Զենքից` զարդեր: Ով և ինչու է դրանք պատրաստում
Զենքի վերափոխված հաղորդագրությունը
«Ես ուզեցել եմ, օր պարկուճի միջից հանեմ ագրեսիան, դրա էներգիան եմ փոխել: Էս պարկուճը ոչ թե սպանող է, ագրեսիայի կծիկ է, այլ գեղեցկություն, որը պետք է զարդարե գեղեցիկին՝ կնոջը»,- ասում է գյումրեցի նկարիչ Արտակ Թադևոսյանը:


Զենքը զարդի փոխակերպելու միտքը գնահատվեց և սիրվեց նորաձևությանը հետևող կանանց կողմից: Նկարիչը երկար ճանապարհ է անցել ու հենց իր կնոջ օգնությամբ կարողացել զենքն «արդուկել» ու զարդ դարձնել:

Ծնվում է հնար, երբ չկա այլևս ճար
Արտակ Թադևոսյանը կնոջ՝ Հայարփի Գևորգյանի հետ ապրում է Գյումրիում: Արտակը մի քանի տարի արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, նկարել ու ձևավորել տարբեր տներ:

«Ընտանիքին տեր է պետք, էրեխուն` կողքին ապրող հեր»,- այս ներքին պահանջով վերադարձել է, բայց երկար ժամանակ ամուսիններով չեն կարողացել աշխատանք գտնել Հայաստանի երկրորդ քաղաքում:
Երբ հնար ու հեռանկար չէր մնացել ու մնում էր հավաքել ճամպրուկներն ու արդեն ընտանիքով մեկնել օտար ափեր, նոր ստեղծագործական գաղափարներ առաջացան: Հայարփին սկսեց տիկնիկներ հյուսել, իսկ Արտակը՝ պղնձալարեր ոլորել ու զարդեր պատրաստել:
• 600 երանգ վեց գույնից՝ ինչպես են Երևանում գորգեր ստեղծում ու վերականգնում
• Երևանի անհայտ արձանները՝ լուսանկարներով
«Արտակի զարդերը սկսեցին զարգանալ, սիրուն տեսքի եկան, տարբեր քարեր էլ էր համադրում, հետո ոգևորությունը մեծացավ՝ սկսեցինք կամաց-կամաց վաճառել մեր գործերը»,- պատմում է Հայարփին:

Արտակն էլ հիշում է, թե ինչպես մի օր, երբ զբոսնում էին քաղաքի մերձակայքում՝ զորավարժություններից հետո գետնին թափված պարկուճներ տեսան: Բերեցին տուն ու որոշեցին զարդ պատրաստել: Հետաքրքրությունն ու նորը ստեղծելու ձգտումն այնքան մեծացավ, որ դարձավ աշխատանք ու նաև իր անունը ստացավ՝ ՀայԱր /Հայարփի և Արտակ/ զարդեր, որոնք այժմ ճանաչելի են Գյումրիում:

Արտակը սկսում է պարկուճները, փամփուշտները, արկերի մնացորդները վերաձևելով դարձնել օղեր, մատանիներ, թևնոցներ ու կախազարդեր: Ի դեպ, առանց ոսկերչական գործիքների, բացառապես ինքնաշեն գործիքներով է պատրաստում, այն ամենով, ինչ կա ձեռքի տակ՝ տան նկուղում տաքացնելով, ճկելով ու կտրատելով զենքի տարբեր մասերը:
Զարդի հարմարության ու կանանց նախընտրությունների հարցում օգնում է կինը՝ Հայարփին: Բայց նախշերն ինքն է ընտրում, չվնասելով ու չխաթարելով դրանց նախնական տեսքն ու սիմվոլների իմաստը:

«Կօգտագործեմ տարբեր նախշեր: Մանրանկարչությունից շատ կօգտվիմ՝ արմեներենի մասնիկներ, սանսկրիտական սիմվոլներ: Մատենադարանում ուսումնասիրում եմ ամեն մի գիծ, տարբեր ձևաչափերով կփորձեմ զարգացնել գործս: Ճիշտ է, սարքածս բիժու է, բայց անընդհատ կզարգացնեմ: Ընձի համար կարևոր է, օր ամեն մի աշխատանք մեկ օրինակից եղնի, թեկուզ օղերը իրար նման չլինեն՝ իրանց բնույթով, էներգիայով»,- բացատրում է զարդագործը:

«HayAr» զարդերը Ֆրանսիայում
«Եղեռն ապրած մարդիկ են, բայց բռնություն չեն կրում իրենց մեջ, զենքը, որը մահ է սփռում, հայի ձեռքով դարձել է զարդ, արվեստի գործ»,- Արտակի խոսքով, այս կերպ են գնահատել իր աշխատանքների գաղափարը Ֆրանսիայում:

Ֆրանսիայի Բաքարա քաղաքի Pole Bijou ցուցասրահում առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել ամիսներ առաջ: Այն կոչվում է «Պատերազմում» և դեռ գործում է: 43 երկրի 550 արվեստագետի գործերից ընտրել են 14 մասնակցի, այդ թվում՝ Արտակ Թադևոսյանի աշխատանքները:
«Շատ հետաքրքիր աշխատանքներ կային, Սառա Շահագի գործերն էր տպավորիչ, նա պաղեստինցի կալանավորների համարանիշները հավաքել էր ու վզնոց էր սարքել: Ցուցադրված էին գործեր, որոնք երկու հակառակորդ՝ գերմանացիների ու ֆրանսիացիների խրամատներում էր պատրաստված ու էն ժամանակներից է հասել մեզ, հետաքրքիր էր բելգիացի հայտնի արվեստագետ Վուրգեն Հերմանի աշխատանքը՝ վզնոց էր մեկ պարկուճով: Ու նման մարդկանց մեջ ընտրված լինելը, արդեն հաղթանակ էր»,- պատմում է Արտակը:

Նա ստացել է մեկ այլ ցուցահանդեսի մասնակցելու հրավեր ևս՝ Ֆրանսիայի Մեց քաղաքի «Բոթեքա» ցուցասրահում: Նա ընդունել է հրավերը, բայց իր երազանքն ավելի մեծ է: Ցանկանում է ցուցահանդեսներ կազմակերպել այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ կա կոնֆլիկտ, այդ թվում Արցախում.
«Ճիշտ է, դու փոքր մարդ ես, օր կռնանաս ինչ-որ բան փոխել, բայց նաև քու էդ ձևաչափիդ մեջ կփորձես ազդել, գոնե. մե տեղմ զգաստացնալ: Դու չես կռնա մեծ հույսեր ունենաս, բայց կփորձես, օր բռնություն չեղնի, ու էդ խաղաղության կոչը ավելի շատ տարածես»:

Զարդերը «հումքը» ամուսիններն էլ չեն փնտրում զորավարժությունների տարածքում: Հիմա այն նրանց տրամադրում են ծանոթ-անծանոթները, որսորդներն ու ոստիկանները՝ օգնելով զենքից զարդ քամող նկարչին շատերին հասցնել խաղաղության իր կոչը: