Թրամփի ուշադրությունը կշեղվի՞ Ուկրաինայից դեպի Կովկաս․ կարծիք Երևանից
Թրամփը ստանձնեց պաշտոնը․ ի՞նչ զարգացումներ սպասել
«Հասկանալով, որ չի կարողանում արագ լուծել ռուս-ուկրաինական պատերազմի հարցը, Թրամփը կարող է ուշադրությունը շեղել Պանամայի, Գրենլանդիայի, ինչու ոչ, նաև Հարավային Կովկասի վրա»,- ասում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։
«Շանթ» հեռուստաընկերության եթերում Դալլաքյանը նկատել է՝ Դոնալդ Թրամփը շատ է խոսում Նոբելյան մրցանակ ստանալու ցանկության մասին։ Եվ կարող է այդ նպատակին հասնելու համար լուծել մեկ այլ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Ասում է՝ դա կախված է նաև ՀՀ ղեկավարության ճիշտ աշխատանքից։
Շեշտում է՝ ԱՄՆ-ն ունի Հարավային Կովկասում իրական խաղաղության հասնելու լծակներ։ Ու Թրամփը կարող է կարգավորման փորձ անել։ Հիշեցնում է՝ ԱՄՆ նախագահը բազմիցս է խոսել հակամարտության կարգավորման, այն «քրիստոնյաների իրավունքների սահմանում լուծելու» մասին։
Քաղաքագետն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հնարավորությանը, ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններին, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը։
Թրամփը չի տեղավորվի «Պուտինի պահանջների նավում»
Աշխարհին հուզող առանցքային հարցերից մեկն այսօր հետևյալն է՝ արդյո՞ք ԱՄՆ նոր նախագահին կհաջողվի կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմն ու նպաստել Մոսկվայի և Կիևի միջև համաձայնության ձեռքբերմանը։ Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը մատնանշում է շրջանառվող սցենարներից երկուսը.
- «կզինեն Ուկրաինային այնքան, որ ՌԴ-ն համաձայնի բանակցել,
- Ուկրաինային չեն զինի, եթե չհամաձայնի բանակցել Ռուսաստանի հետ»։
Քաղաքագետը, սակայն, չի կարծում, թե ամեն բան այդքան պարզ է։ Շեշտում է՝ ԱՄՆ կոնգրեսում կան դեմոկրատներ և հանրապետականներ, որոնք կողմ են արտահայտվում Ուկրաինային շարունակական օգնության տրամադրմանը։ Բացի այդ, կա նաև իմփիչմենթի գործիք, որին երկու անգամ առնչվել է նաև ինքը՝ Դոնալդ Թրամփը։
«Չեմ կարծում, որ Թրամփն իրեն ամբողջովին տեղավորի Պուտինի պահանջների նավում։ Երբ ասում են՝ վերջ, իրենք կհանդիպեն և կկիսեն աշխարհը, ես դա մի քիչ ֆանտաստիկ եմ համարում»,- ասել է նա։
Վաշինգտոնն Իրանի դեմ պատերազմ չի ուզում
Լիլիթ Դալլաքյանի դիտարկմամբ՝ Նահանգներն Իրանի դեմ պատերազմ չի ուզում։ Պատերազմի կողմնակից չէ նաև նոր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Չեմ կարծում, թե Թրամփը թողնելու է, որ Իսրայելը ինչ ուզի, անի, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին»,- նշել է նա։
Ըստ Դալլաքյանի՝ ԱՄՆ-ն փորձում է՝ հռետորաբանությունը կոշտացնելով, Իրանին բերել միջուկային գործարքի վերականգնման դաշտ, այդ թվում՝ պատժամիջոցները հանելու համար, քանի որ իրանական գազը կարևոր է Եվրոպայի շուկայի համար։
Քաղաքագետի գնահատմամբ՝ եթե ԱՄՆ վարչակազմը մի փոքր թուլացնի ճնշումը, Իրանը կցանկանա դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը։
Կարծում է՝ Թեհրանը ստիպված է գնացել Մոսկվայի հետ ռազմավարական գործակցության փաստաթղթի ստորագրման։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ իրանական տնտեսությունը «կատաստրոֆիկ» վիճակում է, և երկիրն ուզում է օգտվել ԵԱՏՄ շուկայից․
«ՌԴ հետ փաստաթղթի ստորագրումը բացասական ազդակ է Արևմուտքին։ Գիտենք, որ Թեհրանը բանակցություններ է վարում Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ՝ պատժամիջոցները հանելու հետ կապված»։
Դալլաքյանի փոխանցմամբ՝ այդ փաստաթուղթը ԱՄՆ նոր վարչակազմին ուղղված դրական ազդակ չէ նաև ՌԴ համար, քանի որ «Պուտինը ցանկանում է Թրամփի հետ պայմանավորվել, իսկ նա Իրանն ԱՄՆ թշնամի է համարում»։
Երևանը պետք է աշխատի ԱՄՆ-ի բոլոր ինստիտուտների հետ
Խոսելով օրեր առաջ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության մասին՝ Լիլիթ Դալլաքյանը նկատել է՝ նոր վարչակազմի օրոք գործակցությունը կշարունակվի նույն կերպ, եթե ապահովված լինեն մի շարք գործոններ։ Մատնանշում է, մասնավորապես՝ հայկական լոբբինգի առկայությունը Կոնգրեսում։ Հիշեցնում է՝ կան սենատորներ, որոնք աշխատել և աշխատում են Հայաստանի հետ, և ամենակարևորը՝ կան ինստիտուտներ․
«Բոլոր ինստիտուտների հետ՝ Պենտագոնից մինչև Պետդեպարտամենտ պետք է աշխատել»,- շեշտում է նա։
Քաղաքագետի խոսքով՝ հնարավոր է, որ 100 տոկոսանոց դրական արդյունք չունենանք, բայց գոնե կիմանանք, որ «մեր մասով աշխատանքը կատարված է»։
Անհրաժեշտ է համարում նաև այն, որ Թրամփի հետ շփումներում ՀՀ իշխանությունները պարբերաբար հիշեցնեն տարածաշրջանում Վաշինգտոնի շահերի մասին և հույսը չդնեն նոր նախագահի թիմի վրա։
«Փաշինյանի խնդիրն է փորձել Թրամփի հետ շփումներում ներկայացնել ԱՄՆ-ի շահը Կովկասում»,- հայտարարել է նա։
Առանց ԱՄՆ «թույլտվության» Ֆրանսիան ու Հնդկաստանը զենք չէին տա ՀՀ-ին
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի համոզմամբ՝ պարտադիր չէ, որ ՀՀ-ում ՆԱՏՕ զորքեր լինեն, որ մարդիկ իրենց պաշտպանված զգան։
«Նահանգներից սահմանային անվտանգության հարցերով թիմ է ժամանելու Հայաստան, երկիրը էներգետիկ դիվերսիֆիկացիա է իրականացնում»,- ընդգծել է նա։
Դալլաքյանի գնահատմամբ՝ Ալիևը գիտի, որ միայնակ՝ առանց այլ երկրների աջակցության, չի կարող պայքարել ՀՀ դեմ, եթե, իհարկե, չեզոքացվեն այն ռիսկերը, որոնք կարող են լինել Ռուսաստանից։
Անդրադառնալով ԱՄՆ-ից զենք-զինամթերքի մատակարարման հարցին՝ նկատել է՝ չի կարելի ասել, որ Նահանգները ՀՀ-ին ռազմական օգնություն չի տրամադրում։
«ԱՄՆ դաշնակից Ֆրանսիան, Հնդկաստանը առանց Նահանգների «թույլտվության» երբեք զենք չէին վաճառի ՀՀ-ին, միջնորդավորված մեզ զենք են տրամադրում։ Այսինքն՝ պետք չէ ասել՝ այս փաստաթղթում չկա, որ մեզ զենք են տալիս, ուրեմն մենք պաշտպանված չենք»,- մանրամասնել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թրամփը ստանձնեց պաշտոնը․ ի՞նչ զարգացումներ սպասել