Թրամփն ու Վրաստանը
«Ռուսաստանը կփոշմանի, որ աջակցել է Թրամփին»
Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը Թբիլիսիի համար գլուխկոտրուկ դարձավ. ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ նոր նախագահի արտաքին քաղաքականությունը: Չի՞ փոխի նա արդյոք վերաբերմունքը Թբիլիսիի հանդեպ, որը մինչ այժմ ԱՄՆ գլխավոր դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է Կովկասյան տարածաշրջանում:
JAM-news-ը ներկայացնում է վրացի փորձագետների առավել հետաքրքիր մեկնաբանությունները:
Բաթու Քութելիա, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան. «Սկբնական շրջանում մենք, հնարավոր է, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձի ականատես լինենք, սակայն այն կբախվի գլխավոր արժեքների այն տարբերությանը, որոնք միմյանցից բաժանում են ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական աշխարհները: Օրինակի համար կարող ենք հիշել, որ վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ բոլոր նախագահները սկզբնական փուլում ձգտում էին կարգավորել Ռուսատսանի հետ հարաբերությունները: Երբ, օրինակ, Ջորջ Բուշը նայում էր Պուտինի աչքերի մեջ կամ Օբամայի «վերբեռնումը»: Հետո հարաբերությունները փոխվում են Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի պատճառով:
ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունները զարգանում են արդեն մեկ քառորդ դար: Վարչակարգերը փոխվում էին, և նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ տարբեր կերպ էին դասավորվում, և նույնիսկ նույն վարչակարգը տարբեր փուլերում տարբեր հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ:
ԱՄՆ նախագահը շատ ուժեղ ինստիտուտ է և որոշակի առումով կանխորոշում է երկրի արտաքին քաղաքականությունն ու նախանշում առաջնահերթություններն անվտանգության հարցերում: Այդ պատճառով էլ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը բնականաբար, կախված է հենց իրենից և իր թիմի հայացքներից»:
Նոդար Խարշիլաձե, Ալեքսանդր Ռոնդելիի հիմնադրամի ավագ հետազոտող. «Կարճաժամկետ հեռանկարում ինչ-որ փոփոխություններ քիչ հավանական են, քանի որ Թրամփին ժամանակ է պետք արտաքին քաղաքական ռազմավարության ձևավորման համար, սակայն երկարաժամկետ հեռանկարում, իմ կարծիքով, բոլոր սցենարներով Թրամփն ավելի ակտիվ քաղաքականություն է վարելու, քան Օբաման: Եթե ուսումնասիրենք նրա նախընտրական ծրագիրը, ապա այն ավանդական է, հանրապետականներին բնորոշ, որի գլխավոր գիծն անվտանգությունն է: Այդ պատճառով էլ պետք է սպասել ռազմական և անվտանգության ոլորտում ԱՄՆ համագործակցության ակտիվացում Վրաստանի և այլ տարածաշրջանների հետ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա կարճաժամկետ հեռանկարում որոշակի հայտարարություններ կհնչեն, որոնցում Պուտինին զիջելու մտադրություններ կնկատվեն, սակայն երկարատև հեռանկարում Ռուսաստանը դեռ կփոշմանի, որ աջակցել է Թրամփին: Թրամփը Ռուսաստանի համար բոլոր հնարավոր նախագահներից ամենաբացասականը կլինի: Հիլարի Քլինթոնը կանխագուշակելի, խիստ ռացիոնալ քաղաքական գործիչ է, իսկ Թրամփը ոչ մի բանում չի զիջի Պուտինին, և Ռուսաստանն այդ հարցում սին պատրանքներ ունի: Կարծում եմ՝ համաձայն եք, որ Թրամփը ոչ մի կերպ զիջող մարդու տպավորություն չի թողնում: Նա չի զիջի ոչ մի հարցում, որը վերաբերում է Ամերիկայի ռազմավարական հետաքրքրություններին: Նա փորձառու առևտրական է և մարդկային տեսակի առումով Պուտինից բնավ թույլ չէ:
Մենք պետք է տարանջատենք Թրամփի արշավը Թրամփից: Նա ինքն է այն բնութագրել որպես հակաիսթեբլիշմենթ: Եվ Պուտինին վերաբերող հայտարարություններն այդ արշավի մի մասն էին: Քանի որ Քլինթոնն ու Օբաման հակապուտինյան հայտարարություններով էին հանդես գալիս, Թրամփը հակառակն էր անում: Դա նրա դերի մի մասն էր:
Թենգիզ Փխալաձե, Վրաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական. «ԱՄՆ հետաքրքրությունը Վրաստանի հանդեպ երկարաժամկետ բնույթ է կրում: Անկախություն ձեռք բերելուց ի վեր 25 տարվա ընթացքում մենք ուշադրության և օգնության պակաս չենք զգացել ոչ դեմոկրատներից, ոչ էլ հանրապետականներից: Եվ այն, թե ինչպես մենք դա կօգտագործենք, կախված է միայն մեզնից:
Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի նախագահ կլինի Թրամփը: Այդ մարդը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Նախընտրական քարոզարշավն ու իրական քաղաքական գործողությունները հաճախ են տարբերվում միմյանցից: Կասեմ միայն, որ մարդը, որն իր կյանքում մի քանի անգամ կարողացել է ոտքի կանգնել և արդյունքում հաղթել ԱՄՆ նախագահի ընտրույթուններում, իրոք հարգանքի արժանի է: Թրամփի հաղթանակը ևս մեկ դաս եղավ. եթե ուզում ես ժողովրդի ընտրյալ լինել, պետք է ժողովրդի հետ լինես, հասկանաս նրա խնդիրներն ու խոսես նրա լեզվով: Այո, նրա լեզվով, այլ ոչ թե ամենագետ ինտելեկտուալի բարձունքից:
Գիա Խուխաշվիլի, քաղաքական մեկնաբան. «Լպստած իմիջով սովորական քաղաքական գործիչը չէր կարող նման հեղափոխական արդյունքի հասնել: Նախընտրական ծրագրի շրջանակում Թրամփը ստիպված էր որոշակի էքսցենտրիկ պահվածք դրսևորել կարծրատիպեր կոտրելու համար: Գլխավորն այն է, որ աշխարհն ընդհանուր է փոխվում, ժողովուրդը վերադարձնում է իշխանությունը և հրաժարվում գլոբալ նախագծերից, հենց դա է ամենահեղափոխական շրջադարձը, որն ամբողջությամբ փոխում է աշխարհը:
Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես են զարգանալու վրաց-ամերիկյան հարաբերությունները նախագահ Թրամփի օրոք, ապա չեմ կարծում, որ ԱՄՆ վերաբերմունքը Վրաստանին և քաղաքականությունը փոխվեն, դա մեծապես կախված է ավելի շատ մեզնից, քան ԱՄՆ-ից: Մեզնից է կախված այն, թե որքանով մենք ԱՄՆ-ին պետք կլինենք ռազմավարական գործընկերությունը շարունակելու համար:
Թրամփը Վրաստանում
«Վրաստանը փոքրիկ հրաշք է: Դա աշխարհի ամենազարմանահրաշ վայրերից է», — այս խոսքերը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ասել է 2012թ-ին Վրաստանում:
Ամերիկացի միլիարդատեր, անշարժ գույքի մագնատ Դոնալդ Թրամփը Վրաստան է եկել 2012թ-ի ապրիլին այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրավերով և Բաթումիում մասնակցել է «Թրամփթաուեր» նախագծի ներկայացմանը: Նախագիծը չկայացավ, սակայն այդ այցը պատմական դարձավ.
Վրաստան կատարած իր այցի ժամանակ Թրամփը այցելեց Թբիլիսիի տեսարժան վայրերը, եղավ նախագահական պալատում, մեկնեց Բաթումի և Վրաստանի նախագահի կողմից պարգևատրվեց Փառահեղության շքանշանով: Երեկ սոցցանցերում կատակում էին, թե պատմության մեջ առաջին անգամ Ամերիկայի նախագահ է դարձել մի մարդ, որը վրացական շքանշան ունի:
Այդ պատճառով էլ ոչ ոք չզարմացավ, որ դեռ ոչ բոլոր նահանգներում էին ձայներն ամբողջությամբ հաշվարկվել, իսկ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում Դոնալդ Թրամփի հետ նկար տեղադրեց՝ ուկրաիներեն լեզվով գրառմամբ:
«Ես նրան ճանաչում եմ ավելի քան 20 տարի, մենք ընկերություն ենք անում: Ես սա կանխատեսում էի: Նա ուժեղ մարդ է՝ անկանխատեսելի քաղաքականությամբ: Նրա հետ պետք է ավելի զգույշ և կազմակերպված լինել, քան երբևէ»:
Սահակաշվիլիի խոսքով, «Թրամփը դետալների վրա ուշադրություն դարձնող մարդ է, որին հետաքրքրում է ցանկացած մանրուք»:
«Բաթումում եղած ժամանակ նա հետաքրքրվել է, թե ինչպես են լուսավորվում արմավենիները: Նա մանրամասներն էր հարցնում այն ընկերության մասին, որը դա արել էր, պարամետրերը: Իսկ հետո նա նույն լուսավորությունն անցկացրեց իր մոտ՝ Ֆլորիդայում…» — հիշել է երեկ Սահակաշվիլին «Ռուսթավի — 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մի քանի ամիս առաջ ես իմ գրքում գրել էի, որ նախագահական ընտրություններում ամենայն հավանականությամբ Թրամփն է հաղթելու: Թրամփը շատ տաղանդավոր և խելացի մարդ է, որի ինտելեկտն ըստ արժանվույն չեն գնահատում», — ընդգծել է նա: