Ադրբեջանցի ակտիվիստները պատմել են սեռական ոտնձգությունների, դաժան վերաբերմունքի մասին
Էլգյուն Իբրահիմովի համար բողոքի ակցիա Բաքվում
Բաքվի մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտ նշանակված և «Արդարություն Էլգյուն Իբրահիմովի համար» կոչով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածները հայտարարում են՝ Բաքվի Նասիմի շրջանի ոստիկանության վարչությունում ենթարկվել են ոտնձգությունների և սպառնալիքների:
Էլգյուն Իբրահիմովը 17-ամյա դպրոցական է, որը մահացել է չպարզաբանված հանգամանքներում: Նրան ծանր վիճակում գտել են Գյանջայի լքված հանրակացարանում, հիվանդանոցում մահացել է: Կառավարամետ ԶԼՄ-ները ինքնասպանության վարկածն են շրջանառում: Սակայն ընտանիքը պնդում է՝ նա ինքնասպանություն չի գործել, նրան ծեծելով սպանել են։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Էլգյուն Իբրահիմովը մահացել է վնասվածքների արդյունքում, որոնք ստացել է բարձրությունից ընկնելու հետևանքով։
Հունիսի 1-ին քաղաքի կենտրոնում նախաձեռնվել էր բողոքի ցույց «Արդարություն Էլգյուն Իբրահիմովի համար» կարգախոսով:
«Ոստիկաններից մեկը ոտնձգության է դիմել»

«Ժամը ճիշտ 12:00-ն էր: Ընկերուհուս հետ եկել էինք այն վայրը, որտեղ, ինչպես ասում էին, պետք է տեղի ունենար բողոքի ակցիան, բայց ոչ ոքի չտեսանք: Մեզ մոտեցան քաղաքացիական հագուստով երեք անձինք, ներկայացան որպես ոստիկան և պահանջեցին ցույց տալ պաստառները, որոնք մեր ձեռքում էին: Երբ մենք մերժեցինք, նրանք կոպիտ ձևով բռնեցին մեր ձեռքերից և ստիպելով, ուժով պոկեցին պաստառները»,— JAMnews-ին տված հարցազրույցում պատմում է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը։
Մեր զրուցակիցը, որը ցանկացել է մնալ անանուն, ասում է՝ ոստիկաններն իրենց ուժով նստեցրել են մեքենա և տարել Նասիմի շրջանի ոստիկանության վարչություն: Մոտ վեց ժամվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները փորձել են ձերբակալվածներին համոզել, որ Էլգյունի մահը ինքնասպանություն է եղել:
Աղջկա խոսքով՝ վարչությունում չափազանց շատ ոստիկաններ են եղել: Նրանց մեջ եղել են նաև այնպիսիք, որոնք կոպիտ են վարվել և սպառնացել են երիտասարդներին՝ ասելով, որ «կանցնեն նրանց վրայով այնպես, ինչպես գորգի վրայով»: Ոստիկանի հայտարարություններից մեկը նա գնահատել է որպես սեռական ոտնձգություն.
«Աղջիկներից մեկն ասաց. «Նրանք մեր շարքերի մեջ են մտնում, թող քո առջևում մնամ»: Ի պատասխանը ոստիկաններից մեկը նշեց. «Առջևից կդնեմ, մի անհանգստացիր»»:
Բողոքի ցույցի մասնակիցը ձերբակալվածների թիվը պարզել է մի ոստիկանի՝ մյուսին ասած խոսքից. «Ակտերի դահլիճում 63 մարդ կա»: Սակայն ավելի ուշ վարչություն են բերել նաև ուրիշների։
«Մոտ 15 աղջիկ կար: Մասնակիցների մեծամասնությունը համալսարանի ուսանողներ էին: Ես նաև տեսա մոտ 16 տարեկան տղաների: Ոստիկանները գոռում էին նրանց վրա. «Ձեզ աղջկա նման մի պահեք»: Երեխաները շատ վախեցած էին և մեզնից պաշտպանություն էին ակնկալում: Քանի որ մենք կարող էինք պաշտպանել մեր իրավունքները»:
Աղջկա խոսքով՝ որոշների ինքնազգացողությունը վատացել է, սակայն նրանց վիճակը անտեսել են: Ոստիկանությունում մոտ վեց ժամ պահելուց հետո բոլորից պահանջել են հեռախոսների գաղտնաբառերն ու հասանելիություն ստացել նրանց TikTok, WhatsApp և Instagram հաշիվներին: Այնուհետև ակցիայի մասնակիցներին տեղավորել են մեքենայի մեջ և իջեցրել մետրոյի մոտակայքում: Անչափահասները ստիպված են եղել սպասել ծնողների գալուն:
Բողոքի ցույցին մասնակցելու նպատակի մասին աղջիկն ասում է հետևյալը.
«Էլգյունը անչափահաս էր, նա ինձնից փոքր էր: Ամեն անգամ, երբ տեսնում եմ նրա տեսանյութը, կարծես կտոր-կտոր եմ լինում: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը այնքան անսիրտ լինել, որ կյանքից զրկի վերջին զանգի պատրաստվող պատանուն: Ինչո՞ւ դեռ չի գտնվել սպանողը: Ինչպե՞ս կարելի է պարզապես փակել գործը՝ որպես ինքնասպանություն: Մեզ սպանում են, իսկ մենք լռում ենք և չենք կարողանում առաջ շարժվել: Ես բողոքի ցույցի էի գնացել երիտասարդության համար, ապագայի համար, մեզ համար, անչափահասներին պաշտպանելու համար: Չեմ զղջում: Միայն մի բան կասեմ. եթե դա կրկին տեղի ունենար, ես նորից կգնայի»:
«Լրիվ ձեզ կորցրե՞լ եք, դուք ո՞վ եք, որ բողոքի ցույց կազմակերպեք»
Ձերբակալվածներից մեկը երիտասարդ տղա է: Նա JAMnews-ին պատմել է, որ պաստառ չի պատրաստել, այլ եկել է բողոքի ցույցի նշանակված վայր՝ իրադարձություններին հետևելու: Նա նստել է մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտ գտնվող նստարաններից մեկի վրա և սկսել սպասել: Երբ ժամը 12-ից հետո բողոքի ակցիան այդպես էլ չի սկսվել, ցանկացել է հեռանալ, բայց պատահաբար հանդիպել է ընկերոջը:
«Իմ ընկերը եկել էր բողոքի ցույցի: Բարևեցինք իրար և սկսեցինք խոսել, երբ մեզ մոտեցան քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններ և պահանջեցին մեր հեռախոսները: Սկզբում չէինք ուզում տալ, բայց հետո տվեցինք, որ խնդիրներ չառաջանան: Մեզանից խնդրեցին հավաքել գաղտնաբառերը, իսկ հետո մեզ ևս մեկ մարդու հետ միասին տեղավորեցին քաղաքացիական մեքենայի մեջ և տարան Նասիմի շրջանի ոստիկանության վարչություն: Մեզ անծանոթ այդ մարդու խոսքով՝ նա խուճապային նոպա ուներ և այդ պահին դժվարանում էր շնչել»:
Երիտասարդն արձանագրել է, որ ոստիկանություն հասնելուն պես իրենցից բռնագրավել են պայուսակներն ու ուսանողական տոմսերը, ինչպես նաև կոպտություն են դրսևորել:
«Սկզբում մի սենյակում մեզանից վերցրին տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար և հասցե: Մյուս սենյակում վերցրին մատնահետքերը: Մեզ հետ վարվում էին այնպես կոպիտ, ինչպես ակնկալվում էր: Չէին ամաչում վիրավորել: Երբ ես դրամապանակից հանում էի նույնականացման քարտը, ոստիկաններից մեկը գոռաց. «Մոտդ անձը հաստատող փաստաթուղթ չկա՞, հիմար»: Բողոքի ցույցի մասին նրանք գոռում էին. «Լրիվ ձեզ կորցրե՞լ եք: Դուք ո՞վ եք, որ բողոքի ցույց կազմակերպեք»»:
Տղայի խոսքով՝ նրան հատկապես զարմացրել է ոստիկանի զրույցը ձերբակալված կանանցից մեկի հետ: Նա հարցրել է ոստիկաններին. «Որտե՞ղ էիք դուք, երբ ինձ հայհոյում էին փողոցում»: Դրանից հետո շատ ոստիկաններ հավաքվել են նրա շուրջն ու սկսել վիճել: Նրանցից մեկը մեղադրել է կնոջն ու խոսել նրա հագուկապի մասին. «Ինչո՞ւ ուրիշ աղջիկների հետ ոչինչ չի պատահում, իսկ քեզ հետ լինում է»:
Հարցազրույց տված անձն ասել է, որ իրեն պահել են մոտ 6 ժամ, իսկ ձերբակալվածների ընդհանուր թիվը եղել է մոտ 60-70 մարդ: Նրանց շարքում եղել են անչափահասներ, այդ թվում՝ 13-ամյա երեխա.
«Այդ երեխային տեսել եմ բողոքի ցույցի վայրում մինչև ձերբակալությունը, նա դիմակով էր: Նրա տարիքի մասին իմացա ավելի ուշ ոստիկանությունում, 13 տարեկան էր: Մի տղա ասաց, որ 16 է, բայց 10 տարեկանի տեսք ուներ: Մեզ ազատ արձակեցին ժամը 18:25-ին: Ինձանից առաջ և ինձանից հետո ազատ էին արձակում ուրիշների, ոմանք այնտեղ մնացին: Բոլորից վերցնում էին հեռախոսներն ու հերթով ստուգում»:
Համատեքստ
Որոշ ժամանակ է, ինչ սոցցանցերում տարբեր մեղադրանքներ են հնչում, որ դատախազությունը լուրջ քննություն չի իրականացնում Էլգյուն Իբրահիմովի մահվան գործով: Բացի այդ, ակտիվիստների մի մասը Էլգյունի գործի մասին տեղեկատվությամբ թռուցիկներ է փակցնում տարբեր շրջաններում և տարածում փողոցներում: Այդ պատճառով էլ հասարակական ակտիվիստ Նիջաթ Էմիրասլանովը ձերբակալվել է և ենթարկվել 15-օրյա վարչական կալանքի։
Իբրահիմովի մահվան մասին տարածվող վարկածների մեջ կա նաև այն ենթադրությունը, որ դա ոստիկանության կողմից կատարված սպանություն է եղել:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Էլգյուն Իբրահիմովի համար բողոքի ակցիա Բաքվում