Զալկալիանիի և Լավրովի հանդիպումը։ Ի՞նչ է մեզ հայտնի
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ 74-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել են Վրաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ 2008թ-ի պատերազմից և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո սա Ռուսաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր։
Ո՞վ էր հանդիպման նախաձեռնողը։ Երկու տարբեր վարկած
Նախքան նախարարի մեկնումը Նյու Յորք Վրաստանի արտգործնախարարությունում Դավիթ Զալկալիանիի և նրա ռուս գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման մասին հայտարարություն չէր արվել։
•Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստը, որը ցույցեր է սադրել Թբիլիսիում
Սկզբում հանդիպման մասին տեղեկություն տարածեցին Ռուսաստանի արտգործնախարարությունն ու ռուսական լրատվամիջոցները։
Սակավաթիվ և հակասական տեղեկություններ են տարածվում նաև այդ հանդիպումից հետո։ Ընդհանուր պաշտոնական լուսանկար նույնպես չկա։
ԱԳՆ կայքի նորությունների բաժնում Նյու Յորքում Դավիթ Զալկալիանիի անցկացրած բոլոր հանդիպումների վերաբերյալ լուրերի բաժնում առկա են լուսանկարներ՝ բացառությամբ Լավրովի հետ հանդիպման։
Ինչպես հայտարարում է վրացական կողմը, հանդիպումը կայացել է շվեյցարացի գործընկերների նախաձեռնությամբ (Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Մոսկվայում Վրաստանի շահերը և Վրաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանատունը — JAMnews)։
Այս մասին Նյու Յորքում հայտարարել է Դավիթ Զալկալիանին։ Նա նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու մասին որոշումը վրացական կողմը կայացրել է ռազմավարական գործընկերների հետ խորհրդատվությունից հետո, քանի որ համարվել է, որ դա առաջին հնարավորությունն է Ռուսաստանի Դաշնությանն անհրաժեշտ ամեն ինչ ասել նման մակարդակով։
Ռուսական կողմի վարկածն այլ է։ Իշխանություններին մոտ ռուսական «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր սեփական աղբյուրներն արտաքին քաղաքական գերատեսչությունում, գրում է, որ հանդիպումը կայացել է ոչ թե շվեյցարական, այլ վրացական կողմի նախաձեռնությամբ։
«Կոմերսանտը» նկարագրում է նաև հանդիպման մյուս մանրամասները։
Ըստ պարբերականի՝ Զալկալիանին և Լավրովը զրուցել են երկու ժամ։
Հանդիպումը չի անցկացվել ՄԱԿ շենքի՝ ռուսական պատվիրակությանը հատկացված հատուկ սենյակում, որտեղ Լավրովը, որպես կանոն, հանդիպում է տարբեր պատվիրակությունների հետ։ Զրույցը կայացել է քարտուղարության բաժնի չեզոք տարածքում։
«Վրացական կողմը համարում էր, որ ներքին քաղաքական նկատառումներով Ռուսաստանի հետ անմիջական զրույցը հարմար չէ՝ չնայած որ հանդիպումն արդյունքում, միևնույն է, երկկողմանի է եղել», — գրում է «Կոմերսանտը»։
Զրույցին մասնակցած ռուս դիվանագետը պարբերականին պատմել է, որ սկզբից բանակցությունների սենյակում Լավրովի և Զալկալիանիի հետ հանդիպել է ՄԱԿ-ում Շվեյցարիայի հատուկ ներկայացուցիչ Յուրգ Լաուբերը, սակայն մի քանի րոպե անց շվեյցարացի դիվանագետը լքել է սենյակը։
«Նա դիմավորել է նախարարներին, ողջունել և առաջարկել օգտվել սեղանին դրված շվեյցարական շոկոլադից։ Այնուհետև նա հաղորդել է, որ դրանով միջնորդի իր գործառույթն ավարտված է և լքել է բանակցությունների սենյակը», — պատմել է աղբյուրը։
Ռուսական պարբերականը եզրակացություն է անում, որ այդ հանդիպումը ռուս-վրացական հարաբերությունների համար դարձել է եթե ոչ դրամատիկ բեկումնային պահ, ապա գոնե զգալի քայլ դրանց ջերմացման ուղղությամբ, և դա հաստատվում է հայտարարությամբ, որը Լավրովն արել է հանդիպումից հետո։
Հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերանայել Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին հունիսին արված հայտարարությունը։
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Թբիլիսի է ժամանել ռուս կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովն՝ Ուղղափառ երկրների խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու։
Վրաստանի քաղաքացիներին զայրացրել էր այն փաստը, որ վեհաժողովը, որն անցկացվում էր խորհրդարանի շենում, բացել էր ռուս պատգամավորը, որը նստած էր խոսնակի աթոռին և լսարանին էր դիմել ռուսերենով։
Այդ փաստին հունիսի 20-ին Թբիլիսիում հետևեց բազմահազարանոց բողոքի ակցիա խորհրդարանի շենքի դիմաց։ Գավրիլովի պատճառով սկսված բողոքի ակցիաները տևեցին ավելի քան երեք ամիս։
Իսկ հունիսին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, դադարեցվեց երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը։ Ռուսաստանի նախագահը կոչ էր արել ռուս զբոսաշրջիկներին առաջացած «հակառուսական հիսթերիայի» ֆոնին զերծ մնալ Վրաստան մեկնելուց։
Ի՞նչ է խոսվել երկկողմանի հանդիպմանը
Հանդիպումից մի քանի ժամ անց Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածել է Դավիթ Զալկալիանիի մեկնաբանությունը, որում նա ասում է, որ Լավրովի հետ զրույցի գլխավոր թեման «դեօկուպացիան և ապօրինի սահմանազատումն» է եղել։
«Բնականաբար, մենք խոսել ենք ամեն ինչ մասին, զրույցի գլխավոր թեման դեօկուպացիան և ապօրինի սահմանազատումն էր։ Ինչպես նաև շատ այլ խնդրահարույց հարցեր, որոնք առկա են ռուս-վրացական հարաբերություններում, այդ թվում՝ Ժնևի բանակցությունների, դրանց ընթացքում Վրաստանի դիրքորոշման և դրանց նկատմամբ Ռուսաստանի մոտեցման հարցեր», — ասել է Զալկալիանին մամուլի ծառայության տարածած տեսանյութում։
Զալկալիանիի մեկնաբանությունում չի խոսվում այն մասին, թե ինչպիսին է եղել ռուս գործընկերոջ պատասխանը։ Տվյալ փուլում հայտնի չէ նաև, թե արդյոք հանդիպումը մեկանգամյա բնույթ էր կրում, թե Զալկալինին և Լավրովն էլի են հանդիպելու։
«Քննարկվել են երկկողմանի հարաբերությունների օրակարգում գտնվող արդիական հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ», — ասված է Ռուսաստանի ԱԳՆ տարածած տեղեկության մեջ։
Արձագանքները Թբիլիսիում, Մոսկվայում և Բրյուսելում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հույս է հայտնել, որ «այդ հանդիպումը նպաստելու է Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա բարդագույն խնդիրների հարթմանը»։
Նա մի քանի անգամ ընդգծել է, որ հանդիպումը կայացել է միջազգային արևմտյան գործընկերների հետ «լիակատար սինխրոնի» պայմաններում։ Նրա խոսքով՝ պատերազմը ելք չէ։
«Սառը, պրագմատիկ քաղաքականությունն ու միակ պայմանը, որ պատերազմը ելք չէ, այն պլատֆորմն է, որից պետք է խոսել բոլորի հետ երկրի ժողովրդավարական զարգացման և միավորման համար հիմք գցելու համար», — հայտարարել է Գախարիան։
Ընդդիմության մի մասը անընդունելի է համարում Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության վերականգնումը։ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ Դավիթ Զալկալիանին պետք է խորհրդարանին ներկայանա և մանրամասներ ներկայացնի Լավրովի հետ հանդիպումից, դրա բովանդակությունից և նպատակահարմարությունից։
Ըստ կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի՝ Վրաստանի իշխանությունները ստիպված են եղել անցկացնել այդ հանդիպումն օկուպացիոն գծում ստեղծված իրավիճակը լիցքաթափելու համար։
Նրա խոսքով՝ նման հանդիպումները չեն հարթի տարածքային ամբողջականության խնդիրը, սակայն այնպիսի նեղ հարցեր, ինչպիսիք են, օրինակ, Չորչանա գյուղում վերահսկիչ կետի տեղակայումն ու տարանջատման գծերի անցկացումը, կարելի է լուծել։
«Պարզ է, որ այլ ճանապարհ չի եղել։ Հանդիպումը պետք է կայանար, քանի որ վերահսկիչ կետերի տեղակայման պատճառով սրացման լուրջ սպառնալիք է առաջացել։ Եթե տարանջատման գծում իրավիճակը լիցքաթափվի և լարվածությունն անհետանա, կտեսնենք, որ այդ հանդիպումն իմաստ ունեցել է», — հայտարարել է Զաքարեիշվիլին։
Ինչպես նշում է քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն, նա սպառնալիքներ չի տեսնում, եթե մոտ ապագայում Ռուսաստանի հետ հարաբերությունները երկկողմանի ձևաչափ ստանան, ինչպես ասում է ընդդիմությունը։
«Չեմ կարծում, որ հետագայում նախարարների մակարդակով էլի երկկողմանի հանդիպումներ կայանան։ Դա հեշտ չի լինի, քանի որ դրա համար ընդդիմությունը Զալկալիանիի և «Վրացական երազանքի» համար մեծ խնդիրներ կստեղծի, այդ պատճառով էլ իշխանությունները կհրաժարվեն հանդիպումներից, նրանց անախորժություններ ընտրությունների տարում պետք չեն», — հայտարարել է Թոռնիկե Շարաշենիձեն։
Նրա խոսքով՝ հանդիպման նպատակը, ենթադրաբար, հարաբերությունների շտկումն է եղել, և եթե կողմերը խոսել են դեէսկալացիայի մասին, ապա այն, ըստ ամենայնի, տեղի կունենա։
«Ի՞նչ ենք մենք կորցնում այդ հանդիպումից։ Եթե կասեցնենք «սահմանազատումը», արդեն լավ է», — նշել է Շարաշենիձեն։
«Ռոնդելիի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Շոթա Ուտիաշվիլին կարծում է, որ այդ հանդիպումը Վրաստանի համար հետքայլ է։
«2008թ-ի պատերազմից հետո հենց Վրաստանն է խզել դիվանագիտական հարաբերություններն ու հայտարարել, որ դրանց վերականգնումը հնարավոր է միայն դեօկուպացիայի գործընթացում հաջողությունների հասնելու դեպքում։ Ռուսաստանը կողմ է եղել դիվանագիտական հարաբերություններն առանց նախապայմանների վերականգնելուն։ Եթե արտգործնախարարների հանդիպումը դիտարկենք որպես հարաբերությունների կարգավորման գործընթացի մի մաս, ապա ռուսական կողմի համար այդ հանդիպումն անկասկած հաջողություն է, իսկ Վրաստանի համար՝ հետքայլ», — նշում է Ուտիաշվիլին։
Լավրովի և Զալկալիանիի հանդիպումը դրական է գնահատվել Եվրամիության կողմից։
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցչի մամուլի խոսնակն այդ հանդիպումն անվանել է «տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման համար զգալի հնարավորություն» և հայտարարել, որ «բոլոր գործող կողմերը պետք է կառուցողական կերպով ներգրավվեն զրույցում՝ հակամարտության արդյունքում տուժած բնակչության դրությունը թեթևացնելու համար»։
«Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կարևոր հնարավորություն էր տարածաշրջանային անվտանգության, ռուս-վրացական հարաբերություններում լարվածության նվազեցման և քաղաքացիների վրա այդ լարվածության ազդեցության վրա ուշադրություն դարձնելու հարցերի քննարկման համար։ Երկխոսությունը վեճի խաղաղ լուծման բանալի է, ինչին Եվրամիությունն ամբողջությամբ սատարում է», — գրված է սեպտեմբերի 26-ին տարածած հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է նաև, որ «Եվրամիությունը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։