Ադրբեջանի ինչի՞ն է պետք թուրք զինծառայողների տեղակայումը ղարաբաղյան գոտում․ մեկնաբանություն Բաքվից
Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման պահից Ադրբեջանում սպասում են թուրք զինծառայողների ժամանմանը։ Նրանք իրենց ռուս գործընկերների հետ պետք է ներկայացված լինեն համատեղ մոնիթորինգային կենտրոնի կազմում։
- Հայաստանի ընդդիմությունն առաջարկում է երկրում ռուսական նոր ռազմաբազա ստեղծել
- Արցախ․ ի՞նչ է սպասվում «նոր» և «հին» փախստականներին
Ըստ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ համաձայնագրի՝ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի խնդիրն Արցախում հրադադարի պահպանման և խաղաղապահ ուժերի գործողությունների վերահսկումն է։
Ըստ վերջին տվյալների՝ կենտրոնում ծառայելու է 60 թուրք զինծառայող։ Նրանցից 25-ն արդեն Ադրբեջանում են։
Քաղաքագետ Շահին Ջաֆարլին մեկնաբանել է տարածաշրջանում թուրքական բանակի ներկայացուցիչների ակնկալվող տեղակայումն ու այդ քայլի հնարավոր արդյունքները։
«Ղարաբաղում թուրքական բանակի տեղակայման հարցը շատ է քննարկվում Ադրբեջանում և օրակարգում է նոյեմբերի 10-ից։ Հասարակությունն անհամբեր սպասում է թուրք զինվորներին Ղարաբաղում և ցանկանում է դա։
Ինչո՞ւ։ Որովհետև անվստահություն կա Ղարաբաղում ռուս խաղաղապահների (և ընդհանրապես Ռուսաստանի քաղաքականության) նկատմամբ, և ադրբեջանցիները կարծում են, որ այնտեղ թուրք զինվորների տեղակայմամբ կարող են չեզոքացնել ռուսների գործողություններից բխող սպառնալիքը իրենց շահերին։
Անկասկած, անվստահությունն ու անհանգստությունը հիմնված են իրական պատճառների վրա, սակայն մենք պետք է նաև հասկանանք այն ռիսկերը, որոնք ուղեկցում են այն ուղին, որը մեզ խնդիրների լուծում է թվում։
Եթե թուրք զինվորները ռուսների հետ մասնակցեին խաղաղապահ գործունեությանն ու նրանց հետ հավասար իրավունքներ ու պարտականություններ ունենային, ապա խնդիրներ չէին առաջանա։ Բայց դա այդպես չէ։ Խոսքն ընդամենը թուրք և ռուս զինվորականների ներկայացվածության մասին է հրադադարի մոնիթորինգի կենտրոնում։ Այն տեխնիկական կառույց է, որը ոչ մի լիազորություն չունի ոչ քաղաքական, ոչ էլ խաղաղապահ գործողության կառավարման առումով։ Կենտրոնը մոնիթորինգ է իրականացնելու տեխնիկական միջոցներով՝ հիմնականում ԱԹՍ-ներով։ Արդյո՞ք թուրք զինծառայողները հնարավորություն կունենան ֆիզիկապես և անմիջականորեն տարածքում մոնիթորինգ իրականացնելու։ Սա դեռ հայտնի չէ (կասկածում եմ, որ ռուսները նրանց նման հնարավորություն տան)։
Ադրբեջանում մեծամասնությունը հետևյալ տեսակետին է հակված․ եթե թուրք զինվորականները չեն կարող մասնակցել խաղաղապահ առաքելությանը, ու ռուսները շարունակելու են Խանքենդիում գործել, ինչպես ուզենան, թուրք զինվորները որպես հավասարակշռող ուժ պետք է ադրբեջանցի զինծառայողների հետ միասին կանգնեն շփման գծում Շուշայում, Հադրութում և այլ կարևոր ուղղություններում։ Այլ կերպ ասած՝ առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու էլ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ինքնուրույն նոր ստատուս քվո ստեղծել, ցույց տալ իրենց հզորությունը։
Այս միտքն ականջին հաճելի է և հանգստություն է ներշնչում։ Սակայն մենք պետք է սառնասրտորեն մտածենք նաև նման քայլերի բացասական հետևանքների մասին։
Նախևառաջ, նման իրավիճակի ստեղծումը նշանակում է, որ մենք ընդունում ենք ղարաբաղյան հողերի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողության գոտիների, ինչպես Բեռլինն ու Գերմանիան երկրորդ աշխարհամարտից հետո․․․ Ընդունում ենք, որ Ռուսաստանը հայերի հովանավորն է, Թուրքիան՝ մեր, և այս երկու երկրներն այդ խնդիրները կատարում են լիովին օրինական հիմքերով։ Նման իրավիճակը փաստացի Լեռնային Ղարաբաղի բաժանման ընդունում է, որը հետագայում կբարդացնի այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների վերականգնումը։
Երկրորդ հերթին՝ շփման գծում Թուրքիայի ռազմական ուժը տեղակայելով ռուսական ուժերին դեմ-դիմաց՝ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ չենք վստահում Մոսկվային, ավելին, ի դեմ նրա՝ սպառնալիք ենք տեսնում մեզ համար։ Որպես հասարակություն (մեծամասնություն)՝ մենք այդպես էլ մտածում ենք, սակայն պետական մակարդակով նման անվստահությունն ու ցուցադրական կասկածը կարող է ավարտվել երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունների կրճատմամբ։ Թե ինչով է սպառնում հարաբերությունների նման սառեցումը, կարծում եմ, պարզ է։
Երրորդ հերթին՝ Ղարաբաղում թուրքական բանակի լիարժեք տեղակայումն այնտեղ ռուսական բանակի ներկայության ժամանակահատվածում ողջ աշխարհի կողմից կընկալվի որպես իրական սպառնալիք հայերի համար։ Որքան էլ մենք հակառակը պնդենք, ոչ ոք մեզ չի լսելու։ Այդ դեպքում Արևմուտքը նույնպես ստիպված է լինելու սատարել Ռուսաստանի ռազմական ներկայությունը, խաղաղապահ գործունեությունը տարածաշրջանում լեգիտիմություն է ստանալու և անգամ դրա երկարաձգման համար հիմքեր են ստեղծվելու։ Հնարավոր է նաև, որ եթե Ռուսաստանը հանկարծ որոշի դուրս գալ տարածաշրջանից, Արևմուտքը խնդրի նրան մնալ և պաշտպանել հայ բնակչությանը…
Իրականությունն այնպիսին է, որ Ղարաբաղում առանց Ռուսաստանի հետ համաձայնեցման գործողությունները, որոնք նրա շահերին կարող են սպառնալ, նման են ականապատ տարածք ոտք դնելուն։
Միաժամանակ, այս հարցը մեկ այլ կարևոր կողմ ունի, և այն հաճախ լուրջ չի ընդունվում մեր հասարակության կողմից․
— արդյո՞ք Թուրքիան իրեն տեսնում է այդ դերում, որը մենք նրան վերագրում ենք,
— արդյո՞ք Թուրքիան հակված է համագործակցելու Ռուսաստանի հետ, թե՞ մրցակցել և առճակատման գնալ։
Նրանք, ովքեր քննարկում են այս թեման, պետք է մտածեն նաև այս հարցերի մասին։
Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ ռուսական խաղաղապահ ուժերն այնտեղ են տեղակայվել առանց Թուրքիայի իմացության։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր էր, արդյոք, նման բան մի գործընթացի արդյունքում, որում Թուրքիան այդքան ակտիվ էր։ Կարծում եմ՝ ոչ։ Չի բացառվում, որ նրանց միջև որոշակի համաձայնություն կամ ընդհանուր կարծիք կա այս հարցի վերաբերյալ։ Այդ համաձայնությունը կամ փոխըմբռնումը կարող է կարճաժամկետ-մարտավարական բնույթ կրել (օրինակ՝ կրել մտադրություններ Հարավային Կովկասի կամ Սիրիայի վերաբերյալ) կամ երկարատև-ռազմավարական բնույթ՝ ավելի լայն աշխարհագրությամբ… (սրանք պարզապես իմ ենթադրություններն են)։ Այս երկու պետությունները շատ տարածաշրջաններում ունեն հատվող և չհամընկնող շահեր, սակայն երկու երկրների առաջնորդները կառուցողական են տրամադրված, ձգտում են թույլ չտալ, որ առանձին հարցերում մրցակցությունը փչացնի իրենց հարաբերությունները։
Թուրքիայում ոչ մի ուժ Ռուսաստանի հետ բախման, առճակատման կողմնակից չէ, և անհիմն արմատականությունն ու ագրեսիվությունն արտաքին քաղաքականությունում աջակցություն չեն գտնում թուրք հասարակությունում (բացառությամբ ահաբեկչության դեմ պայքարի)։
Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանն ի վիճակի չէ միայնակ դիմակայել բոլոր սպառնալիքներին տարածաշրջանում, այդ պատճառով էլ ուզում ենք, որ Թուրքիան մեզ իր թևի տակ առնի և պաշտպանի այդ սպառնալիքներից, մեր երկրի տարածքային ամբողջականության երաշխավորի դերը ստանձնի։ Իրականում, այս հարցում մենք որևէ խնդիր չունենք։ 2010 թ-ին ստորագրած «Ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագրի առաջին և երկրորդ կետերն այդ իրավունքը տալիս են։ Եթե որևէ երկիր սպառնում է Ադրբեջանին կամ նրա դեմ կոշտ ուժ է կիրառում, նման դեպքում Ադրբեջանի դիմումը Թուրքիային բավական է ռազմական միջամտության համար (ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 2020 թ-ի ամռանը տեղի ունեցած զորավարժություններից հետո մեր երկրում որոշակի թվով թուրք զինծառայողներ են մնացել)։
Սակայն իրատես է պետք լինել։ Մենք պետք է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ճիշտ մակարդակում պահենք, որ նա Ղարաբաղում չներդնի Աբխազիայում և Հարավային Օսիայում կիրառած սեցեսիայի մոդելն ու մեխանիզմները:
Եվ վերջում ուզում եմ շատ կարևոր բան նշել։
Իհարկե, մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն մեր ողջ էներգիայի ուղղորդումը զօրուգիշեր և անդադար միայն այս հարցին՝ կարող է մեզ շեղել մյուս ոչ կարևոր նպատակներից։ Այո, ադրբեջանական բանակը մեծ հաղթանակ է տարել և ազատագրել է հողերի մի մասը, որոնք օկուպացված էին։ Այժմ այս խնդիրը շատ ավելի փոքր տարածքում սառեցվում է Ռուսաստանի կողմից։ Սակայն սա չի խանգարում Ադրբեջանին արմատական բարեփոխումներ անցկացնել, փոխել երկիրն ու զարգացնել այն։ Մենք չպետք է մոռանանք մեր մյուս խնդիրների մասին և չենք կարող դրանք անուշադրության մատնել», — գրել է Ջաֆարլին ֆեյսբուքյան իր էջում։