Երևան-Կապան փորձնական թռիչքը կդառնա՞ կանոնավոր չվերթ
Երևան-Կապան փորձնական թռիչքը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Երևան-Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել։ Փորձնական թռիչքից հետո այդ մասին պարբերաբար հայտարարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Նրա դիտարկմամբ՝ թռիչքն ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանի տարածքում, ուստի «անվտանգության հետ կապված հարցեր չպետք է առաջանան»։
Ավիացիայի ոլորտի փորձագետները, որոնք լավ գիտեն տեղանքը, ահազանգում են հնարավոր վտանգների մասին՝ նշելով, որ ադրբեջանական դիրքերը մի քանի մետր են հեռու Կապանի «Սյունիք» օդանավակայանից։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները՝ փորձնական թռիչքը, նախարարի հայտարարությունները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Ի՞նչ է հաղորդվել թռիչքի մասին
Երևան-Կապան-Երևան երթուղով փորձնական թռիչքի մասին նախապես չէր հայտարարվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այդ մասին տեղեկություն հաղորդեց հենց թռիչքի օրը՝ ապրիլի 26-ին։ Հաղորդագրությունում նշվում էր, որ թռիչքն իրականացվելու է L410–UVP E20 տեսակի օդանավով։
Ավելի ուշ Քաղավիացիայի կոմիտեն հայտնեց, որ չեխական արտադրության մարդատար օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար, գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Ըստ աղբյուրի՝ թռիչքը կրում էր փորձնական բնույթ․
«Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի»։
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
«Նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ապրիլի 26-ին կազմակերպված թռիչքը որակել է որպես թիմային աշխատանքի արդյունք ու նշել, որ օդաչուները փորձարկել են այն, ինչ կար «թղթային սխեմաներով», ամեն բան հաջող է ընթացել։
Ասում է՝ թռիչքն ուներ երկու նպատակ՝
- ուսումնասիրել թռիչքուղին,
- փորձարկել օդանավակայանին մոտեցող վայրէջքների և թռիչքների սխեմաները։
«Մի հատված ենք ունեցել, որտեղ ինքնաթիռը մոտ 2 րոպե որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է, հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որ հետագայում այդ ուղղությամբ մեր ալեհավաք և այլ սարքավորումները շտկեինք»,- պատմել է նա։
Factor TV-ի եթերում նախարարը մանրամասներ է հայտնել թռիչքից։ Նրա փոխանցմամբ՝ օդաչուներից բացի ինքնաթիռում եղել են նաև մասնագետներ, նրանք արձանագրել են առկա խնդիրներն ու թերությունները։
«Դեռ թռիչքի վերլուծություն ենք անում, չի բացառվում կարիք լինի նորից փորձնական թռիչք կազմակերպել։ Իհարկե վերջնարդյունքը, նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է»,- հայտարարել է նա։
Ժամկետներ, սակայն, Սանոսյանը չի մատնանշել։ Վաղ է համարել նաև տոմսի արժեքի մասին խոսելը։ Բայց ընգծել է, որ նպատակ ունեն այնպես անել, որ «գրեթե բոլորին հասանելի լինի»։
Փորձագիտական կարծիք
Ավիացիայի ոլորտի փորձագետ Հակոբ Ճաղարյանը հիշում է հայկական ավիացիայի պատմությունը։ Ասում է՝ Երևանից թռիչքներ էին կատարում նաև դեպի Կապան, Գորիս, Սիսիան և երկրի այլ բնակավայրեր։ ԽՍՀՄ վերջին տարիներին նախաձեռնվել էր նաև Մեղրիում օդանավակայանի կառուցումը։ Ըստ նրա՝ 90-ականներից սկսած Հայաստանի քաղավիացիայի զարգացման ընթացքը փոխվեց, այն զրկվեց ինքնաբավությունից։
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Ճաղարյանը նշել է, որ մեծ հույսեր չի կապում Երևան-Կապան թռիչքի հետ։ Մտահոգիչ է համարում հատկապես այն հանգամանքը, որ Կապանի «Սյունիք» օդանավակայանը «բավականին վտանգավոր սահմանային դրության» մեջ է․
«Հենց օդանավակայանի կողքին՝ մի քանի մետր հեռավորության վրա արդեն ադրբեջանցիներ են կանգնած։ Բավական բարդ տեղում է գտնվում, թասի մեջ։ Եթե օդանավակայանում վայրէջք կարելի է կատարել և Կովսականի կողմից, և քաղաքի՝ Կապանի կողմից, ապա թռիքչներ կարելի է կատարել միայն ու միայն դեպի Կովսական, դեպի Զանգելան»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երևան-Կապան փորձնական թռիչքը