Զիլ լուսանկարիչ
Սանան Ալեսկերովն ամենազիլ ադրբեջանցի լուսանկարիչն է: Այդպես են կարծում շատ գործընկերներ ու նրա երկրպագուները Բաքվում: Տասնամյակների աշխատանք, պարգևներ, ֆոտոցուցահանդեսներ և բազմաթիվ աշակերտներ:
Ինքը, սակայն, այդ տիտղոսը չի ընդունում:
JAMnews-ի հարցազրույցը Սանան Ալեսկերովի հետ.
Ավելի շատ լուսանկարներ կարելի է տեսնել նրա կայքում
Ոչ ամենալավը
«Ամենազիլ» հասկացությունը չափազանց վերացական է, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ մեկին այն վերագրել: Ինքս ինձ ավելի շուտ համարում եմ այսօրվա այն սակավաթիվներից մեկն, ում համար գեղարվեստական լուսանկարը միակ արհեստն է, մասնագիտությունն ու կյանքի ձևը: Ես այնքան վաղուց և համառորեն եմ լուսանկարչությամբ զբաղվում՝ «չդավաճանելով» այս ոլորտը ոչ մի այլ ոլորտի հետ, որ կարծես դրանով որոշակի ճանաչում եմ ձեռք բերել»:
Հարսանիքները ֆոտոինդուստրիայում
«Վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանում ֆոտոարվեստի նորաձևությունն անցել է: Մարդիկ էլ չեն ձգտում լուսանկարչությամբ զբաղվել, ինչպես մի քանի տարի առաջ էր: Այդ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը օրեցօր պակասում է: Եվ, կարծում եմ, դա կապված է տնտեսական ճգնաժամի հետ: Այսինքն, մարդիկ սկսել են ավելի շատ մտածել ոչ թե արվեստի, այլ գումար վաստակելու մասին: Իսկ հացի փող ֆոտոխցիկով ավաղ չես աշխատի: Այդ պատճառով էլ դրանով միայն հաշված մարդիկ են զբաղվում»:
«Ֆոտոարվեստն Ադրբեջանում շահութաբեր գործ չէ: Եթե իհարկե հենց արվեստի մասին խոսենք, այլ ոչ թե կոմերցիոն լուսանկարչության: Սակայն այս շուկան էլ հիմնականում սահմանափակվում է հարսանիք լուսանկարելով: Ադրբեջանում հարսանիքները մի ամբողջ ինդուստրիա է, որտեղ ներգրավված են ամենատարբեր մասնագետներ՝ դիզայներներից սկսած օպերատորներով ավարտած: Արվեստն ու փողը մեր երկրում զուգահեռ գծեր են, որոնք գարծնականում երբեք չեն հատվում: Այդ պատճառով էլ ինձ համար գումար վաստակելու միակ իրական աղբյուրը դասավանդելն է»:
Քեզնից ոչինչ մի ավելացրու
«Իմ աշակերտները հիմնականում այնպիսի մարդիկ են, որոնց պարզապես դուր է գալիս լուսանկարել և որոնք ուզում են սովորել դա լավ անել: Իսկ ես իմ հերթին աշխատում եմ բացատրել նրանց լուսանկարչության էությունը: Օրինակ, սովորեցնել, որ լուսանկարը ոչ մի կերպ չպետք է ճոխացնի իրականությունը և խեղաթյուրի այն: Նկարել պետք է այն, ինչ տեսնում ես: Այնպես, ինչպես տեսնում ես: Հիանալ դրանով, պատմել դրա մասին՝ քո կողմից ոչինչ չավելացնելով»:
«Ես ռեպորտաժներ չեմ անում, եթե իհարկե ամենալայն իմաստով չհասկանանք դա: Ես բողոքի ակցիաներ, պայթյուններ և հրաբխի ժայթքումներ չեմ նկարում: Սակայն ես, օրինակ, ամեն օր լուսանկարում էի, թե ինչպես էր զարգանում հորս հիվանդությունը: Չէ՞ որ դա էլ է «ռեպորտաժ»: Եվ անգամ ընկերական խնջույքների լուսանկարներն, ըստ էության, ռեպորտաժ եմ համարում»:
«Ամենաշատը չեմ սիրում լուսանկարների մասին պատմել: Առաջին հերթին, որովհետև որպես կանոն պատմելու բան չի լինում, որևէ դրամատիկ իրադարձություն դրանց ետևում կանգնած չէ: Երկրորդ հերթին, որովհետև լուսանկարն արվեստի վիզուալ տեսակ է, այն պետք է խոսի քո փոխարեն և մտածելու առիթ տա»:
Լուսանկարչական կրթություն ստանալը մեզ մոտ անհնար է
«Քիչ թե շատ պրոֆեսիոնալ լուսանկարչական կրթություն ստանալը մեր երկրում անհնար է: Եվ երբեք էլ հնարավոր չի եղել: Այնպես է ստացվել, որ Ադրբեջանում լուսանկարչության հանդեպ կարծես անտարբեր են եղել՝ արվեստի այս տեսակին ուշադրություն չդարձնելով»:
«Ես ինքնուս եմ: Ճիշտ է, ժամանակին ժուրնալիստիկայի ֆակուլտետ եմ ընդունվել այն հույսով, որ այնտեղ լուսանկարչության գոնե հիմքերը կսովորեմ, սակայն նման բան տեղի չունեցավ. այդ առարկան այնտեղ չէին դասավանդում, և սեմեստրի վերջում դասախոսը պարզապես հավաքեց մեր սոտւգարքային գրքույկներն ու «նկարեց» գնահատականները»:
1950-ականները ոչ մի տեղ չեն անհետացել
«Վերջերս արխիվս էի դասավորում և հանկարծ հասկացա, որ գրեթե ողջ կյանքում նույն բանն եմ լուսանկարում՝ 1950-60-ականները: Այն տարիները, երբ ես ծնվել եմ և անցկացրել մանկությունս: Դա կարող է տարօրինակ հնչել, սակայն ինչ էլ և երբ էլ լուսանկարելիս լինեմ, տեսնողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ տեղի է ունենում ասենք 1963թ-ին: Մթնոլորտը, էքստերիերը, մարդկանց դիրքերն ու դեմքի արտահայտությունները: Միգուցե դա իմ հայացքից է այս կամ այն երևույթին կամ էլ իրականում Ադրբեջանում քիչ բան է փոխվել այն ժամանակներից, և լուսանկարը դա վեր է հանում»:
Հրապարակվել է 30.10.2016