Ի հեճուկս վերջնագրի․ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հրաժարական չտվեց
Լրացել է վերջնագրի ժամկետը, որը Հայաստանի ընդդիմությունը ներկայացրել էր վարչապետին։ 16 ընդդիմադիր կուսակցությունները պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական տա մինչև դեկտեմբերի ութի կեսօրը։ Հակառակ դեպքում նրանք սպառնում էին անհնազանդության ակցիաներ սկսել երկրով մեկ, խաթարել երթևեկությունը մարզերում և Երևանում։
Կառավարության ղեկավարը ոչ մի կերպ չի արձագանքել վերջնագրին, և ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է արել «օրենքի շրջանակում անհնազանդության ակցիաներ սկսել»։
Ոստիկանությունը ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խախտել հանրային կարգը։
Ընդդիմության գործողությունները
Դեկտեմբերի 8-ի կեսօրին ՀՅ «Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում մարդկանց կոչ է արել անհնազանդության ակցիաներ սկսել ողջ Հայաստանով մեկ․
«Այս պահից սկսած մինչև ժամը 17:00-ն Հայաստանի քաղաքացիներն անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու լեգիտիմ իրավունք ունեն՝ իրենց դժգոհությունն ու պահանջն իշխանություններին հասցնելու համար»։
Ընդ որում, նա զգուշացրել է, որ ակցիայի մասնակիցները գործեն բացառապես օրենքի շրջանակում և սադրանքների չտրվեն։
Իշխան Սաղաթելյանը դիմել է վարչապետին․
«Հեռացիր առանց ցնցումների։ Գոնե այս անգամ խնայիր ժողովրդին, պետությունն ու պետականությունը։ Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար»։
Այս ուղերձից անմիջապես հետո Երևանում անհնազանդության ակցիայի մասնակիցները սկսել են ճանապարհներ փակել։ Ցուցարարները տասը և ավելի հոգանոց մի քանի խմբերի են բաժանվել։
Յուրաքանչյուր խաչմերուկում, որտեղ ակտիվիստներին հաջողվում էր ճանապարհ փակել, մի քանի րոպե անց ոստիկաններ էին հայտնվում և նրանց մայթ տեղափոխում։ Ակցիայի որոշ մասնակիցներ ձերբակալվել են։
Արգելափակվել է գնացքների երթևեկությունը մետրոյի կայարաններից մեկում, ինչը պարալիզացրել է մետրոպոլիտենի աշխատանքն ընդհանուր առմամբ։
Նախօրեին Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ընդդիմությունը պլանավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու անցումային կառավարության ձևավորումը միայն իրավական ճանապարհով։
Նրա խոսքով՝ Փաշինյանը հանրային աջակցություն չունի, նրա կողքին են միայն իր քաղաքական ուժի «մի խումբ տատանվող անդամները»։
Ըստ ընդդիմադրի՝ դա նշանակում է, որ բախումը բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան։
Էլ ո՞վ է պահանջում վարչապետի հրաժարականը
Փաշինյանին հրաժարական տալու կոչով դեկտեմբերի 8-ին դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը։
Իր ուղերձում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարը կոչ է արել խորհրդարանին ընդունել հանրության պահանջը, նոր վարչապետ ընտրել և ազգային համաձայնության կառավարություն ձևավորել։
«Առկա մտահոգություններին ընդառաջ՝ մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները», — ասված է Կաթողիկոսի ուղերձում։
Ընդդիմության վերջնագրի ժամկետի ավարտի օրը Փաշինյանի հրաժարականի ու ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին է հայտարարել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը [Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Պարսից ծոցի երկրների, Հունաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և Կիպրոսի հայկական թեմերի հոգևոր առաջնորդ]։
Ավելի վաղ նման կոչով էր հանդես եկել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը։
Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր խոսել Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին, սակայն՝ բացառապես սահմանադրական եղանակով, այլ ոչ թե «ներազգային բախումների» հետևանքով։
Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել, որում պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության հրաժարականը․
«Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին։ […] Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը»։