«Հայ-իրանական կապերը չեն լինի սակարկման առարկա»․ «Թրամփի ուղին» ու Թեհրանի դիրքորոշումը
«Թրամփի ուղին» ու Իրանի դիրքորոշումը
Օգոստոսի 18-19-ը պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հաղորդվել է, որ ացի շրջանակներում տեղի է ունենալու հայ-իրանական գործարար համաժողով, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր։
«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն լինի աշխարհաքաղաքական սակարկումների առարկա»,- Փեզեշքիանի այցին ընդառաջ IRNA գործակալության հետ զրույցում նման ուղերձ է հղել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նրա բնորոշմամբ՝ Փեզեշքիանի «պատմական և երկար սպասված այցը կամրապնդի երկու երկրների քաղաքական մտերմությունը և կբացի տնտեսական համագործակցության նոր ուղիներ»։
Կոստանյանը օրեր առաջ Թեհրան էր մեկնել՝ հանդիպելու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին և ներկայացնելու Վաշինգտոնում Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ «Թրամփի ուղի» ծրագիրը։
«Թրամփի ուղի»-ն Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման ծրագիր է, որը Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում համաձայնեցրել են Թրամփի միջնորդությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն հիմնված է Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, այսինքն՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը դեմ էին արտահայտվում Ադրբեջանի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահանջին, որն իրենից ենթադրում էր արտատարածքային ճանապարհի տրամադրում։
«Տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկա-հայկական ընկերություն է այդ ճանապարհը կառուցելու»,- վաշինգտոնյան հանդիպումից հետո հայտարարել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է՝ ՌԴ-ից հնչում են «լացակումած մեկնաբանություններ», ստեղծվում է տպավորություն, թե «կա մի հանրույթ, որի անդամներն ավելի մեծ եռանդով են փորձում «պաշտպանել» Իրանի շահերն ու կարմիր գծերը, քան հենց իրենք՝ իրանցիները»։
Երևանի և Թեհրանի հայտարարությունները, փորձագիտական կարծիք
- «Պատմական գագաթնաժողով»․ Երևանն ու Բաքուն Թրամփի միջնորդությամբ փաստաթղթեր ստորագրեցին
- Ի՞նչ կշահի և ի՞նչ կկորցնի Վրաստանը․կարծիքներ Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
- «ՀՀ-ն դուրս է գալիս մեկուսացումից»․ կարծիք՝ Վաշինգտոնում սպասվող հանդիպման մասին
Իրանական կողմը՝ «արտաքին միջամտության բացասական հետևանքների» մասին
Ինչպես աշխարհի շատ երկրներ, այնպես էլ Իրանը վաշինգտոնյան համաձայնություններից հետո ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Պաշտոնական Թեհրանը, սակայն, մտահոգություն էր հայտնել ընդհանուր սահմանների մոտ «ցանկացած տեսակի արտաքին միջամտության բացասական հետևանքների» վերաբերյալ և հավելել՝ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը կարող է խաթարվել։
«Հաղորդակցության ուղիների բացումը և տրանսպորտային ցանցերի ապաշրջափակումը կծառայեն տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն փոխադարձ շահերի, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի շրջանակներում՝ առանց արտաքին միջամտության»,- ընդգծել էր Իրանի ԱԳՆ-ն։
Ավելի ուշ մեկնաբանություններով էին հանդես եկել նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված Իսլամական Հանրապետության պահանջները հաշվի են առնվել»,- լրագրողներին ասել էր Իրանի նախագահը։
ԱԳ նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում նշել էր՝ մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները հարգվել են․
«Ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը այս նախագծում մտահոգության առիթ է Իրանի համար, և այս հարցը քննարկվել է կողմերի հետ։ Զարգացումներին ուշադիր հետևում ենք»:
Հիշեցնելով Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի սկզբունքները՝ Արաղչին արձանագրել էր՝ դրանք համապատասխանում են Իրանի դիրքորոշումներին։
«Միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում»,- հայտարարել էր արտգործնախարարը։
Հայկական և իրանական կողմերը նաև հեռախոսազրույցներ էին ունեցել։ Մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը Իրանի նախագահ Փեզեշքիանին շնորհակալություն էր հայտնել «վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար»։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջը՝ Աբբաս Արաղչիին շնորհակալություն էր հայտնել «սկզբունքային անդրադարձի» համար:
«Թեհրանի մտահոգությունները հասցեագրվել են»․ ՀՀ փոխարտգործնախարար
IRNA գործակալության հետ զրույցում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասել է՝ «Թրամփի ուղի» ծրագրի վերաբերյալ նախնական բանակցություններում հաշվի են առնվել «ԱՄՆ դերի շուրջ Թեհրանի մտահոգությունները»։ Տեղեկացրել է՝ նախագծի որոշ մանրամասներ արդեն համաձայնեցված են։
«Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաշխվեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև: Բայց դա չի նշանակում ԱՄՆ անվտանգության ներկայություն տարածաշրջանում: Մենք հասկանում ենք, որ սա իրանական կողմի հիմնական մտահոգություններից մեկն է եղել։ Կարծում եմ՝ այս մտահոգությունը հասցեագրվել է»։
Փոխատգործնախարարի խոսքով՝ Թեհրանի հիմնական մտահոգություններից է նաև Իրան-Հայաստան պատմական սահմանը։ Ասում է՝ այն «ոչ մի դեպքում չի փոխվի» և հավելում՝ ՀՀ-ն իրանական կողմին տվել է անհրաժեշտ երաշխիքներ։
«Մեզ համար Իրան-Հայաստան սահմանի և դրա անցակետերի անխափան և անխոչընդոտ գործունեությունը ապրանքների և ուղևորների տեղաշարժի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այս առումով որևէ խոչընդոտ չենք սպասում: Հաղորդակցության ուղիների բացումը կիրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, ինչն ինքնին ևս մեկ երաշխիք է»,- նկատել է Կոստանյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Իրանում էր օգոստոսի 12-13-ը։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի, միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:
ԱԳՆ փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում Կոստանյանը շեշտել է՝ Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը՝ վերահաստատելով, որ «Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը»։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից հետո Իրանում իսկապես նկատվում էր որոշակի անհանգստություն։
«Վարչապետ Փաշինյանը Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ, իսկ ԱԳ նախարար Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ հեռախոսազրույցներում ներկայացրին վաշինգտոնյան փաստաթղթերի էությունը, իսկ հաջորդ օրը ԱԳ փոխնախարար Կոստանյանը մեկնեց Իրան և հանդիպումներ ունեցավ մի շարք պաշտոնյաների հետ, Իրանի պաշտոնական շրջանակների ըմբռնումը դարձավ ավելի նկատելի»,- գրում է Ղևոնդյանը։
Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմն իրանցի գործընկերներին հավաստիացրել է՝ Սյունիքով անցնող ճանապարհներին վերաբերող համաձայնություններն ամբողջապես հաշվի են առնում Թեհրանի շահերն ու մոտեցումները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News-ի հետ զրուցում ընդգծել է՝ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ ՌԴ համար:
«Երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ՝ Իրանը հնարավորություն կունենա երկաթուղով Պարսից ծոցից հասնել Սև ծով, իսկ ՌԴ-ն ու Իրանը կկարողանան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջև։ Եթե կենտրոնանանք համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր օգուտներ»,- հայտարարել է Փաշինյանը։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ում և Ռուսաստանում կան առանձին շրջանակներ, որոնք իրանցիներից «ավելի մեծ եռանդով» են փորձում պաշտպանել Իրանի շահերը։ Փորձագետի խոսքով՝ ՌԴ շահերի ոտնահարման մասին «լացակումած մեկնաբանությունները» զուգորդվում են հետևյալ «զգուշացումներով»՝
- «Թեհրանի համար աշխարհաքաղաքական ռիսկեր են գոյանում»,
- «Իրանի հետ Հայաստանի սահմանը կհայտնվի արտաքին հսկողության տակ»,
- «Հայաստանն իր ցամաքային տրանսպորտային երթուղիները դեպի Իրան հանձնեց ամերիկյան մասնավոր ընկերության»։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ նման թեզեր են տարածում մի շարք ռուս փորձագետներ, քաղաքական գործիչներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՌԴ-ում ապրող հայեր․
«Նման արձագանքին ձայնակցում են հայաստանյան քաղաքական և վերլուծական դաշտի ներկայացուցիչները, որոնք կարևոր են համարում նկատել Իրանի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, հոգեբանական, տնտեսական «ֆունդամենտալ» խնդիրները, որոնք ոչ միայն մեծ արհավիրքներ են առաջացնելու Իրանի համար, այլև «հանգեցնելու են Հայաստանի դանդաղ մահվան»»։
Ըստ նրա՝ այդ նույն մարդիկ չէին անհանգստանում այն ժամանակ, երբ «Ռուսաստանը փորձում էր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մանիպուլացմամբ կտրել Հայաստանը Իրանից»։
Քաղաքագետի բնորոշմամբ՝ Երևանում և Մոսկվայում «խիստ անհանգիստ» գործիչները փորձում են իրանցիներին «բացատրել» իրենց իրական շահերը։ Ասում է՝ ժամանակը ցույց կտա՝ կստացվի՞, թե՞՝ ոչ։
«Իսկ մինչ այդ, վստահ ենք․ եթե վաշինգտոնյան համաձայնություններն ի կատար ածվեն, հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ամբողջական ապաշրջափակումը կհանգեցնի անվտանգության ռիսկերի նվազման ու տնտեսական զարգացման համընդհանուր հնարավորությունների կտրուկ ավելացման»,- ամփոփել է Ղևոնդյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Թրամփի ուղին» ու Իրանի դիրքորոշումը