Թուրքիայի նախագահը դեմ է Youtube-ին, Twitter-ին և Netflix-ին. ինչո՞ւ, և ո՞վ կհաղթի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արշավ է սկսել երկրում սոցիալական ցանցերը արգելելու նպատակով, առաջին հերթին Youtube-ը, Twitter-ն ու Netflix-ը, այն բանից հետո, երբ սոցցանցերում վիրավորել էին իր դստերը: Այդ նախաձեռնությունը հրահրեց նախագահի հետ զանգվածային առճակատում սոցցանցերում:
Ի՞նչ է տեղի ունեցել
Նախագահ Էրդողանը նախկինում էլ սոցցանցերում հաղորդակցության ազատության մեծ կողմնակից չէր, բայց այս անգամ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել:
Նախագահի փեսան՝ գանձապետարանի և ֆինանսների նախարար Բարատ Ալբայրաքը, հունիսի 30-ին Twitter-ում կիսվել է իր չորրորդ երեխայի (Էրդողանի ութերորդ թոռան) ծննդյան ուրախությամբ:
Շատերը շնորհավորել են նախարարին: Բայց բավական շատ բացասական մեկնաբանություններ էլ են եղել:
Օրինակ, օգտատերերից մեկը գրել է:
«Նրա բախտը բերել է, նա երբեք քաղցած չի լինի, ուտելիք չի փնտրի աղբավայրերում, նա կսովորի մասնավոր դպրոցներում… Երջանկություն, էլ բան չկա ասելու…»:
Այս հոդվածի հրապարակման պահին այդ թվիթը ստացել էր երեք հազար հավանում:
Եվս մեկ մեկնաբանություն:
«Այն ժամանակ, երբ ժողովուրդը ինքնասպանության է գնում քաղցից, թող նա ապրի, ինչպես իր հայրը, պալատներում, շքեղության մեջ, ամեն»:
Եղել են նաև շատ վիրավորական մեկնաբանություններ նախագահի դստեր՝ Էսրի Ալբայրաքի հասցեին:
Նրան սեքսիստական հարձակման են ենթարկել:
● Միասեռականությունը Թուրքիայում․ նախարարն՝ ընդդեմ իրավաբանների
● Արդյո՞ք կրկին մզկիթի կվերածվի Ստամբուլի գլխավոր տեսարժան վայրը
Արգելել և նստեցնել
Ի պատասխան՝ նախագահ Էրդողանը, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (АКР) ղեկավարն է, կազմակերպել է տեսակոնֆերանս մարզերում կուսակցական ղեկավարների հետ:
Նա առաջարկել է սոցցանցերի նկատմամբ լիակատար վերահսկողության հարցը առաջիկայում քննարկման ներկայացնել խորհրդարան:
«Հարկավոր է կարգավորել այդ հոսանքները, որոնք լի են ստերով, զրպարտություններով, մարդու իրավունքների դեմ հարձակումներով: Պետք է շտապ դա ներկայացնել խորհրդարան և խնդրել կամ ամբողջությամբ վերացնել այդ սոցիալական ցանցերը որպես հոսանքներ, կամ վերցնել դրանք հսկողության տակ»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Որպես Էրդողանի զայրույթի առարկա Թուրքիայում արդեն արգելվել են տարբեր սոցիալական ցանցեր, այդ թվում Youtube-ը և Twitter-ը, բայց հետո դրանք վերաբացվել են:
Բոլորովին վերջերս հանվել է արգելքը վերջին նման «հանցավոր» հարթակից՝ Վիքիպեդիայից:
Բայց խորհրդարանին դիմելով գործը չի վերջացել:
Էրդողանն ասել է, որ իրական կյանքում անօրինական համարվող արարքները պետք է պատժելի լինեն նաև վիրտուալ տարածքում կատարելու դեպքում:
Արդյունքում հուլիսի 2-ից Թուրքիայում մեկնաբանությունների հեղինակների ձերբակալություններ են տեղի ունենում:
Հուլիսի 4-ի դրությամբ հայտնի է արդեն 16 մարդու ձերբակալության մասին: Եվս երկուսը համարվում են կալանավորված, նրանց նկատմամբ դատարանի որոշում կա: Ցուցակից 4 մարդ արտասահմանում են հայտնվել, ևս 15-ի նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Ընդդիմությունը վրդովված է և՛ մեկնաբանություններից, և՛ նախագահի արձագանքից
Հասարակությունն աջակցում է այն մարդկանց պատժին, ովքեր վիրավորել են Ալբայրաք ընտանիքին: Բայց Էրդողանի որոշումը՝ դրա պատճառով արգելել սոցիալական մեդիան, զայրույթ է առաջացրել:
Նախորդ նախագահական ընտրություններին Էրդողանի գլխավոր հակառակորդը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունից Մուխարեմ Ինջեն, դատապարտել է նրանց, ովքեր վիրավորական մեկնաբանություններ են գրել, և տեղի ունեցածը որակել է անբարոյականություն.
«Մենք պետք է դեմ լինենք նման հարձակումներին՝ անկախ այն բանից, (թե ում հասցեին են դրանք հնչում): Մենք պետք է դատապարտենք դա և պատժենք նրանց, ովքեր նման արարք են թույլ տալիս»,- գրել է Ինջեն իր Թվիթերում:
Այդ գրառումը երկու օրում գրեթե 64 հազար հավանում է ունեցել:
«Ես ոչինչ չեմ գրել, ինչո՞ւ պետք է փակվեն իմ հաշիվները սոցիալական ցանցերում»
Թվիթերում սկսվել է հակադարձ բողոքի արշավ #SosyalMedyamaDokunma հեշթեգով (Ձեռքերդ հեռու իմ սոցիալական ցանցերից):
Այս հեշթեգով արդեն հրապարակվել են հարյուր հազարավոր գրառումներ:
«2020 թվականն է, օրակարգում սոցցանցերը փակելու հարցն է, իրական կատակ»,- գրել է Büş մականունով օգտատերը:
«Փրկություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը գրում է, որ սոցիալական ցանցերի փակումը և սահմանափակումը կհանգեցնի Թուրքիայի մեկուսացման ինքն իր մեջ և ազատության սահմանափակմանը:
Կան նաև հարցին հեգնանքով վերաբերվողներ: Մեկ այլ ընդդիմադիր «İyi» («Լավ») կուսակցության նախագահ Մերալ Աքշեները գրել է.
«Հարգելի Էրդողան, կնեղանամ, եթե փակես Netflix-ը մինչև Dark սերիալի վերջին սերիայի ավարտը»:
Եվ եզրահանգումներից մեկը, որը քննարկվում է դեռևս չարգելված սոցցանցերում, այն է, որ այդպիսի արգելքը իշխանություններին շատ ձեռնտու կլինի:
Ահա թե ինչպես է այն ամփոփված twitter-ի գրառումներից մեկում.
«Դա Թայիփ Էրդողանի ձեռքի գործն է, ով երազում է ընտրությունների գնալ առանց Twitter-ի ու WhatsApp-ի: Չարժե արդարացնել սոցցանցերը գրաքննության տակ առնելու փորձերը Էսրի խանումի դեմ ուղղված նողկալի հարձակումներով: Իրականում հնարավոր արգելքի նպատակը ակնհայտ է»: