Մահվան դեպքեր, նստարանների ապամոնտաժում և տարեցների հարկադիր ախտահանում․ կորոնավիրուսը Թուրքիայում
Թուրքիայում կորոնավիրուսից 59 մարդ է մահացել մարտի 26–ի առավոտվա դրությամբ, հիվանդ է 2,433 մարդ։ Մեկ օրում գրեթե 600 մարդ է վարակվել։
Կեսգիշերային թվիթ՝ նախարարից
Թուրքիայում համաճարակի վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է առողջապահության նախարար Ֆահրեդին Քոջին։ Վերջին հաղորդագրությունը․ թեստավորվել է շուրջ 30 հազար մարդ, որոնց մոտ COVID-19 է կասկածվում։
Հերթական տվյալների հայտարարումը յուրօրինակ «Х ժամ» է դարձել երկրի համար։ Տեղական ժամանակով հենց կեսգիշերին է առողջապահության նախարարն ամեն օր իր Թվիթերում հրապարակում հիվանդության մասին վիճակագրական տվյալները։
Յուրաքանչյուր այդպիսի թվիթն ակնթարորեն դառնում է սոցցանցերի հիթ։ Օրինակ՝ Քոջիի վերջին թվիթը մի քանի ժամում ավելի քան 220 հազար լայք և ավելի քան 35 հազար ռեթվիթ է հավաքել։
Թուրքիայում վարակի վտանգների մասին առաջին անգամ սկսել են խոսել մարտի 12–ին։ Հենց այդ օրն է առողջապահության նախարարությունը հաղորդել երկրի տարածքում վարակման առաջին դեպքի մասին։
Զուգարանի թղթի պակաս Թուրքիայի բնակիչներին չի սպառնում
Այդ հաղորդագրությունից հետո Թուրքիան շատ սեղմ ժամկետներում փակել է սահմանները գրեթե բոլոր հարևան երկրների հետ։ Թուրքիայի՝ արտասահմանից ժամանող քաղաքացիները կարանտինի տակ էին առնվում։
Կորոնավիրուսի առաջին դեպքերը հայտնաբերվել են թուրքերի մոտ, որոնք ժամանել էին Սաուդյան Արաբիայից․ նրանք այնտեղ ումրա՝ փոքր հաջ են կատարել։
- Կորոնավիրուսը Կովկասում։ 3 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր առմամբ, 77 հիվանդ կա։ Թարմացվում է
- Մոսկվայի քաղաքապետ․ «Կորոնավիրուսով վարակվածներն իրականում զգալիորեն ավելի շատ են»
Ինչպես գրեթե բոլոր այլ երկրներում, կորոնավիրուսը Թուրքիայում խուճապի աղբյուր է դարձել, որը, նախևառաջ, արտացոլվել է զանգվածային գնումներ կատարելու մեջ։ Մեծ քաղաքներում կայծակնային արագությամբ դատարկվել են սուպերմարկետների դարակաշարերը։
Ի տարբերություն արևմտյան երկրների՝ անձնական հիգիենայի պահպանման տարբերությունների պատճառով զուգարանի թուղթ այստեղ առանձնապես ոչ ոք չի պահուստավորել։
Թուրքիայում, ինչպես արևելյան մուսուլմանական երկրների մեծ մասում, զուգարաններում օգտվում են բիդեներից։ Զուգարանի թուղթ այստեղ կարելի է տեսնել թերևս միայն հյուրանոցներում։
Փոխարենը մարդիկ զանգվածաբար գնել են մակարոնեղեն և այլ չփչացող արտադրանք։
Հասել է նրան, որ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոշոր մատակարարներին քրեական հետապնդմամբ է սպառնացել, եթե խանութներում ապրանքի ու մթերքի համալրումը դանդաղի։
Նստարանները՝ որպես չարիքի աղբյուր
Տարօրինակ միջոցներից մեկը, որը կիրառել է Թուրքիայի իշխանությունը, դարձել է այգիներում և փողոցներում նստարանների ապամոնտաժումը։ Այս յուրօրինակ ձևով քաղաքային իշխանությունները փորձում էին խոչընդոտել մարդկանց միջև շփումներին։
Տեղի բնակիչների մեծ մասն ըմբռնումով է վերաբերվել այս միջոցին։ Առանց աշխատանքի մնացած քաղաքացիները դիմադրում են կարանտինին և հաճախ ժամանակ անցկացնում փողոցում՝ զրուցելով ծանոթների հետ։
Նրանց նստարաններից զրկելն, ըստ շատերի, խոչընդոտում է համաճարակի ֆոնին այդ ծայրահեղ անցանկալի գործընթացին։
Տարեցների հարկադիր ախտահանում
Թուրքիայի իշխանությունները փակ սահմաններից բացի կանգ են առել համաճարակին դիմակայելու երկու հիմնական միջոցի վրա․ փակել են բիզնեսի որոշ տեսակներն ու կտրականապես արգելել 65 տարեկանից բարձր մարդկանց լքել իրենց տները։
Այդ պահանջի խախտման համար 3,150 լիր [մոտ $480] տուգանք է սահմանվել։
Այս արգելքի հայտարարումից անմիջապես հետո սոցցանցերում մեմեր հայտնվեցին։ Բլոգերները հիշեցնում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն 66 տարեկան է։
Սակայն ոմանք այս արգելքն ընկալել են որպես գործելու հրահանգ և սկսել փողոցներում հարձակվել տարեցների վրա, որոնք ինչ–որ պատճառով դրսում են հայտնվել։
Մեծ ռեզոնանս է առաջացրել հոգեկան հիվանդ ծերունու հետ կապված դեպքը, որին երիտասարդները կանգնեցնել են փողոցում՝ ստիպողաբար նրան դիմակ հագցրել և օծանելիք լցրել վրան։
Utandıran görüntüler!
— Ensonhaber.com (@ensonhaber) March 24, 2020
Yaşlı adamı durdurup, yüzüne zorla maske taktıktan sonra başına kolonya döktü pic.twitter.com/M4oWF3fwRx
Այս պատմությունը սոցցանցերում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել, և իշխանությունները ստիպված են եղել միջամտել իրավիճակին։ Ոչ ադեկվատ բլոգերները ձերբակալվել են, և նրանց դեմ գործ է հարուցվել։
Մզկիթներում զանվածային ծեսերի արգելք
Թուրքիայի համար աննախադեպ է մզկիթներում զանգվածային նամազի արգելքը։ Կրոնական ծեսերը մարդիկ այժմ կատարում են՝ տնից դուրս չգալով։
Սակայն վերլուծաբաններն ասում են, որ միջոցը չափազանց ուշ է ընդունվել, և, առաջին հերթին, մեղադրում են հավատացյալներին և կառավարությանը, որ երկրում սրընթաց կերպով տարածվում է կորոնավիրուսը։
«Մեծ սխալ էր այս ժամանակահատվածում թույլ տալ Թուրքիայի 21 հազար քաղաքացիների այցելել Սաուդյան Արաբիա։ Այդ ժամանակ երկրում արդեն գրանցվել էր կորոնավիրուսի պատճառով մահացության առաջին դեպքը։
Իսկ ամենագլխավորն այն է, որ փոքր հաջից վերադառնալուց հետո վերահսկողության տակ են առնվել միայն վերջին հինգ հազար վերադարցածները։ Մնացած 16 հազարը շարունակում է ազատ տեղաշարժվել երկրում», — գրում է Sözcü թերթի տեսաբան Ռահմի Թուրանը։
ԱՄՆ Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետի թուրք պրոֆեսոր Էմրա Ալտինդիսն ասել է BalkanInsight պարբերականին, որ, ելնելով վարակման դեպքերի զարգացման դինամիկայից, Թուրքիան կարող է դառնալ «երկրորդ Իտալիա» համաճարակի մասշտաբով։
«Իշխանությունները պետք է սկսեն արմատական միջոցներ ձեռնարկել», — կարծում է պրոֆեսորը։