Թեյնիկին ձեռք մի՛ տվեք
Էլինային մեզ մոտ աշխատանքի ընդունեցին գիտությանն անհայտ պաշտոնի՝ կամ որպես օֆիս-մենեջեր, կամ պարզապես վերակացու: Աշխատավարձ նա չէր ստանում: Պարզապես օգնում էր տնօրենին (ով նույնպես նոր էր) բարությունից դրդված, ինչպես նա էր ասում, օգնելու մեր կողմից քանդած ձեռնարկությունը ոտքի կանգնեցնելու: Անվանենք այն Իքս ընկերություն:
1
Նա միանգամից գործի անցավ. քանդեց մեր ամսագրերի պահարանը, մեկ-մեկ հատակին էր դրանք նետում սուր ճիրաններով թաթերով, մեր թեյի փոխարեն տնից ինչ-որ էկզոտիկ թեյ բերեց՝ չորացրած ծաղիկներով, և ամենասարսափելին՝ լվաց թեյնիկը: Այսինքն՝ լուրջ դեմքով խանութից ջրի նստվածքի միջոց բերեց և թեյնիկն անբնական մաքրության աստիճանի փայլեցրեց:
Կանոն համար մեկ. թեյնիկին ձեռք մի տվեք:
Ձեր նոր աշխատավայրում կենցաղը վաղուց է կայացել: Եթե ինչ-որ տեղ փոշի կա և բաժակների վրա մուգ փառ է կապել նրանից է, որ մարդիկ այստեղ զգում են իրենց, ինչպես տանը, և նրանց վերակացու պետք չէ, ով նման էժան ձևով «ցույց կտա, թե ինչպես է պետք անել»: Մեկ շաբաթ սպասեք, թող մարդիկ ձեզ ընդունեն: Հետո թույլտվություն հարցրեք ինչ-որ բան փոխելու, հետո նոր սկսեք ամեն ինչ լվանալ, կահույքը տեղաշարժել և ավելորդ իրերը դեն նետել:
2
Էլինայի մյուս տխուր սխալն այն էր, որ նա ոչ մի կերպ չէր ուզում խոստովանել, որ մեզնից ինչ-որ բան կարող է սովորել: Դուք այս ծրագրով աշխատել գիտե՞ք: Իհարկե գիտեմ: Նրանից այլ պատասխան չեմ լսել: Արդյունքում, երբ իմ հեռանալուց հետո նա ստիպված էր մենեջերի տեղը զբաղեցնել, նա բացարձակ անօգնական էր:
Եթե դուք անգամ մեծ պրոֆեսիոնալ եք, միևնույնն է, յուրաքանչյուր ձեռնարկություն իր առանձնահատկությունն ունի: Սրճարաններն իրենց մշտական հաճախորդներն ունեն, ում դուք դեռ ծանոթ չեք, արտադրամասում հաստոցներ կան՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկությամբ: Մարդիկ, ովքեր վախենում են ընդունել, որ իրենք ինչ-որ բաներ չեն հասկանում, հիմարի տպավորություն են թողնում:
Կանոն համար երկու. սովորեք նոր գործընկերներից
Եթե անգամ դուք ղեկավար եք, ռևիզորի դիմակ մի՛ հագեք: Խնդրեք նրանց պատմել ախատանքի մասին, թե ինչն ինչպես է արվում:
3
Իքս կազմակերպության նոր տնօրենը տիպիկ «օբյեկտի տեր էր»: Այսինքն նա պաշտում էր աշխատակիցների հետ անկեղծ զրույցներ վարել նրանց խնդիրների մասին: Գնում էր ցածր օղակի աշխատակիցների հարսանիքներին, ինչը նրանց հիացմունքն էր առաջացնում: Մի խոսքով, բարի հոր դեր էր ստանձնել: Դա թերևս չխանգարեց նրան գրասենյակի՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին մեծ գումարներ պարտք մնալ:
Կանոն համար երեք. հարգե՛ք գործընկերների անձնական տարածքը
Պետք չէ մտնելուն պես փիլիսոփայական զրույցներ վարել, սեփական կենսագրությունը պատմել, ցույց տալ երեխաների նկարները, անձնական հարցեր տալ: Աշխատավայրում ընկերություն անելը հիանալի է, սակայն պետք չէ անմարդկային ճիգեր գործադրել միանգամից նրանց կողմից ընդունվելու համար:
Միասնական աշխատանքն ինքնին շփման բավականին ինտիմ ձև է, և աշխատելու ընթացքում այնպիսի որակներ են ի հայտ գալիս, ինչպես հանդուրժողականությունը, փոխզիջումների գնալը, օգնության հասնելը: Պրոֆեսիոնալ կոլեկտիվում ավելի կարևոր է արագ մտածելը, վերջնաժամկետներին հետևելը և գործընթացը չարգելակելը, քան ամեն օր բոլորին կարկանդակ հյուրասիրելը:
4
Մի անգամ Էլինան ինձ խնդրեց հաղարջ լվանալ: «Դե լավ, — մտածեցի ես, — վերջին հաշվով բոլորս ենք, չէ՞, ուտելու»: Սակայն իրականում այնքան էլ հասկանալի չէ ա) թե ինչու է անհրաժեշտ աշխատանքային օրվա կեսին հաղարջ ուտել; բ) թե ինչու վաճառքների գծով մենեջերը կարող է հաղարջ լվանալ, իսկ տնօրենին իրազեկողը՝ ոչ:
Իմ գործողությունների տիպիկ սխալն այն էր, որ ես չկարողացա սահմաններ դնել: Նոր աշխատավայրում պետք է հասկանաք, թե ինչ մարդիկ են ձեզ շրջապատում և ինչպես է կազմակերպությունը կառուցված: Սակայն կազմակերպությունը նույնպես պետք է հասկանա, թե ինչ մարդ եք դուք և ինչպես նա իրեն պետք է պահի ձեզ հետ:
Հետևաբար, կանոն համար չորս՝ սահմաններ գծե՛ք: Եթե դուք դժվարանում եք կենտրոնանալ աշխատանքի վրա, երբ մեկը երաժշտություն է լսում, խնդրեք նրանց ականջակալներ դնել: Եթե դուք աշխատանքային օրվանից ավել եք աշխատում, պաահնջեք, որ այդ ժամանակի դիմաց ձեզ վճարեն: Այո, այժմ ճգնաժամ է, և աշխատանք անհրաժեշտ է բոլորին, այնուամենայնիվ առկա է որակավորված կադրերի պակաս: Այդ պատճառով էլ չարժե հանուն աշխատանքի ամեն ինչ տանել և ամեն ինչին համաձայնել: Եթե անգամ վախենում եք կորցնել ձեր տեղը, անպայման չէ դա ցույց տալ:
5
Եվ ամենագլխավոր պատճառը. եթե չստացվեց ադապտացվել, հեռացե՛ք:
Չկան այնպիսի միջոցներ, որ օգնեն սիրահարեցնել ձեզ չար ու հիմար մարդկանց: Կամ պարզապես հարմարվել նրանց: Եթե այնպիսի ընկերություն եք ընկել, որտեղ ոչ պրոֆեսիոնալ պետը իր համար թիմ է հավաքել «հանկարծ եթե առիթ լինի, պահարան էլ քարշ կտան» սկզբունքով, փախեք: Օրվա մեջ 9 ժամ մենք աշխատանքի վրա ենք ծախսում, ինչի՞ կվերածվի ձեր կյանքը, եթե այդ ժամանակը ձեզ տհաճ մարդկանց հետ անցկացնեք: Թո՛ւյլ տվեք ձեր կատարյալ աշխատանքին ու թիմին գտնել ձեզ: Նրանք արդեն ճանապարհին են: Եվ անհամապատասխան ընկերություններից յուրաքանչյուր հեռացումն այդ ճանապարհն ավելի կարճ է դարձնում:
Հրապարակվել է 16.09.2016