Էլիտա՞, թե՞ վտարանդիներ
Բրիտանացի սոցիոլոգ Քեյթ Ֆոքսը այսպիսի մի հայտնի գիրք ունի՝ «Հետևելով անգլիացիներին»: Այն հիմնականում անդրադառնում է անգլիացիների առանձնահատկություններին՝ շփման ձևերին, առօրյա բառապաշարին, հագուկապին, պահվածքին, որոնց միջոցով տարբեր սոցիալական խմբեր տարբերակում են իրենց նմաններին: Մասամբ այս հետազոտությունն ինձ դրդեց նմանատիպ ուսումնասիորւթյուն անել այստեղ՝ Բաքվում:
Մեկ տարուց ավել ես զբաղվել եմ քաղաքի ռուսախոս զանգվածի ինքնակազմակերպման հետազոտությամբ և հետաքրքիր եզրահանգումների եմ հանգել:
Հետազոտությունը ի սկզբանե ոչ մի վարկած չուներ, ինչը թույլ տվեց աշխատանքը չկառուցել՝ ըստ սպասվող արդյունքի, որը պարզապես կհաստատեր իմ հեղինակային մոլորությունները:
Աշխատանքը խմբի տարբեր ներկայացուցիչների հետ հարցազրույցների արդյունք է, ես օգտագործել եմ նաև օրագրեր, որոնք վարում էին փորձարկման մասնակիցները, և դաշտային զբաղմունքները (մասնակցությունը «փարթիներին»):
Նախաբան արտասահմանցիների համար
Բաքվում, ըստ տարբեր գնահատականների, բնակվում է 2,5-4մլն մարդ: Փոքրամասնությունը (հստակ քանակը պարզել չհաջողվեց. վիճակագրություն չկա) խոսում է ռուսերեն: Ընդ որում, Բաքվում և դրա շրջակայքում ավելի քան 300 դպրոց կա, որոնց մեծ մասը պետական է: Գրեթե բոլոր պետական դպրոցններում և բուհերում ռուսական սեկտոր կա (դասարաններ, որտեղ ուսուցումն իրականցվում է ռուսերենով): Գոյություն ունեն ռուսալեզու լրատվամիջոցներ, տպագիր մամուլ, լրատվական կայքեր, Ռուսական դրամայի թատրոն: Ռուսախոս զբոսաշրջիկն ավելի մեծ շանսեր ունի հասկացված լինելու, քան անգլախոս: Ռուսերենի լավ իմացությունն մայրաքաղաքի լուրջ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու պարտադիր պայման է, հատկապես՝ ծառայությունների ոլորտում:
Դժվար է ասել, թե ինչու է ռուսաց լեզուն այսքան կենսունակ Բաքվում, իսկ շատ բաքվեցիներ էլ այդ լեզվով խոսում են ադրբեջաներենի փոխարեն: Հավանաբար, մի քանի գործոն է աշխատում՝ նավթային մայրաքաղաքի ավանդական բազմազգ լինելը, ԽՍՀՄ կազմում անցկացրած 70 տարին, երբ ռուսերենը հանրապետությունների միջև և Մոսկվայի ղեկավարության հետ շփման լեզուն էր և այլն: ԽՍՀՄ փլուզումից և ղարաբաղյան հակամարտության մեկնարկից հետո, Բաքվի բազմազգ ինտելիգենցիայի «հարմարավետ» ու համերաշխ ընտանիքը նույնպես փլուզվեց. hրեաները զանգվածաբար մեկնեցին Իսրայել, հայերը՝ Հայաստան, ռուսները՝ Ռուսաստան, համարելով, որ այնտեղ ավելի անվտանգ է: Նրանց փոխարեն քաղաք եկան փախստականներ և աշխատանքային միգրանտներ Ղարաբաղից և հարակից շրջաններից. նրանք գյուղացիներ էին՝ օտար մշակույթով և ավանդույթներով, որոնց թիվը այնքան էր, որքան քաղաքացիների թիվը: Այս շոկի հետևանքով բաքվեցիները միավորվեցին ավելի փոքր խմբերում, որն օգտագործում էր ռուսերենը որպես միավորող գործիք:
Ընդ որում, այս համայնքի անդամների համար պատկանելիության հստակ համակարգ գոյություն ունի. «ռուսական սեկտոր», երբ ուզում ես ընդգծել պատկանելիությունը «լավ ինտելիգենտ ընտանիքին» կամ լավ որակավորումը, և «ազսեկտոր», որը քամահրական երանգ ունի: Այսինքն, գոյություն ունեն ենթամշակույթներ՝ մարդիկ, ովքեր առանձնանում են շփման լեզվի հատկանիշով և հենց դրա միջոցով ճանաչում են իրենց «ցեղատեսակին» և կյանքի այլ ձև ու հետաքրքրություններ ունեցող «օտարներին»: Այս խմբերի միջև հստակ սահմանազատում գոյություն չունի, օրինակ, մեկը կարող է երկու լեզուներին էլ լավ տիրապետել կամ համատեղել երկու խմբերի հատկանիշները:
Խմբերի միջև տհաճ վերաբերմունք կա, որը, սակայն, նրանք համառորեն հերքում են:
Սա հենց առաջին թեզիսն է:
1. Ժխտում
Մի քանի տարի առաջ ռուսալեզու բլոգերներից մեկը livejournal-ի իր էջում հարցում էր անցկացրել՝ փորձելով պարզել, արդյո՞ք կա «ազսեկտորի» հանդեպ արհամարհական վերաբերմունք: Բաքվից 50 հոգի արձագանքեց, որոնցից 49-ը հայտարարեցին, որ նման բան չկա: Նրանցից երկուսը (կանայք) մի քանի օր անց իմ ներկայությամբ ընդհանուր ծանոթների էին քննարկում՝ օգտագործելով «Ախր նա ազսեկտորից է», «քաղքենի» և «ռուսախոս» արտահայտությունները:
Դրանից հետո բարեկամների, գործընկերների և ընկերների շրջանում սադրիչ զրույցներ սկսելն ու արդյունքները գրանցելը սովորություն դարձրի: Այստեղ ժխտման արդյունքն ավելի պակաս էր, հնարավոր է ավելի վստահելի մթնոլորտի և խոսակցությունը գրանցելու մասին անտեղյակության պատճառով: Սակայն այստեղ ևս նրանք, ովքեր հայտարարում էին, որ քաղաքացիների նման բաժանումը ոչ հայրենասիրական մոտեցում, սնոբիզմ և հիմարություն է և երբեմն նաև «ծանր խորհրդային անցյալի հետևանք», ինքներն էին հետո օգտագործում այդ որոշիչները:
Որպես փաստարկ կարելի է 4 տարի առաջվա պատմությունը հիշել: Այն ժամանակ նման տարանջատման մասին ռուսական «Աֆիշա» ամսագրին պատմեց ադրբեջանցի ուսանողուհի Սարիա Ալիևան, որից հետո սոցցանցերում և լրատվամիջոցներում «հարձակումների» առարկա դարձավ: Աղջկա ընկերը «ազերսեկտորից» էր և նրա խոսքերը, թե ընկերոջ հետ իրեն «անջատում է ռուսական հատվածը» մեմ էր դարձել՝ բազմաթիվ անեկդոտներ և զվարճալի նկարներ ծնելով: Այնուամենայնիվ, նրա պնդումը, որ Բաքուն երկու մասի է բաժանվել, իրականում ճիշտ էր:
Ռուսախոս բաքվեցիները ադրբեջաներեն խոսողներին մի աստիճան ցածր են դասում առանց մտածելու, հեշտությամբ և ակամա: Սակայն երբ նրանց ասում ես այդ մասին, նրանք բարձրաձայն հերքում են դա, նրանց համար ընդունելի չէ այն միտքը, որ իրենք այդքան ենթակա են կարծրատիպերի:
2. Մեղքի զգացում ռուսախոս լինելու համար
Հետազոտության մասնակիցների բացարձակ մեծամասնությունը մեղքի զգացում ունի ռուսախոս լինելու համար կամ փորձում է արդարանալ: Երբեմն մեծ տարբերություն կա սոցցանցերում նախապես մտածված գրառումների և հարցազրույցների միջև: Նույնիսկ թաքցնելով սեփական դիրքորոշումն այդ հարցում, երկու ժամանոց հարցազրույցի ընթացքում դժվար է ինչ-որ բան բաց չթողնել: «Ես թշնամու լեզվով եմ խոսում», — ասում է հետազոտության մասնակիցներից մեկը, ով Ռուսաստանի հանդեպ ատելություն է քարոզում: Կրթված և բանիմաց մարդն ասում է. «Հնարավոր չէ, որ մեկ երկրում երկու լեզու լինի»:
Հետազոտության բոլոր մասնակիցները ընդունում էին, որ գոյություն ունի որոշակի հասարակական պարսավանք մայրենի լեզուն չիմանալու համար: Հետաքրքիր է, որ էթնիկ ռուսները քիչ են նման բանի հանդիպում:
Եվ ահա այստեղ հարկ է խոսել պատճառների մասին: Ինչպես պարզվեց, բոլոր մասնակիցները, ինչպես նաև ես, գիտակցաբար, թե անգիտակցաբար հավասարության նշան ենք դնում «ազգ», «էթնոս», «լեզվական միջավայր» երևույթների միջև: Եվ ըստ էության, խնդիրը ներքին հակասությունն է, որը ծագում է վերջին երկու տարրերի անհամապատասխանության դեպքում:
Ավանդաբար, աշխարհում «ազգ» հասկացությունը քաղաքական երանգ ունի, այն ընկալվում է որպես իշխանության աղբյուր, որպես հակակշիռ աշխարհում նախկինում գերակայություն ունեցող դոկտրինների, երբ որպես այդպիսի աղբյուր էր հանդես գալիս կրոնական համայնքը կամ իշխող դինաստիան: Սա քաղաքական հասկացություն է, այլ ոչ թե ժողովրդագրական կամ լեզվական: Հարց է առաջանում, ինչո՞ւ է մեզ մոտ այդպես դասավորվել, ինչո՞ւ է նման մեկնաբանում առաջացել:
Այստեղ պետք է վերադառնանք խորհրդային ացյալ՝ ԽՍՀՄ կայացման ժամանակահատված: Այն աշխարհում միակ երկիրն էր, որի անվանման մեջ բացակայում էր որևէ ազգային կամ աշխարհագրական հիմք: Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը ազգային պետություններ էր ստեղծել, նախանշել դրանց սահմանները, ունիֆիկացրել դրանց լեզուները և ստեղծել մի կառույց, որտեղ «ազգը» հավասար է «էթնոսին» և հավասար է «լեզվին», դրա հետ մեկտեղ նաև՝ ժամանակակից ինքնության երկվություն: Եվ կարևոր չէ, որ քաղաքակրթության պատմությունը հակասում է այդ կերպարին, որ, օրինակ, ամերիկյան ազգերից և ոչ մեկը էթնիկական չէ, մենք միևնույնն է այս կոնստրուկտն ընդունում ենք որպես միակ հնարավոր:
3. Լեզուն վարվեցողության կանոնների մի մաս է
«Եթե մարդ գիտի ռուսերեն, երևի շրջանից երեկ չի եկել», — ասում է մասնակիցներից մեկը: Նրանք ուղղակի կամ անուղղղակի նշում են, որ ռուսերենն ինչ-որ առումով նույն կեցվածքի մարդ գտնելու միջոց է:
Մասնակիցները նշեցին նաև խմբերի անդամների միջև տարբերությունը. վերաբերմունքը կրոնին և սեքսուալությանը, գրական և երաժշտական ճաշակները, իսկ ամենացավոտ տարբերությունն անձնական տարածքի սահմանների հանդեպ վերաբերմունքի տարբերությունն է:
Մասնակիցներից մեկը պատմում է, որ իր աշխատակիցը, իմանալով, որ նա ռուս է, հանկարծ հայտարարել է, որ իր տղային չեր ամուսնացնի նրա հետ: Ինչպես նշում են ռուսախոս մասնակիցները, նրանք բախվում են օտար վարվեցողության կանոնները, նույնիսկ՝ հագնվելու ոճը մյուսի վզին փաթաթելու «ազսեկտորի» փորձերի հետ: Մասնակցիներից ոմանց մոտ դա խիստ անհարմարություն է առաջացնում, մյուսն ասում է, որ նման բան չկա, սակայն, իմ խնդրանքով օրագիր պահելով, ինքն է հետո զարմանում, որ բախվում է անձնական տարածք ներխուժելու երևույթի հետ բավականին հաճախ:
Կանանց համար ավելի դժվար է, քանի որ նրանք փաստացի ստիպված են լինում երկակի կյանք վարել այլ «հատվածի» ներկայացուցիչների հետ շփվելիս, ասես «Պակիստանում գաղտնի մարմնավաճառ լինես». պետք է համեստ հագնվել, հատկապես շրջաններ մեկնելիս կամ բարեկամների հետ հանդիպելիս, և գլխավորը՝ պետք է հայացքդ գետնին հառես հասարակական վայրերում «և երբեք չժպտաս, նույնիսկ եթե շատ ես ուզում»:
Այսպիսով, նույնականացումը լեզվի միջոցով նաև անծանոթ վայրում անծանոթ մարդկանց մեջ բացվելու միջոց է:
Վերջում կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ խմբերի սահմանները հստակ չեն: Շատ են նաև այսպես կոչված «սահմանայինները»: Նրանց մասնակցությունը հետազոտությանը աննշան է եղել, հիմնականում այդ փխրուն սահմանը տեսնելու համար: Հիմնականում հետազոտության առարկա են եղել իրենց ռուսախոս համարողները:
Իսկ հիմա կարող եք լոլիկներ նետել: