Երջանկության 14 առիթ
Արարատի մարզի Այգավան գյուղում 15-ամյա ավտոմեխանիկ Դանիելին լավ գիտեն: Տղան 11 տարեկանից ավտոսպասարկման կենտրոնից դուրս չէր գալիս: Հիմա համագյուղացիներն արդեն Դանիելին ուստա են ասում, նրան նույնիսկ դասից ու տանից են տանում, որ իրենց երկաթյա նժույգը կարգի բերի:
Ո՛չ գիտնական, ո՛չ իրավաբան և ո՛չ էլ դերասան է ուզում դառնալ, իր արհեստն իրեն բավական է: Դրա համար երազում է սեփական ավտոսպասարկաման կենտրոնն ունենալ: 9-րդ դասարանը կավարտի ու էլ դպրոց չի գնա: Հիմա տղան շատ զբաղված է, տանը հայրիկին է օգնում՝ տուն են կառուցում, բայց գյուղի վարորդներին էլ երկար չի սպասեցնում:
Դանիելը Մելքոնյանների միակ զավակը չէ: Այստեղ նաև նախագահ, գեղեցկուհի, բժիշկ, իրավաբան, ուսուցիչ, տնային տնտեսուհի կա և ոչ միայն: Մի խոսքով, նա տասը քույր և 3 եղբայր ունի:
Մելքոնյանների պատմությունը սկսվեց 22 տարի առաջ, երբ Մարտիկը հանդիպեց Անժելային ու 15 օր հետո գնաց նրա ձեռքը խնդրելու: Երկար-բարակ չմտածեցին, ամուսնացան: Մարտիկն իր մորը, ով նրա կենսաբանական մայրը չէ, խոստացել էր՝ աստված որքան երեխա պարգևի, այնքան էլ կունենան: Աստված առատաձեռն գտնվեց նրանց հանդեպ, Մարտիկն էլ իր խոսքի տերն եղավ: Հիմա 14 որդով սեղան է նստում:
Նրա կինը համեստ ժպիտով ասում է, որ եթե նորից մայրանա` կրկին կերջանկանա: Ամեն օր 17 հոգու համար 20 կիլոգրամանոց կաթսայով ճաշ պատրաստել ու բոլորի մասին հավասար հոգ տանել. իրականում այս ամենը պահանջում է տնտեսագիտական ու կառավարման լուրջ հմտություններ:
Ու այդ ամենն Անժելան սովորել է ամեն օր առավոտից երեկո խոհանոցից երեխաների ննջասենյակ ու հետդարձի ճանապարհին: «Ամեն երեխա իր ղսմաթն ունի»,- ասում է Անժելան ու հանգիստ տոնով Բավականին տալիս հերթական հրահանգը:
Բավականն ավագ դուստրն է: Նա և Շուշան քույրը մայրիկի աջ ձեռքն են, բայց Բավականի հավաստմամբ, վերջին խոսքն իրենն է: Երկուսն էլ դպրոցն ավարտելուն պես սեփական կամքով անցել են տնային տնտեսուհու պարտականություններին:
Բավականը, ով կրում է տատի անունը, շատ լուրջ աղջիկ է՝ սոցիալական ցանցերում չկա՝ դրա ժամանակը չունի, միայն աստվածաշունչ է կարդում ու երբեմն էլ ընկերուհիների հետ շփվում:
Գերազանց տիրապետում է տնային տնտեսության բոլոր հմտություններին՝ երեխային խնամելուց մինչև հաց թխելը Բավականն անում է փակ աչքերով ու լայն ժպիտով: Այս ընտանիքի անդամը լինելու համար պետք է ապրել մեկը բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքով:
Մելքոնյանների ընտանիքի բազմաթիվ երեխաները աչքիդ առաջ մի տեսակ մեծանում ու հասունանում են, երբ հարցը հասնում է բարեկարգ բնակարան ունենալուն: Մեծից փոքր բոլորի թիվ մեկ երազանքն ամուր տանիքի տակ ապրելն է: Իսկ երբ կենտրոնանում են մեկ խնդրի շուրջ, լուծումն երկար սպասեցնել չի տալիս:
Որպես այս մտքի ապացույց. անցած տարի կառավարությունը Մելքոնյաններին 7,5 մլն դրամ փող տվեց, այդպիսով 16 հոգու երազանքը մասամբ իրականացավ: Քույրերն այլևս 4 հոգով 2 մահճակալին չեն քնում: Սկսել են նախկին 46 քառակուսին մեծացնել ու գեղեցկացնել, բայց միևնույն է բազմաթիվ խնդիրները շարունակում են մնալ չլուծված:
Ընտանիքի 3-րդ կարգի հաշմանդամ հայրիկի ու տատիկի թոշակներն ու երեխաներին հատկացվող նպաստը միասին կազմում է մոտ 150 հազար դրամ: Մինչդեռ, ըստ Մարտիկի հաշվարկների, նորմալ ապրելու համար ամենաքիչը երկու անգամ ավել է անհրաժեշտ: Ի դեպ, յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքը ստանում է 7500 դրամ, իսկ մանկապարտեզի ամսական վարձը 8000 է:
Մարտիկը չի աշխատում: Ոչ ֆիզակական ծանր գործ է կարող անել, ոչ էլ որևէ մասնագիտություն ունի: Հողամաս կա, բայց նրա ֆիզիկական տվյալները նույնիսկ դրա մշակման համար բավարար չեն: Անժելան երբեք չի աշխատել: «Աղջիկ» ժամանակ կարուձև է սովորել, բայց այդ օրերից շատ տարիներ են անցել, ու դա էլ է մոռացել:
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը 2011-ից ճանաչում է Մելքոնյաններին:
Նա կարծում է, որ պետք է վերանայել նպաստների տեսքով աջակցության մեխանիզմը, պետական հովանավորությամբ ստեղծել աշխատատեղեր, օժանդակել, որ բազմազավակ ընտանինքերը կարողանան փոքր բիզնես հիմնել: Իսկ այս բարձր առաքելությունն օրենքի մակարդակով իր վրա պետք է վերցնի պետությունը:
Մարոզյանն առաջարկում է հարկային և այլ տիպի արտոնություններ տալ սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքներին աշխատանքով ապահովող գործատուներին: Դրանից գործատուներն էլ կշահեն և շահագրգռվածություն կցուցաբերեն:
Եթե անգամ պետությունը ծուլանա և իր պարտականությունները չկատարի, միևնույն է Մելքոնյանները լայն ժպիտով շարունակելու են գեղեցկացնել ու ավելի հարմարավետ դարձնել իրենց ունեցած փոքրիկ անկյունը: Իսկ այդ ժպիտի պատճառն ակնհայտորեն Մարտիկի լավատեսությունն ու Անժելայի կապույտ աչքերի խորքում թաքնված կանացի ուժն է:
Ըստ 2011 թվականին անցակցված մարդահամարի, ՀՀ-ում 4 և ավել երեխա ունեցող բազմանդամ ընտանիքների թիվը կազմել է 13658: Ավելի թարմ տվյալներ չկան:
Հրապարակվել է՝ 18.06.2016