«Հետ գնալու դեպքում քարտեզներում չենք տեսնի Ադրբեջանը»․ արձագանք Ալիևին
Երևանը հակադարձում է Ալիևի՝ կեղծ քարտեզների խոսույթին
Ադրբեջանի նախագահը նախօրեին խոսել է «պատմական քարտեզների կեղծման» և իր ղեկավարած երկրի «հարուստ պատմությունը պրոպագանդելու, տարածելու» անհրաժեշտության մասին։ Հայտարարել է, թե Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունի։ Սևանա լիճն Ալիևը կոչել է Գյոյչա անունով։
«Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան: Բայց հետ գնալու իմաստ չկա: Պետք է գնալ առաջ: Օգոստոսի 8-ի հռչակագրի [ԱՄՆ-ում ստորագրված] ամբողջ իմաստը հենց դա է»,- Ալիևին այսպես է արձագանքել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշել է, որ «պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալթայում»։ Նրա համոզմամբ՝ Ալիևի հայտարարությունները չեն բխում գոյություն ունեցող խաղաղության տրամաբանությունից։ Կարծում է՝ դրանք նախատեսված են Ադրբեջանի ներքին լսարանի համար։
Վարչապետ Փաշինյանը թեմային անդրադարձավ այսօր Երևանում կազմակերպված միջազգային համաժողովի ընթացքում: Պաշտոնական Բաքվի խոսույթը նա կապեց 30-ամյա կոնֆլիկտի հետ։
«Քաղաքական առումով կոնֆլիկտն ավարտված է, լուծված է, բայց սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որ կարելի է արգելակները քաշելով կանգնեցնել: Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է մամուլում, փորձագիտական շրջանակներում, անգամ երկրների առաջնորդության մակարդակում։ Պետք է այս երևույթների հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք»,- հայտարարեց Փաշինյանը։
Համաժողովին մասնակցում են նաև փորձագետներ Ադրբեջանից։ Հայ լրագրողները նրանց հարցրել են՝ չե՞ն կարծում, որ Ալիևի հայտարարությունները չեն նպաստում խաղաղության հաստատմանը։
«Կարծում եմ՝ պետք է հարցն ուղղեք Ադրբեջանի պաշտոնատար անձանց։ Եթե փորձագիտական կարծիք եք հարցնում, առաջարկում եմ բոլորս ստուգենք երկու երկրների միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագիրը։ Այն վերաբերում է տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը»,- նկատել է Թոփչուբաշևի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրեն եւ համահիմնադիր Ռուսիֆ Հուսեյնովը։
Ալիևի հայտարարությունը, Հայաստանի իշխանությունների արձագանքը, մեկնաբանություններ
- «ԱՄՆ-ի նման հզոր պետությունը կապվել է Հարավային Կովկասին, սա խաղ չէ». կարծիք
 - «Թրամփի ուղի». Արևմուտքի պատրա՞նք, թե՞ Հարավային Կովկասի պատմության շրջադարձային պահ
 - «Լավագույն ընկերներ չենք դառնա, բայց ադրբեջանցիների ընկալումները կփոխվեն»․ հայ քաղաքագետ
 
Ալիև․ «Մեր պատմությունը տարիներ շարունակ խեղաթյուրվել է ՀՀ-ի կողմից»
Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Հայաստանն ու հայկական սփյուռքն, իբր, Ադրբեջանի դեմ քարոզչություն են իրականացնում մինչ օրս։ Ալիևը խոսել է սեփական ճշմարտությունը ամեն ինչից վեր դասելու, ուսումնասիրելու և տարածելու մասին։
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական ժողովուրդը ապրել է հսկայական տարածքում, այդ թվում՝ ՀՀ-ում, բայց «այնտեղից վտարվել է»։
«Ես վստահ եմ, որ նրանք կրկին կապրեն այնտեղ, որովհետև այսօր բոլոր հարևան երկրների հետ մեր սահմաններին մենք տեսնում ենք, որ ադրբեջանական բնակչությունն ապրում է իր հին պատմական հողերի վրա»,- հայտարարել է նա։
Իլհամ Ալիևի խոսքով՝ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի Հայաստանի ժողովրդին և պետությանը։ Ասում է՝ վերադառնալու են «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։
Խոսելով 20-րդ դարի սկզբին ցարական Ռուսաստանի կողմից հրատարակված քարտեզների մասին։ Ադրբեջանի նախագահը պնդել է՝ այնտեղ կա ոչ թե Սևանա, այլ Գյոյչա լիճը, ինչպես նաև «ադրբեջանական ծագում ունեցող» այլ տեղանուններ։ Ասել է նաև, թե նույն ցարական Ռուսաստանն է հայերով բնակեցրել ղարաբաղյան հողը՝ փոխելու համար Ադրբեջանի «էթնիկ և կրոնական կազմը»։
Կարծում է՝ պետք է հրատարակվեն ավելի շատ «գիտական աշխատանքներ», որպեսզի ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան հնչի «լիովին տրամաբանական և արդարացի»։
Փաշինյան. «Երբեմն ՀՀ-ում և Ադրբեջանում ընկալում և տեսնում են պատմության մի մասը»
«Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետը նշել է, որ սոցիալ-հոգեբանական առումով 30 տարվա կոնֆլիկտը հնարավոր է հաղթահարել քաղաքական առաջնորդությամբ:
«Հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի՝ մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ պատմության ստեղծող: Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչն ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը [․․․], նշանակում է չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ»,- ընդգծել է նա։
Փաշինյանի փոխանցմամբ՝ «ինչքան Ադրբեջանում է հնչում Բասարգեչար անունը, այնքան էլ ՀՀ-ում հնչում է Արցախ կամ Կովսական անունը»։
«Երբեմն Հայաստանում և Ադրբեջանում ընկալում և տեսնում են պատմության մի մասը միայն՝ համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է իրենցից, լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից՝ լեգիտիմ չէ: Ճի՞շտ են ասում, թե՞ ոչ. այս հարցը ձևակերպելը և փորձելը պատասխանել այս հարցին, ինքնին անհաջողության նախապայման է»,- նկատել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պնդել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է՝ հղում անելով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, օգոստոսին ԱՄՆ-ում ստորագրված հռչակագրին ու խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։
Շեշտել է՝ խաղաղությունն առաջին ընդհանուր արժեքն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միասին ս եղծել են։Միաժամանակ նշել է, որ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի օրակարգը վտանգավոր է խաղաղության համար։
Մեկնաբանություններ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․
«Քանի որ Փաշինյանը որոշել է ևս մեկ անգամ ստանձնել Ալիևի հոգեբանի դերը, լավ առաջարկ ունեմ՝ թող գնա Բաքու՝ հանուն խաղաղության, և դառնա Ալիևի հոգեբանը, օգնի Ալիևին մաքրվել հայատյացությունից, զտվել և զատվել։ Մենք էլ կշահենք, Ադրբեջանն էլ։ Այ դա կլինի իրական առաջնորդի պահվածք։ Համ էլ ձեռքի հետ` անջատիչն էլ կանջատի»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատել է․
«Փաստացի, շատ կոնկրետ հայտարարություններն ու շատ կոնկրետ հանձնարարությունները, որ Ալիևը տվել է իր ենթակայության տակ գործող կառավարական և ոչ կառավարական կառույցներին, Նիկոլ Փաշինյանը տեղափոխում է ինչ-որ փիլիսոփայական դաշտ, պայմանավորելով կոնֆլիկտի էներգետիկայով, սոցիալ-հոգեբանությամբ և այլն:
Այդպես, իհարկե, հնարավոր է վերաբերվել ցանկացած հարցի, այսինքն՝ փիլիսոփայել, երբ չկա համարժեք քաղաքական դիրքավորման հնարավորություն: Բայց այդ դեպքում, իհարկե, Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի հեռանալու [մասին] և հետո «խաղաղությունը հասկացողի» իր բարձունքից փիլիսոփայական դասախոսություն կարդա «խաղաղությունը չհասկացողներին»:
Քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով, առավել ևս կոնֆլիկտներով պետք է զբաղվեն նրանք, ովքեր հասկանում են այդ ամենից»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշել է․
«Հուսանք` իսկապես կգա ժամանակ, երբ պատմական քարտեզները նշանակություն կունենան: Այդ ժամանակ արդեն հայր, որդի, պապ կամ թոռ Ալիևների դատարկ բարբաջանքները ոչինչ չեն նշանակի: Իսկ մինչ այդ` մի տրվեք սադրանքների, գլուխը կախ աշխատանքն է հաջողության միակ գրավականը: Ապրել, շատանալ, զարգանալ ու կառուցել: Հետոն` հետո կերևա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Երևանը հակադարձում է Ալիևի՝ կեղծ քարտեզների խոսույթին