Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով չեղարկել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
Ընտրությունների համընդհանրության և գաղտնիության սկզբունքների խախտման պատճառով Սալոմե Զուրաբիշվիլին պահանջում է ոչ սահմանադրական ճանաչել ընտրությունների անցկացումը կարգավորող վիճահարույց նորմերը, ինչպես նաև դրանց հիման վրա անցկացված ընտրությունների արդյունքները։
Երեք օրվա ընթացքում դատարանը հայցի գրանցման հարցով որոշում կկայացնի, ինչից հետո կհայտարարվի նիստի օրը։ Հայցը պետք է քննվի 30 օրվա ընթացքում։
Սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն հույս չունի, որ դատարանը կբավարարի հայցը, սակայն, ըստ նրա, քննության գործընթացը միևնույն է կօգնի ընդդիմությանը շահել մոտ մեկ ամիս․ այդ ընթացքում նորընտիր խորհրդարանը չի կարող մեկնարկել աշխատանքները։
Մենաբդեի պարզաբանմամբ՝ խորհրդարանը չի կարող ճանաչել այն պատգամավորների լիազորությունները, որոնց ընտրվելու օրինականությունը վիճարկվում է դատարանում։
«Եթե այդպիսի պատգամավորների թիվը գերազանցում է 51-ը, ապա խորհրդարանը չի կարող ձեռք բերել լիիրավ լիազորություններ: Տվյալ դեպքում վիճարկվում է բոլոր 150 պատգամավորների ընտրության օրինականությունը»,- ասում է փորձագետը։
Նախագահի հայցը Սահմանադրական դատարան նրա հակաճգնաժամային պլանի մի մասն է, որը ներառում է նաև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշանակում և կրկնակի ընտրությունների անցկացում։
Բացի այդ, նախագահն առաջարկում է ստեղծել ընտրական վեճերի հատուկ դատարան և փոփոխություններ մտցնել ընտրական օրենսգրքում։
Զուրաբիշվիլիի կարծիքով՝ այդ ամենը պետք է իրականացվի միջազգային գործընկերների աջակցությամբ և մասնակցությամբ։