«Թումո». այլընտրանքային կրթություն Հայաստանում՝ անվճար, բայց առաջադեմ
«Թումո»՝ ժամանակակից անվճար կրթություն Հայաստանում
Հայաստանում յուրաքանչյուր պատանի գիտի՝ ինչ է «Թումոն»։ Շատերը հաճախում են այս ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դասընթացները: Ծնողները դա ոչ միայն ողջունում են, այլ իրենք են նախապես գրանցում երեխաներին սպասման ցուցակներում և հետո հպարտությամբ պատմում ընկերներին, որ ամիսներ անց արդեն նրանք էլ կսկսեն հաճախել «Թումո»։
«Թումոն» բացվել է Երևանում 2011 թվականանին և արդեն ունի 80 հազար շրջանավարտ, այս պահին՝ 25 հազար ակտիվ ուսանող։ Կենտրոնը տրամադրում է «անվճար կրթական փորձառություն»։ Այստեղ պատանիներն իրենք են գծում իրենց ուսումնական ուղին: Ծրագրերը բաղկացած են ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների փուլերից արվեստի և տեխնոլոգիաների 14 ոլորտներում: Ամենակարևորը՝ պատանիներն այս բոլոր գիտելիքները համակցում են` շարժվելով անձնական շավիղով, որը թարմացվում է ըստ իրենց փոփոխվող հետաքրքրությունների և առաջխաղացման:
«Թումո» կենտրոններ կան Հայաստանի շատ բնակավայրերում, և այդ ցանցը տարեցտարի ընդլայնվում է։ Դրան զուգահեռ բացվում են միջազգային կենտրոններ տարբեր երկրներում։ Այդ մասնաճյուղերում հավաքագրված միջոցները նույնպես ուղղվում են հայկական կենտրոնների կայացմանն ու ինքնաբավությանը։
Այս պահին գործում են կենտրոններ Փարիզում, Լիոնում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում, Ցյուրիխում, Մանհայմում, Կոիմբրայում։ Եվ սա ամբողջ ցանկը չէ: Մոտակա տարիներին նախատեսվում է դրանց թիվը հասցնել երկու տասնյակի։
- Բարձրագույն կրթության տրանսֆորմացիա․ ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանում
- «Հայաստանի բուհերի տված գիտելիքը հնացած է»․ կրթության փորձագետ
- Մենթոր դպրոցներ Հայաստանում․ օգնություն հեռավոր և սահմանամերձ գյուղերին
Բացահայտելով մարզերի երիտասարդների կարողությունները
Սուսաննա Ավդայլյանը երեք տարի է հաճախում է Գյումրիի «Թումո» կենտրոնը: Հասցրել է ուսումնասիրել ծրագրավորում, շարժական գրաֆիկա, գրաֆիկական դիզայն և 3D մոդելավորում։ Արդյունքում հասկացել է, որ դրանց հատման կետը խաղերի ստեղծումն է ու սկսել է խորանալ այս ոլորտում։
«Թումոն ինձ սովորեցրել է ինքնակրթվել, չթերագնահատել սեփական ուժերը, լինել ինքնուրույն և կողմնորոշվել, թե ինչն է ինձ իսկապես հետաքրքրում»,- ասում է նա:
Հիմա աշխատում է սեփական բջջային հավելվածի վրա։ Միաժամանակ մի խումբ թումոցիների հետ վիրտուալ խաղ է մշակում։ Համեստորեն ասում է, որ իր աշխատանքները միայն իր ձեռքբերումը չեն, մեծ ներդրում ունեն մարզիչներն ու ընկերները:
«Ծնողներս ինձ խորհուրդ էին տալիս կենտրոն հաճախել, բայց քանի որ չէի պատկերացնում, թե ինձ ինչ է այնտեղ սպասվում, հրաժարվում էի: Շուտով նկատեցի, որ իմ ընկերներից ու ծանոթներից շատերն են սկսել «Թումո» գնալ և ես մեկ տարի ուշացումով միացա նրանց»,- պատմում է Սուսաննան:
Ըստ նրա, կենտրոնն իրեն շատ բան է տվել։ Սակայն առանձնացնում է հնարավորությունը ստեղծագործական աշխատանք կատարել հասակակիցների հետ և մտերմիկ, ընկերական միջավայրը:
«Վստահ կարող եմ ասել, որ «Թումոն» ինձ օգնեց մասնագիտական կողմնորոշման հարցում: Դժվար ես կարողանայի ծրագրավորման հետ ծանոթանալու այլ հնարավորություններ գտել Գյումրիիում: Ծանոթացա այդ աշխարհին, փորձարկեցի և հասկացա, որ դա իմն է և պետք է շարունակեմ այդ ուղղությամբ»,-ասում է աղջիկը:
Իր կարծիքով՝ կենտրոնում եղած առողջ մրցակցությունն օգնում է ընդլայնել կարողություններդ, նոր բաներ փորձարկել։ Եվ դա մեծապես խրախուսում են մարզիչները:
«Տեսնում ենք մեր ու մեր ընկերների աճը, գաղափարների իրականացման ճանապարհները, նույն աշխատանքին տարբեր մոտեցումներ: Եվ ամենակարևորը՝ կաշկանդաված չենք, ազատ ենք մեր մտքերի վիզուալացման, գործիքների ընտրության և շատ այլ հարցերում»,- ավելացնում է նա:
Սուսաննայի հեղինակած հոլովակը, որը կոչվում է «Գյումրիի դռները»
- «Հայաստանում կրթության «վերակենդանացման» համար ներդրումներ են պետք»․ ուսուցիչներ և փորձագետներ
- Օտարերկրացիները ՀՀ բուհերում. գալիս են սովորելու, բայց չեն մնում աշխատելու
- «Հայաստանի բուհերի տված գիտելիքը հնացած է»․ կրթության փորձագետ
«Թումոյի» նպատակները ու հաջողության ֆենոմենը
Թումոյի գաղափարը առաջացել և կյանքի է կոչվել հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների, կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի համատեղ աշխատանքի շնորհիվ։
Այն ունեցել է երկու նպատակ․ երկարաժամկետ ներդրում կատարել Հայաստանի պատանիների կյանքում և անվճար տրամադրել համաշխարհային ստանդարտներին համապատասխանող առաջադեմ կրթություն։
Կենտրոնը ստեղծվել է, որպեսզի Հայաստանի պատանիներին մոտեցնի 21-րդ դարի աշխատաշուկայում առաջադեմ թվային մասնագիտություններին, որոնցում հաջողելու համար բնակության վայրը առաջնային դեր չի խաղում:
Դրան հասնելու համար հիմնադիրները կարևոր են համարում
- պատանիներին գիտելիքներով զինել դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտներում,
- տրամադրել առաջատար կրթական մոդել և միջավայր,
- օգնել նրանց բացահայտել իրենց ներուժը,
- ձեռք բերել անալիտիկ մտածողության, ստեղծարար ազատության և ինքնարտահայտման հիմնային հմտություններ։
Արամ Պաչյանը հայտնի է Հայաստանում որպես ժամանակակից հայ արձակագիր։ Նա «Թումոյում» Ստեղծագրության դասընթացավար է: Նրա կերպարը պատանիների համար ինքնին հետաքրքիր է և մոտիվացնող:
«Ուսանողները գրական տեքստ, հիմնականում պատմվածք, նաև ըստ աշխատարանների՝ բանաստեղծություն, էսսե, սցենար, վավերագրական պատում գրելու հմտություններ են փորձառում: Այստեղ գործածեցի «փորձառել» բառը, քանի որ այն դիպուկ է բնորոշում ստեղծագրության ոլորտի ամբողջ ընթացքը։ Չէ՞ որ գրելը նախ և առաջ փորձն է. փորձելը, որը սովորելու կենարար միջուկն է»,-բացատրում է Պաչյանը:
Ըստ նրա, ստեղծագրության և մյուս ոլորտները ունեն հստակ մշակված բովանդակություն և դասընթացավարները առաջնորդվում են դրանցով.
«Այլ է, երբ աշխատարան ես անում։ Այդ դեպքում ինքդ ես որոշում դասընթացի նյութը, իրացմանը եղանակը՝ պահպանելով Թումոյի որդեգրած սկզբունքները՝ սկսած բարեվարքությունից, ներքին հայեցակարգից, դասավանդման պատշաճավորությունից»:
Պաչյանն ասում է, որ ձևաչափի վերաբերյալ ուսանողների արձագանքներն անկասկած դրական են։ «Թումոն» համարում է նոր աշխարհ, որտեղ բոլորովին այլ միջավայր է, նոր մարդիկ, նոր գաղափարներ, գիտելիքներ վերցնելու ու գիտելիքներ տալու լայն հնարավորություններ:
«Կենտրոն ուսանողներ են հաճախում սոցիալական տարբեր շերտերից։ Տարբեր՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ու «Թումոն» դառնում է ուսանողներին կամրջող կարևոր հանդիպատեղի, որտեղ ծանոթանում են, ընկերանում երբեմն միմյանց լրիվ հակոտնյա մարդիկ: Իսկ գիտելիքը նյութականանում է փորձի ու տեսության զուգահեռ իրացմամբ, որոնք փոխլրացնում են իրար»,- ասում է դասընթավարը՝ հավելելով, որ վճռորոշ է նաև դասասենյակի ներդաշնակ, անմիջական ու վստահություն ներշնչող մթնոլորտը:
Պաչյանի կարծիքով՝ «Թումո» հաճախելը նախ և առաջ արկած է՝ «իրական, հմայող արկած՝ նոր, ճանաչելի աշխարհից տարբերվող, առօրեական միօրինակությունը կոտրող մի աշխարհ»։
- Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները՝ իրենց և տարածաշրջանի հարևանների մասին․ տեսանյութ
- Ամբերդի դպրոցում դասերից հետո սովորեցնում են աշխատել
- «Երազում ես սովորել, իսկ քեզ ամուսնացնում են»․ վաղ ամուսնություններ Հայաստանի եզդիական համայնքում
Թումոյի ներկան ու ապագան
Զառա Բուդաղյանը «Թումոյի» հաղորդակցման, PR-ի և միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավարն է: Կենտրոնի ամենօրյա աշխատանքի մասին խոսելիս՝ շեշտում է, որ ստեղծում են պայմաններ և միջավայր, որում ուսանողները ցանկանում են սովորել․
«Եվ մենք անում ենք հնարավոր ամենը՝ մեր ուսանողներին հնարավորություն տալու գտնել իրենց հետաքրքրությունները, իրենց ճանապարհը և հավատալ իրենց ուժերին։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր պատանի ունի սովորելու հանդեպ ձգտում, հետաքրքրասիրություն և մեծ ներուժ»։
Նրա խոսքով՝ կենտրոնում կան հիմնարար սկզբունքներ, որոնց վրա հիմնված է ոչ միայն «Թումոյի» կրթական ծրագիրը, այլև իրենց պատկերացումները ուսանողակենտրոն կրթության մասին․
«Մեր աշխատանքը հիմնված է «ուսանողը՝ առաջին տեղում» արժեքի վրա: Սկսած գործառնական որոշումներից մինչ կրթական բովանդակության ստեղծում ու թումոցիների հետ շփում, գլխավոր հարցն այն է, արդյո՞ք այս կամ այն որոշումը ծառայում է ուսանողին»։
Ըստ Զառայի՝ կենտրոնը շեշտադրում է օրիգինալությունը, ուշադրությունը մանրուքներին, նորի հանդեպ բաց լինելն ու պատասխանատվության զգացումը։ Նույնն էլ ակնկալում են թումոցիներից։
Ապագայի մասին խոսելիս՝ ասում է, որ իրենք մշտապես աշխատում են կրթական ծրագրերի կատարելագործման վրա.
«Ներկայումս նորամուծություններ ենք ստեղծում արհեստական բանականության միջոցով, ինչի համար վերջերս դարձել ենք կրթական տեխնոլոգիաների ոլորտում հեղինակավոր Tools մրցույթի հաղթողներից՝ ընտրվելով միջազգային հարյուրավոր կազմակերպությունների ցանկից»։
Զառան հավելում է, որ իրենց աշխատանքի արդյունավետության գնահատականը կարող են տալ այն տասնյակ հազարավոր ուսանողները, շրջանավարտները, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ կենտրոնների աշխատակիցները, որոնք ամեն օր զգում են դրա ազդեցությունն իրենց կյանքի որակի վրա:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Թումո»՝ ժամանակակից անվճար կրթություն Հայաստանում