Էքստրեմալ կառուցապատում
Ադրբեջանում աշխատանքային դժբախտ պատահարների 35 %-ը բաժին է ընկնում շինարարությանը: Չնայած մեզ հավատացնում են, որ պատահարների քանակը կրճատվել է, սակայն ցանկացած շինարարության վրա գցած մեկ հայացքն էլ բավական է համոզվելու համար, որ անվտանգ կառուցապատման մասին տվյալ պահին կարելի է միայն երազել: Շինարարներն անտեսում են անվտանգության տարրական կանոնները, սաղավարտներ և պաշտպանիչ հագուստ չեն կրում, բարձրության վրա աշխատելիս ամրագոտիներ չեն կապում:
Արդյունքում 2016 թվի սկզբից Ադրբեջանում նվազագույնը 2 շինարար է մահացել: Հունվարի 23-ին 63-ամյա Զաքիր Սիբիլին ընկել է Սուբունչինում կառուցվող շենքի 4-րդ հարկից: Փետրվարի 8-ին Բայիլ թաղամասում տեղի է ունեցել ողբերգություն, մահացել է 26-ամյա Հիջաթ Մեհթիևը:
Շինարարության ժամանակ դժբախտ պատահարների պատճառները բազմաթիվ են: Շինարարի 40-ամյա փորձ ունեցող Անարի կարծիքով, պատճառներից մեկը տնտեսումն է: Օրինակ, երեսպատման աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման համար շատ նյութեր են անհրաժեշտ, որոնք հետո չեն օգտագործվում և դեն են նետվում: Դրանք ձեռք են բերվում շինարարների համար նախատեսված ընդհանուր գումարի միջոցով, արդյունքում եկամուտը նվազում է: Այդ պատճառով էլ, գումար չկորցնելու համար կազմակերպիչները նախընտրում են հույսը դնել բախտի վրա: Չնայած վնասվածք ստանալու դեպքում ծախսերն ավելի մեծ են:
Շինարարները, նրա խոսքով, չեն պահանջում աշխատանքային անվտանգ պայմաններ: Անարը կարծում է, որ բախտը բերելու վրա հույս դնելն ադրբեջանական մտածելակերպի առանձնահատկություն է:
Անարն ինքն էլ է բազմաթիվ անգամներ վնասվածքներ ստացել: Նա կորցրել է աջ ձեռքի բթամատի ֆալանգներից մեկը. հանված է եղել հաստոցի պաշտպանիչ շերտը: Այն գտնել և կրկին տեղը դնել այդպես էլ չէր հաջողվել:
Մի ուրիշ անգամ նրա վրա է ընկել երեսպատման ապակին, որը կտրել է ձեռքի մկանը: Անարը խոստովանում է, որ այդ օրը համազգեստ չէր հագել, որը կարող էր կանխել վնասվածքը: Դա տեղի է ունեցել ամռանը, շոգ էր, և չնայած որ շինարարները համապատասխան հագուստ ունեին, շոգի պատճառով չէին կրում այն:
Նրա խոսքով, բոլոր շինարարներն անվտանգության տեխնիկայի վերաբերյալ ուսուցում են անցնում, սակայն դրա հետագա պահպանումը բացառապես նրանց խղճի վրա է: Ժամանկին նրա աչքի առաջ մահացել է էլէկտրիկը: Նա բեռի տակ է հայտնվել և բղավել, որ այն վեր բարձրացնեն: Սակայն օրն անձրևոտ է եղել, տուժածն աշխատելիս է եղել 12-րդ հարկում, նրան սխալ են հասկացել: Բեռը ներքև է ընկել՝ կտրելով շինարարի գլուխը: Դեպքը տեղի է ունեցել 80-ականներին, այդ ժամանակներից իրավիճակը բարելավվել է, այժմ, հրամանների փոխանցման համար ռադիոկապ են օգտագործում:
Մեկ այլ շինարար Սամիրն այլ պատճառներ է նշում, որոնցից մեկը ղեկավարությանը հաճոյանալն է: Եթե իշխանությունները հրահանգ են տալիս ավարտել շինարարությունը որոշակի ժամկետում, ղեկավարությունը որոշում է գերակատարել պլանը, իսկ թե ինչ գնով է դա արվելու, ոչ ոքի չի հուզում:
Սամիրը մեկ այլ ողբերգական դեպք պատմեց. կռունկավարը հրաժարվում էր իջեցնել բեռը, քանի որ չէր տեսնում աշխատանքային դաշտը, բայց չէ՞ որ դա անվտանգության տեխնիկայի ուղղակի խախտում է: Աշխղեկն ասաց, որ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, սակայն թե նրա անփութության, թե քամու պատճառով, կռունկավարը բեռն իջեցրել է ուղիղ շինարարի վրա: Դատարանը կռունկավարին 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել:
Սամիրն ասում է, որ սովորաբար մարդիկ չեն բողոքում աշխատանքային անհամապատասխան պայմաններից կամ ղեկավարության պահվածքից, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը:
Հոգեբան Ազադ Իսազադեն պատմում է անվտանգության տեխնիկայի խախտման հոգեբանական պատճառների մասին այն դեպքում, երբ դրա պահպանման բոլոր պայմանները կան: Նրա խոսքով, կա մարդկանց հատուկ տեսակ, ում վտանգավոր իրավիճակները հաճույք են պատճառում: Այդպես նրանք ադրենալինի անհրաժեշտ չափաբաժին են ստանում: Ցանկացած միապաղաղ աշխատանքին, նույնիսկ վտանգի հետ կապված գործին, մարդը հեշտ ընտելանում է: Այդես օրինակ, պատահում է, որ զինվորականների հետ: Նրանք կարող են ուտել, նույնիսկ քնել կրակոցների տակ: Սակայն դա բոլորին չի վերաբերում, եթե մարդ չի կարող ընտելանալ սթրեսին, նա վաղ թե ուշ հեռանում է նման աշխատանքից: Մյուս կողմից, չարդարացված ռիսկի հակված են դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ, որոնք միայն վտանգավոր իրավիճակում են իրենց լավ զգում: Նրա խոսքով, անվտանգության տեխնիկայի հետ կապված խնդիրները Ադրբեջանի համար եզակի չեն. Եվրոպայում և ԱՄՆ-ում էլ նույն խնդիրներն են առաջացել և միայն բարձր տուգանքների ներմուծումը և ուժեղ արհեստակցական միություններն են օգնել լուծել այդ հարցը:
Աշխատանքի անվտանգության պահպանման մասնագետ Թեյմուր Գուլիևը պատմում է աշխատակիցների կողմից անվտանգության տեխնիկային չհետևելու պատճառների մասին: Նրա խոսքով, անհատական պաշտապնության միջոցները սահմանափակում են շարժումները, դժվարացնում և դանդաղեցնում աշխատանքը: Օրինակ, հաճախ են օգտագործվում մետաղյա ծայրերով կոշիկներ, դրանք լավագույնս պաշտպանում են ոտքերը ծանր բեռներից, սակայն բավականին ծանր են, այդ պատճառով էլ բանվորները նախընտրում են ավելի թեթև կոշիկ հագնել, երբեմն՝ նույնիսկ հողաթափեր:
Վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է հասնել նրան, որ աշխատողները հասկանան՝ անվտանգության տեխնիկայի կանոներն արյունով են գրված, և դրանց պահպանման հարցում պետք է շահագրգռված լինեն հենց իրենք: Աշխատավայրում պետք է լինեն մարդիկ, ովքեր վերահսկում են անվտանգության կանոնների պահպանումը, անվտանգության աշխատակիցներ, բրիգադիրներ, աշխղեկեր և այլն: Արտասահմանյան ընկերություններում ցանկացած աշխատող, ներառյալ հասարակ բանվորը, կարող է կանգնեցնել ցանկացած աշխատանք, եթե համարի, որ անվտանգության տեխնիկայի խախտում կա: Ցավոք, Ադրբեջանում այս կանոնը չի կիրառվում, քանի որ անվտանգության կանոնների պահպանման մշակույթը վատ է զարգացած, սխալմունքը մատնանշելը կարող է ընկալվել որպես վիրավորանք կամ մատնություն:
Հրապարակվել է 07.05.2016