջ աշխարհում և ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանին հաջողվել է խուսափել «լուրջ անկումներ գրանցելուց»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում