Ժնևում ուժի չկիրառման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայացք Թբիլիսիից
Գլխավոր «բեկումը», որն ակնկալում էին Ժնևում մարտի 27-28-ը կայացած բանակցությունների հերթական փուլից Մոսկվայում, Ցխինվալիում և Սուխումիում հույսով, իսկ վրացական ընդդիմությունում՝ անհանգստությամբ և վրդովմունքով, տեղի չունեցավ: Կողմերն այդպես էլ չկարողացան համատեղ հայտարարություն ընդունել, որի վրա աշխատանքն, ըստ ռուսական կողմի, վաղուց էր ընթանում:
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան բանակցություններից հետո հայտարարել է, որ պայմանավորվածության ձախողման պատճառը ռուսական կողմի, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների գործողություններն են եղել. բանակցությունների առաջին իսկ օրվանից նրանք այնպիսի հայտարարություններ են արել, որոնք անհնար էին դարձնում այդ հարցի շուրջ բանակցությունները:
Մասնավորապես, «նրանք հարցականի տակ են դրել հիմնարար սկզբունքները, որոնց վրա հիմնված են Ժնևի բանակցությունները: Խոսքը գնում է հրադադարի համաձայնագրի մասին, որը ստորագրվել է Ռուսաստանի և Վրաստանի նախագահների կողմից 2008թ-ի օգոստոսի 12-ին»:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը նույնպես հաստատել է, որ իբր արդեն համաձայնեցված տեքստի շուրջ կողմերի մոտ «տարբեր պատկերացումներ» են առաջացել:
«Իհարկե, ամեն ինչ նախկինի պես հանգում է 2008թ-ի համաձայնագրերի կարգավիճակի հարցին, որոնք նույնպես տարբեր կերպ են հասկանում Թբիլիսիում, Ցխինվալիում, Սուխումիում և Մոսկվայում», — մանրամասնել է Կարասինը:
Նա նշել է, որ վրացական կողմի դիրքորոշման պատճառով ուժի չկիրառման մասին փաստաթղթի առումով Ժնևյան բանակցությունները «մի քանի տարի հետ գնացին»:
Ուժի չկիրառման մասին համաձայանգիր և կողմերի դիրքորոշումը
Ժնևյան քննարկումների ձևաչափը ստեղծվել է 2008թ-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո որպես միակ ձևաչափը, որի շրջանակում Վրաստանն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում միջազգային միջնորդների մասնակցությամբ (քննարկումների համանախագահներն են ԵՄ, ԵԱՀԿ և ԱՄՆ ներկայացուցիչները): Ուժի չկիրառման մասին համաձայնագիրն այդ բանակցությունների գլխավոր հարցերից մեկն է եղել: Սակայն մինչև օրս կողմերի դիրքորոշումները շարունակում են չհամընկնել:
Մոսկվան պահանջում է, որպեսզի Վրաստանը համաձայնագիր ստորագրի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Իսկ Թբիլիսին պնդում է, որ հակամարտության կողմերը ոչ թե Վրաստանն, Աբխազիան և Հարավային Օսիան են, այլ Վրաստանն ու Ռուսաստանը: Հետևաբար, այդպիսի համաձայնագիր կարող է ձևակերպվել միայն Ռուսաստանի և Վրաստանի միջև:
Բացի այդ, Թբիլիսին մշտապես հիշեցնում է Ռուսաստանին, որ Վրաստանի իշխանությունները բազմիցս հակամարտության գոտիներում ուժ չկիրառելու միակողմանի պարտավորություն են ստանձնել (2012թ-ի օգոստոսին ստորագրելով Սարկոզի-Մեդվեդևի 6 կետից բաղկացած համաձայնագիրը, բացի այդ, նախագահ Սահակաշվիլին հանրային կերպով հայտարարել է ուժի չկիրառման մասին 2010թ-ին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի առջև: Ուժի չկիրառման մասին կետ պարունակում է նաև 2013թ-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած բանաձևը):
Թբիլիսին Մոսկվայից ակնկալում է նմանատիպ պարտավորություններ Վրաստանի հանդեպ:
Որպես փոխզիջում կողմերը համանախագահների հետ միասին քննարկել են համատեղ հայտարարություն ընդունելու հնարավորությունը, k2որը ոչ մի իրավական ուժ չունի:
Քննարկումների վերջին փուլից մի քանի օր առաջ Գրիգորի Կարասինը հայտարարել էր «Կոմերսանտ» թերթին, որ տեքստը գրեթե համաձայնեցված է, և հայտարարություն հնարավոր կլինի ընդունել արդեն մոտակա փուլում:
Կարասինի այդ հայտարարությանը հետևեց վրացական ընդդիմության սուր արձագանքը: Վրացական իշխանության ընդդիմադիրները կտրականապես անընդունելի համարեցին ուժի չկիրառման մասին Ժնևում որևէ փաստաթուղթ ընդունելը:
Նրանց խոսքով՝ այդպիսի փաստաթուղթը կծառայի Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական ռեժիմների լեգիտիմացմանը, և ընդհանրապես այն հակասում է երկրի շահերին:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխեիլ Ջանելիձեն Ժնևյան հանդիպումից առաջ հայտարարել էր, որ այս փուլում որևէ փաստաթղթի ընդունում կամ ստորագրում չի պլանավորվում: Արդյունքում այդպես էլ ստացվեց. կողմերն այդպես էլ չկարողական համաձայնեցնել հայտարարությունը:
Թաթունաշվիլիի գործը
Այս հանդիպման գլխավոր հարցը Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիի մահն էր, հայտարարել է Դավիթ Դոնդուան: (Արչիլ Թաթունաշվիլին ձերբակալվել էր փետրվարի 22-ին Հարավային Օսիայի ուժայինների կողմից և հաջորդ օրը մահացել մինչև հիմա չպարզված հանգամանքներում): Հարավային Օսիայի վարկածի համաձայն՝ նա մահացել է սրտի անբավարարությունից, վրացական իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ Թաթունաշվիլիին կտտանքների են ենթարկել, և սպասում են վրացական փորձաքննության արդյունքներին):
Ինչպես հայտարարել է վրացի դիվանագետը, վրացական կողմը հանդիպմանը չի կարողացել բավականաչափ բացատրություններ ստանալ և լսել է օսական կողմի «սովորական դեմագոգիան»: Վրաստանը ողբերգության համար պատասխանատվությունը դնում է ռուսական կողմի՝ որպես այդ տարածքում արդյունավետ վերահսկողություն իրականացնողի վրա:
Իր հերթին, Գրիգորի Կարասինը նշել է, որ «չարժե հապճեպ եզրակացություններ անել» Թաթունաշվիլիի մահվան կապակցությամբ, և որ վերջնական եզրակացությունները պետք է արվեն համապատասխան հետաքննությունից հետո:
Ի՞նչ է Ռուսաստանը պահանջում Վրաստանից
Գրիգորի Կարասինը բանակցությունների ավարտից հետո վրացական կողմին բողոքներ է ներկայացրել:
Կարասինը գովել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին ռուսական իշխանություններին ուղղված նամակի համար, որը նա հրապարակել էր մարտի 9-ին: Ռուս դիվանագետն այդ նամակը կառուցողական է անվանել: Մոսկվան հատկապես գոհ է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուղիղ երկխոսություն սկսելու Վրաստանի վարչապետի պատրաստակամությամբ:
Սակայն միաժամանակ Կարասինը դժգոհություն է հայտնել մարտի 22-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ: Այդ բանաձևի համաձայն՝ Թաթունաշվիլիի մահվան համար պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իսկ Վրաստանի կառավարությունը պետք է «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի ցուցակ» կազմի, որում կներառվեն օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանությյունների և կտտանքների համար մեղավոր անձինք: Վրաստանը հույս ունի ցուցակի անձանց հանդեպ միջազգային պատժամիջոցների հասնել: Կարասինի խոսքով՝ խորհրդարանի բանաձևը «ի չիք դարձրեց» Կվիրիկաշվիլիի հայտարարության դրական արդյունքը:
«Թբիլիսիի համար ժամանակն է ընտրել՝ կո՞շտ լինել, թե՞ ճկուն և հետևողական», — հայտարարել է ռուս դիվանագետը:
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հայտարարությունում, որը հրապարակել է Ժնևի հանդիպումից հետո, կոչ է արել Վրաստանին ուղիղ երկխոսություն սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, ինչպես նաև չեղարկել «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որը պատիժ է նախատեսում առանց Թբիլիսիի գիտության Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու համար:
Ժնևյան բանակցությունների հերթական փուլը կկայանա հունիսին: Գրիգորի Կարասինը չի բացառել, որ հաջրոդ փուլում խոսք կգնա ժնևյան ձևաչափի «բարեփոխման» մասին: Սակայն վրացի դիվանագետներն ասում են, որ իրենց պլաններում ձևաչափի որևէ փոփոխություն չկա: Թբիլիսին պնդում է, որ վարչապետ Կվիրիկաշվիլին պատրաստ է անձամբ մասնակցել Ժնևյան քննարկումներին, սակայն ռուսական կողմը դեռևս նման ձևաչափին համաձայնություն չի տվել:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: