«Թշնամու» հետ սովորելիս
Ղարաբաղյան հակամարտությունը 30 տարով միմյանցից մեկուսացրել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները։ Եթե ավագ սերունդը դեռ հիշում է, թե ինչպես էին երկու ժողովուրդները խաղաղ ապրում, ապա շատ երիտասարդներ երբեք «թշնամի» երկրի հասակակիցների չեն տեսել։ Պետական քարոզչության և հասարակությունում արմատավորված կարծրատիպերի պատճառով հայ և ադրբեջանցի երիտասարդությունը միմյանց վերաբերվում է անբարյացակամությամբ և լարվածությամբ։
Ուսումն օտարերկրյա համալսարաններում միմյանց հետ անմիջականորեն շփվելու հնարավորություններից մեկն է երիտասարդների համար։ Օրինակ՝ Վրաստանի հանրային գործերի ինստիտուտում (GIPA) 2001 թ-ից մագիստրատուրայի հատուկ ծրագիր կա՝ Caucasus School of Journalism and Media Management, որի հովանավորն ԱՄՆ է։ Այն Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև տարածաշրջանի չճանաչված հանրապետությունների ուսանողների համար է։
Արփի Բեքարյան
Երբ Արփին դեռ նոր էր ընդունվել GIPA, նրա կուրսում հայ և ադրբեջանցի ուսանողների միջև հարաբերությունները լավ էին դասավորվում։
«Այնուհետև համալսարանը հանդիպում-երկխոսություն նախաձեռնեց հայ և ադրբեջանցի ուսանողների համար, որպեսզի մենք կարողանանք խմբում միասին սովորել և աշխատել, որովհետև նախորդ տարիներին կոնֆլիկտները շատ էին, ծեծկռտուքի էլ էր հասել։
Երկխոսության երկրորդ օրը, երբ մենք սկսեցինք համադրել ղարաբաղյան հակամարտության իրադարձությունների մեր վարկածները, ամեն ինչ չափազանց հուզական դարձավ՝ լացով և բղավոցներով։
Ես ինքս էլ էի շոկի մեջ, մտածում էի՝ «Միթե՞ ինձ այսքան ստել են հայրենիքում»։
Հիշում եմ, թե ինչն ինձ ամենաշատը շոկի ենթարկեց։ Երբ քննարկումը հասավ Սումգայիթի ջարդերին, իմ ադրբեջանցի խմբակիցներից մեկն ասաց, որ հայերն իրենց ենք դա արել։ Ես պատասխանեցի՝ «Այդտեղ ի՞նչ տրամաբանություն կա։ Տեսնո՞ւմ ես, թե որքան լավ է աշխատում քարոզչությունը, որ դու անգամ չես էլ կասկածում այդ աբսուրդին»։
Այնուհետև որոշ ժամանակ անց մենք քննարկում էին Խոջալուի ջարդը, և ես ասացի, որ Հայաստանը կարծում է, որ դա կազմակերպել են ադրբեջանցիները։ Եվ միանգամից հասկացա իրավիճակի հեգնանքը։ Մեզ էլ շատ բան չեն ասել։
Օրինակ՝ Հայաստանում պատմության դասագրքերում, մեդիայում կամ անտեսում են ադրբեջանցի փախստականների գոյությունը, կամ ասում են, որ Ադրբեջանը չափազանցնում է նրանց թիվը, և որ նրանք չեն ուզում տուն վերադառննալ։ Հայաստանից, այլ ոչ թե Ղարաբաղից հեռացած փախստականների մասին ես ընդհանրապես ոչինչ չեմ իմացել։
Երկխոսության երրորդ օրը ես ու հայ կուրսեցիներս գնացինք հանդիպմանն ու սպասեցինք ադրբեջանցիներին, սակայն ոչ ոք այդպես էլ չեկավ։ Մնացած երկու երկխոսությունն անցկացվեց մեր և միջնորդների միջև։
Ավելի ուշ ադրբեջանցի մասնակիցները դա բացատրեցին նրանով, որ չէին ուզում այդ բոլոր հույզերի միջով անցնել, և մենք կրկին սկսեցինք շփվել։
Ադրբեջանցի որոշ խմբակիցների հետ շատ մոտ էինք, անգամ միասին Քութայիսի ենք մեկնել, գնացել Թբիլիսիում ադրբեջանական ռեստորան, միասին ուրախ ժամանակ անցկացրել։
Բայց ամեն անգամ, երբ բանը հասնում էր հակամարտությանը, ես զգում էի սկզբում այն երկխոսության պակասն ադրբեջանցի ընկերներիս մոտ։
Ես ինքս շատ էի ուզում նորմալ խոսել հակամարտության մասին, և ամառային արձակուրդների ժամանակ գրանցվեցի նույն հասարակական կազմակերպության երկխոսությանը, որին GIPA-ն ներգրավում է երկխոսություն-հանդիպումների անցկացման համար։ Այնտեղ շատ լավ շփվեցի ադրբեջանցիների հետ, որոնք իրոք ուզում էին խոսել։
Այնտեղ GIPA-ի ադրբեջանցի ուսանողներ կային, որ մի կուրս ցածր էին։ Նրանցից մեկի հետ ընկերացանք, և մեր ընկերությունը տարածվեց նրա խմբի և իմ խմբի հայ ուսանողների վրա։
Այդ ընկերությունում ոչ ոք ազգայնական չդարձավ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, որովհետև մենք շատ էինք խոսում այդ թեմայով, օգնում միմյանց անցնել դրա միջով։
Ընտանիքս ու ընկերներս գիտեին, որ ադրբեջանցիների հետ եմ սովորում, բայց ես սկզբում շատ քիչ էի խոսում այդ մասին։ Նրանք ինձ պարբերաբար հիշեցնում էին, որ ես «զգույշ լինեմ», և դա ինձ նյարդայնացնում էր։
Երբ ադրբեջանցի ընկերներ ձեռք բերեցի, սկսեցի նրանց մասին ավելի շատ խոսել տանը։ Սկզբից մայրս չէր ուզում լսել նրանց անունները, աչքերն էր ոլորում, բայց ես ձգտում էի նրա հետ ավելի շատ խոսել հակամարտության մասին, և արդյունքում՝ դա փոխեց նրան։
Պատերազմի ժամանակ ես համացանցում տեսնում էի, թե ինչպես են ադրբեջանցի կուրսեցիներս տոնում յուրաքանչյուր գյուղի գրավումը և շատ էի սրտնեղում, բայց մայրս հանկարծ ասաց՝ «դու պետք է հասկանաս նրանց»։
Այժմ սոցցանցերում միայն մի ադրբեջանցի տղա կա ընկերներիս մեջ, որն այն խմբից էր։ Մյուսների հետ մենք վերջնականապես հեռացանք պատերազմի ժամանակ, իսկ ոմանք էլ ընդհանրապես ընկերության հայտ չուղարկեցին, օրինակ՝ մի աղջիկ ասում էր, որ պատրաստվում է աշխատել պետական լրատվամիջոցում, և իր համար վտանգավոր է հայերի հետ ընկերություն անելը։
Մի ուրիշ աղջկա հետ մենք նորմալ շփվում էինք, բացի այն պահերը, երբ խոսքը գնում էր հակամարտության մասին, բայց նա փախստականների երեխա է, և ես դա հասկանում էի։ Պատերազմի ժամանակ նա կիսվում էր ռազմատենչ գրառումներով, իսկ երբ պատերազմն ավարտվեց, նա գրեց, որ ափսոսում է, որ Խանքենդին (Ստեփանակերտը) չեն գրավել։ Դա անձնական բան էր, որովհետև այդ քաղաքում են ապրում իմ ազգականները, և պատերազմի ժամանակ ես վախենում էի նրանց կյանքի համար։
Ես չէի հասկանում, թե ինչպես կարող է փախստականների երեխան ցանկանալ, որ նույն բանը տեղի ունենա ուրիշ մարդկանց հետ։ Ես զայրացա և հեռացրի նրան ընկերներիս շարքից։ Այժմ՝ երկու տարի անց, զղջում եմ իմ արարքիս համար, հիմա այլ կերպ կվարվեի։
Հեյդար Իսաև
Հեյդարը GIPA է ընդունվել նույն տարում, ինչ Արփին։ Նրա խոսքով՝ սկզբից հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները լավ չէին դասավորվում, քանի որ բոլորը միմյանց զգուշությամբ և անվստահությամբ էին վերաբերվում, բայց դա երկար չի տևել․
«Շնորհակալություն մեր ուսուցիչներին, որովհետև երբ նրանք մեզ խմբերի էին բաժանում՝ առաջադրանքներ կատարելու համար, ձգտում էին այնպես անել, որ յուրաքանչյուր խմբում գոնե մեկական ուսանող լինի Ադրբեջանից և Հայաստանից։
Դրա շնորհիվ՝ մենք սկսեցինք ավելի շատ շփվել և չզգացինք, թե ինչպես ընկերացանք։ Սկսեցինք հանդիպել, երեկույթներ կազմակերպել, միմյանց ծննդյան օրերը տոնել։
Մեր խմբում երկու երկրներից էլ ուսանողներ կային, որոնք հայրենասեր էին, հպարտանում էին իրենց արմատներով, կողմ էին իրենց պետությունների քաղաքականությանը, սակայն պատերազմից առաջ մեր հարաբերությունները լավ էին զարգանում։
Երբեմն վեճեր էին տեղի ունենում, ճիշտ է, դրանք միշտ ընթանում էին հարգալից ձևով և առանց վիրավորանքի, մենք համբերատար լսում էինք։ Դա մեծապես տարբերվում էր նրանից, թե ինչպես են ադրբեջանցիներն ու հայերն իրենց պահում սոցցանցերում, որտեղ պարբերաբար վիրավորում են միմյանց։
Ադրբեջանական հակամարտությանն թեմայով որոշ ադրբեջանցիներ մարտական էին տրմադրված, թե դա պատերազմ է, և մենք պետք է այդ հողերը վերադարձնենք մեր փախստականների համար, սակայն մնացածներն, այդ թվում՝ ես, հայերի հետ պայմանավորվեցինք, որ դրանք պարզապես քաղաքական խաղեր են, և սկսեցինք խուսափել այդ թեմայով խոսակցություններից։
Մենք դեմ էինք պատերազմին և ուզում էինք, որ այն ավարտվեր հնարավորինս արագ։ Սակայն դասերի ժամանակ ստիպված էինք քննարկել պատերազմական իրադարձությունները կամ տերմինաբանությունը։ Երբեմն տարաձայնություններ էին առաջանում։
Օրինակ՝ մի անգամ ես ասացի, որ չեմ կարող որպես լրագրող հայտնել այն մասին, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, անգամ եթե համարեմ, որ այդպես էլ կա։ Հայ համակուրսեցիներս պնդում էին, որ ակնհայտ ապացույցներ կան, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Մենք նաև շատ էինք վիճում սիրիացի վարձկանների պատճառով։
Պատերազմից հետո հայերի և ադրբեջանցիների միայն մի փոքրիկ խումբ մեր կուրսում կարողացավ պահպանել լավ հարաբերությունները։ Մեզ միավորում էր այս պատերազմի գնի գիտակցումը․ չէ՞ որ հայ և ադրբեջանցի ուսանողներից յուրաքանչյուրի ազգականներից կամ ծանոթներից մեկը զոհվել էր պատերազմում։ Մինչ օրս ընկերություն ենք անում։
Պատերազմից առաջ, եթե ինձ հարցնեին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշմանս մասին, ես ինձ ավելի շատ կանվանեի ադրբեջանամետ, սակայն ուսման ընթացքում, պատերազմի ժամանակ և դրանից հետո, ես դարձա չեզոք, այս հակամարտությունում ես ոչ ոքի կողմից էլ չեմ։
Սովորելու ընթացքում ես սկսեցի ավելի լավ հասկանալ պատերազմում մարդու կյանքի արժեքը, որովհետև շատ էի շփվում «մյուս կողմի» մարդկանց հետ։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։