Ժամանակի պատիճը
Վաղուց եմ նկատել՝ հենց ասում ես, որ գնում ես Գալ, ի պատասխան զարմացական ցավակցանք է հնչում: Նույն Գագրան նույնպես «աշխարհի ծայրում է», սակայն նման արձագանք չի առաջացնում: Դա զարմանալի չէ, քանի որ Գալը հեռավոր, վտանգավոր ու գրեթե ոչ հարազատ մի բան է: Համենայնդեպս, այն այսօր այդպես է ընկալում Աբխազիայի գրեթե ողջ երիտասարդությունը:
Ինձ շրջապատող երիտասարդներից ոչ ոք Գալում չի եղել: Եվ հետո ի՞նչ կա այնտեղ: Ընկերներս Վրաստան չեն գնում, բարեկամներ սահմանամերձ գյուղերում չունեն, Գալի տեսարժան վայրերի մասին մենք (հուսով եմ՝ դեռ) ոչինչ չգիտենք: Ոչ մի, նույնիսկ թույլ մոտիվացիա չկա:
Սակայն Գալի շրջանի մի քանի գյուղերի բնակչությունը թվով գերազանցում է ամբողջ Օչամչիրի բնակիչներին: Ինձ համար նույնպես երկար ժամանակ Գալ գոյություն չուներ: Ոչ նա էր իմ սրտում, ոչ ես՝ նրա: Հիշում եմ միայն, որ ինձ հետ Սուխում-Մոսկվա գնացքում վեց տարի առաջ Գալից մի ուղևոր կար: Նա վաղուց Մոսկվայում էր ապրում, մայրաքաղաքի ռեստորաններից մեկում խոհարար էր աշխատում, սակայն, չգիտեմ՝ ինչու, ամբողջ ճանապարհին Գալի բնակիչների իրավունքներն էր պաշտպանում, ինչն, անկեղծ ասած, մտքովս էլ չէր անցնում խախտել:
Այն ժամանակ ես առաջին անգամ մտածեցի, որ ինչ-որ զուգահեռ իրականությունում կյանքը գնում է, իսկ մենք դրանից տեղյակ չենք: Այն կյանքը, որտեղ ահա այսպիսի երիտասարդները վախենում են Սուխում գալ և տեղափոխվում են Մոսկվա:
Արևե՛լք, բացվի՛ր
Վերջին երկու տարվա ընթացքում ես այս ամենաարևելյան քաղաքն այցելել եմ հինգ անգամ: Եվ դրանցից յուրաքանչյուրը դարձել է ամենաբացառիկը: Գալն ինչ-որ մեկի չկատարած մեծ առաջադրանքն է:
Տեղի բնակչության հետ լեզու գտնելն ուղիղ իմաստով հեշտ չէ: Ես փորձել եմ շփվել ռուսերենով, աբխազերենով, նույնիսկ՝ հայերենով: Ապարդյուն: Տասնյակ մարդիկ լայն ժպիտով ու չհասկացող աչքերով ինձ դիմավորել ու ճանապարհել են:
Հիշում եմ Գալի դպրոցներ այցելելուց հետո իմ շոկը. պատի թերթերը՝ վրացերենով, հնչող մեգրելերենը, դասագրքերը՝ Վրաստանի կրթական կառույցների կնիքներով, հանդիսույթունների սրահում երեխաները վրացական ժողովրդական երգ են երգում:
2015թ-ի սեպտեմբերի 1-ին Գալի շրջանի դպրոցներն անցել են նոր ծրագրի, համաձայն որի դասընթացի մեծ մասը ռուսերենով է անցկացվում: Լրացուցիչ դասաժամեր էլ են մտցվել, հնարավորություն է տրվում առարկան մայրենի լեզվով բացատրելու.
2016, հունիսի 13: Թագիլոնի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանը քննություն է հանձնում «հանրահաշիվ» առարկայից: Շրջանավարտներն այս տարի 14-ն են: Յուրաքանչյուրը սեփական նստարանն ունի: Աղջիկները՝ ձախից, տղաները՝ աջից: Գրատախտակին վրացերենով առաջադրանք է գրված: Ճշգրիտ գիտությունների շրջանում գիտելիքներիս մնացորդը չբավարարեց, որ լուծեմ մեկ անհավասարություն, մեկ ֆունկցիա և 3 հավասարում:
Դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն ընդհանրապես չի խոսում վրացերեն: Ինձ է մոտենում դպրոցի տնօրենն ու ծրար է ցույց տալիս, որը ստացել են Աբխազիայի կրթության նախարարությունից: Հենց դրա մեջ է քննության առաջադրանքը: Այն, իհարկե, ռուսերենով է: Տնօրեն Թիմուր Ջոլոգուան բացատրում է, որ վրացերեն ստիպված են թարգմանում: Այլապես երեխաները առաջադրանքից ոչինչ չեն հասկանա:
Մոտենում ենք վերջին նստարանին նստած աղջկան. «Սա մեր գերազանցիկն է»: Ավելի ուշ սակայն պարզվեց, որ նա գերազանցիկ է միայն մաթեմատիկայից: Նրան այդպես էլ չհաջողվեց խոսեցնել: Ժպտալով ու անկեղծ շփոթվելով՝ շրջանավարտն իմ բոլոր հարցերին պատասխանեց՝ չեմ կարող: Չնայած որ դրանց պատասխանելը շատ ավելի հեշտ էր, քան ֆունկցիա ուսումնասիրելն ու գրաֆիկ կազմելը:
Այդ ընթացքում ուսուցչանոցում սկսվեց Թեմուր Նադարայայի հանդիպումը մանկավարժների հետ: Ներս մտա, լսում եմ. խոսքն անձնագրերի մասին է: Ուսուցիչները չեն հասկանում անձնագրերի հետ կապված այդ ամենը: Նադարայան դանդաղ ու համառորեն բացատրում է: «Բոլոր նրանց, ովքեր Վրաստանի քաղաքացիություն չունեն, մենք Աբխազիայի քաղաքացիություն կտանք, սակայն այդպիսիք քիչ են», — կրկին սկսում է Նադարայան:
Երկխոսությունը փակուղի է մտնում:
«Լավ: Օրինակ, դուք ձեզ տեսնում եք որպես Աբխազիայի քաղաքացի: Ասացեք՝ Լենինը ե՞րբ է ծնվել», — ուսուցիչներին անսպասելի հարցնում է Թեմուր Նադարայան: Ապրիլ, 22, 1870՝ մասերով պատասխանն է հավաքում ուսուցչանոցը: «Իսկ Վլադիսլավ Արձինբա՞ն»: Այդ պահին լռություն է տիրում: Ուսուցիչները մեկ-մեկ սկսում են ամիսներ թվարկել, հետո փորձում են օրը գուշակել: Ապարդյուն:
Այդ ամբողջ ընթացքում անկյունում լուռ նստած էր գեղեցկադեմ մոտ 50 տարեկան մի կին: Հագին մինչև հատակը հասնող հաճելի զգեստ է, մեծ գեղեցիկ աչքեր, հոգնած հայացք: «1945 թվի մայիսի 14-ին, Էշերայում», — արտաբերում է նա:
Թեմուր Նադարայան շարունակում է, հիմա էլ հետաքրքրվում է Աբխազիայի ժողովրդի Հայրենական պատերազմի տերաթվով: Լռությունն էլ ավելի ահասարսուռ է դառնում: Բոլորը նայում են այդ կնոջը, և ինձ համար պարզ է, որ նա գիտի: Իհարկե, նա գիտեր: Նադարայան ևս մի քանի հարց տվեց, սակայն ես ու Գալինա Իվանովնան նրան այլևս չէինք լսում:
Առանց միասնական լեզվի
Գալինա Իվանովնա Արդաշելիան աշխատում է Թագիլոնի միջնակարգ դպրոցում արդեն 28 տարի: Ճիշտ է, 1988-ին նա Գալյա Յուրևան էր Պոլտավայից: Թագիլոն է եկել, երբ ամուսնացել է:
Դարձել է ռուսերենի ուսուցչուհի և դրանից հետո նրա կյանքում շատ քիչ բան է փոխվել: Միայն թե Գալինա Իվանովնան այժմ մեգրելերեն կամ վրացերեն նույնիսկ ավելի լավ է խոսում, քան հարազատ ռուսերենով: Պոլտավայում մայրն է ապրում, ում նա հաճախ է այցելում: Վրաստանի տարածքով, իհարկե:
Այժմ Գալինա Իվանովնա Արդաշելիան Վրաստանի քաղաքացի է: Սակայն այդ մասին մենք քիչ ենք խոսել:
«Մեր Աբխազիան հրաշք է, հարուստ երկիր է, մարդիկ հիանալի են: Ժողովուրդն այստեղ շատ հավատարիմ է: Երբեք չի դավաճանի, — պատմում է Գալինա Իվանովնան: — Մենք մանկավարժներ ենք, քաղաքականությունը մեզնից հեռու է: Մեր գործը երեխաներին կրթելն է: Կրտսեր դուստրս այսօր մաթեմատիկա էր հանձնում: Ուզում է Սուխումում լրագրության ֆակուլտետում սովորել»:
«Գիտե՞ք, թե ինչու Արձինբայի մասին հարցին չպատասխանեցին, — հանկարծ հարցնում է զրուցակիցս: — Նրանք չեն հասկանում նրա ասածի կեսից ավելին: Հնարավոր է, եթե հասկանային, պատասխանեին: Մենք նախորդ տարի Արձինբայի 70-ամյակն ենք նշել»: Գալինա Իվանովնան կարծում է, թե հանգստացրեց ինձ:
«Պարզապես մենք այստեղից երբեք ոչ մի տեղ չենք գնա: Սա մեր տունն է, և այն Աբխազիայում է: Երկու ավագ դուստրերս ամուսնացած են Վրաստանում, սակայն այստեղ գալիս ասում են, որ Աբխազիա են մեկնում: Նույնիսկ փոքր թոռնիկս է ասում, որ տատն ապրում է Աբխազիայում, այլ ոչ թե Վրաստանում», — ասում է ուսուցչուհին:
«Մարդիկ կարող են համաձայնել հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից: Տեսե՛ք, ինչ հրաշալի ճանապարհ են սարքել: Լույսի խնդիր հիմա չունենք: Կարծում եմ, մի քիչ է մնացել»:
Հարցիցս առաջ ընկնելով՝ Գալինա Իվանովնան սկսում է պատմել, թե ինչ է նշանակում ռուսաց լեզվի դասավանդումը Գալում:
«Շատ դժվար է: Աբխազիայում տեղի ունեցած իրադարձություններն այս երեխաներից շատերի ծնողներին խանգարեցին կրթություն ստանալ: Նրանցից ոմանք նույնիսկ դպրոց չեն հաճախել: Նրանք ոչ միայն ռուսերեն, փաստացի ոչ մի լեզու չգիտեն: Մեր միջավայրում շատ դժվար է 45 րոպեում երեխաներին տալ ամեն ինչ», — ասում է նա:
Սակայն Գալինա Իվանովնան գովում է նաև իր աշակերտներին: Պատմում է, որ երեխաները ձգտում են, արդեն գերազանց կարդում են, թելադրությունները լավ են գրում: Գլխավոր խնդիրը՝ սարսափելի փոքր բառապաշարն է, այսինքն ոչ մի փոխադրության մասին անգամ խոսք լինել չի կարող:
Այս տարի ավարտական դասարանը ռուսերենի քննությունը թելադրության տեսքով է հանձնել: Եվ վատ չի հանձնել: Ռուսաց լեզվի դասագրքերը Գալի դպրոցներ է ուղարկում Աբխազիայի կրթության նախարարությունը:
«Դա մեր երեխաների համար շատ բարդ ծրագիր է: Որովհետև ըստ էության նրանք ոչ մի լեզվի չեն տիրապետում: Երեխան դպրոց է գալիս՝ իմանալով միայն մեգրելերեն: Նրա համար ռուսերենն էլ, վրացերենն էլ՝ օտար լեզուներ են: Կարծում եմ, աստիճանաբար ամեն ինչ կստացվի ռուսերենի իմացության հարցում: Ծնողները դրանում շահագրգռված են», — ընդհանրացնում է Գալինա Իվանովնան:
Ռուսաց լեզվի և գրականության իմ գլխավոր դասախոսի անունը նույնպես Գալինա էր, բայց Ալեքսեևնա: Նա Սուխումում էր ապրում: Հետաքրքիր է՝ արդյո՞ք Թագիլոնի աշակերտները սիրում են ռուս գրականություն: Պետք է փորձել նրանց հետ շփվել:
Պատահական ներս եմ մտնում դպրոցի առաջին հարկում գտվող բաց դռներից մեկով: Մոտ 14-ամյա աղջիկներն ակտիվորեն ինչ-որ բան են քննարկում: Ինձ նկատում են և լռում: Փորձում եմ նրանց բացատրել, որ միևնույն է՝ ոչինչ չեմ հասկանում, կարող եք շարունակել: Աղջիկները սկսում են ծիծաղել և սպասում են իմ հետագա գործողություններին: «Երկա՞ր եք սպասել ամռանը», — հարցնում եմ նրանց: «Ուռա՜, արձակուրդ», — կոտրտված ռուսերենով պատասխանում է մեկը և բոլորը միասին ծիծաղում են: Ես միանում եմ համընդհանուր ուրախությանը, որը նվիրված է աշխարհի ամենասպասված արձակուրդին՝ դպրոցականին:
Դասարանի անկյունում պատի թերթերի տրցակ է: Բոլորը վրացերենով են, սակայն նկարազարդումները կենսաբանության կաբինետի տպավորություն են ստեղծում: «Ժամանակի պատիճը», — կարդում եմ կազմերից մեկի՝ ծանոթ լեզվով գրված վերնագիրը:
Այո, իրոք: Գալն իսկական ժամանակի պատիճ է: Եվ, կարծես, ինձ դուր է գալիս ժամանակ առ ժամանակ դրանով ճամփորդելը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ