«Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը տեսանելի է, բայց երաշխավորված չէ»․ Թոմաս դը Վաալ
Թոմաս դը Վաալը՝ վաշինգտոնյան համաձայնությունների մասին
Վաշինգտոնյան հանդիպման շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ավելի հասանելի է։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դը Վաալը։
Ասում է՝ խաղաղությունը դեռ հաստատված չէ, բայց տեսանելի է և հնարավոր։ Այնուամենայնիվ, համաձայնագրի կնքման ճանապարհին շատ քայլեր կան անելու։
Հիշեցնում է՝ խաղաղության պայմանագրի կնքման Բաքվի նախապայմանը դեռ ուժի մեջ է․ Ադրբեջանը հայտարարում է՝ ՀՀ-ի Սահմանադրությունը պետք է փոխվի։
Թոմաս դը Վաալի փոխանցմամբ՝ եթե մայր օրենքի փոփոխությունը հանրաքվեի դրվի 2026 թ․-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ, հնարավոր է՝ լինի մեծ մասնակցություն։ Միևնույն ժամանակ արձանագրում է՝ հանրաքվեի արդյունքներն անկանխատեսելի են, ոչինչ երաշխավորված չէ։
«Մենք գիտենք, որ վարչապետ Փաշինյանի և նրա կուսակցության ժողովրդականությունը նվազում է: Գիտենք նաև, որ ՀՀ-ի ընդդիմությունն ու ռուսական աջակցությունն այդ ընդդիմության համար նույնպես առանցքային գործոն են։ Հավանաբար, նրանք [ընդդիմությունը] կփորձեն օգտագործել Սահմանադրության հետ կապված այս հարցը նաև խաղաղության համաձայնագիրը արգելափակելու համար։ Դա բավական հավանական սցենար է»,- նկատել է փորձագետը։
Հարցազրույցում Թոմաս դը Վաալն անդրադարձել է ինչպես ԱՄՆ-ում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներին, այնպես էլ ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջին, ղարաբաղյան հակամարտությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
Կարևոր դրվագները՝ ստորև
- «Վաշինգտոնում Բաքուն ստացավ դիվիդենտներ, բայց նաև զիջումներ արեց Երևանին»․ կարծիք
- «Թրամփի ուղին» ներդրումային նոր հնարավորություններ կբացի»․ հայ տնտեսագետ
- «Հայ-իրանական կապերը չեն լինի սակարկման առարկա»․ «Թրամփի ուղին» ու Թեհրանի դիրքորոշումը
- «Երրորդ կողմի վերահսկողություն չի լինելու»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղի» ծրագրի մասին
Երևանն ու Բաքուն ցանկացան, որ երթուղու երաշխավորը լինի ԱՄՆ-ն, ոչ թե ՌԴ-ն
«Սյունիքի միջով այս նոր երթուղին կրելու է Թրամփի անունը: Կարծում եմ՝ երկու կողմերն էլ միտումնավոր գնացին այդ քայլին, որ Դոնալդ Թրամփն անձամբ ներգրավված լինի այս երթուղում:
Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ երկար ժամանակ բանակցել են, ու նաև բանակցել են Սյունիքի միջոցով այս երթուղու շուրջ: 2021 թ․-ից ի վեր հիմնական բանակցողը եղել է Ռուսաստանը՝ եռակողմ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Եվ, իհարկե, հրադադարի շուրջ 2020 թ․-ի նոյեմբերի հայտարարություն 9-րդ հոդվածում ասվում է՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կհսկի այս ճանապարհը, այս երթուղին դեպի Նախիջևան:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում փոխվել է այն, որ երկու կողմերն էլ համաձայնության եկան․ նրանք ուզում են մերժել Ռուսաստանի ծրագիրը, ՌԴ միջնորդությունն ու անվտանգության առաջարկը:
Տեսնում ենք, որ տարբեր պատճառներով երկու կողմերն էլ՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, վիճում են Ռուսաստանի հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Եվ ոչ մեկն էլ չի ուզում Ռուսաստանի կողմից վերահսկվող երթուղի:
Ակնհայտ է, որ նրանք [Փաշինյանն ու Ալիևը] քննարկել են դա հուլիսին Աբու Դաբիում երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ սա արագացրեց Թրամփի վարչակազմի միջամտությունը: Այդ իմաստով Թրամփի բախտը բերեց։ Երկու կողմերն էլ ցանկացան այս երթուղու նոր երաշխավոր, որը չէր լինի Ռուսաստանը, մի երաշխավոր, որ բավական հզոր թվա ռուսների, ինչպես նաև իրանցիների համար, որ նրանք հարգեն այս երթուղին: Եվ սա այն է, ինչ մենք ստացանք վաշինգտոնյան համաձայնագրով։
Սա ակնհայտ մեծ քայլ առաջ է։ Բայց այստեղ կան շատ անպատասխան հարցեր, որոնք մենք կարող ենք քննարկել:
Ընդամենը երկուսը նշեմ։ Մեկը վերաբերում է այս համաձայնագրի մանրամասներին՝ ո՞վ է պատրաստվում վճարել դրա համար, ո՞վ է պատրաստվում ապահովել անվտանգությունը: Սա հրապարակային չի ասվում:
Եվ երկրորդն այն է, թե արդյո՞ք մենք պարզապես խոսում ենք մեկ ճանապարհի մասին, որը հիմնականում Հայաստանի տարածքով կապում է Ադրբեջանի մի մասը Ադրբեջանի մյուս մասի հետ, թե՞ մենք խոսում ենք տրանսպորտային երթուղիների ավելի լայն ապաշրջափակման մասին։ Ակնհայտ է, որ Հայաստանի հիմնական խնդիրն այստեղ հայ-թուրքական սահմանի բացումն է: Այդ մեծ հարցերը դեռևս մնում են անպատասխան»։
Ռուսները հիասթափված են, բայց կհաշտվեն հայ-ամերիկյան գործարքի հետ
«Ռուսաստանն ակնհայտորեն ուրախ չէ, քանի որ նրանք պարտվել են իրենց ջանքերում` Անվտանգության դաշնային ծառայությունը այս միջանցքի վերահսկողը դարձնելու գործում: Միաժամանակ, Ռուսաստանի պաշտոնական արձագանքը բավական զուսպ է, ոչ այնքան ուժեղ:
Կարծում եմ՝ Ռուսաստանը նույնպես հասկանում է, որ եթե այս երթուղին բացվի, դե, ինչ արած, ՌԴ-ն գուցե չի վերահսկի դրա անվտանգությունը, բայց դա ակնհայտ դրական է նաև Ռուսաստանի համար: Այն նոր օղակ է դառնում Իրանի հետ Հյուսիս-հարավ միջանցքում:
ՌԴ-ի շահերից է բխում, որ այս միջանցքում արևմտյան անվտանգության ներկայություն չլինի: Կարծում եմ՝ հայերը նույնպես չեն խոսում արևմտյան անվտանգության ներկայության մասին: Միգուցե ներգրավված լինի ինչ-որ մասնավոր ձեռնարկություն: Այսպիսով, թեև ռուսները, հնարավոր է, հիասթափված լինեն այս գործարքից, ապագայում նրանք գուցե կհաշտվեն դրա հետ»։
Ի՞նչ երթուղի է ուզում Հայաստանը
«Դրական է, որ ամերիկացիները ներգրավված են: Ամերիկացիներն ունեն հզորություն, ազդեցություն, ֆինանսներ: Եվ որպեսզի դրանից Հայաստանի համար էլ օգուտ լինի, պետք է գործի մեկից ավելի ճանապարհ: Այն պետք է ներառի Հայաստանի համար ելք՝ Ադրբեջանի տարածքի միջոցով դեպի այլ երկրներ: Ես կարծում եմ, որ այստեղ ֆինանսավորման հարցը շատ կարևոր է:
Դժվար կլինի միջազգային մեծ ֆինանսավորում ստանալ Սյունիքի ընդամենը մեկ ճանապարհի համար: Միջազգային հետաքրքրությունն աճում է, եթե դա ավելի մեծ երթուղու մի մասն է, որը սկսվում է Կարսում, գնում է դեպի Գյումրի, Երասխ, Նախիջևան, այնուհետև Մեղրիով դեպի Ադրբեջան: Այդ դեպքում այն դառնում է միջազգային երթուղի:
Ահա թե ինչ է ուզում Հայաստանը: Կարծում եմ, որ դա կներգրավի միջազգային ֆինանսավորում: Բայց մենք այդ հարցի պատասխանը չունենք»։
Ղարաբաղյան հակամարտության էջը փակված է
«Սա, իհարկե, դառը նորություն է փախստական դարձած Ղարաբաղի հայերի համար։ Բայց, իմ կարծիքով, նրանց մեծամասնությունը գիտակցում է, որ իրենց համար շատ փոքր հնարավորություն կա, որ մոտ ապագայում կկարողանան վերադառնալ հայրենիք:
Ղարաբաղը հայաթափված է: Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարող է փոխվել: Կարծում եմ՝ շատ փոփոխություններ կպահանջվեն հայ-ադրբեջանական հարաբերություններում, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ»։
ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չէր կարող գործել
«Մինսկի խումբը նախատեսված էր Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Այն եզակի կազմաձևում ունեցավ այն առումով, որ Ռուսաստանն ու Արևմուտքը միասին էին աշխատում այս ձևաչափով։
2020 թ․-ի պատերազմը [44-օրյա], այնուհետև 2023 թ․-ին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ամբողջական գրավումը, ինչպես նաև Ուկրաինայի պատերազմը, ըստ էության, հիմնականում արդեն վերջ էին դրել Մինսկի խմբի գոյությանը: Ոչ մի ձև չկար, որ այն իրոք կարող էր գործել: Եվ ես կարծում եմ, որ Մինսկի խմբի լուծարումն արձանագրում է մի բան, որն իրականում արդեն իսկ պատահել էր»։
Վերադարձի իրավունքն անհետացել է խոսույթից
«Պետք է ասենք, որ նրանք [Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը] միանում են այս հակամարտության ընթացքում շատ այլ տեղահանվածների շարքերին: Օրինակ՝ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերին։ Նրանք երկար տարիներ տեղահանված են:
ԵԱՀԿ խաղաղության համաձայնագրերի նախագծերում, Մադրիդյան սկզբունքներում միշտ խոսքը այս հակամարտության ընթացքում տեղահանված բոլոր մարդկանց վերադարձի իրավունքի մասին էր: Ինձ համար դա կարևոր տարր էր: Եվ դա անհետացել է այսօրվա խոսույթից: Ինձ համար դա շատ ցավալի է:
Կարծում եմ՝ մենք կարող ենք հույս ունենալ, որ եթե երկարատև խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա մարդիկ կարող են իրենց բավական ապահով զգալ հետ գնալու համար: Բայց ես շատ կզարմանամ, եթե մենք մոտ ապագայում տեսնենք հայերի, որոնք ապրում են իրենց նախկին տներում։ Խոսքը գալիք շատ-շատ տարիների [ոչ մոտ ապագայի] մասին է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թոմաս դը Վաալը՝ վաշինգտոնյան համաձայնությունների մասին