Վրացական ֆուտբոլի մեծ օրը
«Գիտեմ, որ ռուս և վրացի ժողովուրդների միջև հարաբերությունները նույնն են, ինչ նախկինում՝ ի տարբերություն միջպետականի։ Սակայն, այնուամենայնիվ, Եվրոպայի լիգայում Թբիլիսիի և Մոսկվայի թիմերի միջև խաղը պարզապես խաղ չէ, դա Ռուսաստան–Վրաստան խաղ է», — մենամարտից առաջ հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» տնօրենների խորհրդի նախագահ, ռուս պետական և քաղաքական գործիչ Սերգեյ Ստեպաշինը։
2020 թ–ի սեպտեմբերի 18–ին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Թբիլիսիի «Լոկոմոտիվը» Վրաստանի մայրաքաղաքի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում հանդիպել է Մոսկվայի «Դինամոյի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել։
Խաղի արդյունքն անսպասելի էր շատերի համար․ բավական է ասել, որ բուքմեյքերական ընկերությունները խաղի մեկնարկից առաջ թբիլիսցիների հաղթանակը մոտ 4 անգամ ավելի ցածր էին գնահատում մոսկվացիների հաղթանակից։
Ֆուտբոլային հաղթանակը չէր կարող քաղաքական նշանակություն չունենալ՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունները։
Թբիլիսյան ակումբը ոչ միայն հաղթեց, այն հաղթեց այն երկրի թիմին, որին Վրաստանն ագրեսոր և օկուպանտ է համարում։
2008 թ–ին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, այդ տարածքները Թբիլիսին և միջազգային հանրության բացարձակ մեծամասնությունը Վրաստանի մի մասն են համարում։
Թբիլիսիի «Լակոմոտիվն» արդյունքում անցավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ խաղալու է իսպանական «Գրանադայի» հետ։
Խաղն ինքնին բավականին լարված էր։ Առաջին խաղակեսից հետո, որն ավարտվեց 0:0 հաշվով, թբիլիսցիներն ակտիվացան, և 54–րդ րոպեին Իրակլի Սիխարուլիձեն բացեց հաշիվը։
22 րոպե անց Մամիա Գավաշելիշվիլին օգտվեց «Դինամոյի» դարպասապահի սխալից և ավելացրեց հաշվի տարբերությունը՝ 2-0։
Մոսկվացիները կարողացան հեղինակության գոլ խփել 11-մետրանոցից, որը նշանակվել էր խաղի վերջին րոպեին։ Ավելացված ժամանակահատվածում «Դինամոն» ևս մի քանի վտանգավոր պահ ստեղծեց, սակայն վրացի ֆուտբոլիստները կարողացան պահպանել վաստակած հաղթանակը։
«Լոկոմոտիվի» հաջողությունը հետևեց թբիլիսյան մյուս թիմի՝ «Դինամոյի» հաջող ելույթին։
«Դինամոյի» խաղացողները հաղթել են «Գափ Քոնազ Քուեյ» վալիական թիմին․ 11-մետրանոցից վերջին րոպեին գոլ է խփել Գիորգի Գաբեդավան։
«Դինամոն», ինչպես և «Լոկոմոտիվը» դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ։