Թե ինչպես են Ադրբեջանում «մոռանում» աղմկահարույց հանցագործությունների մասին
Վերջին տասը տարվա սկանդալային քրեական գործերը, որոնց մասին գնալու է խոսքը, ադրբեջանական հասարակության ուշադրության կենտրոնում են եղել։ Սակայն մեղավորներին պատժելու փոխարեն մարդիկ ստիպված էին բավարարվել «հետաքննությունը վերահսկելու» իշխանությունների խոստումներով։
Ի՞նչ էին պատմում հասարակությանը քննությունների ընթացքում և ի՞նչ պետք է պատմեին։
— Գեներալ Ռայիլ Ռզաևի սպանությունը 2009 թ-ի փետրվարի 11-ին։ Անկախ Ադրբեջանի բանակի «հիմնադիր հայրերից» մեկը սպանվել էր դիպուկահարի կողմից իր տան մոտ՝ մեքենայի մեջ։
Սպանությունից անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ գործն իր անձնական վերահսկողության տակ է առնում։ Սակայն 10 տարի անց ոչ մի մեկնաբանություն և հայտարարություն պետական կառույցներից՝ ոչ հանցագործության հնարավոր շարժառիթների, ոչ կասկածյալների մասին չեղավ։
— Հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանությունը 2011թ-ի նոյեմբերի 23-ին։ Նոյեմբերի 19-ին փողոցում նրան դանակով հարվածել էին, հիվանդանոցում նա հասցրեց մի քանի հարցազրույց տալ, որոնցում ենթադրում էր, որ իրենից վրեժ են լուծել իսլամի քննադատության, հատկապես՝ Իրանի կառավարության հասցեին քննադատության համար։
Ութ տարի է անցել, սակայն չկան ոչ կասկածյալներ, ոչ ձերբակալվածներ, ոչ էլ տեղեկություններ հետաքննության ընթացքի մասին։
— Հրդեհ պլատֆորմում 2015 թ-ի դեկտեմբերի 4-ին։ 12 մարդ զոհվեց, 18 մարդ անհետ կորավ SOCAR ընկերության Գյունեշլի հանքավայրի նավթային պլատֆորմում։ Ուժեղ քամու պատճառով հրդեհը կարողացան մարել միայն մեկ շաբաթից։
Այդ օրվանից մինչ այժմ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, հետաքննության ընթացքի մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։
— Լրտեսական սկանդալ 2017թ-ի մայիսի 7-ին․ Ադրբեջանի ուժային կառույցները համատեղ հայտարարություն արեցին զինվորականներից և քաղաքացիական անձանցից բաղկացած լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Նրանց մեղադրեցին «հայկական ուժերին աջակցելու» համար երկրի Տերտերի շրջանում։
Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ մեղադրյալներից շատերին խոշտանգել են, և նրանցից ոմանք մահացել են կտտանքների ժամանակ։ Մահացածների հարազատները հավաքվում էին նախագահի վարչակազմի շենքի մոտ՝ պահանջելով բացատրություններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու են իրենց սկզբից հաղորդել զինվորականների մահվան մասին, իսկ հետո նոր՝ մեղադրել դավաճանության մեջ։
Հասարակությունը չի իրազեկվել հետաքննության ընթացքի մասին։
— Դպրոցական աղջկա ինքնասպանությունը 2019թ-ի ապրիլի 6-ին։ 14-ամյա Էլինա Հաջիևան ոչ միայն պարզապես ցած էր նետվել դպրոցի պատուհանից համադասարանցիների ծաղրանքների և ուսուցիչների անտարբերության պատճառով։ Դպրոցի տնօրենը շտապօգնություն կանչելու փոխարեն երկու ժամ աղջկան իր կաբինետում էր պահել՝ ստիպելով նրան պատասխանել իր հարցերին և նկարահանելով դա։
Այնուհետև Էլինան հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ մահացել էր երկու օր անց։ Հարազատներին նրա մոտ այդպես էլ չէին թողել։
Տվյալ պահին դպրոցի տնօրենը տնային կալանքի տակ է։ Դատարանը մերժել է պատիժը խստացնելու հայցվորի խնդրանքը։
Ապրիլի վերջից հետաքննության ընթացքի մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել։
Ի՞նչ տեղեկություն ստանալու իրավունք ունի հասարակությունն՝ ըստ օրենքի
Մեդիափորձագետ, իրավագետ Ալեսքեր Մամեդլի․
«Տեղեկություն ստանալու մասին» 2005թ-ի օրենքում հստակ պահանջներ են նշված պետական կառույցներին համար․ նրանք պարտավոր են տեղեկություններ տրամադրել ի պատասխան մասնավոր և իրավաբանական անձանց հարցումների, եթե դրանք գաղտնի չեն։
Սակայն օրենքի ընդունումից յոթ տարի անց դրա կատարման գործիքներ չեն ստեղծվել, իսկ դրանից հետո տեղեկությունների տրամադրումը հանձնարարվել է օմբուդսմենի աշխատակազմին։ Սակայն, առաջին հերթին, օմբուդսմենն այդ նպատակով բավականաչափ աշխատակիցներ չունի, երկրոր հերթին, օմբուդսմենի աշխատակազմը չի կարողանում կատարել մարդու իրավունքների հետ կապված իր իսկ պարտականությունները»։
Ալեսքեր Մամեդլին պատմում է, որ պետական կառույցների կայքերում լրացուցիչ, օրենսդրությամբ չնախատեսված տվյալներ են պահանջում մարդկանց մասին, ովքեր տեղեկությունների հարցում են անում, օրինակ՝ անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ օրենքի՝ հարցմանը պետք է պատասխանեն յոթ աշխատանքային օրվա մեջ, սակայն դա կարող է ձգձգվել մեկ ամիս։
Փորձագետը կարծում է, որ տեղեկությունների «փակ» լինելն ասեկոսեներ և բամբասանքներ է ծնում և խաթարում պետական կառույցների հանդեպ վստահությունը։ Նման կերպ, նրանք հասնում են իրենց նպատակների հակառակ արդյունքին, այսինքն՝ հասարակությունը խոցելի է դառնում արտաքին տեղեկատվական ազդեցությունների համար․
«Այդ ամենը հանգեցնում է պետական մարմինների նկատմամբ հասարակության անվստահությանն, իսկ դա, իր հերթին, սպառնում է երկրի տեղեկատվական անվտանգությանը»։
Հարցումներ առանց պատասխանների
Չնայած օրենքով ընձեռված իրավունքներին՝ Ադրեբջանի պետական կառույցների փակ լինելն առավել շատ է ազդում անկախ լրագրողների աշխատանքի վրա, և նրանք բողոքում դրա դեմ։
Լրագրող Ռամին Դեկոն անգամ փորձել է դատարան ատյաններում լուծել այս խնդիրը։ Սակայն տեղական դատարանները ոչ մի անգամ գործը նրա օգտին չեն լուծել, իսկ այժմ նրա գործերից մի քանիսն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՄԻԵԴ-ում այժմ տասնյակ նման գործեր կան, հաստատում է իրավաբան Խալիդ Աղալիևը։ Նա պատմում է նաև, որ, ըստ Մեդիաիրավունքների ինստիտուտի, պետական կառույցները միայն 30-40% դեպքերում են հասարակությանը տեղեկություններ տրամադրում իրենց պաշտոնական կայքերում։ Մինչ դեռ օրենքը թելադրում է լիարժեք տեղեկատվության հրապարակում։ Բացի այդ, նրանք պատասխանում են տեղեկատվություն հայցող տասը հարցումներից մեկին։