Ընդդիմադիրների «ո՞րս»։ Ի՞նչ է կատարվում Հայաստանի Սյունիքի մարզում
Հայաստանում վերջին ժամանակահատվածում անընդհատ հայտարարվում է Սյունիքի մարզի վարչակազմի ղեկավարների ձերբակալության և կալանքի մասին։ Հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու ժամանակահատվածում նրանք բացահայտ հայտարարել են իրենց ընդդիմադիր հայացքների մասին։
Ավելին, ոմանք ներկայացնում էին «Հայաստան» քաղաքական դաշինքը, որը մասնակցում էր ընտրություններին և մրցակցում էր իշխանական կուսակցության հետ։ Իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ համայնքապետերը կոշտ քննադատության էին ենթարկում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած կուսակցությունը։
Ընդհանուր առմամբ, մարզում շատերն են դժգոհ իշխանության քաղաքականությունից։ Իրավիճակը սրվել է 2020 թ-ի աշնանից։ Բան այն է, որ պատերազմից հետո Արցախի հարակից տարածները, որոնք նախկինում Հայաստանի վերահսկողության տակ էին, անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արդյունքում՝ կողմերի շփման նոր գիծը դարձել է նախկին միութենական հանրապետությունների հին խորհրդային սահմանը։
Այստեղ բազմաթիվ գյուղեր սահմանամերձ են դարձել, ինչպես ԽՍՀՄ տարիներին։ Որոշ գյուղեր ընդհանրապես երկու մասի են բաժանվել՝ հայկական և ադրբեջանական, Հայաստանի մայրաքաղաքը երկրի հարավային շրջանների հետ կապող մայրուղու որոշ հատվածներ հայտնվել են Բաքվի վերահսկողության տակ։ Սահմանով բաժանված գյուղերի բնակիչներն իրենց պաշտպանված չեն զգում։
Այս առնչությամբ այստեղ բողոքի բազմաթիվ ակցիաներ են ակցկացվել։ Տեղի բնակիչները նույնիսկ դեմ էին Նիկոլ Փաշինյանի այցին մարզ։
Իրենց դժգոհությունը մարդիկ բացատրում էին նրանով, որ Հայաստանի իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չեն պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի (Սյունիքի) միջանցքն» ուժով գրավելու Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին։ Մարզում կարծում են, որ այն պաշտպանում էին հենց տեղի համայնքապետերը, որոնք այժմ մեղադրվում են տարբեր խախտումների համար և ձերբակալվում։
Այս իրավիճակն ընդդիմադիրները գնահատում են որպես «քաղաքական հետապնդում»։
Սակայն քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այս տեսակետն անհիմն է համարում։ Նրա կարծիով՝ այնքան էլ տրամաբանական չէ քաղաքական հետապնդման ենթարկել ընդդիմադիրներին ընտրություններից հետո, դա առավել տրամաբանական կլիներ ընտրություններից առաջ։
Այս պահի դրությամբ՝ առանց ղեկավարի են մնացել Քաջարան, Մեղրի, Որոտան, Գորիս, Սիսիան և Քարահունջ համայնքները։ Այս համայնքների ղեկավարները կալանավորվել են կամ ձերբակալվել։
Մանրամասներ այն մասին, թե ինչի համար և ում են ձերբակալել, ով է կալանքի տակ, ինչպես նաև իրավիճակի փորձագիտական գնահատական։
- Նոր ընտրություններ, արցախյան հարց, գերիների վերադարձ․ քաղաքագետը՝ Հայաստանի ապագայի մասին
- Հայացքը Մոսկվային հառած․ Հայաստանը ԵՄ-ից զգալի ֆինանսական օգնությյուն կստանա
Ո՞վ է ձերբակալվել և կալանավորվել
Հուլիսի 9-ին Երևանի դատարանն ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով երկու ամսով կալանավորել է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանին։ Քննության վարկածով՝ նա համայնքի չորս բնակիչների ստիպել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական արշավին, այնուհետև՝ քվեարկել դրա օգտին։
Լուսինե Ավետյանը մեղքը չի ընդունում։
Հուլիսի 12-ին հայտնի է դարձել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալության մասին։ Նա պատգամավորի թեկնածու էր «Հայաստան» դաշինքից, որը խորհրդարանական ընտրություններում ստացված ձայներով երկրորդ տեղն է զբաղեցրել։
Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծառայողական կեղծիքի համար։
Ձերբակալությունից երեք օր առաջ նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։
«Հարազատներիս և մտերիմներիս դեմ անընդհատ քրեական գործընթացներ են գնում […]։ Ում կանչում են, առաջին հարցը հետևյալն է․ ինչ կապ ունեք քաղաքապետի հետ։ Բայց վստահեցնում եմ, երեկվա քայլը [ես արել եմ]՝ բացառապես համայնքի շահերից ելնելով։ Չէ՞ որ ես հրաժարվել եմ համայնքապետի պաշտոնից, բայց ոչ՝ Հայաստանի քաղաքացիությունից։ Մենք այստեղ ենք, միշտ պատրաստ ենք պատասխան տալ», — մեկնաբանել է Զաքարյանը քաղաքապետի պաշտոնը լքելու փաստը։
Հուլիսի 13-ին հայտնի է դարձել, որ Մխիթար Զաքարյանը կալանավորվել է։
Քննչական կոմիտեի հաղորդագրությունում ասվում է, որ Մեղրիի քաղաքապետի գործողությունների հետևանքով օտարվել է համայնքի սեփականություն համարվող տարածքի մի մասը՝ մոտ կես հեկտար։
Ասվում է նաև, որ համայնքի սեփականությունից հանվել է հողակտոր, որն օտարման ենթակա չէր, համայնքային սեփականություն համարվող լիճը զրկվել է ափից, համայնքն ու պետությունը զրկվել են տարածքից, որը գլխավոր պլանում նշված է որպես արգելոց՝ ուղիղ նշանակությամբ։
Հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ երկու ամսով կալանավորվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկու և ավելի ընտրողների կաշառելու փորձի համար։ Քննության վարկածով՝ ապրիլին Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի միջնորդությամբ Առուշանյանը հանդիպել է գյուղի բնակիչների հետ և համայնքի անունից նրանց հաշվին է փոխանցել մինչև 200 հազար դրամ։
«Սա աննախադեպ է։ Մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, ընդ որում՝ հակասական, կարող են մի ողջ համայնք գլխատել։ Սկզբում վկան հերքել է իր իսկ ցուցմունքները, այնուհետև՝ հաստատել։ Կարող եմ ասել, որ «մարդ» և «ազատություն» հասկացություններն ամբողջությամբ արժեզրկված են մեր երկրում», — հայտարարել է Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Ձերբակալությունների ցանկում վերջինը Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն է։ Նրա ձերբակալման մասին հայտնի է դարձել հուլիսի 16-ին։
Քննչական կոմիտեում պարզաբանել են, որ նա ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծառայողական կեղծիքի համար, որն իբր կատարել է մի քանի տարի առաջ։
Ի՞նչ են խոսում «Հայաստան» ընդդիմադիր դաշինքում
Հայաստանի նախկին նախագահ և դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իշխանությանը մեղադրել է, որ մարդիկ են ձերբակալվում, որոնք զենքը ձեռքին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ պաշտպանել են Սյունիքի մարզի ժողովրդին։ Քոչարյանի խոսքով՝ իշխանությունն անլիարժեքության բարդույթ ունի և այդ պատճառով է ձերբակալում Սյունիքի համայնքապետներին։
Հուլիսի 13-ին հայտարարությամբ էր հանդես եկել նաև «Հայաստան» դաշինքի կազմի մեջ մտնող «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը․
«Քրեական հետապնդում։ Ինչո՞ւ ընտրություններից հետո։ Մեր գնահատականով՝ սա քաղաքական հետապնում է, քաղաքական բռնաճնշում և քաղաքական տեռոր»։
«Դաշնակցության» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը նույնպես նույն դաշինքի անդամ է, ներկայացված մեղադրանքները շինծու է անվանել․
«Քաղաքական հետապնդումները շարունակվում են, և մենք հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք այս ամենի դեմ, որպեսզի թույլ չտանք կոտրել մեր ժողովրդի դիմադրությունն ու մեկուսացնել մեր համախոհներին ապօրինի մեղադրանքների միջոցով […]։ Եթե Նիկոլը [Փաշինյան] հնարավորություն ունենար, նա մեկ առ մեկ կկալանավորեր մեր օգտին քվեարկած բոլոր 270 հազար քաղաքացիներին»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Հայաստանում արդեն ընդունված է բոլոր նման գործընթացները դիտարկել որպես «քաղաքական հետապնդում» և այդ հանգամանքը առանցքային տեղում դնել պաշտպանական մարտավարության մեջ․
«Մեծ հաշվով միշտ էլ շատ դժվար է ասել՝ կա՞ քաղաքական բաղադրիչ, կամ կա՞ հիմնական քաղաքական մոտիվ, թե՞ ոչ: Այդուհանդերձ, ելակետը պետք է լինի այն, թե որքան հիմնավոր են ներկայացվող մեղադրանքը, փաստարկները, ապացույցները և կիրառվող իրավական գործողությունները:
Էդ իմաստով չեմ կարող տալ մասնագիտական գնահատական, բայց նաև կասկածից վեր է, որ Հայաստանի համայնքապետները, հատկապես նրանք, որոնք այդ դիրքում են դեռեւս նախորդ կառավարման համակարգի շրջանից, անխուսափելիորեն այս կամ այն աստիճանով այդ համակարգի բաղադրիչ էին:
Իսկ այն, որ այդ համակարգը ՏԻՄ մակարդակում ուներ իրավականության հետ կապված լրջագույն խնդիրներ, վկայում էր հենց այդ համակարգի առաջնորդ Սերժ Սարգսյանի 2017 թվականի ելույթներից մեկը, հենց ՏԻՄ թեմայով: Սարգսյանն այդ ելույթում խստագույնս հորդորում էր համայնքների ղեկավարներին՝ փոխել գործելաոճը, ասելով, որ այլևս չի լինելու ոչ մի ներում: Ըստ այդ, մնում է եզրակացնել, թե ինչեր են թույլ տվել համայնքապետները, երբ Սերժ Սարգսյանի մակարդակով ասվում էր, որ չի լինելու ոչ մի ներում:
Իսկ քաղաքական առումով նկատենք մի հանգամանք էլ: Արդյո՞ք իմաստ ունի քաղաքական հետապնդում իրականացնել ընտրությունից հետո, երբ այդ համայնքապետների ներկայացրած քաղաքական միավորը այդ ընտրության արդյունքում 21 տոկոս ձայնով զբաղեցրել է երկրորդ տեղը: Տրամաբանական կլիներ, եթե հետապնդումը իրականացվեր մինչև ընտրությունը»։