Թե ինչպես վրացական գինին վերապրեց դժվար ժամանակները
Առաջին անգամ հրապարակվել է՝ 16.11.2016
Ուշ աշուն է: Տարվա այս եղնակին Կախեթիում սովորաբար տաք ու թավշյա եղանակ է: Սակայն այս հոկտեմբերն անսպասելիորեն սառն ու անձրևոտ էր: Գյուղի ճանապարհին անձրևից լճակներ են գոյացել: Դեղնած տերևները դեռևս չեն թափվել ծառերից, և մռայլ աշնանային բնապատկերը հոգիդ է ջերմացնում գազարագույնի առատությամբ: Խաղողն արդեն հավաքվել և վերամշակվում է: Պատշգամբներին չուրչխելա և դեռևս չչորացած չրերի խրձեր են կախված: Մինչև ձմեռ դեռ շատ աշխատանք կա:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ այս տարի Վրաստանում 114 հազար տոննա խաղող է վերամշակվելու: Դրանցից 113,5 հազար տոննան՝ Կախեթիում, 513 տոննան՝ Ռաչա-Լեչխումիում: Այդ ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է մոտ 30 հազար տոննայով:
Կախեթիում՝ Արևելյան Վրաստանի այս շրջանում, որտեղ բնակչության վաստակի գլխավոր միջոցը խաղողն ու գինին է, յուրաքանչյուր ճիթը կարևոր է: Կախեթիի գյուղացիները բողոքում են, որ այս տարվա բերքի մի մասը փչացավ. խաղողը միլդյու հիվանդությամբ՝ կեղծ ալրացողով, հիվանդացավ: Չնայած բոլոր ձեռնարկված միջոցներին՝ հիվանդ որթերը հնարավոր չեղավ բուժել, քանի որ դրա համար նախատեսված դեղորայքն ու քիմիկատներն անորակ էին, ասում են գյուղացիները և արդեն մտածում հաջորդ սեզոնի մասին՝ կառավարությունից որակյալ քիմիկատներ են պահանջում:
Կախեթին Վրաստանի այն անկյուններից է, որտեղ երկրի զարգացման ոչ մի փուլում գինեգործությունը չի դադարել, այդ պատճառով էլ որթի հիվանդությունները տեղացիներին չեն կարող վախեցնել:
Վրաստանում՝ խաղողի որթի աճեցման հնագույն վայրում, գինեգործությունը միայն գյուղատնտեսության առաջատար ճյուղ չէ: Կախեթիում հաճախ կարելի է լսել, որ Վրաստանը համաշխարհային գինեգործության բնօրրանն է, աշխարհում գինու արտադրության ընդամենը երկու տարբերակ կա՝ եվրոպական և Կախեթիի: Վերջինս ենթադրում է գինու հասունացում և պահպանում հողի մեջ թաղված մեծ կավե կժերի ՝ կվևրիների մեջ:
Վրաստանում գինեգործության զարգացումը մի քանի փուլով է տեղի ունեցել: Վրացական գինու պատմության մեջ կարևորագույն փուլերից մեկը 19-րդ դարն է համարվում: Հենց այդ ժամանակ առաջին անգամ սկսվեց վրացական գինու «բարեփոխումը»: Այդ գործում մեծ է վրացի պոետ Ալեքսանդր Ճավճավաձեի ավանդը, որն իր հարազատ Ցինանդալիում արտադրված գինիներին եվրոպական ճանաչում բերեց:
լուսանկարը: www.tsinandali.com
Այսօր հանրաճանաչ գինիների մեծ մասի անվանումները սկիզբ են առնում հենց 19-րդ դարից: Եվրոպականացման գործընթացը կանգ առավ այն բանից հետո, երբ Վրաստանը ԽՍՀՄ մաս կազմեց: «Հնգամյակների» և «պլանային տնտեսության» երկրում որակի և եվրոպական փայլի ետևից ընկնելու ժամանակ չկար:
Խորհրդային Վրաստանում պետության սեփականությունում էին գտնվում ծաղողի այգիների հսկայական տարածքներ, հողի հազարավոր հեկտարներ, տասնյակ գինեգործական գործարաններ հիմնվեցին, որոնք ալկոհոլային խմիքներով էին ապահովում ողջ Խորհրդային Միությունը՝ Երևանից մինչև Վլադիվոստոկ: Վրաստանի խաղողագործության-գինեգործության գլխավոր խնդիրը դրված պլանի կատարումը դարձավ:
Դրա համար անհրաժեշտ էին բարձր բերքատվության խաղողի տեսակներ, ինչը խաղողի վրացական բացառիկ տեսակի որթերն անհետցման վտանգի տակ դրեց:
Խորհրդային շրջանակում փակված վրացական գինեգործությունը վերջնականապես հեռացավ արևմտյան աշխարհից, կտրվեց գինու համաշխարհային տենդենցներից և վերածվեց «ալկոհոլային հեղուկի» շշալցման կոնվեյերի: Ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են, որ այդ շրջանում Վրաստանում հյուրերին խանութի գինի հյուրասիրելն ամոթ էր: Այդ պատճառով էլ բոլոր ընտանիքներում Կախեթիի որակյալ գինի կար: Հենց խորհրդային տարիներին առաջացավ այն խնդիրը, որը փորձում են լուծել ժամանակակից վրացի գինեգործները. զանգվածաբար որակյալ արտադրանք տալու անընդունակությունը:
ԽՍՀՄ փլուզումն ուժեղ հարված հասցրեց Խորհրդային միության անծայրածիր շուկայից երես առած վրացի գինեգործներին: 90-ականներին քաոսով համակված երկիրը պայքարում էր ողջ մնալու համար: Անկախ գոյության փորձ չունեցող գինեգործությունն առանց պետական սուբսիդիաների և օգնության մնաց: Դրան գումարվեց նաև այն, որ սահմանները բացվեցին, և խորհրդային մարդիկ զգացին ֆրանսիական, իսպանական, իտալական, արգենտինական և այլ գինիների համը:
Վրացի գինեգործներն այն ժամանակ չէին կարողանում վերակառուցվել և մրցակցել որակյալ արտադրանքի հետ. դրա համար ոչ գումար կար, ոչ էլ համապատասխան գիտելիքներ: Եվ դրա փոխարեն այդ ժամանակահատվածում վրացական գինու կեղծումն աննախադեպ մասշտաբների հասավ:
Ռուսական շուկայում վաճառվող վրացական գինիների մեծ մասն իրականում Կախեթիի հետ ոչ մի ընդհանուր բան չուներ և շշալցվում էր հենց Ռուսաստանում:
Կախեթիում քիչ քանակությամբ որակյալ գինի արտադրող փոքրիկ օազիսներ հայտնվեցին արդեն 90-ականների վերջերին: Առաջին խոշոր նորարարական գինեգործական ընկերություններն, ինչպիսիք էին GWS, «Թբիլվինոն», «Թելավիի գինու մառանը», հասկանում էին, որ միայն միֆերով ու ավանդույթներով երկար չեն ձգի, այդ պատճառով էլ ոչ միայն հրաժարվեցին կեղծիքից, այլ նաև կարողացան խուսափել իրենց արտադրանքն էժան սեգմենտի գինիների շարքին դասելուց, ինչը չկարողացան անել ուկրաինական և մոլդովական արտադրողները:
Չնայած որ ընդհանուր ֆոնը դա այնուամենայնիվ չէր կարող փոխել:
Այնուհետև եկավ այն օրը, որն ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց:
Վրացական գինեգործության փորձագետների մեծ մասը 2006թ-ի մարտի 27-ը համարում է այս ճյուղի սզբնակետ և ծնվելու օր: Այդ օրը, Ռուսաստանի գլխավոր սանիտարային բժիշկ Գենադի Օնիշենկոյի որոշմամբ, վրացական գինու ներկրումն ամբողջովին արգելվեց: Որպես պատճառ նշվում էր արտադրանքի ցածր որակը, որում նաև թունաքիմիկատներ էին հայտնաբերվել:
Մի պահ պատկերացրեք, թե ինչ շոկ է դա մի երկրի համար, որի գինու արտահանման 80 %-ը ռուսական շուկայի համար է նախատեսված:
Տեղի ունեցածի քաղաքական ենթատեքստը կասկածներ չէր առաջացնում: Սակայն նաև այն էր անհերքելի, որ Օնիշենկոյի կողմից անպիտան հայտարարված վրացական գինիների մեծ մասը Ռուսաստանի տարածքում էր արտադրվում:
Էմբարգոն ամբողջությամբ վեր հանեց այն բոլոր խնդիրները, որոնք ուներ վրացական գինեգործությունը: Ռուսական շուկայից կախված և դրանից վտարված Վրաստանը ստիպված էր իր համար «բացահայտել» այն, որ ռուսական շուկայից զատ այս աշխարհում գոյություն ունեն շատ այլ շուկաներ, որտեղ կարելի է իրացնել գինին:
Շատ ծանր և դրամատիկ տարիներ եկան, որոնք շատերը չկարողացան վերապրել: Լրատվամիջոցները Կախեթիից ռեպորտաժներ էին պատրաստում, որտեղ գյուղացիներն արցունքն աչքերին, սեփական ձեռքերով կտրում էին խաղողի վազերը, որոնք երկար տարիներ խնամել և աճեցրել էին:
2006-2010թթ-ին Վրաստանում խաղողի այգիներն ու խաղողի արտադրությունը կրճատվեց 26%-ով:
Եվրոպական շուկան բարձր որակ էր թելադրում, իսկ դա իր հերթին մեծ աշխատանք, գիտելիքներ և ֆինանս էր պահանջում: Բացի այդ, ի տարբերություն հետխորհրդային տարածաշրջանի, որտեղ վրացական գինին բրենդ էր, Եվրոպայում դրա մասին ոչինչ չէին լսել, ինչն էլ ավելի էր բարդացնում իրավիճակը:
Սակայն, չնայած ռուսական էմբարգոյի այդ 7 տարիներին առաջացած խնդիրներին, վրացական գինեգործությունը ոչ միայն կարողացավ ողջ մնալ, այլ նաև թևակոխեց զարգացման նոր փուլ:
2012թ-ին արտահանման միջոցների ծավալը հավասարվեց դեպի Ռուսաստան արտահանման 2005թ-ի ցուցանիշին: Գինու գործակալության տվյալներով, վրացական գինին վաճառվում է 50 երկրներում:
2016թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ Վրաստանն արտահանել է 32 421 418 շիշ (0,75լ), ինչը 35%-ով ավելի շատ է, քան նախորդ տարի:
Եվրոպական շուկայից բացի Վրաստանն այդ փուլում կարողացավ այնպիսի կարևոր շուկա դուրս գալ, ինչպիսին է չինականը: Այսօր Չինաստանը վրացական գինիների խոշորագույն ներկրողների հնգյակի մեջ է մտնում և 2-րդ տեղն է զբաղեցնում (Չինաստանն այդ դիրքում զբաղեցրել է Ուկրաինայի տեղը) այն դեպքում, որ 10 տարի առաջ նա այդ ցուցակում չկար անգամ:
2016թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ այն երկրներն, ուր Վրաստանը գինի է արտահանում, հետևյալ կերպ են դասավորվում. Ռուսաստան (17 056 936 շիշ), Չինաստան (3 852 245 շիշ), Ուկրաինա (3 457 028 շիշ), Ղազախստան (2 535 163 շիշ), Լեհաստան (1 633 514 շիշ):
Այո, Ռուսաստանը, որը 2013թ-ին իր շուկան բացեց վրացական գինու համար, կրկին առաջատար է: Իսկ Վրաստանը ջրբաժանի առջև է. ծանոթ, թեթև, միևնույն ժամանակ քաղաքականացված և տնտեսական ռիսկեր պարունակող ռուսական շուկա՞, թե՞ նոր, անծանոթ և դժվար նվաճվող բարձունքներ: Վրացի փորձագետները համակարծիք են, որ ռուսական շուկայից կրին կախվածություն ձեռք բերելը վրացական գինեգործության համար կարող է կործանարար լինել:
Ռուսական էմբարգոյի միանշանակ դրական կողմն այն է, որ այսօր միջին սեգմենտի վրացական գինիները զգալիորեն մոտեցել են միջազգային ստանդարտներին, ինչպես նաև պրեմիում դասի գինիների արտադրություն է սկսվել:
Գինեգործի մասնագիտությունը Վրաստանում միշտ հեղինակավոր է համարվել, իսկ վերջին տարիներին առանձնահատուկ տարածում է գտել: Հաճախ կարելի է լսել երիտասարների մասին, ովքեր մայրաքաղաքից տեղափոխվել են գյուղ, խաղողի այգի տնկել և սկսել գինեգործությամբ զբաղվել:
Օրինակ, որոշ վրացական սրճարաններում և ռեստորաններում «Օդա» գինի է վաճառվում: Այն «օջալեշի» խաղողի բացառիկ տեսակից Արևմտյան Վրաստանում արտադրում են թբիլիսցի ամուսիններ Զազա Գագուան և Քեթի Նինիձեն:
Զազան բարեկարգել է Մարթվիլիում (Արևմտյան Վրաստան) նախատատից ժառանգած օդան (հին մեգրելական տուն) և ողջ ընտանիքով տեղափոխվել այնտեղ: Երեխաները Մարթվիլիում մանկապարտեզ են գնում, Քեթին ու Զազան բիզնեսով են զբաղվում: Նախկինում գնում էին խաղողն, իսկ այս տարի առաջին անգամ կվևրիները սեփական «օջալեշի» կլցնեն: Նրանց եկամուտը տարեցտարի աճում է, սակայն միջոցները նրանք ներդնում են արտադրանքն ընդլայնելու մեջ: Նախորդ տարի նրանք 2000 շիիշ գինի են արտադրել, այս տարի պլանավորում են 3000 արտադրել: Եվ ներքին շուկան են մատակարարում, և արտահանում են: Նախորդ տարի 200 շիշը Լոնդոն է գնացել, 50-ը՝ Ավստրալիա: Հաջորդ երկու տարիներին պլանավորում են իրենց խաղողի այգուց 2-3 տոննա բերք հավաքել: Գործին մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում: Քեթին մի քանի ամիս Գերմանիայում կուրսեր է անցել: Նա պլանավորում է նաև գինու զբոսաշրջությամբ զբաղվել:
«Օդան» զբոսաշրջիկներին տարբեր ծառայություններ է առաջարկում: Գինու համտեսից բացի, այստեղ նաև ինտերակտիվ միջոցառումներ են անցկացվելու. զբոսաշրջիկները հենց բակում կարող են գոմի (եգիպտացորենի շիլա) և չուրչխելա պատրաստել: «Շատ եմ ուզում այս գործին նաև ուսուցողական երանգ հաղորդել: Մտածում եմ նաև կիրակնօրյա դպրոց բացել, որտեղ սովորողները կարող են տարբեր հմտություններ ձեռք բերել», — ասում է Քեթին:
Զազան խոսում է փոքր ու միջին գինեգործական ընկերությունների նշանակության մասին: Նախորդ տարի «Օդան» անարդյունք փորձում էր ֆինանսավորում ստանալ «Արտադրիր Վրաստանում» կառավարական ծրագրի շրջանակում [փոքր ու միջին բիզնեսի աջակցման ծրագիր, որը մշակվել է 2014թ-ին Վրաստանի վարչապեսի նախաձեռնությամբ]:
«Ֆեյսբուքով են մեզ գրել, որ մերժում են ֆինանսավորում տրամադրել: Պատահմամբ այդ գրառումը կարդում է մի գինու բարի սեփականտեր և ցանկություն հայտնում ֆինանսավորել մեզ: Ով ծանոթ է այս ոլորտին, հասկանում է, թե որքան կարևոր է աջակցել հենց փոքր ու միջին բիզնեսին», — ասում է Զազան:
Վրացի փորձագետներն ու գինեգործները միակարծիք են, որ առաջին հերթին գյուղացիների և փոքր ձեռնարկատերերի շնորհիվ վրացական գինու ավանդույթները վերջնականապես չանհետացան խորհրդային և հետագա բարդ տարիներին: Հենց նրանց է պետք շնորհակալ լինել, որ Վրաստանում այսօր էլ գոյություն ունեն որթերի բացառիկ տեսակներ և պահպանվել է կվևվրիներում գինու պահպանման բացառիկ տեխնոլոգիան:
Իլիա Բերիանիձե, գյուղ Կարդենախի
Գուրջաանի տանող ճանապարհին խիտ մառախուղի պատճառով դժվարությամբ ես տեսնում Կարդենախի գյուղ տանող ճանապարհի ցուցանակը: Գյուղի նեղ ճանապարհով ջրի բիդոններով միջին տարիքի կորացած մի մարդու ենք հանդիպում: Մեքենան տեսնելով՝ միանգամից կանգ է առնում:
«Գնում եմ գինին դատարկեմ, եթե ուզում եք, միացեք», — առաջարկում է նա՝ իմանալով, որ լրագրողներ ենք և հետաքրքրվում ենք խաղողի բերքահավաքի հետ կապված ամեն ինչով:
Իլիա Բերիանիձեն 50 տարեկան է: Նախկինում Թբիլիսիում է ապրել, մսագործ է եղել: Երբ կյանքը դժվարացել է, լքել է մայրաքաղաքն ու ծեր ծնողների հետ վերադարձել հարազատ գյուղ:
«Ի՞նչն ինձ այստեղ կպահեր, եթե խաղողի այգին չլիներ», — ասում է Իլիան՝ հրավիրելով ծանոթանալ իր մառանին:
Սակայն մինչ այդ մեզ տանում է իր տան երկրորդ հարկ՝ խաղողի այգին ցույց տալու:
Իլիայի տունը կառուցվել է 19-րդ դարում: Այն տեղ-տեղ հնությունից վնասված է: Երկնագույն պատերով և փայտյա ճռճռան դռնով փոքր սենյակի պատշգամբից երևում են խաղողի վազերով հողերը: Իլիան նայում է խաղողի այգուն և պատմում.
Մենք հաճույքով փորձում ենք: Զգացվում է, որ մաքուր գինի է, առանց խառնուրդների: Տանտերը կենաց է ասում՝ նախնիների համար, որոնցից նա այս խաղողի այգին ժառանգել է:
Նիկոլոզ և Թամարի, գյուղ Կարդենախի
41-ամյա Նիկոլոզը մանկուց է տեսել և գիտի, թե ինչպես են գինի պատրաստում. գինեգործների ընտանիքից է: 20 տարի առաջ իր տան մոտ փոքրիկ գործարան է հիմնել: 2 հեկտար հող ունի: Բանկից վարկ է վերցրել խաղողի այգին մշակելու համար, սակայն հույսերը չեն արդարացել. նրա խաղողը նույնպես հիվանդացել է միլդյուով: Վարկի մի մասը մարելու համար մի քանի օր առաջ կես հեկտար հողը 8300 դոլարով է վաճառել:
«7 տարի խաղողի այգին խնամել եմ, ինչպես երեխայի, սակայն այլ ելք չունեի, ստիպված էի վաճառել: Այս տարի հիվանդության պատճառով խաղողը փչացավ: Դեղորայքը որակյալ չէր: Մարդիկ մեծ վնասներ կրեցին», — ասում է Նիկոլոզը:
Բակի մեջտեղում կրակ է վառել: Ճաճա է թորում: Հետևում է ընթացքին՝ մեզ հետ զրուցելով: Ասում է, որ լավ ճաճա ստանալու համար մեծ ուշադրություն է հարկավոր:
Ճաճան դանդաղ հոսում է մեծ մետաղական կաթսայից: Կողքը սեղան է գցած՝ խորոված, պանիր, հաց: Հարցնում եմ ընտանեկան բիզնեսի մասին, որով զբաղվում է կնոջ և ավագ որդու հետ: