Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում։ Արձագանքը վարչապետի հրաժարականին և քաղաքական ճգնաժամը Վրաստանում
Ընդդիմության հայտարարությունը
Վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան ընդդիմության անունից հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր է վերադառնալ իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պատրաստ է քննարկել նոր ընտրությունների անցկացման հարցը։
«Միայն արտահերթ ընտրությունները երկիրը դուրս կբերեն ճգնաժամից, ինչը թույլ կտա կարգուկանոն հաստատել բոլոր ոլորտներում, հատկապես՝ արդարադատության ոլորտում», — հայտարարել է Մելիան։
Իշխանությունների արձագանքը
Որպես իր հրաժարականի գլխավոր պատճառ՝ վարչապետ Գախարիան նշել է ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի կալանքի վերաբերյալ իշխող կուսակցության դիրքորոշման հետ անհամաձայնությունը։ Իշխող կուսակցության պատգամավորները քվեարկել են նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, իսկ հետո դատարանը նրա կալանքի մասին վճիռ է կայացրել։
Գախարիայի հրաժարականից հետո ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Մելիային կալանավորելու մասին դատարանի վճռի կատարումը «ժամանակավորապես հետաձգվել է»։
Այնուհետև, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն մեծամասնության մյուս առաջնորդների հետ միասին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վարչապետի հրաժարականի պատճառն այն տարաձայնություններն են եղել, «թե արդյո՞ք պետությունը պետք է իր դեմքն այդպես ցույց տա, թե ոչ»։
«Գիորգի Գախարիան այս հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում ուներ, որը տարբերվում էր թիմի մյուս անդամների դիրքորոշումից։ Սակայն մենք չկարողացանք լսել որևէ փաստարկ՝ ի աջակցություն նրա դիրքորոշման», — ասել է Կոբախիձեն։
Նա Մելիային կոչ է արել հետևել օրենքին, «հակառակ դեպքում՝ կառավարությունը կապահովի օրենքի կատարումն ու նրա կալանքը»։
Նրա խոսքով՝ կառավարության ձևավորումը կսկսվի և կավարտվի օրենքով նախատեսված հնարավորինս կարճ ժամկետում։
Ակնկալվում է, որ «Վրացական երազանքի» քաղխորհուրդը կհավաքվի վաղը ու վարչապետի նոր թեկնածու կառաջադրի։
Ի՞նչ է տեղի ունեցել
Երեկ՝ փետրվարի 17-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը վճիռ է կայացրել «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային կալանավորելու մասին, որը մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։
Դատական նիստը տևել է գրեթե վեց ժամ։ Մելիայի փաստաբաններն ապարդյուն փորձել են հասնել խափանման միջոցի չեղարկման։
Դատախազությունը Մելիային մեղադրում է 2019 թ․ հունիսի 20-21-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար, երբ Վրաստանում Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Գավրիլովի ներկայության դեմ ցույցը վերաճեց ցուցարարների և ոստիկանության միջև բախումների, ինչպես նաև խորհրդարանը գրոհելու կոչերի։
2019 թ․ հունիսի 26-ին նախորդ գումարման խորհրդարանը Նիկա Մելիային զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Հաջորդ օրը դատարանը որպես խափանման միջոց նրան պարտավորեցրեց վճարել 30 հազար լարի [մոտ $9 հազ] գրավ և լրացուցիչ սահմանափակող միջոցներ ձեռնարկեց, այդ թվում՝ էլեկտրոնային շղթայի կրում։
Այս գործը կրկին արդիական դարձավ այն բանից հետո, երբ 2020թ․ նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ ընդդիմության մասշտաբային հանրահավաքի ժամանակ Նիկա Մելիան ցուցադրաբար հանեց և դեն նետեց շղթան՝ որպես անարդարության խորհրդանիշ։
Այս առնչությամբ 2020 թ․ նոյեմբերի 3-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Մելիայի համար գրավը հասցրել է մինչև 70 հազար լարիի՝ ավելացնելով ևս 40 հազար լարի [մոտ $12 հազար]։
Մելիան հրաժարվել է գրավը վճարել, քանի որ, ըստ նրա, «երկրի և՛ դատարանը, և՛ դատախազությունը (իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա) Իվանիշվիլիի գրպանում են»։
2020 թ․ հոկտեմբերի 31-ին Նիկա Մելիան կրկին պատգամավոր է ընտրվել, այդ պատճառով էլ նոր խորհրդարանը ստիպված է եղել կրկին նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշում կայացնել փետրվարի 16-ին։
- Հոկտեմբերյան ընտրություններից հետո Մելիան ինքն է հրաժարվել պատգամավորական մանդատից և, որպես հետևանք, անձեռնմխելիությունից, սակայն խորհրդարանը հրաժարվել է նրան և ընդդիմության ևս 50 պատգամավորի զրկել մանդատներից։
- 2020 թ․ դեկտեմբերի 25-ին Նիկա Մելիան «Միասնական ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ է ընտրվել։ Կուսակցության նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գրիգոլ Վաշաձեի հրաժարականից հետո։