Ռուսաստանն ավելի է ներխուժում Հայաստան. «Պուտինի դոկտրինը» գործողության մեջ
JAMnews-ը արտատպում է «Անալիտիկոն» ամսագրի հրապարակումը
Երևան, ս.թ. հոկտեմբերի 5: Հայաստանի Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրեց Ռուսաստանի հետ «Հայ-ռուսական միացյալ զորախմբավորման» ստեղծման մասին համաձայնագիրը: «Կողմ» ձայների քանակային ճնշումն իշխանամետ պատգամավորների կողմից, անկախ նրանից, «իշխանություն» են նրանք կոչվում, թե «ընդդիմություն», տեղի ունեցավ հռետորական դարձած հարցերի պարզորոշ և հոդաբաշխ պատասխանների բացակայության ֆոնին:
Սակայն այդ հարցերը ի սկզբանե բնավ հռետորական չէին, ավելին, դրանց պատասխանները ամբողջապես գոյություն ունեն, նյութական են դառնում և ժամանակի ընթացքում իրենց մասին զգացնել են տալիս հայկական պետականության համար առավել ցավոտ ձևով: Այս համաձայնագիրը աննախադեպ է ըստ էության և հետևանքների առումով։ Այն Հայաստանի ղեկավարության կողմից երկրի կառավարման գրեթե բոլոր իրական լծակների փոխանցման գործընթացում բոլորովին նոր փուլ է նախանշում:
Իշխանության բերած հիմնավորումների մեջ մենք լսեցինք տագնապալից մի փաստի մասին՝ պարզվում է, դեռևս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին «միացյալ զորախմբի» մասին համաձայնագիրը ստորագրվել է որպես «հույժ գաղտնի» մակագրությամբ փաստաթուղթ, և նոր համաձայնագիրն ընդամենը «լրացնում է բացերը» դրա գործառնության կարգում: Այսինքն՝ այս «հանձնման գործընթացը» սկսվել է երկու տասնամյակ առաջ…
Փաստաթղթում՝ առաջին իսկ «Դրույթներ» կետում, ասվում է, որ «միացյալ զորախմբավորումը» ստեղծվում է «տարածաշրջանում ռազմական անտվանգության ապահովման» նպատակով: Դրա ապահովման համար Հայաստանի իշխանությունները տարբեր ժամանակներում որոշումներ են կայացրել ՀԱՊԿ բլոկ մտնելու, Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին, ռուսական սահմանապահ զորքերին են փոխանցել Թուրքիայի և անգամ Իրանի հետ սահմանի պահպանությունը:
Սակայն, ինչպես պարզվեց, Հայաստանի տեսանկյունից ռազմական անվտանգության հետ մեզ մոտ ոչ միայն ամեն ինչ կարգին չէ, այլ նաև Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքը մեծանում է: Հետևաբար, այդ ամբողջ համալիրը բավական չէ, և, ինչպես մեզ բացատրում են, պետք է նաև ստեղծել «միացյալ զորախմբավորում»:
Պատմական անդրադարձներից խուսափելու համար հերիք է միայն դիտարկել, թե 2014թ-ից ի վեր Ռուսաստանը ինչպես է պահպանում իր իսկ ստորագրած պայմանագրերը և ինչպիսի կամայականությամբ է դրանք մեկնաբանում՝ միաժամանակ մեղադրելով մյուս կողմերին այն խախտելու համար, ինչպես դա տեղի ունեցավ 1994թ-ի Բուդապեշտի հուշագրի դեպքում, որը երաշխավորում էր Ուկրաինայի սահմանների անձեռնմխելիությունն ու նրա անվտանգությունը:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանին տնտեսության բոլոր ռազմավարական ճյուղերի փոխանցմամբ, ռուսական պետական էներգետիկ և տրանսպորտային կորպորացիաների (Գազպրոմ, Ռոսնեֆտ, Ռուսական երկաթուղիներ) բացառիկ և մոնոպոլային իրավունքների երաշխիքի մասին, ըստ էության, ստրկական համաձայնագրերի կնքման ֆոնին «միացյալ զորախմբավորման» ստեղծումը կամ «բացերի լրացումը» խոսում է այն մասին, որ Հայաստանի կողմից ինքնիշխանության կորստի գործընթացն ազատ անկման արագացում է ձեռք բերել:
Նման «միացյալ խմբավորումներ» չէր ստեղծում անգամ ԽՍՀՄ-ն իր արբանյակ երկրներում, ինչպիսիք էին Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները: Այո, բազաներ կային, ռազմական կոնտինգենտ կար, «միջազգային պարտք» կոդային անվամբ ինտերվենցիաներ նույնպես կային, սակայն «միացյալ խմբավորումներ», այնուամենայնիվ, չկային, բացի այդ, գոյություն ուներ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի անալոգը [զինված հարձակումը մի երկրի վրա, որը ստորագրել է պայմանագիրը, նշանակում է մնացած բոլորը նրան օգնություն կցուցաբերեն — JAMnews]՝ 4-րդ հոդվածը, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ում և, ինչպես նշվում է հայ-ռուսական համաձայնագրում, «Կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում» ոչ մի նման բան չկա:
Փոխարենն
«անդամ պետությունները որոշում են կայացնում իրենց տարածքներում այն պետությունների զորքերի (ուժերի) խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին, որոնք կազմակերպության անդամ չեն, այլ անդամ պետությունների հետ անհետաձգելի խորհրդատվության (համաձայնեցման) անցկացումից հետո» (ՀԱՊԿ Կանոնակարգի 7-րդ հոդված):
Այսինքն՝ Ռուսաստանն այլևս պարտականություններ չունի, ունի միայն իրավունքներ, որոնք ավելի ու ավելի են շատանում:
Ակնհայտ է դառնում, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու համար Ռուսաստանը հաջողությամբ կիրառել է «Բրեժնևի դոկտրինի» մոդեռնիզացված տարբերակը, ընդ որում, ավելի կոշտ պայմաններով, քան բրեժնևյան տարիներին՝ Արևելյան Եվրոպայի «դաշնակից» երկրների հանդեպ:
Դա էլ հենց պայմանականորեն «Պուտինի դոկտրինն է», որը գործարկվել 2012թ-ին՝ նրա նախագահության երրորդ ժամկետի մեկնարկին, երբ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց Արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, որի համաձայն՝ «հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներն» առաջնահերթություն հայտարարվեցին: Եվ 2013թ-ի սեպտեմբերի 3-ին ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագրից պաշտոնական Երևանի կամավոր-ստիպողաբար հրաժարականից հետո Հայաստանի ինքնիշխանության կորստի գործընթացը սկսեց պարզապես աղետային բնույթ կրել:
Ռուսաստանի կողմից քաղաքական-տնտեսական համակարգի վերահսկողության աստիճանն այնքան մեծ մասշտաբների է հասել, որ ռազմական «միացյալ» կոմպոնենտի ավելացման պարագայում կարելի է առանց չափազանցման խոսել երկրի դե ֆակտո օկուպացիայի մասին, որը պահպանում է նոմինալ անկախություն՝ ավելի սահմանափակ, քան ԽՍՀՄ արբանյակ երկրները:
Հարկ է ընդգծել, որ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ ոչ մի անդամ երկիր Կրեմլի կամքից այդ աստիճան իրավաբանորեն ամրագրաված կախվածություն չունի: Այդ առումով բավականին հատկանշական են Ռուսաստանի և լուսանցքային երկրների հետ մեկտեղ Հայաստանի ներկայացուցիչների Ուկրաինայի վերաբերյալ քվեարկության արդյունքները, որոնք ոչ մի քննադատության չեն դիմանում և միանշանակ վնասում են երկրի հեղինակությանն ու արտաքին աշխարհի հետ նրա հարաբերությունների ողջ համակարգին:
Այդ հարաբերություններում ոչ միայն անբնական ասիմետրիա կա, այլ նաև՝ «միացյալ» անպատասխանատվություն. ռուսական կողմից՝ տարածաշրջանային անվտանգության, հայկականից՝ իր ապագայի հանդեպ:
Միացյալ զորախմբավորման մասին համաձայնագրում որոշակի իրավասություններ են կանխատեսված ՌԴ ԶՈւ հրամանատարության համար, մասնավորապես, նրա Հարավային շրջանի: Ընդհանրապես, ՌԴ ԶՈւ Հարավային շրջանը բավականին հետաքրքիր միավորում է, որի կենտրոնը Դոնի Ռոստովն է: Այն ներառում է ոչ միայն Հայաստանում տեղակայված ողջ ռուսական ռազմական կոնտինգենտը, այլ նաև օկուպացված Աբխազիայում, Հարավային Օսիայում, բռնակցված Ղրիմում, Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններին հարող շրջաններում, որի արևելքում ԴԺՀ-ԼԺՀ դրոշի ներքո ռուսական զորքերն ագրեսիա են իրականացրել և հսկայական մասշտաբի ուժեր և միջոցներ են կենտրոնացրել:
Փաստացի, այդ շրջանը միավորում է հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները՝ բացառությամբ Մերձդնեստրի, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի՝ կայսրական տեսանկյունից խնդրահարույց սուբյեկտները հյուսիսային Մերձկասպյան և հյուսիս-արևելյան Մերձսևծովյան շրջանների լայն տարածքում:
Կարևոր է հասկանալ, թե ինչ կառույցի հետ Հայաստանը պետք է իր զորքերը «միավորի»: Դա մի կառույց է, որը կառավարվող հակամարտությունների «անմիջական շփման գոտում է», որոնց լուծումը Ռուսաստանի համար հակացուցված է, քանի որ դրանց չլուծված լինելը ռուսական ներկայության շարունակման ամենամեծ կշիռ ունեցող երաշխիքն է մի տարածաշրջանում, որն, ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի բնութագրի (ի դեպ, որը նա բարձրաձայնել է 2012թ-ին Հայաստան կատարած այցի ընթացքում), ամենաֆրագմենտավորվածն է գլոբուսի վրա այդ կոնֆլիկտների պատճառով:
Այդ շրջանը գլխավոր գործոն է, որի միջոցով Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակները համահարաբերակցվում են որպես հաղորդակից երակներ: «Եթե մենք խաղաղություն ենք ուզում Կովկասում, պետք է ողջ Կովկասն ինտեգրել ԵԱՏՄ», — առանց ամաչելու Երևանում հայտարարում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հարցերով Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը:
Ասվածի ողջ անհեթեթությունն այն է, որ այդ ֆրագմենտավորվածության միակ հովանավոր Ռուսաստանում աշխատում է «տարածաշրջանային ինտեգրացիայի» հարցերով խորհրդական, որն, իր հերթին, խոսում է «Կովկասում խաղաղության հաստատման մասին» «եթե»-ի միջոցով՝ միաժամանակ Ուկրաինայի դեմ պատերազմի գլխավոր հրահրողներից մեկը լինելով և այդ պատճառով 2014թ-ից սկսած ԱՄՆ և ԵՄ հաստատած բոլոր անհատական պատժամիջոցային ցուցակներում «պատվավոր» տեղ զբաղեցնելով: Նա խոսում է «Կովկասում խաղաղություն հաստատելու» մասին՝ դրա տակ նկատի ունենալով «Կովկասում ռուսական աշխարհը»:
Իգոր Էյդմանի և Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ՝ ներկա պահին առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմն է ընթանում: Եվ ակնհայտ է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը դրա կարևոր ճակատներից մեկն է դարձել, որտեղ Հայաստանը ենթարկվում է ամենադաժան և ցինիկ գրոհների հենց մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից:
Ցավոք, դրա արդյունքները Հայաստանի համար տվյալ պահին անմխիթար են. Հայաստանը՝ միջազգային հարաբերությունների համակարգում կորցնում է իր սուբյեկտությունը և լծակները, որոնց միջոցով իրավիճակը կարճաժամկետ հեռանկարում կարելի է սեփական ուժերով շտկել: Հայաստանում Ռուսաստան շատ կա, չափազանց շատ, կրիտիկական շատ:
Ռուբեն Մեհրաբյան, վերլուծաբան, «Աառվոտ» օրաթերթի ռուսական տարբերակի խմբագիր
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: