Ընդդիմությունը գրոհել է ՆԳՆ-ն
Սուխումում ընդդիմության կողմնակիցները պաշարել են Ներքին գործերի նախարարության շենքն ու նախագահ Հաջիմբային ստիպել հեռացնել ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձիապշբային: Սակայն մյուս պահանջը՝ նախագահի հանդեպ վստահության հանրաքվեն հուլիսից աշուն տեղափոխելը, նա չբավարարեց:
«Ահա դուք կանգնած եք բարձրախոսով, ինչ-որ բանի եք սպասում, սակայն միևնույնն է, ճշմարտությունը կխեղաթյուրեք», — ասաց ինձ մոտ 30 տարեկան մի տղամարդ ՆԳՆ շենքի բակում: Ու հենց այդտեղ էլ կանգ առավ:
— Գիտե՞ք՝ վաղը ես կզրկվեմ իմ լավ աշխատանքից: 10 տարի դրան եմ նվիրել, սակայն վաղը դա չեմ ունենա:
— Գործից դո՞ւրս եք գալիս
— Ոչ, չէի պատրաստվում:
— Ձե՞զ են հանել աշխատանքից:
— Վաղը ղեկավարության հետ ծանր զրույց է սպասվում:
Իմ պատահական զրուցակիցը չէր սադրում և կոնֆլիկտ չէր փնտրում: Այնպիսի տպավորություն էր, որ մարդը պարզապես ուզում է զրուցել: Կարծես օրվա մեջ առաջին անգամ, իսկ հնարավոր է՝ ավելի երկար ժամանակահատվածում:
— Իսկ ո՞րտեղ եք աշխատում:
— «Չերնոմորէներգո»-ում, արդեն տասը տարի:
— Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ վաղը կկորցնեք ձեր աշխատանքը:
— Այդպիսի կանխազգացում ունեմ: Գիտեք՝ ես երբեք քաղաքականությամբ չեմ հետաքրքրվել: Դա ինձնից հեռու է: Սակայն անցյալ տարի սատարեցի թեկնածուներից մեկին և գնաց: Ինքս Զանտարիա եմ:
— Ես նույնիսկ գիտեմ, թե որ թեկնածուին եք սատարել: Իմ հորեղբայրն է Զանտարիա:
Խոսքը գնում է 2014թ-ի նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու Ասլան Բժանիայի մասին: Նա ծնունդով Տամիշ գյուղից է՝ Զանտարիաների կլանի հարազատ գյուղից: Այժմ նա ընդդիմության առաջնորդներից մեկն է: Իսկ գյուղացիների կողմից «իրենց» թեկնածուին սատարալու վաղեմի ավանդույթը ոչ մի տեղ չէր անհետացել:
Ինչպես ամեն ինչ սկսվեց
Ամեն ինչ սկսվեց «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցությունից, որը ֆիլհարմոնիայի բակ էր եկել պահանջներով:
· Առաջինը՝ նախագահի հանդեպ վստահության հանրաքվեն տեղափոխել աշուն:
· Երկրորդը՝ «ՆԳ նախարար Լեոնիդ Ձիապշբային անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից».
Վերջնագրի մնացած կետերը միայն այդ երկու կետերի հավելումն էին:
Մասնավորապես, համաժողովի մասնակիցները պահանջում էին թույլ տալ Աբխազիայի քաղաքացիներին քվեարկել անձը հաստատող փաստաթղթերով և ժամկետանց անձնագրերով, ինչպես նաև բացել ընտրատեղամասեր Ռուսաստանում քվեարկելու համար:
Բացի այդ, ընդդիմությունը պահանջում էր պետական հեռուստաալիքի եթերում իրեն ժամանակ հատկացնել և «անհապաղ վերականգնել Հասարակական դիտորդական խորհրդի գործունեությունը, որի կազմում պետք է ներառվեն ընդդիմության ներկայացուցիչներ»:
Ընդունելով բանաձևը՝ հավաքվածները բանագնացների ընտրեցին, ովքեր գնացին նախագահի մոտ: Դա մաքսային կոմիտեի նախկին նախագահ Սայիդ Տարկիլն էր, Ժողովրդական ժողովի պատգամավոր Ախրա Կվեկվեսկիրին և Աբխազիայի հերոս Լեսիկ Ցուգբան:
Մինչդեռ նախագահն ընդունում էր ընդդիմության բանագնացներին, ֆիլհարմոնիայի մոտ հավաքվածները որոշեցին սպասել նրանց ՆԳՆ շենքի մոտ: Այդ երկու կառույցների միջև հարյուր մետր հեռավորություն է ընդամենը: Այդպես ամբոխը սկսեց տարերայնորեն հավաքվել նախարարության շենքի մոտ:
Նախագայի և ընդդիմության հանդիպումից հետո
Նախագահ Հաջիմբան բանակցությունների ընթացքում համաձայնել է միայն ժամկետանց անձնագրերի վերաբերյալ պահանջին՝ հաշվի առնելով այդ խնդրի արդիականությունը: Հանրապետությունում շատերը չեն հասցրել փոխել անձնագրերը, և նրանց հանրաքվեին մասնակցելու հնարավորություն տալու համար նախարարների կաբինետը որոշեց Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների բոլոր ժամկետանց անձնագրերի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ-ի հուլիսի 10-ը:
Նախագահի վարչակազմի շենքից դուրս գալիս ընդդիմադիր բանագնաց Ախրա Կվեկվեսկիրին ասել է. “Չի կարելի ասել, որ մեզ չլսեցին: Անձնագրերի հարցով փոխհամաձայնության եկանք: Մնացած որոշումներին կսպասենք:
Ընդդիմադիր բլոկի ներկայացուցիչներից հետո դուրս եկավ նաև նախագահ Հաջիմբան: Այդ պահին արդեն նախագահի վարչակազմի շենքի մոտ հավաքվել էին նրա աջակիցներն, ովքեր ուզում էին ընդդիմության հետ բանակցությունների արդյունքի մասին լսել հենց նախագահից:
«Ես կոչ եմ անում ձեզ դիմանալ այս ամենին: Մենք չպետք է սադրանքների տրվենք: Մենք ունենք բավարար ուժ և միջոցներ այս խնդիրներն ինչպես հարկն է լուծելու համար: Ոչ մի դեպքում չի կարելի դիմակայություն թույլ տալ: Հանրաքվեն չեմ չեղարկելու: Այն նշանակված է հուլիսի 10-ին և անցկացվելու է հենց այդ օրը: Ինչ վերաբերում է անձնագրերին, ապա… ես համաձայնել եմ: Նման անձնագրերն ընդամենը մոտ 4 հազար հատ են, և եթե դրանք կանխորոշեն հանրաքվեի արդյունքը, ապա ես պատրաստ եմ համաձայնել դրա հետ», — ասել է Հաջիմբան:
Ինչ էր տեղի ունենում ՆԳՆ մոտ
Իսկ այդ ընթացքում ներքին գործերի նախարարության շենքի մոտ նոր կարծիքներ էին ձևավորվում: Բառացիորեն 20 րոպեի ընթացքում հավաքվածներին հաջողվեց ներխուժել նախարարության տարածք: Ամենագնացի և ճոպանի միջոցով դարպասները տեղահան արվեցին և ամբոխը մտավ շենք:
Ոստիկանները փորձեցին ինչ-որ կերպ այն զսպել, սակայն երբ գործի դրվեցին քարերն ու ձեռքի տակ եղած միջոցները, նրանք նահանջեցին:
Ինչ-որ պահի ՆԳՆ շենքի մոտ հայտնվեցին բոլորը՝ և ընդդիմությունը, և նախագահի կողմնակիցները, և չեզոքություն պահպանողները, եթե նմաններն, իհարկե, կան Աբխազիայում, ադմինիստրացիաների ղեկավարներ, նախարարներ, պատգամավորներ: Ես այնտեղ տեսել եմ բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին:
Սարսափելի չէր, տարօրինակ էր: Ուսանողական տարիներին ես Մոսկվայում մասնակցել եմ տասնյակ հանրահավաքների և քայլերթերի, այդ թվում նաև 2012թ-ին Բոլոտնայա հրապարակի ակցիաներին: Այդ տարվա միայն փետրվարին ինձ 5 անգամ ձերբակալել էին: Վերջին բանը, որ կցանկանայի, Աբխազիայում նման դիմակայություն տեսնելն էր՝ անկախ նրանից, թե ով է իշխանություն և ով՝ ընդդիմություն:
ՆԳՆ-ում իրավիճակը թեժանում էր, և այդ ամենը ղեկավարում էր ըստ էության մի քանի տասնյակ մարդ, նրանք, ովքեր տարուբերում էին դրոշաձողերը և փորձում բարձրանալ շենքի հովարին, փոքրամասնություն էին կազմում:
Մենք՝ լրագրողներս, կանգանծ էինք անմիջապես նախարարությանը հարող լքված մանկապարտեզի պատշգամբում: Տեսադաշտն այնքան էլ լավը չէր, սակայն թույլ էր տալիս հետևել, թե ինչպես են ընդիմադիր բլոկի առաջնորդները մյուս քաղաքական գործիչների հետ միասին փորձում կանգնեցնել ամբոխը:
Ժամանակ առ ժամանակ մարդիկ սկսում էր գոռալ՝ «Դո՛ւրս արի»՝ դիմելով ներքին գործերի նախարարին: Սակայն դուրս էին գալիս ուրիշները՝ մեկ գլխավոր դատախազը, մեկ պաշտպանության նախարարը:
Ինչ-որ պահի շենքի հովարին բռնկվող խառնուրդով շիշ ընկավ: Ոստիկանները մարեցին կրակը, սակայն գազազած ամբոխն ակտիվացավ և նախարարության վրա նոր գրոհ ձեռնարկեց: Միլիցիայի աշխատակիցներից մեկին շենքից դուրս բերեցին սրտի նոպայով, նրան «շտապօգնությունը» տարավ:
Ներքին գործերի նախարարը հեռացված է
Այնպիսի տպավորություն էր, որ ՆԳՆ մոտ հավաքվածների մեծ մասը շատ քիչ էր հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Երեկոյան 10-ի կողմերը հնչեցին երկար սպասված խոսքերն այն մասին, որ նախարարը հեռացված է: Սակայն ամբոխը դա յուրովի հասկացավ. ծափահարությունների ներքո շարունակվեցին ՆԳՆ դուռը կոտրելու փորձերը:
Երեկոյան տասնմեկի կողմերը նախարարության շենքի մոտ եկավ փոխնախագահ Վիտալի Գաբնիան, ով կարդաց Լեոնիդ Ձիապշբայի ժամանակավոր հեռացման մասին նախագահի հրամանը: Ամբոխը դանդաղ սկսեց ցրվել: Ընդդիմադիրներն ուղղվեցին դեպի «Ամցախարայի» շտաբ, իսկ գործող իշխանության կողմնակցիները՝ նախագահական:
Նախագահ Ռաուլ Հաջիմբան, դուրս գալով շենքի նախագավիթ, դիմեց ի համակիրներին.
«Դուք ամեն ինչ տեսաք: Ոչ ոք կասկած չունի, որ սրանով ամեն ինչ կավարտվի: Սակայն մենք պետք է զգույշ լինենք, պետք է միավորվենք: Եթե հարկ եք համարում, եկեք հավաքենք ժողովրդին և քննարկենք բոլոր հարցերը»:
Մարդիկ հարցերի տարափ սկսեցին, որոնց պատասխանը չգիտեր թերևս ոչ ոք՝ ոչ նախագահը, ոչ ընդդիմությունը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Առաջին անգամ հրապարակվել է 8.07.2016